Ովքե՞ր են նրանք. մուսուլման հայախոս համշենցիները

01.05.2012 at 14:19 Оставьте комментарий

Բաշոբա գյուղում

Բաշոբա գյուղում

«Ես անհարմար եմ զգում, որ թարգմանչի միջոցով ենք խոսում, մենք կարողանում ենք այդ լեզուն բավականաչափ խոսել, բայց ցավոք սրտի ասիմիլյացվել ենք, ճնշումների ենք ենթարկվել, դրա համար էլ իրար բավականաչափ չենք կարողանում հասկանալ»,- ասում է Հոփայի նախկին քաղաքապետ Յըլմազ Թոփալօղլուն:

Այդ լեզուն հայերենն է: Աշխարհում բացի հայախոս հայից ոչ ոքի Յըլմազը չէր ասի` անհարմար եմ զգում, որ թարգմանչի միջոցով ենք շփվում:

Նույն լեզվով խոսողների իրար հասկանալու անհնարինությունը ընդգծում է ներկայությունս  ակնարկիս մեջ` որպես մեկը՝ ով հայ է, հայախոս, Հայաստանից եկել է Թուրքիա նյութեր հավաքելու այն մուսուլմանների մասին, ովքեր հայերեն են խոսում:

Ուր էլ գնայի` Հոփայի գյուղերը, խանութ ու սրճարան, Չամլըհեմշին` թրքախոս համշենցիների կենտրոնը, մեկ է, իմ հայ լինելը անմիջականորեն ազդում էր շփումների վրա`մեկ դրական, ինչպես Հոփայում, երբ ուրախ դիմավորում են` «Հայաստանի՞ց ես, մենք էլ ենք հայ», մեկ բացասական, ինչպես Չամլըհեմշինում, երբ լսում է ծերունին, որ Հայաստանից եմ, դեմքի ժպիտը անհետանում է ու տուն է մտնում:

Յըլմազի հետ մենք կարող ենք հասկանալ բառեր, մեկ-մեկ՝ նախադասություններ, բայց ոչ ամբողջական մտքեր: Մեր զրույցը հայերենից հայերեն կամ թուրքերենից հայերեն պետք է թարգմանել: Հայերենի երկու անհասկանալի բարբառներից մեկը վերացել է` զոկերի բարբառը, մյուսը պահպանվում է տասնյակ հազարավոր մարդկանց շուրթերին` Համշենի բարբառը: Բարբառով խոսողներն էլ կոչվում են համշենցիներ:

***

Յըմազ. Եսանհարմար եմ զգում, որ թարգմանիչի միջոցով ենք խոսում

Յըմազ. Եսանհարմար եմ զգում, որ թարգմանիչի միջոցով ենք խոսում

«Կասկած չունեմ, որ հայ ենք եղել, բայց 400 տարի առաջ մուսուլման ենք դարձել, ինչո՞ւ որոշեցինք մուսուլման դառնալ, ինչո՞ւ մյուս հայերը չդարձան, չգիտեմ: Իսկ հետո էլ ինչո՞ւ մյուս հայերը մեզ հետ չշփվեցին, ինչո՞ւ: Առաջ ախպար չէինք, հիմա ախպար ենք»,- վարորդ Էրդողան Ենիգյուլը չի զայրանում, ինչ ասում է` ժպիտը դեմքին, հարցերն էլ պատասխան չեն ակնկալում:Հոփայի  «Հայդե» բարում Էրդողանը  մեկ համշեներեն է խոսում, մեկ թուրքերեն, համշեներենի մեջ մեկ երկու բառ հասկանում եմ, թուրքերենը թարգմանում է Խաչիկ Տերտերյանը: Անահիտ Հայրապետյանին թարգմանիչ պետք չի, լուսանկարի լեզուն միջազգային է:

Մենք` ես, Խաչիկը, Անահիտը, Երևան-Ստամբուլ ավտոբուսով հատեցինք Վրաստանի և Թուրքիայի սահմանը և իջանք սահմանից 20 կմ վրա Հոփա քաղաքում` հայախոս մուսուլման համշենցիների ամենամեծ բնակավայրում: 12 օր ես փնտրում էի հարցի պատասխանները` ո՞վքեր են համշենցիները(հա՞յ, թո՞ւրք, թե՞ ոչ հայ, ոչ էլ թուրք, առանձին ժողովուրդ` համշենցի): Այդ հարցի պատասխանը փնտրել ու չէի գտել մինչև Թուրքիա մեկնելը, և եթե այն մի ճշմարիտ պատասխան ունի, ապա դա չիմացա վերադառնալուց հետո:

Պատմական ակնարկ

Պատմական Համշենը գտնվում է ժամանակակից Թուրքիայի հյուսիս-արևելքում, Վրաստանի սահմանից 90 կմ-ի վրա: Այժմ Համշեն անվամբ երկու բնակավայրեր կան Ռիզե նահանգում` Հեմշինը և Չամլըհեմշինը, որտեղ բնակվում են թրքախոս համշենցիներ:

8-10-րդ դարերի երկու հայ պատմիչների վկայություններն հիմք ընդունելով` գիտնականները եզրակացնում են, որ համշենցիների առաջին բնակավայրերը ստեղծվել են 8-րդ դարում: 8-րդ դարի պատմիչ Ղևոնդը վկայում է, որ արաբական նվաճողների ճնշումներից ազատվելու համար 12 հազար հայ,  Շապուհ և նրա որդի Համամ Ամատունիների գլխավորությամբ, փախչում են Բյուզանդիա, որտեղ կայսր Կոստանդինը նրանց բնակեցնում է «բարվոք ու արգավանդ երկրում»[1]: Դոկտոր Լևոն Խաչիկյանը, հիմք ընդունելով Ղևոնդի պատմությունը, Համշենի հիմնադրման ստույգ ժամանակ է նշում 789-790թթ.[2]: Իսկ պատմիչ Հովհան Մամիկոնյանը «Տարոնի պատմության» մեջ հայտնում է, որ Համամը իր քաղաքը վերանվանել է Համամաշեն` Համամի քաղաք, բառի մեջ երկու հնչյուն սղվել են և անունը դարձել է Համշեն: Այս պատմության մեջ  Համամ իշխանը «դառնում է» վրաց Վաշդեն  իշխանի քրոջ որդին. Վաշդենը Համամին բռնել է տալիս, կտրում նրա ձեռքերն ու ոտքերը, ապա  պարսկական զորքը առնում, անցնում Ճորոխ գետը և հարձակվում ու ավերում Համամի քաղաքը, որ Տամբուր էր կոչվում, քանի որ Համամը հայտնել էր իշխան Տիրան Մամիկոնյանին Վաշդենի դավադրության մասին. «Համամը սակայն  հետո վերաշինեց քաղաքը և իր անունով կոչեց Համամաշեն»[3]: Լևոն Խաչիկյանը գրում է, որ Հովհան Մամիկոնյանի պատմությունը «առասպելանման է» և գրվել է Ամատունիների գաղթից մեկ կամ երկու հարյուր տարի հետո(Հովհան Մամիկոնյանի «Տարոնի պատմությունը» գիտնականները վերագրում են 7-9 դարերին[4]): Ըստ Խաչիկյանի , քանի որ Ամատունիները իշխել են Արագածոտնի և Կոտայքի գավառներում, հետևաբար համշենցիները  այդ տարածքներից են գաղթել: Հայրս` լեզվաբան Ռաֆայել Իշխանյանը «Հայ ազգագրություն և բանահյուսություն» գրքի լուսանցքի այն հատվածում, ուր Խաչիկյանը խոսում է համշենցիների Այրարատյան դաշտավայրից գաղթելու մասին, գրել է.«Համշենի բարբառը ցույց է տալիս, որ համշենահայերը Այրարատից  չեն, այլ բնիկ են»: Համշենի բարբառը հայերենի արևմտյան բարբառների խմբին է պատկանում, իսկ Արարատյան դաշտավայրում խոսում են արևելյան բարբառով[5]:

Էրդողան. «Կասկած չունեմ, որ հայ ենք եղել, բայց 400 տարի առաջ մուսուլման ենք դարձել, ինչո՞ւ որոշեցինք մուսուլման դառնալ, ինչո՞ւ մյուս հայերը չդարձան, չգիտեմ: Իսկ հետո էլ ինչո՞ւ մյուս հայերը մեզ հետ չշփվեցին, ինչու:

Էրդողան. «Կասկած չունեմ, որ հայ ենք եղել, բայց 400 տարի առաջ մուսուլման ենք դարձել, ինչո՞ւ որոշեցինք մուսուլման դառնալ, ինչո՞ւ մյուս հայերը չդարձան, չգիտեմ: Իսկ հետո էլ ինչո՞ւ մյուս հայերը մեզ հետ չշփվեցին, ինչու:

700 տարի Համշենը որպես կիսանկախ հայկական իշխանություն պահպանում է իր գոյութունը, և տապալվում 1489թ. թուրքերի գրավումով: Վերջին Համշենի իշխանը Դավիթն է, ով պարտություն կրելով թուրքերից` հեռանում է Համշենից ու պատսպարվում Սպեր գավառում[6]:

1700-ական թվերից սկսվում է համշենցիների իսլամացումը, և շատերը խուսափելով կրոնափոխությունից` ցրվում են  Սև ծովի ափի բնակավայրերով մեկ` Տրապիզոն, Օրդու և այլն: Պահպանված չէ  ժամանակի որևէ վկայագրություն, թե ինչ պատճառներով և ինչպես նրանք սկսեցին մուսուլմանություն ընդունել: Բոլոր տեղեկությունները մուսուլմանացման վերաբերյալ 100- 150 տարի հետո են գրված:

Համշենցիների քրիստոնյա հատվածը 1860-ական թվերից Տրապիզոնից և մյուս քաղաքներից  այս անգամ էլ սկսում է արտագաղթել Ռուսաստանի սևծովյան ափերը (այժմյան Կրասնոդարի երկրամաս և Աբխազիա), իսկ 1915թ. ցեղասպանության ժամանակ թուրքական կառավարությունը բնաջնջում է քրիստոնյա համշենցիներին, մի հատվածը կարողանում է կոտորածներից փախչել Ռուսաստան[7]:

Հովան Սիմոնյանը նշում է, որ ըստ Օսմանյան դավթարների` Համշենի գավառում մինչև 1620-ական թվերը ճնշող մեծամասնությունը քրիստոնյա էր: Այդ ժամանակներում քրիստոնյաները բավական ծանր հարկեր էին վճարում Կոստանդնուպոլսին: Միայն Համշենի գավառակը 1609-1610թ. հարկ է տվել 7090կգ մեղր և 2660 կգ մեղրամոմ: 1626-1627 թթ. հարկերը հիսուն տոկոսով ավելանում են: Սիմոնյանը հավանական է համարում, որ մուսուլմանացման պատճառներից մեկը  քրիստոնյաների վրա դրված ծանր հարկերն են եղել: Նա իսլամացման այդ գործընթացը կապում է նաեւ հայ եկեղեցու առաջնորդարանի թուլացման հետ: 1630թ. Համշենում գրված մի ձեռագիր հաղորդում է Եղնովիտի Խաչիքար (Խաչեքար/Խաչիկ հոր) վանքում եպիսկոպոսի բացակայության մասին: Այնուհետեւ, մինչեւ 1812թ. Համշենում ընդօրինակված ձեռագիր հայտնի չէ, որը ևս եկեղեցու թուլացման վկայությունն է:

Չամլըհեմշինի մոտ Չինչիվան գյուղը: Այս կոմղերում են եղել համշենցիների առաջին բնակավայրերը

Չամլըհեմշինի մոտ Չինչիվան գյուղը: Այս կոմղերում են եղել համշենցիների առաջին բնակավայրերը

Այդուհանդերձ, հակառակ իր թույլ վիճակին, Խաչիքարը գոյատևում է մինչև 1915 թվականը: Պոլսո Հայոց պատրիարքարանի 1913թ. ցուցակներում այն գրանցված է որպես եկեղեցի, որի շնորհիվ էլ մինչև Մեծ եղեռն մոտակա Եղնովիտ/Էլեվիթ գյուղում հայեր ապրել են: Իսկ այսօր, Չամլըհեմշինի կենտրոնից 35 կմ դեպի լեռներ գտնվող այս գյուղում (ներկայումս՝ Յայլաքյոյ/Yaylaköy) ոչ հայի կհանդիպեք, ոչ էլ Խաչիքարի ավերակներ կգտնեք[8]:

1900-ական թվերին սկսել են հրապարակվել համշենցիների մուսուլմանացման վերաբերյալ նյութեր, որոնց անդրադառանում է Լևոն Խաչիկյանը: Ազգագրագետ Սարգիս Հայկունին նկարագրում է Համշենի գավառի մոտ գտնվող Կարա Դերեի (Սև գետ) շրջակայքի հայերի բռնի հավատափոխումը իր «Կորած ու մոռացուած հայեր. Սեւ գետացիք» հոդվածաշարում` հրապարակված1895թ. «Արարատ» ամսագրում: Մոլլաների ղեկավարությամբ ենիչերիները երկու փորձերից հետո ի վերջո կարողանում են ներխուժել Կարա Դերեի ամենադիմադրող Թորոսլի գյուղը, սպանում դիմադրության ղեկավար Տեր Կարապետին և նրա համախոհներին. «Հայ ժողովուրդն շվարած Տէր Կարապետի երեսն կը նայէին, մօլլաներէն մին թրով մի հարուած իջեցույց քահանայի գլխին, նա ձեռն դէմ տալով կտրուեցան բազուկներն. Երկրոդ եւ երրորդ հարուածին արիւնը սկսաւ ֆշալ և գետին տապալեցաւ, որ անմիջապես միւս մօլլաներն յօշոտեցին մաս առ մաս նորա մարմինը որպէս զի երկիւղ ազդեն ամբողջ հայ ժողովրդեան վերայ: Ժողովրդեան մեծ մասը դիմադրեց թուրք ամբոխին, մերժեց նորա առաջարկութիւնը և մերժողի դիակը ընկաւ բարի քահանայի մասունքներու վերայ. Կոտորածը ամեն կողմ սկսաւ, ծեր և մանուկ սուրերու հարուածներու տակ կը թաւալէին»: Այնուհետև գրում է, որ մոլլաները նույնը արեցին հարյուր գյուղերում. «փախչողն արդէն փախաւ, մէկ մասը կոտորուեցաւ, մէկ մասն ևս առ երես ուրացաւ, որպէս զի վտանգն դռնից հեռացնէ»: Փախչողները իրենց հետ տանում են Տեր Կարապետի մարմնի մասերը, թաղում Կալաֆկա գյուղում, ուր Տեր Կարապետի որդին ձեռնադրվում է քահանա Տեր Կարապետ անունով և ուխտ անում, որ իր սերնդից միշտ քահանա ձեռնադրվեն Տեր Կարապետ անունով ու տարին մեկ ծպտյալ  գնան Կարա Դերե ու մխիթարեն ժողովրդին: Ուխտը ընդհատվում է 1820-ական թվերին և կրկին այն շարունակում  մեկ այլ ընտանիքից Տաւլաշյան Տեր Կարապետը, ով 1840-ական թվերին Կարա Դերեի և Համշենի բնակավայրերում քարոզում ու մյուռոն է բաժանում իսլամացած հայերին:

Հայկունին ասում է, որ ծեր կանանց մեջ քրիստոնեական հավատը պահպանված է,1878-ին Համշենի կողմերում ճանապարհորդության ժամանակ հարցրել է համշենցիներին, թե իրենք իրենց ի՞նչ են համարում.

«Հարցուցի մի ծերունու.

-Ինչո՞ւ թուրքացած եք:

Սա ջերմ մահմետական էր, խոժոր դէմքով մի առ մի պատմել սկսաւ Մահմետի հրաշագործութիւններն: Մի պառաւ կնոջ ուղղեցի այս հարցումը մի գաղտնի վայր. «Յիսուս Քրիստոս անելով սկսաւ ասել`մեռնիմ հայի հաւատին»[9]:

Նաև Խաչիկյանը նշում է,  որ  Պողոս Թումայանցը իր  «Պոնտոսի հայերը» աշխատության  մեջ(1899թ.) խոսում է Կարա-Դերեի բռնի մուսուլմանացման մասին պատմող մի հիշատակարանի մասին, որը ինքը անձամբ տեսել է և ըստ այդմ հեղինակը Կարա Դերեի մուսուլմանացման թվական է նշում 1780թ.[10]:

Համշենցիների մի մասը բուն համշենից գաղթել է Հոփայի շրջան մոտ 250 տարի առաջ` 1700-ականների կեսերին:

Խաչիկյանը նշում է, որ մոտավորապես նույն ժամանակ է եղել Հոփայի շրջանի համշենցիների մուսուլմանացումը` հենվելով Գրիգոր Արծրունու 1887թ. հրատարակած մի հոդվածի վրա, ուր ասված է, թե «նրանք 60-100տարի սրանից առաջ» են մուսուլմանացել, այսինքն 1780-1820 թվերին[11]:

Թուրքական ազգայնական պատմագրությունը համարում է, որ համշենցիները թուրքական ցեղեր են  Միջին Ասիայից կամ այլ վայրից եկած, սակայն դրա վերաբերյալ ոչ մի աղբյուր չի բերվում: Մի այդպիսի օրինակ է Ստամբուլի համալսարանի Սոցիալական գիտությունների ինստիտուտում 2006-ին պաշտպանած Տուբա Ասլանի թեզը` «Սոցիալական կառուցվածքը և մշակութային ինքնությունը համշենցիների մոտ», ուր նա գրում է.«Անցյալի մի ժամանակաշրջանում, Սև ծովի արևելյան շրջանում հայերի հետ նույն տարածքներում ապրած, և միևնույն ժամանակ հայերի հետ նույն դավանանքին հետևող համշենցիները մեր օրերում ասոցացվում են հայ ինքնության հետ: Մինչդեռ, համշենցիները քրիստոնյա թուրքական պարթևների պետության հետնորդներն են: Նրանք մեր թվարկության 600-ական թվականներին Հորասանից եկել ու արևելյան Սև ծով են հաստատվել և այնտեղ ինքնամփոփ կերպով ապրել են մինչև օսմանյան իշխանության հաստատումը: Ինչ վերաբերում է հայերին, նրանց մի մասը օսմանյան տիրապետությունից առաջ, իսկ մյուս մասը օսմանյան տիրապետությունից հետո այս տարածաշրջանը լքել են»[12]:

Հենց թուրքական ազգայնական տեսակետն էլ իշխում է թրքախոս համշենցիների և հայախոս համշենցիների որոշակի հատվածի մոտ:

***

Ժամանակակից համշենցիները բաժանվում են երեք հիմնական խմբերի` քրիստոնյա համշենցիներ, ովքեր հայեր են, բնակվում են Աբխազիայում և Ռուսաստանի Կրասնոդարի մարզում, սուննի-մահմեդական հայախոս համշենցիներ կամ հոփա-համշենցիներ` բնակվում են Թուրքիայի Արդվին նահանգում (ինքնանվանումը համշեցի կամ հոմշեցի): Նրանց մի հատվածը մնացել է Սովետական Միության մեջ և այժմ բնակվում է Ղրղզստանում ու Ռուսաստանի Կրասնոդարի մարզում: Եվ թրքախոս սուննի-մահմեդական համշենցիներ կամ բաշ-համշենցիներ, որոնք հիմնականում բնակվում են Թուրքիայի Ռիզե նահանգում(ինքնանվանումը` համշիլ):

Նաև հայախոս մուսուլման համշենցիներ կան Ստամբուլի մոտ գտնվող Սաքարյա նահանգում, Ադաբազար քաղաքի մոտակայքում, ովքեր 1877-1878 ռուս-թուրքական պատերազմից փախել են Հոփայից.

«Ադաբազարի համշենցիները երկակի կյանք են վարում,-ասում է Համշեն ուսումնասիրող Հարուն Աքսուն,-աղոթում են, թուրք նացիոնալիստ են, խմում են, ու երբ հարբում են` ասում են պապերը հայ են եղել»:

Բնակչությունը

Հոփա համշենցիները ապրում են Արդվին նահանգի Բորչկա, Քեմալփաշա և Հոփա շրջանների 30 գյուղերում՝ մոտ 25 000 բնակչությամբ: Հոփայի և Քեմալփաշայի 37 000 բնակչության կեսից  ավելին են կազմում համշենցիները:

Հոփա-համշենցիներ և բաշ-համշենցիներ  համախումբ ապրում են նաև արևմտյան Սև ծովի Սաքարյա նահանգում(կենտրոնը` Ադաբազար), Քոջաալի և Քարասու գավառներում, որտեղ նրանց ընդհանուր թիվը` հոփա և բաշ-համշենցիները միասին 10.000 -ի մոտ է:

Այսպիսով, Արդվինում, Սաքարիայում և այլ քաղաքներում բնակվող հայախոս մուսուլման համշենցիների ընդհանուր թիվը կկազմի 30-35  հազար:

Ռիզե նահանգում բնակվող բաշ-համշենցիների թիվը Հակոբ Խաչիկյանի բերած տվյալներով 30.000-ի սահմաններում է[13]: Թուրքագետ Լուսինե Սահակյանը ասում է, որ թրքախոս համշենցիների ընդհանուր թիվը 60 հազար է[14]:

Այժմ շատ հոփա-համշենցիներ և բաշ-համշենցիներ  ապրում են Սև Ծովի Տրապիզոն, Սամսուն, Գիրեսուն և Օրդու քաղաքներում: Ստամբուլ, Անկարա և Իզմիրից բացի, նրանք սփռված են մինչեւ Գերմանիա և ԱՄՆ:

Հարուն.Էմեն համշենցու տան կա ոչխարի փոստ

Հարուն.Էմեն համշենցու տան կա ոչխարի փոստ

Քայաքոյ  Kayaköy (հին անունը` Շանա-Şana)  . յաղալուշ կերակուրը համշենական գյուղում

«Էմեն համշենցու տան կա ոչխարի փոստ,-Հարունը վերցնում է դռնից կախած ոչխարի մորթը ու փռում գետնին,-սրա վրա չոքում ու նամազ են անում»,- ու կռանալով նամազի տնազն է անում:

Հարունը ձախակողմյան աթեիստ է և հաճախ հեգնում է հավատը: Պատմում էր, որ Հայաստանից քրիստոնյա միսիոներ է եկել իրենց «դարձի» բերելու, դուրը չէր եկել.«Մի կրոնից հազիվ ազատվել ենք, հիմա էլ եկել մի ուրիշ կրոն են ուզում վզներիս փաթաթել»:

«Հարուն, ես էլ եմ աթեիստ»,-ըհը, բացի հայախոս լինելը մի ընդհանրություն էլ ունենք, երկուսս էլ աթեիստ ենք, միայն ինքը մուսուլման աթեիստ է, իրենք թլպատվում են: Իհարկե, դա արդեն հավատի հետ կապ չունի, միայն ավանդույթ է: Ես չգիտեմ, ուզեմ-չուզեմ երևի քրիստոնյա աթեիստ եմ: Ինչևէ, կրոնը վերանում է, մնում է լեզուն:

Քեմալփաշայի մոտ գտնվող Քայաքոյ գյուղը( հին անունով Շանա) 130 տուն ունի,  հինգ հարյուր բնակիչ: Այստեղ է ծնվել ռեժիսոր Օզջան Ալփերը:

63-ամյա Ջեմալ Վայիչը` Ջեմիլի աները ասում է, որ գյուղը մի 500 տարվա պատմություն ունի, աղաներ են ապրել, հետո համշենցիները եկել հաստատվել են, աղաները ճնշել են համշենցիներին, իսկ հետագայում, երբ հաստատվել է հանրապետությունը (1923թ.) ստիպել է, որ բոլորը միասնաբար ապրեն: Գյուղի պատմությունը միայն կցկտուր բանավոր զրույցներ են, ուրիշ գրավոր պատմություն  չկա:

Հոփա-համշենցիների ոչ մի գյուղի վերաբերյալ չկա պատմություն,  չես գտնի, թե ե՞րբ, ինչպե՞ս և ինչո՞ւ են եկել, ինչպե՞ս հաստատվել, ի՞նչ է եղել առաջին վերաբնակիչների անունները: Գուցե ինչ-որ տեղ օսմանյան արխիվներում լինե՞ն փաստաթղթեր:

Ոչխարի մորթը Ջեմալի աղոթքի ծածկն է.

-Նամազ անո՞ւմ եք,-հարցնում եմ:

-Շաբաթը մեկ անում եմ:

-Իսկ ո՞նց եք վերաբերվում, որ աղջիկդ աթեիստ է:

-Նորմալ, մեր տանը ոչ մի ստիպողական բան չկա:

Առաջին օրը Հոփայում բացօթյա թեյարանում մեր թուրքական գործընկերներ «Մի կյանք. մշակույթի և բնապահպանության միություն» («Bir Yaşam») կազմակերպության նախագահ Ջեմիլ Աքսուի ու Հարուն Աքսուի հետ քննարկում էինք նախագիծը. և որոշվեց` հենց նույն օրը կգնանք Շանա, Ջեմիլի կնոջ` Նուրջանենց  տուն, մայրը` Թեջիեն, համշենական ուտելիքի մասնագետ է:

Կանայք սեղան են գցում` սկզբում սփռոցը գետնին փռում, ապա վրան դնում կլոր սեղանը՝ գրեթե գետնին կպած թզաչափ ոտքերով, շուրջը գետնին նստած ընդհանուր ամանից ուտում ենք բուն համշենական կերակուր` յաղալուշ` կաթնաշոռով ու սոխառածով տապակա, որ սուր համով տապակած պանիր է հիշեցնում: Մյուս կերակուրներն են տոլմա և այլն, բայց նոր անծանոթ համը այնքան գայթակղիչ է, որ թույլ չի տալիս մյուս համերը խառնվեն իրեն, ու ձեռքս անընդհատ  հացը մտցնում է ամանի մեջ յաղալուշը առնում վրան ու տանում բերանս: Ե՞րբ եմ վերջին անգամ ձեռքով ճաշ կերել:

Ու խավիծը, սա էլ տարբեր իր համով մեր իմացած ալյուրով քաղցրահամ խավիծից, էլի ալյուրով է` եգիպտացորենի ալյուր, կաթի սեր, յուղ, բայց ոչ քաղցր ու էլի անունը խավիծ: Ըհը, հայ ու համշեն ևս մի նույնություն կերակուրի մեջ:

Թեջիեն համշենական կերակուրը համեմում է համշեներեն երգերով.

Չախե կուքա տադիս կու / Անձրև է գալիս, աշխատում ես

Մեգան ցակ լմանիս կու / Մկան ձագի ես նման

Չանչաղանե քեդնիվե / Չանչաղանը գետն ի վեր

Օտքըթ փոբիկ թռչիս կու / Ոտքդ բոպիկ վազում ես

«Մենք մուսուլման միանգամից չենք դառել,-պատմում է Ջեմալը,- կրոնը օգտագործվել է դիրքերի հասնելու համար, այն ընտանիքը, որը իմամ է ունեցել, իշխանության հետ լավ է եղել»:

Խավիծը, անունը նույնը, բայց տարբեր իր համով մեր իմացած ալյուրով քաղցրահամ խավիծից

Խավիծը, անունը նույնը, բայց տարբեր իր համով մեր իմացած ալյուրով քաղցրահամ խավիծից

Այսուհանդերձ, կրոնականությունը այնքան խորը չի մտել, և ըստ Ջեմիլ Աքսուի, ամբողջ տարածքում ընդամենը երկու համշենցի մոլլա կա:

«Իսկ ո՞վքեր են համշենցիները, ի՞նչ ազգ են»:

«Ես ինձ համշենցի եմ համարում,-ասում է Ջեմալ Վայիչը,- մենք փոքրուց էդ լեզուն ենք իմացել և ուզում ենք պահպանենք: Մենք մեր ինքնությունից չենք հրաժարվի, ես մինչև կյանքիս վերջ որպես համշենցի կապրեմ: Գիտենք, որ համշեներենը հայերենից է առաջացել, եթե հայերը մեզ հետ ավելի շփվեն, ավելի մոտիկ լինեն, մենք ավելի կզարգացնենք մեր լեզուն»:

«Իսկ ե՞րբ իմացաք, որ համշեներենը հայերենից է առաջացել»:

«Ես միշտ էլ իմացել եմ, հիսուն տարի առաջ էլ, ճիշտ է, գաղտնի-գաղտնի էինք իմանում, բայց գիտեինք, ոչ մեկի առաջ բացեիբաց  չէինք կարող ասել, որ հայերենից է մեր լեզուն»:

«Ինչո՞ւ»:

«Եթե մեկը ասեր հայկական ծագում ունենք, բանտ կգցեին ամենաքիչը»:

Իսկ եղե՞լ է դեպք, որ մի համշենցու բռնեն միայն նրա համար, որ ասել է, թե հայկական ծագում ունի: Ոչ ոք ռիսկ չէր անի ասել: Մի դեպք Հարունը պատմում է, 1982-ին ձերբակալում են Ասալայի ակտիվիստ, նրան ցույց են տալիս հեռուստատեսությամբ և նա մի երկու բառ հայերեն է ասում: Բացօթյա կաֆեում մի համշենցի` Թասին Ալփերը ասել է`վայ, էս մերոնք են, ու միայն «մերոնք» ասելու համար երկու ամիս բանտ է նստել: Խմող մարդ էր, վաղուց մեռել ա:
Աներ և փեսա`Ջեմիլ և Ջեմալ

Աներ և փեսա`Ջեմիլ և Ջեմալ

Բաշոբա Başoba (հին անունը` Խիգոբա-Khigoba)

Գյուղի միջի զառիվերով մեքենան բարձրանալիս Հարունը արգելակեց  ու ճամփից վերցրեց Մեհմեդին, նամազից էր գալիս: «Ըհը, ազնիվ մարդ է, բայց մզկիթ կգնա աղոթելու»,-ասում է Հարունը: Մեհմեդ Քյարագյոզը ձայն չհանեց ու չարդարացավ, բայց երբ իմացավ, որ Հայաստանից ենք, միանգամից հիշեց բանակի ընկերոջը. «Ծառայում էի բանակում, մի անգամ հանկարծ բերանիցս մեր լեզվով բառ դուրս թռավ, սերժանտը ասեց`էլի խոսա, խոսեցի, ասեց` դու իմ ախպարն ես: Զարմացել մնացել էի,  ես մինչ դա չգիտեի՝ ինչ է հայը, որ էս լեզուն, որով խոսում ենք հայերենն է: Ինքը Ստամբուլից էր` Քեմալ Չաքըզի (հայերը բանակում ծառայելիս անունը փոխում են, որ որպես հայ խնդիր չունենան): Մինչև ծառայության վերջ ընկերներ մնացինք, ծառայությունից հետո էլ կապը պահում էինք»:

Թեջիեն համշենական կերակուրների մասնագետ

Թեջիեն համշենական կերակուրների մասնագետ

Բաշոբան Աքսուների գյուղն է, Ջեմիլն ու Հարունն էլ ծնվել են այստեղ, նրանց պապերը եղբայրներ են եղել: Կարծիք կա, որ հոփա-համշենցիները սկզբում եկել են Բաշոբա, ապա այստեղից տարածվել մյուս գյուղերը: Հիմա այստեղ մոտ 2000 բնակիչ կա, 250 տուն, 600 ընտրող` բոլորը համշենցի: Հարունենց տունը գյուղի ամենահին տներից է` փայտաշեն, 160 տարեկան:

Մեհմեդի կամ, ինչպես իրենք ասում են, Մուխիի աշխատանքային կենսագրությունը ներառում է համշենցիների գլխավոր արհեստները` սկզբից «հոյիվ» է եղել, հետո հացթուխ, ապա աշխատել թեյի գործարանում, պակասում է վարորդությունը:

Մեզ դիմավորում է Սևիմը` Մուխիի կինը, ինչպես յուրաքանչյուր համշենական տուն, մտնելիս կոշիկները հանում ենք ու քայլում գորգերի վրայով (կոշիկները հանելու սովորությունը ամբողջ Թուրքիայում է ընդունված: Հայաստանում էլ 70-ականներին կային տներ, ուր ոտք էիր դնում, չստերը դնում էին առաջդ որպես ակնարկ, որ կոշիկները հանես: Մեր տուն, որ հյուր էր գալիս, հենց կոշիկը ուզում էր հանել, մամաս չէր թողնում` չէ, չէ, մի հանի: Հետզհետե կոշիկ հանելը վերացավ):

Սևիմը երգում է մեկ Համշենի բարբառով.

Մաա աղաքաք մաա / Մա՛յր մտիր, արեգակ, մա՛յր մտիր,

Գունգի մի ձովուն վաան / Մի՛ կանգնի ծովի վրա,

Յեսա հեդեթ էգողում / Ես էլ հետդ եմ գալու

Գունգաձիմ ղարբիս վաան / Կանգնելու եմ խոսքիս վրա

Մեկ էլ համշենական տարածված «անդեր» խաղիկները, որոնց մեջ խառն են թուրքերեն ու հայերեն քառատողերը, բայց երկու լեզվում էլ կրկնվում է` անդեր(անտեր) հայերեն բառը.

Dere derunliğule ander / Առուն իր խորությամբ է, անտեր,

Irmak serunluğile ander / Գետն իր զովությամբ է, անտեր,

Yürüdün mü sevduğum ander/ Դու քայլեցի՞ր, իմ սիրած, անտեր,

Sabah serunluğile ander  / Առավոտյան զովությամբ, անտեր,

Քա աշունը քաանա անդեր / Աղջի՛, երբ աշունը գա, անտեր,

Դոնդեցան խավող քաղա անդեր / Տանձենուց խաղող քաղիր, անտեր,

Դա ես քեզի առնող չիմ անդեր / Տղա՛, ես քեզ չեմ առնի, անտեր,

Իսթերսին վեր-վեր խաղա անտեր / Եթե կուզես, վեր-վեր խաղա, անտեր

Մուխի. համշենցի լինելը շատ լավ բան է, բայց թուրք լինելն էլ նույնպես լավ է, տարբերություն չկա:

Մուխի. համշենցի լինելը շատ լավ բան է, բայց թուրք լինելն էլ նույնպես լավ է, տարբերություն չկա:

Անահիտը՝ իր պրոֆեսիոնալ ապարատով, ես՝ իմ ֆլիպով նկարահանում ենք համշեներեն երգերը, իսկ  հարսը թեյ է մատուցում, թեյ, թեյ, թեյ: Ի՞նչ են ամենաշատ սիրում թուրքական ծովափին` թեյ, խանութ մտնես, էրկու րոպե ավել մնաս, թեյը դիմացդ է, թեյը մուգ, հաճելիորեն տտիպ:

56-ամյա Սևիմն ու 67-ամյա Մուխին հինգ զավակ ունեն` երեք մանչ, երկու աղջիկ: Բոլորը ամուսնացած են հոփա- համշենցիների հետ` մի որդին Չանաքքալեում է՝ Դարդանելի նեղուցի մոտ, երկուսը՝ Հոփայում, աղջիկներից մեկը գյուղում, մյուսը Քեմալփաշայում: Հազվագյուտ երևույթ է, որ համշենցին թրքախոսի հետ ամուսնանա:

«Առաջ անհնար բան էր, որ համշենցին ամուսնանար օտարի հետ, մենք չորս քույր, երեք եղբայր էինք, հայրս էլ մեզ գյուղից դուրս չի հանել,  բոլորս համշենցու հետ ենք ամուսնացել,-ասում է Սևիմը,- հիմա փոխվել է,  հնարավոր է, որ ամուսնանան»:

«Իսկ եթե քո հարազատը ամուսնանա օտարի հետ, ինչպե՞ս կընդունես»,-հարցնում եմ Սևիմին:

«Նորմալ, եթե սիրում են, թող ամուսնանան»,-պատասխանում է Մուխին:

Սևիմը մեկ էլ սկսեց ընկալել, որ իմ ու Խաչիկի լեզվի մեջ հասկանալի բառեր կան, ինչ-որ մեկը հարցրեց՝ Հայաստանում թեյ աճո՞ւմ է, ես էլ համշեներենին մոտ լեզվով պատասխանեցի` «Չէ, չայ, մենք չունինք» ու Սևիմը էս անգամ սկսեց  ծիծաղել. «Մենք չունինք կոսա, դուն ալ համշեն ես»:

Բաշոբայում. զառիվեր ձգվող ճոպաններով ապրանք են իջեցնում, այժմ ձմեռվա ցախը

Բաշոբայում. զառիվեր ձգվող ճոպաններով ապրանք են իջեցնում, այժմ ձմեռվա ցախը

«Մուխի, ովքե՞ր են համշենցիները»,-հարցնում եմ:

«Համշենցի լինելը շատ լավ բան է, բայց թուրք լինելն էլ նույնպես լավ է, տարբերություն չկա»:

Ջեմիլը միջամտում է. «Թուրքի արածը մենք էլ չանենք, դպրոցում ստիպում են ասել` ես թուրք եմ, արդար եմ, աշխատասեր եմ, իմ գլխավոր առաքելությունը մեծերին հարգելն է, փոքրերին սիրելը և այլն, և այլն: Մենք չենք ուզում ասել, թե ինչպիսին է համշենցին»:

Հարունն ասում է, որ Մուխիի հայրը համշեներեն չի խոսում, գյավուրի լեզու է համարում: Կարո՞ղ ենք հանդիպել,- հարցնում եմ: Նա հիմա հիվանդ պառկած է ու չէր ցանկանա օտար մարդ իրեն տեսնի:

Ուրեմն, կհանդիպենք գյուղի մեկ ուրիշ տարեց կրոնականի` Հաջի Սուլեյման Ջինքայային:

Տան միակ տղամարդը` Հաջին, պառկած է մահճակալին, մնացած բոլորը կանայք մի հանգի գործում են:

«էէէ, կյանքի աստիճաններով բարձրացա, հասա գագաթին, հիմա իջնում եմ, չեմ իմանում էս պատմության վերջը ոնց կլինի»,-պառկած տեղից  ծանր-ծանր ելնելով ասում է հաջի Սուլեյմանը:

Բաշոբայի հին տներից

Բաշոբայի հին տներից

Նրա տարիքը 90-ի ու  100-ի արանքում ինչ-որ տեղ է, ծննդյան թիվը չգիտի, երբ կառավարություն ստեղծվեց (հավանաբար 1923 թ. հանրապետությունը), մի տասը տարեկան կլիներ, եկան հարցրեցին` ե՞րբ ես ծնվել ու հետո ինչ-որ բան գրեցին:

Բայց շատ հստակ հիշում է իր կյանքի ամենապայծառ օրերը, երբ ուխտի գնաց  Մեքքա ու հաջի դարձավ: Երեսուն տարի առաջ էր, ավտոբուսով գնացին, լիքը լցված էին. «Մեր գյուղից մենակ ես էի, բայց Քեմալփաշայից հինգ հոգի կար, Չաուշլուից էլ մի քանի հոգի, մեկ էլ Կոյունջուից կային (համշենական գյուղեր են): Շատ երջանկացած էի, որ հաջի գնացի»:

Ժամանակին ոտով էին գնում, անապատների միջով, փոթորիկների միջով, բայց հիմա հեշտ է,  ավտոբուսով են գնում:

Սուլեյմանի պապն էլ ծնվել է Բաշոբայում, իսկ դրանից առաջ ինչ է եղել. Նա պատմում է ինչ- որ կիսաառասպելական Գալաթալը գերդաստանի երեք եղբայրների մասին, ովքեր եկել են և այս գյուղը հիմնել, նրանցից մեկը կոլոտ է եղել անունը դրել են Քոթա, դրա համար էլ իրենց քոթայեցի են ասում (թե ինչ եղբայրներ են և ովքեր են գալաթացիները տեղեկություն չգտա): Ի վերջո, գերդաստանը տրոհվել ու տասը տոհմեր են առաջացել, որոնցից յուրաքանչյուրը մի ջաղաց է ունեցել:

 

Բաշոբայում համաշենցի կին

Բաշոբայում համաշենցի կին

Մենք թուրք ենք

 Հաջիի տան ճանապարհին Հարունն ասում էր` հես ա կտեսնեք, կասի, որ համշենցիները թուրքական ժողովուրդ են, եկել են Միջին Ասիայից, էստեղ հայերի հետ շփվել են ու լեզուն սովորել: Ամեն ինչ այդպես էլ եղավ, միայն Սուլեյմանը չէր հիշում, թե «որտեղից են եկել»:

Հաջի Սուլեյմանը, երբ իմացավ, որ Խաչիկը Ստամբուլից  հայ է, ձեռքը բռնած ջերմ-ջերմ սկսեց զրուցել` հաաա, Ստամբուլից ես: Չէր էլ նկատում, որ կողքը մեկը ինչ-որ կիսածանոթ լեզվով հարցեր է տալիս, Խաչիկն էլ թարգմանում է: Բայց մեկ էլ ինձ նկատեց ու հարցրեց` որտեղի՞ց ես, ասում եմ` Հայաստանից, Հաջիի դեմքը մի պահ մռայլվեց, հետո շարունակեց նույն ջերմությամբ Խաչիկի հետ խոսել:

«Լավ, համշենցիները ո՞վքեր են, որտեղի՞ց են»,-հարցնում է Հարունը:

Հաջին պատմում է` իրենց երկրում երաշտ է եղել, մարդիկ թողել հեռացել են: Որտե՞ղ էր իրենց երկիրը, հիմա չի հիշում: Եկել հասել են մինչև Արդահան՝ մի տարածք ամբողջ կանաչ, որ տեսնում են բարեբեր հողեր կան, ասում են՝ մենք գտանք մեր տեղը: Հետո էնտեղից գնացել են Չամլըհեմշին, բայց էնտեղ էլ շատ ձյուն է եղել, ու իջել են դեպի ծով ու հետո ավելի ուշ էկել են էս կողմերը:

«Չամլըհեմշինցիք ու դուք նո՞ւյնն եք»:

«Իհարկե, նույն մարդիկ ենք»:

«Իսկ համշեներեն լեզուն որտեղի՞ց է»:

Հաջի Սուլեյմանի տանը

Հաջի Սուլեյմանի տանը

«Մենք  բարձունքներում էինք և ոչխար ու այծ էինք արածացնում, իսկ սրանք (ինձ ու Խաչիկին է ցույց տալիս, այսինքն հայերը)  սիրում էին ծովափին ապրել, համշենցիները գյուղերում փայտ էին կտրում, հայերն էլ գալիս առնում էին, վաճառականներ էին: Սրանք, շատ արհեստավոր ժողովուրդ էին: Նաև համշենցիները իրենց մոտ աշխատանքի են ընդունվել ու այդպես կամաց-կամաց հայերեն են սովորել: էս լեզուն սրանցից ենք առել, մենք հայ չենք, ուրիշ ժողովուրդ ենք»:

«Իսկ մինչև դա ի՞նչ լեզվով եք խոսել»,-հարցնում եմ ես:

«Թե առաջ ի՞նչ ենք խոսել չգիտեմ, մենք ուրիշ ժողովուրդ ենք»:

«Թո՞ւրք»:

Հաջին մի պահ մտածում է ու հետո ոչ շատ վստահ ասում.

«Այո»:

Երբ դուրս էինք գալիս Հաջին երկու ափերը իրար պինդ բռնեց`«ինչ եղել չի եղել մեր երկու ժողովուրդների մեջ նախկինում, մոռանանք, ու հիմա այսպես բարեկամաբար ապրենք»:

***

Վարորդ Այթեքին.Ղարաբաղը տվեք, իրար հետ լավ ապրենք

Վարորդ Այթեքին.Ղարաբաղը տվեք, իրար հետ լավ ապրենք

«Ես ձեզ մի բան ասեմ, Ղարաբաղը տվեք, իրար հետ լավ ապրենք»,-ասում է Այթեքինը` չրթելով շագանակը, ինչպես Հայաստանում կչրթեին արևածաղկի սերմը: Հոփայում քայլելիս շագանակ վաճառողի սայլի դիմաց մի խումբ մարդիկ նկատելով, որ հայ ենք, մեզ կանգնեցրին: Համշենցի վարորդներ էին, մի քանիսը եղել էին Հայաստանում: Այթեքինն էլ Հայաստան բեռ տեղափոխելու շնորհիվ որոշ չափով հայաստանյան հայերեն է սերտել: Մի կուլյոկ շագանակ էլ ես եմ առնում, ու չրթողների շրջանակը լայնանում է:

«Ինչպե՞ս տալ Ղարաբաղը, չէ՞ որ էնտեղ մարդիկ են ապրում»,-ասում եմ ես:

«Չէ, չէ, տվեք, տվեք, էս հարցը փակվի գնա, իրար հետ նորմալ ապրենք»:

«Իսկ դո՞ւ ինչ ազգից ես»:

«Ես թուրք եմ»,-առանց տատանվելու ասում է Այթեքինը:

«Բա էս լեզվով ինչպե՞ս ես խոսում»:

«Դե ժամանակին էստեղ հայեր են եղել, նրանց հետ շփվել ենք, աղջիկ ենք տվել-առել, լեզուն սովորել ենք»:

Հարուն Աքսուենց տան ամբարը

Հարուն Աքսուենց տան ամբարը

Ընկերը` Ահմեդը սկսեց ծիծաղել.

«Էդ ո՞նց էղավ, մինչև հիմա նորմալ թուրքերեն չսովորեցինք, լազերեն չսովորեցինք, հայերի լեզուն սովորեցինք»(լազերը սևծովյան  ժողովուրդ են, որոնց լեզուն մոտ է  մենգրելերենին):

Մյուս` երրորդ ընկերն էլ է խառնվում.

«Որովհետև սխալ գիտի, մենք էն գլխից էս լեզվով ենք խոսել, հայերն են մեզնից սովորել էս լեզուն»:

***

Նախկին մոլլա Համդի Յըլդըզը փեչի կողքը գետնին նստած բողոքում է, որ բարքերը այլասերվում են, որ հիմա աղջիկները անամոթ են դառել ու էնպիսի շորեր են հագնում, որ ոտքերն ու ձեռքերը երևում են, կանայք տղամարդկանց հետ գրկված պարում են: Ի՞նչ կա դրա մեջ, հարցնում է Հարունը: Ոնց թե՝ ինչ կա, դա կգայթակղի: Հարունը ասում է` իսկ չի՞ գայթակղի, որ ճկույթ-ճկույթ բռնած են պարում, նկատի ունի համշենցիների շուրջպարը:

Հարսանիքի ենք Քեմալփաշայի մոտ գտնվող Չամուրլու  (Çamurlu) գյուղում(հին անունը՝ Չանչաղան Çançağan), Աբդուլա Յըլմազի տանը սպասում ենք հարսին տանելու արարողությանը: Ամբողջ խոսակցությունը թուրքերեն է, ոչ մի համշեներեն բառ ու ես անընդհատ բոթում եմ Խաչիկին` ի՞նչ են խոսում:

Համդի. Չէ, մենք հայ չենք, մենք եկել ենք Պարսկաստանի կողմերից(լուսանկարը հեղինակի):

Համդի. Չէ, մենք հայ չենք, մենք եկել ենք Պարսկաստանի կողմերից(լուսանկարը հեղինակի):

«Ի՞նչ կա դրա մեջ, եթե մենք շուրջպար ենք պարում, ու քրոջս կամ մեկ ուրիշի հետ մեր մատները հպվում են, դա միայն մեր մտերմությունն է ցույց տալիս և մեր մտքին ուրիշ բան չի կարող լինել»,-ասում է Հարունը:

Աբդուլան ինձ տարավ կողքի սենյակ ու մահճակալի տակից հանեց մի գործիք, «ալթուն»,-ժպտալով ասեց: Բան չհասկացա, հետո պիտի իմանայի, որ թուրքերեն «ալթունը» ոսկին է: Սկսեց Համշենի բարբառով բացատրել ու ձեռքի հեռախոսի մեջ ցույց տալ լուսանկարներ`կամուրջ, ինչ-որ ժայռի մեջ անցք, հետո ասեց, որ այնտեղ հսկա կարասներ կան: Ըհը, սկսում եմ հասկանալ, Արտանուճում(եղել է նախկինում հայաբնակ գյուղ)  հայերը գանձեր են թաղել, էս գործիքով փնտրել է, չի գտել, գործիքը կես մետրից ներքև ոսկին չի գտնում, ուրեմն անհրաժեշտ է ավելի զգայուն գործիք, կարո՞ղ ես Երևանից բերել երկու մետր խորությամբ ոսկի գտնող գործիք, գնանք Արտանուճ ոսկիները հանենք կիսվենք:

Մարդը լավ բան է առաջարկում, ինչ կա որ, բայց զգացողություն ունեցա, թե դիակապտության մեջ է ուզում ներքաշել, կարծես ինձ մոտիկ մեկի գանձն է ուզում գտնել իմ միջոցով: Բան չեմ ասում, չկպավ, վերադառնում ենք սենյակ:

Խոսակցությունը սահում է դեպի համշենցիների ծագումը. մինչ մի կողմում Հարունը ու Յըլդըզը կպարզաբանեին, թե ովքեր են համշենցիները, տան տերը` Աբդուլան ինձ ասում է. «Շատ կխոսեն` հայ ենք, հայ չենք, բայց մեկ է, ոչ ոք չգիտի: Հայ լինենք չլինենք, էստեղից չենք գնալու»:

«Չէ, մենք հայ չենք, մենք եկել ենք Պարսկաստանի կողմերից, սկզբում սարերում ենք ապրել, հետո իջել ենք էստեղ»,- ասում է Համդին:

«Իրականում մենք մաքուր թուրք ցեղից ենք,-լրացնում է Համդիին մեկ ուրիշը,-սկզբում երեք եղբայրներ են եղել, նրանցից մեկը հաստատվել է Չամլըհեմշինում, մեկը Հոփայում, մեկն էլ Արդաշենում: Իսկ դրանից էլ առաջ Վանի կողմերում ենք ապրել»:

«Իսկ ի՞նչ եղավ, որ սկսեցինք համշեներեն խոսել»,-հարցնում է Հարունը:

«Հայերից աղջիկ ենք առել, հարսներից սովորել ենք հայերեն,-ասում է Համդին:

Մենք ոչ թուրք ենք, ոչ հայ, մենք համշենցի ենք

«Թուրքերենը էս 40 տարի ա ինչ սովորել ենք, դրանից առաջ չգիտեինք, էդ ինչպե՞ս եղավ, որ թուրք ենք, որ թուրքերեն չենք իմացել, հայերեն ենք սովորել,-հարցնում է Հարունը, իսկ Համդին ու մյուս մարդը զարմացած լսում են,- անհեթեթ է, որ մի երկու աղջիկ տալ-առնելով ամբողջ ժողովուրդ լեզու փոխի: Այո, մենք հայ չենք, համշենցի ենք, բայց առաջացել ենք հայերից, 400 տարի առաջ մի ազգ ենք եղել»:

Հետո արդեն մեր վերադարձի վերջին օրը Հարունին հարցնում եմ.

Համշենցիները ովքե՞ր են.

«Թե հայ, թե թուրք ազգայնականներին ես ասում եմ, որ մենք` հայերն ու համշենցիները ժամանակին մի ծառ ենք եղել և հիմա թուղթ ենք դարձել և այդ թուղթը կարող է վառվի գնա: Համշենցիները հայերից են առաջացել, բայց հիմա համշենցի են, երբ մեկը ասում է` համշենցիները հայ են կամ մյուսը ասում է` թուրք են, այս երկու պնդումն էլ համշենցուն հալեցնում են: Համայնքի, հասարակության վերաբերյալ պատմական տեղեկությունները, քանի որ շատ չնչին են կամ համարյա չկան, հետևաբար  հատուկ առանձին ինքնություն է առաջացել` համշենցի:

Կա համշենցու երկու տեսակ` քրիստոնյա և մուսուլման, քրիստոնյան ասում է` ես հայ եմ: Իսկ մուսուլմանները իրենք իրենց համշենցի են համարում, ես էլ դա եմ պաշտպանում: Էս թուղթը այսօր պաշտպանում եմ, որ չվերանա, չեմ ուզում, որ վառվի: Ծառը էդքան վտանգի չի ենթարկված, բայց այս  թուղթը վտանգի է ենթարկված, քամի բարձրանա՝ կարող է գնալ ու կորչել: Դեմ չեմ գիտական ուսումնասիրություններին` հայը սա կասի, թուրքը նա կասի, բայց իմ գլխավոր նպատակը մշակույթը պահպանելն է»:

42-ամյա Հարուն Աքսուն հավաքում է համշենցիների երգերը, սովորությունները, բանահյուսությունը, այդ թեմաներով մի շարք հոդվածներ ունի  համշենցիների մասին պատմող «Bir Yaşam» հանդեսում:

«Դու քեզ նույնացնում ես նաև թուրքախոս համշենցիների՞ հետ»:

«Այո, Չամլըհեմշինի, Ղրղզստանի, Կրասնոդարի համշենցիների հետ նույնացնում եմ, քանի որ նրանք մեր մոտավոր ազգականներն են, իսկ Աբխազիայի համշենցիների հետ ես չեմ նույնանում, քանի որ մի քանի հարյուր տարի առաջ մենք իրարից բաժանվել ենք, նույն արժեքները չունենք նրանց հետ»:

«Ինչո՞ւ չկա մուսուլման համշենցիների կազմակերպված համագործակցություն»:

«Արդեն մենք չամլըհեմշինցիների հետ ինչքան էլ նույնանանք, բավականին հեռացել ենք, վերջիվերջո մի 250  տարի առաջ ենք պոկվել նրանցից»:

Հոյիվները

Հոփայում «Հայդե բարի» բարմենը ինչ-որ տեղից հանեց կավալը(փողային գործիք) ու տվեց Հարունին:

«Ես ասեմ` թե ով է համշենցին, համշենցին հոյիվ է»,-  ասեց Հարունը ու սկսեց նվագել կավալը: Համշենցիների հովվությունից մնացել է միայն  երաժշտությունը, որ հիմա գարեջրի ու կաթնագույն  անիսոնի օղու ընկերակցությամբ մեզ պատմում է լեռնային կյանքի ու անհետացող հովվերգական ավանդույթների  մասին:

Ու նաև շուրջպարը. Հայդեի վերին հարկի սրահում ծխի ու կիսախավարի մեջ ամեն երեկո երիտասարդները գոչյուններով ու համաչափ ոտք առնելով պարում են իրենց պապերի սարերի շուրջպարը`հորոն, կավալի, պարկապզուկի ու կիթառի երաժշտության ուղեկցությամբ:

Հայդե բարի վերին հարկում համշենցիները պարում են սարեից բերած շուրջպարը` հորոն

Հայդե բարի վերին հարկում համշենցիները պարում են սարեից բերած շուրջպարը` հորոն

Համշենցիները հովիվներ են եղել, հովվությունից մնացել է կավալի երաժշտությունը ու յայլաները, ուր ամառները բարձրանում են համշենցիները ոչ այնքան անասուն արածացնելու, որքան ամառվա տոթից պատսպարվելու համար:

Անասնաբուծական մեծ ֆերմաները  վերացրին  հովիվների փոքր տնտեսությունները, և համշենցիները հոյիվի մահակը փոխարինեցին մեքենայի ղեկով. հանդիպածս տղամարդիկ հիմնականում վարորդներ են: Շատերն էլ  սկսեցին զբաղվել թեյի արտադրությամբ:

«Հիմա 20-25 հազար ոչխար ունեցող ֆերմերներ կան, էլ անասնապահությունը անիմաստ է»,-ասում է Քայաքոյի բնակիչ Ջեմալ Վայիչը, ով աշխատում է Քեմալփաշայի թեյի ֆաբրիկայում:

Գյուղացիների հիմնական եկամուտը թեյն է,  Ջեմալը ասում է, որ  տարեկան մոտ 15-20 հազար լիրա(մոտ 10 հազար դոլար) եկամուտ են ունենում:

Ուրբանիզացիան և արդիականացումը 60-ական թվերից գյուղերից համշենցիներին իջեցրեցին քաղաքներ` Քեմալփաշա, Հոփա, ապա նաև դեպի մեծ քաղաքներ՝ Ստամբուլ , Անկարա և այլն: Մարդահամարից մարդահամար գյուղերի բնակչությունը նվազում է:

Հայդե բարի ներքևի հարկում գարեջուր, անիսոնի օղի և խաղեր

Հայդե բարի ներքևի հարկում գարեջուր, անիսոնի օղի և խաղեր

Հիմա շատ համշենցիներ երեք բնակավայր ունեն` յայլա, նախկին  արոտավայրերը, Քեղ-գյուղ`ծննդավայրը և չարշի կամ ձիափ-ծովափ` այսինքն քաղաք:

Հովվության մասին հիշողությունը դեռ թարմ է մնացել տարեց մարդկանց հիշողություններում, բայց դրանից էն կողմ հիշողությունը ընդհատվում է: Իսկ ինչ էին անում նրանք մինչև Արդվինի սարերում հովվություն անելը և ինչո՞ւ են համշենցիները բուն Համշենից եկել Հոփա, եկել են՝ նո՞ր են մահմեդական դառել, թե՞ արդեն որպես մահմեդական են եկել և ե՞րբ են եկել:

Հովան Սիմոնյանը գրում է.

Դեռեւս անհայտ է մնում, թե համշենցիները երբ են հայտնվել Հոփայի շրջանում: Նրանք հաստատվել են Համշենից արևելք ընկնող Հոփայի գավառի կենտրոնական մասում և նրա ենթաշրջան Մաքրիալում՝ այժմյան Քեմալփաշայում :  Ըստ Թոռլաքյանի, ում գնահատմամբ Համշենի ընդհանուր բնակչության 10-ից 15 տոկոսն է Հոփա գաղթել, վերաբնակեցումը տեղի է ունեցել 17-րդ դարի երկրորդ կեսին: Նույն մոտավոր թվականն է տվել Մինաս Գասապյանը(Բարունակ Թոռլաքյան, «Դրվագներ համշենահայերի պատմությունից»1981թ.): Ռուսական աղբյուրները մատնանշում են ավելի ուշ ժամանակաշրջան՝  1780թ. ըստ Լևաշովի, իսկ Ե. Կ. Լիուզենի համաձայն՝ 19-րդ դարի սկզբին, ով 1905թ. համշենցի տարեց մի կնոջից լսել է, որ նրա նախնիները Մաքրիալի շրջան են եկել մեկ դար առաջ ( Ն. Ն. Լևաշով «Զամետկա օ պոգրանինոյ լինի ի զոնե նա ռաստոյանիի օտ բերեգա Չերնոգո մորյա դո գորոդա Արդվին» 1880 թիֆլիս):

Փողոցների մի ծայրում մզկիթն է որտեղից բարձրախոսով քաղաքով մեկ տարածվում է աղոթքի հրավերը

Փողոցների մի ծայրում մզկիթն է որտեղից բարձրախոսով քաղաքով մեկ տարածվում է աղոթքի հրավերը

Երկրորդ և ավելի բարդ հարցը, թե արդյոք այդ մարդիկ Հոփա հաստատվելու ժամանակ իսլամն արդեն ընդունել էին, թե դեռևս քրիստոնյա էին: Գրավոր և բանավոր աղբյուրները այս հարցին որևէ պատասխան չեն տալիս:

Վերջերս Թուրքիայում հրապարակված մի ուսումնասիրություն արմատական մի նոր վարկած է առաջ քաշում համշենցիների դեպի Հոփա գաղթի և կրոնափոխ լինելու ժամանակաշրջանի մասին: Ըստ հեղինակ՝ Ալի Գյունդյուզի, գաղթը տեղի է  ունեցել տասնվեցերորդ դարի սկզբին, օսմանյան Սուլթան Սելիմ Ա-ի օրոք:

Համշենցիները, որոնք դեռ քրիստոնյա էին, որպես հողատերեր (թիմարի տեր, ավատատեր) հաստավել են այս սահմանամերձ շրջանում, այն պաշտպանելու համար վրացի և աբխազ ծովահեններից: Կրոնափոխությունը տեղի է ունեցել 200 տարի անց՝ 18-րդ դարի սկզբին: Ali Gündüz, Hemşinliler: Dil – Tarih – Kültür (Ankara: Ardanuç Kültür Yardımlaşma Derneği, 2002)

Այնուամենայնիվ, մի կողմ թողնելով այն, որ հեղինակը չի կարողանում բերել որևէ ապացույց՝  հիմնավորելու իր պնդումները, ինքնին հետքրքրական այս տեսությունը մի շարք խնդիրներ է առաջացնում: Առաջինն այն է, որ, բացառությամբ այժմ անհետացած Փոքր Համշեն կոչվող մի գյուղակի՝ Հոփայում և Մաքրիալում հայերեն այլ տեղանուններ չկան: Բացառապես  լազական եւ թուրքական տեղանունների առկայությունը նշանակում է, որ վերաբնակեցումը համեմատաբար վերջերս է տեղի ունեցել:

Համշեցնի երիտասարդի գիշերային բարը մեկն է Հոփայի բազմաթիվ տեղերից, ուր կարելի է գտնել նախկին սովետական երկրների մարմնավաճառներ:

Համշեցնի երիտասարդի գիշերային բարը մեկն է Հոփայի բազմաթիվ տեղերից, ուր կարելի է գտնել նախկին սովետական երկրների մարմնավաճառներ:

Երկրորդը` ի տարբերություն իրենց լազ և մասնավորապես աջար հարևանների, որոնց ռազմատենչ բնույթը շատ լավ լուսաբանված է,  քիչ բան է հայտնի հոփա- համշենցիների ռազմական ավանդույթների մասին: Եթե իսկապես համշենցի հողատերեր գոյություն ունեցած լինեին, նրանք հավանաբար դերեբեյների (հովտի տերեր) վերածված կլինեին, ինչպես Պոնտոսի այլ վայրերի բնակիչների մեջ եղավ 17-րդ դարի վերջում՝ կենտրոնական իշխանությունների թուլացումից հետո: Սակայն դերեբեյների կամ աղաների գոյության մասին երբեք խոսք չի եղել Հոփայում, որտեղ համշենցիները համեմատաբար աղքատ են եղել ու շատ հողեր չեն ունեցել: 20-րդ դարի սկզբին լույս տեսած մի հոդվածում նրանք նկարագրված են որպես լազերի հողատարածքները մշակողներ:

Ինչպես նշվում է 19-րդ դարի ռուս և այլ եվրոպացի ճանապարհորդների զեկույցներում, հոփա-համշենցիները հայտնի են եղել ոչ թե որպես հարուստ հողատերեր, այլ որպես գլխավորաբար արոտավայրերում անասնապահությամբ զբաղվող մարդիկ: Ամռանը նրանք իրենց հոտերը տանում էին Շավշատի շրջանում գտնվող յայլաները՝ գյուղերից բավականին հեռու: Տղամարդիկ աջարների նման գլխներին չալմա էին փաթաթում, իսկ կանայք քրդերի նման էին հագնվում: Ըստ Լիուզենի, ամբողջ Արդվինի շրջանում նրանց քրդի տեղ էին դնում իրենց ապրելակերպի պատճառով, իսկ մարդիկ զարմանում էին, երբ իմանում էին, որ հայերեն են խոսում  (Liuzen, “Bereg Russkago Lazistana”): Ըստ 1888-ին հրապարակված մի հոդվածի, Հոփա-Համշենը բաղկացած էր 600 տնից, որից 423 ընտանիք Թուրքիայում, իսկ 177 Ռուսաստանում – համեմատության համար ասենք, որ բուն Համշենի (Բաշ Հեմշին) ծխերի քանակը շուրջ 2200 էր:

Հավանական է, որ յայլաներում անասնապահությամբ զբաղվելու այս մարգինալ գոյությունն է ապահովել Հոփա/Մաքրիալի շրջանում հայերենի հարատևումը: Հոփա-համշենցիները այնքան կարևոր չէին, որ մտահոգություն պատճառեին, և անշուշտ արժանի չէին կառավարության նման ճնշման, ինչպիսին եղել էր Կարա դերեում՝ թուրքական դպրոցների բացումով և մոլլաների միսիոներական գործունեությամբ, որն էլ նպաստել էր հայերենի վերացմանը: Բացի այդ, նահանգային աշխարհիկ և կրոնական իշխանությունները, ինչպես նաև ռուս պաշտոնյաներն ավելի ուշ ժամանակներում, կարող է պարզապես չեն իմացել կամ նույնիսկ չեն էլ կասկածել, որ մահմեդական այս փոքր համայնքը  իրականում հայախոս է: Հայերենի պահպանման հնարավոր երկրորդ պատճառը հոփա-համշենցիների մոտ տնտեսական արտագաղթի բացակայությունն է: Ի տարբերություն իրենց բաշ-հեմշինցի (այսինքն՝ բուն համշենցի) հայրենակիցների,  նրանք տնտեսապես շարժունակ չեն եղել:

Հոփայի նեղ փողոցներում տղամարդիկ թեյ են խմում, նարդի խաղում ու սափրվում

Հոփայի նեղ փողոցներում տղամարդիկ թեյ են խմում, նարդի խաղում ու սափրվում

1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո ցարական Ռուսաստանի տիրապետության տակ անցան Մաքրիալի (Քեմալփաշա) մոտակայքում գտնվող մոտ 200 հոփա-համշենական տներ: 1480-ականներից ի վեր, առաջին անգամն էր, որ համշենցի հայերը հայտնվել էին քրիստոնյա մի երկրի տիրապետության տակ: Սակայն հետագա տարիներին համշենցիները իրենց նախկին կրոնին վերադառնալու փորձեր չարեցին: Սա գուցե բացատրվում է նրանով, որ նրանք բավականին վաղուց էին կրոնափոխվել:

Նույնքան հետաքրքիր է քննել այդ ժամանակաշրջանում հայ եկեղեցու և հայ հասարակության վերաբերմունքը իսլամացած հայերի նկատմամբ:  1887-ին Թիֆլիսում հայերեն հրատարակվող «Մշակ» թերթում հայտնի հրապարակախոս Գրիգոր Արծրունին իր խմբագրականում խստորեն քննադատել էր հայ եկեղեցու իշխանավորներին իսլամացած հայերի նկատմամբ իրենց անուշադրության և անտարբերության  համար: Սակայն այդ պահանջները ոչ ոք չլսեց և հայ եկեղեցին ոչ մի ջանք չթափեց հոգեորսություն իրականացնելու հայկական ծագումով մուսուլմանների մոտ[15]:

Արևմտահայաստանի հետազոտությունների կենտրոնի տնօրեն  Հայկազուն Ալվրցյանը ինձ ասաց, որ Ռուսաստանի կազմի մեջ գտնվելու հանգամանքով է պայմանավորած, որ  հոփա-համշենցիները պահել են իրենց բարբառը:

Մումի Յըլմազ. իմ պատմությունը պապս է: Պապս սարերից իջել է, որ իր ունեցածը ծախի, բայց ասել են՝ հայ ու գլխին տվել են, գլուխը ջարդել են, թալանել են, ձին էլ ձեռից առել են:

Մումի Յըլմազ. իմ պատմությունը պապս է: Պապս սարերից իջել է, որ իր ունեցածը ծախի, բայց ասել են՝ հայ ու գլխին տվել են, գլուխը ջարդել են, թալանել են, ձին էլ ձեռից առել են:

Կոմունիստական Հոփան. «Ես հայ եմ, իմ պատմությունը պապս է»

«Հայդե բարը» Հոփայում այն հազվագյուտ տեղերից է, ուր չկա Աթաթուքի դիմանկարը:

«Իմ Աթաթուրքը նա է»,- համշենցի կոմունիստը ցույց է տալիս  ծերունու լուսանկարը` Կոմունիստ Նուրի Յասատաղիս՝ մականունը դոկտոր:

Կոմունիստ բառը այստեղ կուսակցական պատկանելիություն չի, համոզմունք է (Թուրքիայում այսօր գործում է մի Կոմունիստական կուսակցություն, որը համարվում է իշխանության ստեղծածը արևմուտքի առաջ դեմոկրատ երևալու համար և ձախերի արհամարհանքին է արժանացած):

Հոփայի 17 հազար բնակչության մոտ 7 հազարը համշենցիներ են, 7 հազարը լազ, մնացածը տարբեր ազգություններ:

Որպես սևծովյան մշակույթի քաղաք, հանրային կյանքը եռում է Հոփայի երկու կենտրոնական նեղ փողոցներում,  ուր տղամարդիկ թեյ են խմում, նարդի խաղում ու սափրվում: Փողոցների մի ծայրում մզկիթն է որտեղից բարձրախոսով քաղաքով մեկ տարածվում է աղոթքի հրավերը՝ կոչը  (ezan), իսկ  նկուղային բարերում նստած են նախկին սովետական տարածքից եկած մարմնավաճառները՝ բավարարելու երկար ճամփաներից հոգնած վարորդներին:

«Թուրքիայում բոլորի գիտակցության մեջ նստած է, որ Թուրքիան երեք թշնամի ունի` հայերը, ալևիները և կոմունիստները»

«Թուրքիայում բոլորի գիտակցության մեջ նստած է, որ Թուրքիան երեք թշնամի ունի` հայերը, ալևիները և կոմունիստները»

Եթե տեսել ես Օզջան Ալփերի «Աշուն» ֆիլմը, որի մի մասը Հոփայում է նկարահանված, ապա աշնանը Հոփայում դեժավյու կունենաս. անձրև, ծովից եկող ցուրտը և վրացուհի մարմնավաճառը, միայն ի տարբերություն  ֆիլմի, ուր վրացուհին դրսի ավտոմատ հեռախոսից է զանգահարում հարազատներին, հիմա նա ձեռքի հեռախոսով վրացերեն զայրացած խոսում է գիշերային ակումբ տանող աստիճաններին:

«Որտե՞ղ կարելի է նստել, նորմալ գարեջուր խմել»,- հարցնում է Խաչիկը համշենցի մի ծանոթի: Նա գլուխը բացասական շարժում է՝ ցույց տալով գիշերային ակումբները, չէ, էնտեղ չարժի, ու հայացքը ուղղում դիմացի շենքի երրորդ հարկ. «Հայդեն»՝ Հարուն Աքսուի հեղափոխական բարը:

Որտեղի՞ց գիտի Մումի Յըլմազը մեզ: Հենց ոտք դրեցինք «Հայդե» ուրախ-ուրախ ձեռքը պարզեց` ես էլ եմ հայ: Նստում ենք հետները, օղի՞, թե՞ գարերջուր: Թուրքական գարեջուրը` Efes-ը, շատ համով է: Երեք ընկերներով խմում են անիսոնի օղի, վրան ջուր ավելացնում, թնդությունը նվազում է, հեղուկն էլ դառնում կաթնագույն:

«Մենք գիտենք ձեր դատի մասին, մենք նույն արյունից ենք,- ու երակներն է պարզում Մումին,- մենք եղբայրներ ենք, մենք բոլորս հայ ենք»:

Ընկերը` Նաջին, 15 տարի առաջ եղել է Հայաստանում, պատմում է, որ հենց Վրաստանի սահմանը հատել է ու ոտք է դրել Հայաստան` կռացել, հողը համբուրել է: Բայց հետո ծիծաղելով ավելացնում է` ամերիկացի, հայ, վրացի, ադրբեջանցի բոլորը մարդ են, պրոբլեմ չկա, պրոբլեմը մարդկանց գլխի մեջ է:

«Դու ի՞նչ գիտես, թե հայ ես, դու ոչ մի պատմություն չգիտես, որտեղի՞ց ես վերցրել թե հայ ես»,-լսելով Մումիին հարցնում է Հարունը:

Մումին խոցվում է, հետո գնում ենք փոքրիկ խանութ, տաբուրետկեքին նստում ու շշով գարեջուր խմում, Մումին անընդհատ հիշում է Հարունի կշտամբանքը.

«Հարունը ասում է` դու պատմություն գիտե՞ս, որ ասում ես՝ հայ եմ: Այ քեզ բան: Ինձ պատմություն պետք չի իմանալ, իմ պատմությունը պապս է: Իմ պապը ինչ ասել է, դա է իրականությունը, ես ինչ գիտեմ պապուցս եմ ժառանգել: Պապս սարերից իջել է, որ իր ունեցածը ծախի, ունեցած-չունեցածն էլ ի՞նչ էր`կաթ, յուղ, պիտի փոխանակեր ուրիշ ապրանքի հետ, բայց ասել են՝ հայ ու գլխին տվել են, գլուխը ջարդել են, թալանել են, ձին էլ ձեռից առել են:

Առաջ երբ սարերում էինք, սրանք մերներս լացացրին,  քաղցած էինք մնում, իջնում էինք ներքև, ծեծում էին ու ծեծում, մեզ ասեցին` հայ են սրանք, հայ են սրանք, բայց հիմա մենք իջել ենք ներքև, ու արդեն չեն կարող մեզ ճնշել»:

Խանութպանը հենց իմացավ Հայաստանից ենք, կերպարանափոխվեց, բայց ոչ Հաջի Սուլեյմանի պես մռայլվեց,  հակառակը` դեմքը սկսեց փայլել. «Այնտեղ գիտե՞ն մեր մասին»,-հարցնում է: Խաչիկը ասում է, որ այնքան էլ տեղյակ չեն Հայաստանում: «էէէ, մենք ծախեցինք մեր կրոնը, մենք ծախեցինք քրիստոնեությունը, դարձանք մուսուլման»:

Նույնիսկ այն համշենցիները, ովքեր խուսափում են հայ կոչվելուց, իրենց թուրք են համարում, պրծում չունեն տեղի մյուս ժողովուրդների վերաբերմունքից, ովքեր իրենց որպես հայհոյանք ասում են` էրմենի: «Չգիտեմ ինչի, մեզ էրմենի քոք են ասում»,-Չամուրլուում ասում էր մի գյուղացի կին:

Հոփա. Քեմալ Աթաթուրքի նկարը ամենուր

Հոփա. Քեմալ Աթաթուրքի նկարը ամենուր

Թեև համշենցի-լազ հակամարտությունը մեղմացել է, բայց  համշենցիների հոգու խորքում մնացել է իրենց պապերի վիրավորանքը:

Մի կողմից իշխանությունները պատմություն են հորինել համշենցիներին հայկական արմատներից կտրելու համար, մյուս կողմից՝  տեղական իշխանությունները, բնակիչները նրանց հայ ասելով՝ ճնշել են ու չեն թողել իսպառ մոռանալ իրենց հայկական ծագումը:

Բաշոբայում Հաջի Սուլեյմանը ինչպես իր հաջի դառնալն է պարզ հիշում որպես ամենաերջանիկ օրեր, այնպես էլ մտքից չեն հեռացել հալածանքի տարիները. «Լազերը մեզ չէին թողնում, որ Հոփա մտնենք, մեզ քարկոծում էին»:

Նա ասում էր, որ լազ աղաները` տոհմերի ղեկավարներն էին իշխում էս տարածքներում, որտեղ համշենցին իրավազուրկ էր: «Իսկ համշենցի աղանե՞րը»,-հարցնում եմ: «Աղա չկա, մենք աղա չունենք, մենք բոլորս աշխատող ենք, ոչ մի գերդաստան աղա չունի»,- ասում է Սուլեյմանը:

Համշենցիները երկու ելք ունեին` դիմադրել և միանալ նրանց «ում կյանքը անիծյալ է», որդեգրել ճնշված ժողովուրդների գաղափարախոսությունը` մարքսիզմը, կամ էլ դառնալ հռոմի պապից ավելի կաթոլիկ` թուրք նացիոնալիստ:

Ինչպես Մումին, այդպես էլ «Հայդե բարում» Ասլանը հենց մեզ տեսավ որպես հին ընկերներ` ոտքի ելավ ու ձեռքը պարզեց:

«Ես հայ եմ, հայ եմ»,-ձեռքս սեղմելով ասում է նա ու հրավիրում իրենց սեղանի մոտ: Նա փորձում է միայն համշեներեն խոսել: Երեք սեղանակիցները առանձնապես մեր վրա ուշադրություն չդարձրին, ենթադրում եմ, որ համշենցի չեն: «Նրանք քուրդ են, մեր ընկերներն են: Նրանք լավ գիտեն, որ մորթել են հայերին, հիմա զղջում են իրենց արածի համար»,-ու Ասլանը դիմում է նրանց թուրքերեն: Դիմացի քուրդը գլխով է անում` իհարկե:

«Թուրքիան երկու պրոբլեմ ունի` երկու բան է ատում` հայ և կոմունիստ, ես հենց  Թուրքիայի այդ ատելի երկու բանն եմ մարմնավորում իմ մեջ` և հայ եմ, և կոմունիստ,- անընդհատ կրկնում է Ասլանը: Նաև հատուկ  շեշտում է, որ ինքը սովետական կոմունիստ չի, որ չի ընդունում սովետական կոմունիստական գաղափարախոսությունը ու հատկապես Ստալինին. «Ինձ համար Ռուսաստանը երեք կոմունիստ է տվել Տրոցկի, Քալանթայ և նաև Լենին»: Լենինի անունը վերապահությամբ է տալիս:

Հետզհետե այնքան համշենցիներ ներգրավվեցին ձախ հոսանքներում, որ 2004թ. առաջին անգամ  համշենցի ու նաև կոմունիստ ընտրվեց Հոփայի քաղաքապետ` Յըլմազ Թոփալօղլուն` (ընտրվել է «Ազատություն և համերաշխություն» կուսակցությունից, այժմ անդամակցում է «Հավասարության և Դեմոկրատական» կուսակցությանը):

Յըլմազ և Իսմեթ Թոփալօղլունրերը և Խաչիկ Տերտերյանը: Վարորդ Իսմեթը, երբ բեռնատարով Հայաստան է մտնում ասում է` ես Թօփալյան եմ ու ավելի ջերմության է արժանաում:

Յըլմազ և Իսմեթ Թոփալօղլունրերը և Խաչիկ Տերտերյանը: Վարորդ Իսմեթը, երբ բեռնատարով Հայաստան է մտնում ասում է` ես Թօփալյան եմ ու ավելի ջերմության է արժանաում:

Յըլմազ Թոփալօղլուն. կոմունիստն ու համշենցին` ընտրված քաղաքապետ

 «Իմ անձով մենք կարողացանք հասնել առաջին անգամ նրան, որ համշենցի կոմունիստը դառնա քաղաքապետ,-ասում է հիսունամյա  Յըլմազը,-իհարկե, մեր ընդդիմադիրները ասեցին` սրանք ի՜նչ են հասկանում քաղաքականությունից, սրանք վայրենի են, միայն ոչխար արածեցնել գիտեն, այսպիսի պրոպագանդա էին անում մեր դեմ, բայց ես համոզված եմ, որ իմ քաղաքապետության ժամանակ բավական լավ ենք անցկացրել և հպարտ եմ, որ առաջին համշենցին եմ, որ նման պաշտոնի եմ հասել»:

Սակայն առաջին հաջողությունը տապալվեց, երբ 2009-ի ընտրություններում համշենցիները երկու ձախ թեկնածու ներկայացնելով` ձայները իրար մեջ կիսեցին`Յըլմազը ստացավ 2200 ձայն, մյուս համշենցին 800` և քաղաքապետարանը կրկին անցավ նացիոնալիստական CHP-ի (Ժողովրդահանրապետական կուսակցություն) ձեռքը`3400 ձայնով անցավ լազ թեկնածուն:

«Եթե գումարենք իմ ու էդ ձայները, էլի չէինք անցնի,  բայց եթե հետևդ ուժեղ է, ձայներն էլ են շատանում, և եթե միասնական լինեինք կարող է հաղթեինք,-ասում է Յըլմազը,- Այսուհանդերձ, եթե համշենցի միասնական թեկնածու լիներ դա չի նշանակում, որ բոլոր համշենցիները իրենց ձայները կտային, ազգայնականները  ընդհանուր հակահայ մթնոլորտ են ստեղծում, ուր հայկական անցյալ ունենալը համարյա հանցանքի է հավասարեցվում: Ու շատ համշենցիների մեջ էդ վախը կա, որ հանկարծ հայի հետ չնույնացնեն իրենց, ու երբ պրոպագանդ է տարվում, թե թեկնածուն հայ է, ընդդիմանում են»:

«Բայց նաև մեր բնակչությունը միշտ ավելի ընդդիմադիր է և չի ընդունել կենտրոնի որոշումները և միշտ քննադատորեն է մոտեցել ամեն ինչին, այնպես որ այստեղ ձախակողմյանը ուժեղ է և հաղթելու պոտենցիալ ունի: Բայց ցավոք սրտի, լազերը ավելի կենտրոնամետ են, պետության կողմն են, ընդդիմացող չեն և պետության շահերի հետ իրենց շահերի համար են պայքարում, դրանից մեր քաղաքական գիծը շատ կորուստ է ունենում»:

Ասում է, որ որպես քաղաքապետ փորձել է փոքրամասնությունների մշակութային խնդիրներ բարձրացնել,  սակայն կենտրոնական իշխանությունը արգելքներ է ստեղծել:

«Փոքրամասնությունների համագործակցության առաջին կայծերը արվեստով և գրականությամբ կարող է սկսվել: Փորձել ենք փառատոներ կազմակերպել լազերով և համշենցիներով, նաև Դիարբեքիրի մի թաղապետի հետ մի նախագիծ կազմեցի, միջոցառման թեման էր՝ մշակույթների մերձեցումը: Այնտեղի  քրդերի և էստեղի լազերի և համշենցիների միջև: Աշխարհը տակնուվրա եղավ, կենտրոնական իշխանության միջամտությամբ ավարտին չհասավ, աղմուկ բարձրացավ, թե քրդերն ու համշենցիք միանում են ընդդեմ իշխանության, հետո էլ սրանք պիտի անկախություն պահանջեն: Իշխանությունը կորցնելուս պատճառներից մեկն էլ սա էր, որ մեզ մեղադրում են հակապետականության ու հակաթուրքականության մեջ»:

Յըլմազը շինարար է, հանդիպեցինք իր կառուցած շենքում գտնվող գրասենյակում, իրեն կոմունիստ է համարում: Երիտասարդ տարիներին եղել է անլեգալ կոմունիստական կուսակցության անդամ, 1980թ. սեպտեմբերյան հեղաշրջումից հետո որպես կոմունիստ դատվել է ու երեք տարի անցել թուրքական բանտի բոլոր տանջանքներով: Առաջին կինը համշենցի է եղել, դստեր հետ ավտովթարից զոհվել է, երկրորդ կինը թուրք կոմունիստ է, դուստր ունի, որդին մի քանի օր առաջ էր ծնվել:

«Լեզուն դեր է խաղում մարդու էության վրա, մենք մեր լեզվով խոսում ենք, երգում ենք, և  նույնիսկ մեր  թաղումների ժամանակ մենք ողբում ենք մեր լեզվով, երբեք չեք տեսնի, որ ողբան թուրքերեն, դա մեզ ուրիշ բան է դարձնում,-բնութագրւմ է համշենցիներին Յըլմազը,- մեր  յուրահատկությունը համերաշխությունն է, թե մեկին մի բան պատահի բոլորս հասնում ենք,  բայց նաև մեզնից տարբերվողների նկատմամբ խտրականություն չենք դնում: Իմ քաղաքապետ եղած ժամանակ ցանկանում էի լազերի և մեր հարաբերությունները բարելավել: Չնայած մի քանի հարյուր տարի միասին ապրում ենք, բայց  չեմ կարող ասել, թե 10-ից ավել խառն ամուսնություն է եղել»:

Նրա հերոսը Հրանտ Դինքն է.

«Հրանտից հետո մենք ավելի գիտակցության եկանք մեր ինքնության հետ կապված: Վերջերս Հրանտի ընկերոջ գրած մի գիրք կարդացի, որտեղ նաև զգում եմ՝ ինչքան մոտիկ են մեզ հայերը և՛ մշակութային և՛ լեզվական առումով: Հրանտից հետո է, որ մեր մեջ ավելի հայկական գիտակցությունը բարձրացավ ու մշակութային հարազատություն զգացինք»:

Իսկ իշխանությունը ու ազգայնականները նրանց միշտ էլ հայ են անվանել և Թուրքիայում դեռևս որպես հայհոյանք են հնչում հայն ու կոմունիստը.

«Մեզ մատով էին ցույց տալիս և մեղադրում էին և հայ, և կոմունիստ լինելու մեջ: Մինչև 90-ական թվերի վերջերը Թուրքիան ահավոր հակակոմունիստական երկիր էր, եվրոպական ճնշումների շնորհիվ ու Սովետական Միության քանդվելուց հետո հետզհետե մի քիչ փոխվեց: Իսկ հայերի և քրդերի նկատմամբ վատ վերաբերմունքը շարունակվում է, ասում են, թե սրանք մի ժամանակ իբր թուրք պետության թշնամի են եղել (շեշտում է, որ քրդերն էլ են մասնակցել հայերի կոտորածներին): Այս քարոզչությունը, ցավոք, ոչ միայն պետական, այլև շատ անգամ ընդդիմադիր շրջանակներն են անում: Չնայած միշտ ասում են` մենք բազմամշակութային երկիր ենք, բոլոր կրոններն ու ազգերը մեր հարստությունն են, մեր գույներն են, մեր նրբերանգներն են, բայց չեն կարողանում հաղթահարել հակահայությունը,  էլի հայերի հետ կապված պատմությունը միշտ ուզում են ծածկել»:

Յուսուֆը. կադր «Աշուն» ֆիլմից

Յուսուֆը. կադր «Աշուն» ֆիլմից

Ջեմիլ Աքսու. ութ տարի բանտում

 «Հարցաքննությունների ժամանակ, երբ իմացան Հոփայից եմ, հարցրեցին` լա՞զ ես, թե՞ համշենցի, ասեցի` համշենցի եմ: Ուրեմն էրմենի ես,-ասեցին: Այո,- ասեցի,- հայ եմ, և դրանից հետո ավելի հատուկ վերաբերմունքի էի արժանանում, հայհոյում էին որպես հայ, ոստիկանները աչքերս փակում և ծեծում էին հենց հայ լինելու համար»:

34-ամյա Ջեմիլ Աքսուն Սամսունում ուսանելու տարիներին ակտիվ մասնակցել է ձախակողմյան շարժումներին, եղել է Մարքս-լենինյան կոմունիստական կուսակցության անդամ, 19 տարեկանում 1996 թ. ձերբակալվում է, մեղադրվում ահաբեկչական կազմակերպության անդամակցելու մեջ, 8 տարի նստել է Անկարայի, Բուրդուրի, Բուրսայի, Էդիրնեի բանտերում: Ազատվելուց հետո ինն ամիս իշխանություններից թաքնվել է, որ բանակ չգնա.  «Նոր ազատվել էի ու միանգամից պիտի տանեին բանակ, ուզում էի մի քիչ ազատ լինել», ամուսնանում է, ապա ծառայում է բանակում մեկուկես տարի: Ոչ մի կուսակցության անդամ չի, այսուհանդերձ ակտիվ մասնակցում ու կազմակերպում է ընդդիմադիր ձախ շարժումները: Ստեղծել է «Մի կյանք. մշակույթի և բնապահպանության միություն» («Bir Yaşam») հասարակական կազմակերպությունը, խմբագիրն է իր հիմնադրած համանուն «Բիրյաշամ» ամսագրի:

Ջեմիլ Աքսու...«Աշուն» ֆիլմի հերոսի նախատիպը

Ջեմիլ Աքսու…«Աշուն» ֆիլմի հերոսի նախատիպը

«Իսկ ինչո՞ւ էին աչքերդ կապել»:

«Կալանավորման ժամանակ օրերով աչքերս փակ էին: Մեզ անընդհատ տանջում էին և մեր աչքերը փակում էին, որ չտեսնենք, թե ով է մեզ տանջում: Երբ ձերբակալեցին, ութ օր կալանքի տակ մնացի, հետո դատարան պետք է ներկայանայինք: Մինչև դատարան գնալը միջանցքում մեզ հավաքեցին` 18 հոգի էինք, մեկը` պետության ինչ-որ պաշտոնյա քարոզ կարդաց` դուք ինչո՞ւ եք մի հայի հետևորդները դարձել, նրա ձեռքը խաղալիք դարձել, նրա գաղափարներին հետևում»:

«Մյուսները ի՞նչ ազգ էին»:

«Մեկը համշենցի էր` Էրքանը, ընկերս, հիմա Հոփայում է, մյուսները թուրք և լազ ձախակողմյաններ էին»:

Ջեմիլի մասին առաջին անգամ իմացա երկու տարի առաջ, երբ նայեցի Օսջան Ալփերի «Աշուն» ֆիլմը, որ պատմում է թուրքական բանտից ազատված, առողջությունը քայքայած քաղբանտարկյալ  Յուսուֆի մասին: Իմացա, որ Յուսուֆը նախատիպ ունի, ու ի տարբերություն ֆիլմի հերոսի, ով մահանում է ֆիլմում, նա ողջ է: Ջեմիլն էր:

Ջեմիլը տարբերվում է ֆիլմի հերոսից, Յուսուֆը ռոմանտիկական հերոսականություն ունի, ճիշտ է, ֆիլմում հերոսություն չի անում, բայց նրա կեցվածքի մեջ, նրա արտհայատիչ աչքերում որոշ հերոսականություն կա: Ջեմիլի մեջ հերոս չես տեսնի, մեղմ հայացքով բանտի դժոխային կյանքի մասին պատմում է ինչպես սովորական պատմություն, կարծես այդպես էլ պիտի լիներ, իր կյանքը հենց այդ հունով պիտի շարժվեր: Տարբեր նաև իմ ճանաչած սովետական հայ այլախոհներից, ովքեր շեշտված հպարտությամբ են հիշում իրենց սխրանքները, բանտերում կոփված կամքը: Ջեմիլը ոչ հպարտություն և ոչ էլ ընկճվածություն է ցույց տալիս, միայն հանդարտություն: Իսկ երբ մի քանի օր տաքության մեջ հազում էր,  միանգամից աչքիս առաջ եկավ ֆիլմի Յուսուֆը, ով բանտից իր հետ բերել էր մղձավանջներն ու հազը` թույլ ու անընդհատ կրկնվող:

Հոփա, շագանակ վաճառող

Հոփա, շագանակ վաճառող

«Ո՞րն է եղել քո ներդրումը ֆիլմի մեջ»:

«Ինչպիսի՞ն է բանտից դուրս եկող մարդու հոգեբանական վիճակը, ապրումները, ինչպե՞ս է նա կարողանում կրկին մտնել սոցիալական միջավայր, այդքան ժամանակ բանտում մնալուց հետո նորից շփվել մարդկանց հետ. սրանք են իմ բաժինը սցենարի մեջ: Նաև բանտից ուղարկածս նամակները օգտագործեցինք, նաև մասնակցեցի համշեներեն երկխոսությունների խմբագրումներին»:

«Թուրքական բանտերի դաժանությունների մասին շատ ենք լսել, կարո՞ղ ես պատմել»:

«Մինչև մի քանի տարի առաջ ահավոր վիճակ էր թե՛ բանտերում, թե՛ ոստիկանատներում: Ոստիկանատներում նույնպես տանջանք ու կտտանքներ կան: Իմ ութ տարիների ընթացքում ես ու իմ ընկերները մշտապես ենթարկվել ենք տանջանքների: Մեր բանտում միայն տասը հոգի մահացան: 2008, թե 2009-ին Դիարբեքիրի բանտում 12 հոգի մահացան, բոլորը քրդեր էին: 2000-ին մի շարք բանտերում ձախակողմյան դատապարտյալները  ապստամբություն բարձրացրին, արդյունքում քսանութ քուրդ սպանվեց, հարյուրավոր վիրավորներ եղան: Վերջին տարիներին Եվրոպայի միություն մտնելու հետ կապված ոստիկանատներում տանջանքները բավականին պակասել են, բայց հատկապես բանտերում տանջանքներ դեռ լինում են:

«Ինչպե՞ս մահացան»:

«Օրինակ, մի բանտում, մի խցում երեսունի փոխարեն հարյուր հոգի էր նստած: Այդ պայմանները փոխելու համար շարժում էր ստեղծվել, պետությունն էլ կեսգիշերին կրակոցներով արցունքաբեր գազով, հրդեհելով ճնշեց, արդյունքում այդքան մարդ մեռավ: Նաև ամբողջ օրը զինվորները ծեծելով էլ սպանեցին, բոլորն էլ ձախ սոցիալիստ մարդիկ էին»:

«Իսկ տանջանքները կոնկրետ ինչպիսի՞ն էին»:

«Միայն մի երկու օրինակ: Հոսանք են տալիս մարմնիդ կամ կախում են թևերից ու ոտքերից, երկու կողմից քաշում են, էլի շատ օրինակներ կան: Հիվանդներին չեն խնամում, դեղորայք չեն տալիս, հիվանդանոց չեն ուղարկում, հաճախ գալիս են այցելության միայն ծեծելու համար»:

«Ինչո՞ւ էին անընդհատ ծեծում, եթե չբողոքես, հանգիստ նստես, էլի կծեծեի՞ն»:

«Երկու դեպքերն էլ կային, հատկապես սադրում են, ծեծելու առիթներ են ստեղծում: Օրինակ, մեկ էլ նոր օրենքներ են հանում, օրինակ, գիրք ես ստանում, բայց չի տալիս քեզ, կամ խցից պիտի դուրս գանք զբոսանքի, ասում են՝ պիտի հանվեք, մերկ գնաք, որ օրենքի դեմ է, դու էլ դիմադրում ես, ու սկսում են ծեծել, միշտ առիթ գտնում են ծեծելու  համար»:

«Ինչպե՞ս էիր դիմանում»:

«Ելք չունես, հնար չունես, ուզում ես կյանքդ շարունակել և քո արժանապատվությունը քեզ ուժ է տալիս, որ դիմադրես ու ապրես»:

«Հայ և կումունիստ, Թուրքիան այս երկուսին այդպես ատո՞ւմ է»:

«Թուրքիայում բոլորի գիտակցության մեջ նստած է, որ Թուրքիան երեք թշնամի ունի` հայերը, ալևիները և կոմունիստները: Դա արտացոլվում է նաև դասագրքերում և խոսվում է նրանց մասին թշնամական արտահայտություններով` հպարտ ենք մենք, որ  թուրք ենք, թուրքից լավը չկա, մեր բոլոր հարևանները աչք ունեն մեր հողերին, այս բոլորը դասագրքերում արտահայտվում են: Իշխող գաղափարախոսությունը այն է, որ ովքեր թուրքերեն են խոսում քաղաքակիրթ են, իսկ  մնացած լեզուները համարվում են վայրենի մարդկանց լեզուներ, և այս մոտեցումը ամբողջ ժողովրդի մեջ մտցվում է»:

«Ձախ գաղափարները Հոփայում և շրջակայքում արդյո՞ք կապ ունեն այն հանգամանքի հետ, որ համշենցիները փոքրամասնություն են և թուրքական իշխանության մեջ մշտապես ճնշվել են»:

«Մենք պետության ճնշումներին ենթարկված համայնքներ ենք և հարյուր տոկոս համաձայն եմ, որ դա է դեր խաղացել: Մեր համշենական ինքնությունը շատ կարևոր գործոն է, մեծ դեր է խաղում կենտրոնական իշխանությանը ընդդիմանալու մեջ: Սա սոցիոլոգիական անհերքելի իրողություն է: Մյուս պատճառները սոցիալ-տնտեսական են»:

«Իսկ քո մեջ ինչպե՞ս առաջացան ձախ գաղափարները»:

«Մեր գեղը արդեն ամբողջ ձախակողմյան էր և հիմա էլ է, Հոփան էլ հիմնականում ձախակողմյան է ու հաճախ ձախերին են քվեարկում: Բացի դա կենտրոնական իշխանության նկատմամբ այստեղ միշտ սառն են եղել և 1980-ին, երբ պետական հեղաշրջում եղավ, ավելի լարվեցին կենտրոնական իշխանությունների դեմ: Մենք այստեղ շատ թերթեր էինք ստանում ձախակողմյան գաղափարներով, էդպես իմ ձախ գաղափարների հիմքը դրվեց»:

«Ջեմիլ, կներկայացնեի՞ր հիմիկվա քաղաքական իրավիճակը Հոփայում: Ի՞նչ պահանջներ ունեք»:

«Մենք վաղուցվանից ենք  քաղաքականապես ակտիվ, և պատճառներից մեկն այն է, որ մենք շարունակում ենք մեր ավագների ավանդույթը:  Մյուսը գյուղացիների կյանքի դժվարություններն են, գյուղերի փլուզվելը: Մի մասը բնապահպանական շարժումն է` հիդրոէլեկտրակայանների (ՀԷԿ) կառուցման դեմ: Ապա քաղաքական ապակենտրոնացման հարցը, հատկապես քրդերն են այս քաղաքականությունը տանում, որ տեղական իշխանություններին տեղի հարցերը լուծելու հնարավորություն տրվի: Մեր շրջանում էլ Գիրեսուն, Տրապիզոն, Սամսուն, Ռիզե, Արդվին ապրող տարբեր էթնիկ խմբեր կան, համշենցիները, լազերը, վրացիները, հույները,նաև բոշաները, որոնք իրենց լեզուն կորցնելու վրա են: Ամենաակտիվը լազերն են, որ պահանջում են դպրոցում իրենց լեզուն սովորել, հեռուստաալիք իրենց լեզվով, վրացիներն էլ ակտիվ են, մենք առայժմ քաղաքական մակարդակով այդպիսի պահանջներով չենք ներկայանում»:

«Դու կուզե՞ս նման պահանջներ ներկայացնել»:

«Ինձ համար բոլոր լեզուներն էլ արժանի են գոյատևման, ինչպես մյուսները, պետք է համշեներենն էլ գոյատևի: Թե՛ պետությունից օգնություն ստանալով, և թե՛ այլ միջոցներով որպես հասարակական կազմակերպություններ(հկ) մենք պետք է ջանք չխնայենք մեր մշակույթը պահպանելու համար:  Համշեներենի (ինչպես նաև լազերենի, հունարենի, վրացերենի) գոյատևման գլխավոր պայմանը ուսուցումն է, և կրթության միջոցով պետք է պահենք մեր լեզուն»:

«Ի՞նչ հաջողություն կունենա դա»:

«Թուրքիան ժողովրդավարացման ուղու վրա է՝ հակառակ բոլոր ճնշումներին, և ես հույս ունեմ, որ դա կշարունակվի, եթե չշարունակվի, ուրեմն ավելի խիստ ռեժիմ կլինի, բայց քանի որ ամբողջ աշխարհը շարժվում է դեպի ժողովրդավարություն, մենք էլ հույս ունենք, որ այդ ուղղությամբ կշարժվի»:

«Համշենցիները, կրելով իրենց մեջ մի կողմից հայերի, մյուս կողմից թուրքական մշակույթը, կարո՞ղ են արդյոք օղակ հանդիսանալ հայերի ու թուրքերի համագործակցության ու հարաբերությունների մեղմացման համար»:

«Լրիվ համաձայն եմ, որ համշենցիները կրում են թե՛ հայկական, թե՛ թուրքական մշակութային տարրեր: Բայց թուրք-հայ հարաբերությունների առումով Թուրքիան  Հայաստանի հետ կապեր հաստատելու համար ստիպված է լինելու առերեսվելու իր արած ցեղասպանության հետ և նաև ընդունել հոգևոր և նյութական հասցրած վնասը: Օրինակ, 1923-ից,  Հանրապետության հիմնադրումից  ի վեր ժողովրդին միշտ  դաստիարակել են, որ հայերը մեր թշնամիներն են, մեզ դավաճանել են: Այս պահին այդ մոտեցումը, եթե ուզենան կտրուկ կերպով փոխել, շատ ուժեղ ռեակցիայի կարժանանան ժողովրդի կողմից: Հայաստանի և Թուրքիայի բարեկամության գլխավոր ջատագովը Հրանտ Դինքն էր և բոլորի աչքի առջև նա սպանվեց, կարող ենք ասել, որ պետությունը սպանեց, սա ոչ ոք չի կարող ժխտել: Թուրքիայի պետությունը ինչո՞ւ պետք է ուզի Հայաստանի հետ հարաբերություն ստեղծել, հիմնականում առևտրական նպատակներով, իսկ թուրքական հասարակության մեջ շատ ավելի հոգեբանական խնդիրներ կան, որոնք թույլ չեն տալիս թուրք հասարակությանը հայերի հետ նորմալ հարաբերություններ ստեղծել: Դրա հաղթահարումը երկար գործընթաց է պահանջում: Թուրքիայում նախ պետք է բուժել հիվանդությունը` նացիոնալիզմ, շովինիզմ, հակահայկականություն, որից հետո հասարակության մեջ կարող են ժողովուրդները հանգիստ շփվել:

«15 թվի ցեղասպանության վերաբերյալ մուսուլման  համշենցիները հիշողություն ունե՞ն»:

«Շատերի հիշողության մեջ կա: Պապս պատմում էր, թե ինքը տեսել է, բայց երևի իր հայրն է պատմել, որ հովիվ էր ինքը, Արդանուճի կողմը ոչխարները արածացնելիս իր աչքերով տեսել է, որ մի մեծ խումբ հայերի հավաքած՝ անդունդից գցել են ներքև, և մի հղի կին էլ աղաչում-պաղատում էր, որ չսպանեն իրեն, բայց նրան էլ գցել են: Ու մասնակցել են ժանդարմներն ու զինվորները: էս պատմությունը եղել է Ջեհեննեմ դերեսիում(դժոխքի ձորը): Հայերի ջարդի մասին  պատմություններ հիսունն անց մարդկանց մեջ շատերը գիտեն»:

«Հնարավո՞ր է հավաքել»:

«Չկա լուրջ հավաքած բան, բայց էս պատմությունը մի ձախակողմյան թերթում տպել եմ: Հիմա ես մի աշխատության վրա եմ, ուր պատմում եմ, թե ովքեր են Արդվինի հայերը, ուր են գնացել, դա էլ լույս է տեսնելու ակադեմիական լուրջ ժուռնալում: Արդանուճում ում հանդիպես, հարցնես, բոլորը գիտեն հայերի սպանությունների մասին, մի գյուղ կա, անունը Տանձուտ ու բոլորը գիտեն, որ դա հայկական գյուղի անուն է»:

Կես-կեսի վերադարձը

Ջեմիլի մեկ ու կես տարեկան որդու անունը Արև է: Հորեղբոր թոռան անունը` Լուսենկա: Ջեմիլը համշեներեն ևս մի քանի անուններ է թվարկում, որոնք դրվել են վերջին մի քանի տարիներին` Ժեմնա (հասնող), Էրանդ (եռանդ), Թունես (դու ես):  Երեք հարյուր տարվա ընդմիջումից հետո 2005 թվից համշենցիները կրկին հայկական անուններ են դնում, ու նրանց անուն-ազգանունները դառնում կես-հայկական, կես-թուրքական, ինչպես Ջեմիլի որդունը՝ Արև Աքսու:

Լևոն Խաչիկյանը, հղում կատարելով Բժշկյանին, գրում է քրիստոնեությունից դեպի մուսուլմանություն անցումային շրջանի համշենցիների մասին, ովքեր կես-մահմդեկան, կես-քրիստոնյա էին, կես-թուրքական, կես-հայկական անուններ ունեին, ինչպես օրինակ, Ալի-Սարգիս Կարապետօղլի, Մահմուդ Հովհաննեսօղլի[16]: Հետզհետե անհետանում են հայկական անունները ու մնում միայն թուրք-մահմեդականը: Իսկ 1934 թվականին Թուրքիայում  անունների ռեֆորմից հետո, երբ պարտադրում էին բոլորին թուրքական անուն-ազգանուն  ունենալ, համշենցիները ևս մեկ անգամ կորցրին գերդաստանների թուրքական ազգանունները: Օրինակ, բոլոր Աքսուները եղել են Մուսլիօղլի գերդաստանից, սակայն ռեֆորմը համարելով –օղլի ձևը հնացած, ստիպում է փոխել ազգանունները: Նույն կերպ հիմնականում վերացել են Թոփալօղլուներ, Կարաբաջօղլուներ և այլ գերդաստանների ազգանուններ, դրանք մնացել են սովետական համշենցիների ազգանուններում:

Ինչպես ճնշումները նրանց  ամբողջական հայ ինքնությունից սկզբում դարձրեց կես հայ-կես թուրք, ապա նրանց անուն-ազգանունը թուրքերեն, այնպես էլ Թուրքիայում վերջին տարիների ազատությունները հնարավորություն տվեցին նրանց վերադռնալ կես-կեսին ու գրանցել մայրենիով անուններ:

Հոփա-համշենցիները իրենց լեզուն անվանում են համշեսնակ

Հոփա-համշենցիները իրենց լեզուն անվանում են համշեսնակ

Համշեսնակ

 «Յարասա»  ո՞նց կասեք»,-թուրքերեն հարցնում է Հարունը:

«Չղջիկ, իսկ դո՞ւք»,-ասում է Խաչիկը:

«Մաշկաթև»:

«Հետաքրքիր է, «մաշկ» և «թև» բառերից է»,-ասում եմ ես:

Հարունը զարմանում է, չգիտեր, «մաշկ» բառը Համշենի բարբառում վերացել է, բայց թռչունի անվան մեջ մնացել:

Անահիտի «երկուտակ» լինելու շնորհիվ էլ պարզվեց, որ «հղի» նշանակում է «էրգուտակ»: Ջեմիլն ու Հարունը ասում են, որ իրենց լեզուն անվանում են համշեսնակ կամ հոմշեսնակ, համշենցիների մասին որոշ ուսումնասիրություններում լեզուն անվանվում է «հոմշեցմա»:

Համշենի բարբառը լսում եմ ու բան չեմ հասկանում, ինչպես անծանոթ լեզու: Նույնն էլ Աբխազիայում էր, միայն թե համշենահայերը գիտեն նաև գրական հայերեն, 2004-ին 38 հայկական դպրոց կար, ու նրանց հետ առանց թարգմանչի շփվում ես այնպես, ինչպես հայաստանցու հետ: Կրասնոդարի համշենցիները գրական հայերեն չգիտեն, բայց նրանց հետ էլ ռուսերեն կարող ես շփվել: Իսկ հոփա-համշենցիների հետ առանց թարգմանչի անհնար է, բայց տասը օրում հասկացա`մեկ ամիս Հոփայում մնալով ու համշենցիների հետ շփվելով վստահ եմ, որ կհասկանամ բարբառը:

Օզջան Ալփերը 2011-ի Ոսկե ծիրան կինոփառատոնում(Լուսանկարը Իննա Մխիթարյանի)

Օզջան Ալփերը 2011-ի Ոսկե ծիրան կինոփառատոնում(Լուսանկարը Իննա Մխիթարյանի)

Երբ շատ եմ լարում լսողությունս, նկատում եմ հայերեն բառեր ու հետզհետե ընկալում, որ հայերեն խոսք է, մի նախադասության մեջ մի քանի բառ, ապա նաև կարճ նախադասությունները հասկանալի են դառնում. ծննդյան օրը-ձին օրը, աստղ-աստախ, կա-կո, փչում է-փչա գու, տարան-դարին, առաջ-արշին, եկող օր,վաղը- քամ օր, գյուղ-քյաղ, մարդ չի- մարդ չա, ծովափ-ձիափ, անտառ-ցախ, որտեղից կգաս-ուստի կուգաս կամ ուստեն կու գաս, ուր ես գնում-նոր կերթաս, կենտրոն-ակ, ամենաշատը աստված անձրև կտա մեզ -մենաշադը աստված չախ գու դա մեզ, նայում եմ-փութ գենիմ, լավ-սոյ, գլխաշոր-յազմա , ինչպես ես- սոյես թա:

Երևանում խոսակցական ուտել-խմելուն երբեմն ասում են՝ ուտուշ-խմուշ, Համշենի բարբառում մի երկու անգամ ուտուշ բառը լսեցի, պարզվում է՝ անորոշ դերբայի –ել վերջավորության տեղը Համշենի բարբառում -ուշն է` փորել-փորուշ, երգել-գոնչուշ կամ գանչուշ, երգի-գոնչի (կանչել բառից է), սովորել-գարդուշ:

Հրաչյա Աճառյանը «Քննություն Համշենի բարբառի» գրքում գրում է, որ մ-ից ու ն-ից առաջ ա-երը օ են դառնում. «Այս երևույթը այնքան ընդհանուր է, որ ազդում է նույնիսկ թուրքական բառերի վրա. Tavan>թավօն(գերանդի)»[17]:

Մանկության տարիներին  ծնողներիս հետ հաճախ ամառը գնում էինք Սոչիի մոտ Լոու գյուղում հանգստանալու, որտեղ մոտ 80 տոկոսը համշենահայեր էին: Բան չէի հասկանում, հայրս ասում էր` որ ուշադիր լսես կսովորես, օրինակ` ի՞նչ ա նշանակում «էշթոմ Լո գոմ», ի՞նչ` հարցնում էի, «գնամ Լոու գամ», երկու տեղ մ-ից առաջ ա-ն ո է դարձել:

Հարուն Աքսու. «Մայրս երբեք չի ստիպել, որ թուրքերեն խոսեմ»:

Հարուն Աքսու. «Մայրս երբեք չի ստիպել, որ թուրքերեն խոսեմ»:

Բայց միշտ չի ա-ն ո դառնում. օրինակ Հոփայի գյուղերում տղա զավակին մանչ կեսեն, իսկ  Մաքրիալում(Քեմալփաշա)՝ մոնչ:

Իսկ «դղա»-ն 7 և տղա և ընդհանրապես զավակ է նշանակում, «ունեմ էրգու դղա՝ մանչ ու ախչիկ»: Համշենի բարբառի ու իմ արարատյան խոսվածքի միջև գլխավոր ընդհանրությունը ա օժանդակ բայն է, որ չկա արևմտյան բարբառներում,  օրինակ` վով ա- ով ա-ով է (Լեզվաբան Հայկանուշ Մեսրոպյանը ասում է, որ Համշենի բարբառում օժանդակ բայը  պարզ ա չէ, մի հնչյուն է ա-ի և ը-ի արանքում):

Աճառյանի ուսումնասիրությունը վերաբերում է միայն քրիստոնյա համշենցիների բարբառին, առաջաբանում ասում է, որ առաջին ուսումնասիրությունը կատարել է Տրապիզոնում 1910թ., ապա սովետական տարիներին Գագրայում:

Սերգեյ Վարդանյանը լրացնում է Աճառյանին՝ ուսումնասիրելով հոփա-համշենցիների բարբառը: Իր «Կրոնափոխ համշենահայերի բարբառը, բանահյուսությունը և երգարվեստը» գրքում գրում է, որ մահմեդական համշենցիների բարբառի երկու ճյուղ կա`արդըլեցիների (ծագումով Հոփայի Արդալա գյուղից) և թուրցևանցիների (դուրս բառից), այսինքն դրսեցիների, Քեմալփաշայի շրջակայքի գյուղերի բնակիչների: Համշենի բարբառի մի քանի օրինակ Վարդանյանի ուսումնասիրությունից.

Անցան ժամանակները, երբ աղջիկները կրթությունը չէին շարունակում. Բաշոբացի 13-ամյա աղջիները ընտրել են ապագա մասնագիտությունը. Բեթուլ Քարագյոզը ուզում է դառնալ անգլերենի ուսուցիչ, Այրին Ջաաօղլուն՝ մանկական բժիշկ:

Անցան ժամանակները, երբ աղջիկները կրթությունը չէին շարունակում. Բաշոբացի 13-ամյա աղջիները ընտրել են ապագա մասնագիտությունը. Բեթուլ Քարագյոզը ուզում է դառնալ անգլերենի ուսուցիչ, Այրին Ջաաօղլուն՝ մանկական բժիշկ:

Անկողին-բարգէլդաղ. Հոգնած էին, մտան անկողին և քնեցին- Թաթրած էնի, մէդան բարգէլդաղէ ու քուն աղան:

Որսորդ-ավջի, նապաստակ-դաուշօն: Որսորդը նապաստակ սպանեց-Ավջին դաուշօն ցվօնէց:

Կուրծք-ձիձ: Կովի կուրծքը լիքն էր կաթով- Գօվուն ձիձը գաթօվ լիքցած էր:

Ողնաշար-բօչքէլօխ: Ողնաշարը կոտրվել է- Բօչքէլօխէ չարէվաձ ա:

Կողմ-սէմթ: Ո՞ր կողմ գնաց- այն կողմ:– Ո՞ր սէմթնիուս քէնաց-ան սեմթե:

Ծայր-ձայ, ջօթ: Պարանի ծայրը տուր:-Չվօնին ձայը (ջօթը) դու ինձի:

Ճարպ-յաղ:Այծի ճարպով տրորում են մրսածի մեջքը:- Աձուն յաղօվը գաջէրին մէսաձին լէրթէ[18]:

Աճառյանը Համշենի բարբառի մի քանի առանձնահատկություն է նշում, որոնք չկան այլ բարբառներում.

Հարուստ է գրաբարյան այնպիսի բառերով, որոնք չկան ոչ մի բարբառում. Անալութ>օնլութ-եղնիկ, աք>աք-ոտք, սնար>սնարք-բարձ, տոսախի>ղոսխի-ծառ, կիվ(խեժ)>գիվ-ծամոն, անթ կամ անութ>օնթ-գիրկը:

Հաջորդ առանձնահատկությունը` «ունի ընտիր նորակերտ բառեր» . տալայր, հօրաքույրայր, արևքույր-արևածաղիկ, հայսդիր-խմորի մեծ տաշտ, սարդբույն-սարդոստայն, անթտակ-թևի տակ, թանքամ-քամած մածուն, խրտիչ-խրտվիլակ թռչուն վախեցնելու համար, մօմայր-հորեղբոր կին: Վարդանյանի բառարանում այս բառերից միայն գիվն ու օնլութը կան (գիրկն առնել-օնթուշ), մյուսները բացակայում են կամ այլ բառով են, օրինակ՝ ոտք-օտք, արևածաղիկ-այչիչակ(թուքերեն), բարձ- արց, յաստուղ:

Մայրերն են փոխանցել համշեսնակը

 Ջեմալ Վայիչի տանը՝ Քայաքոյում բոլորը ասեցին, որ մինչ դպրոց գնալը թուրքերեն չեն իմացել: Ոչ Հարունը, ոչ Ջեմիլը, ոչ Ջեմալը, և ոչ էլ երեսունն անց որևէ մեկը մինչև 7 տարեկան թուրքերեն չեն իմացել, խոսել են համշեսնակով: Թուրքերենը սովորել են դպրոցում: Դեռևս յոթանասունն անց  կանայք կան, որ խոսում են միայն համշեսնակով, թուրքերեն չգիտեն, կարիքը չունեն, իրենց գյուղից և համայնքից դուրս շփումներ չեն ունեցել: Տղամարդիկ ստիպված սովորել են, քանի որ իրենց աշխատանքը դրսի հետ էր կապված:

Հարունն ասում է, որ 80-ական թվերից սկսվեց  հոփա-համշենցիներին ասիմիլացնելու քաղաքականությունը: Դպրոցներում ուսուցիչները թուրքեր են, բայց  նաև միշտ լինում են մեկ-երկու տեղացի ուսուցիչներ, և հենց նրանց էլ հանձնարարվում էր` գնացեք ձեր համագյուղացիներին բացատրեք, որ այլևս պիտի հրաժարվեք էդ լեզվից, որովհետև հետ են մնում, կրթություն կարգին չեն կարողանում ստանալ, պետք է իրենց լեզուն մեկ կողմ դնեն, նորմալ թուրքերեն սովորեն:

Բաշոբայի դպրոցում. երեխաները իրավունք չունեն խոսել համշսնակով

Բաշոբայի դպրոցում. երեխաները իրավունք չունեն խոսել համշսնակով

«Լավ եմ հիշում, մի ուսուցիչ ինձ ծնկաչոք բացատրում էր, որ դու պետք է սովորես թուրքերեն, որովհետև դպրոցում դա է լեզուն,-պատմում է Հարունը,- և հետո ընտանիքների վրա են ճնշում` դուք տանը երեխաներին թրքերեն սովորեցրեք, տանը մի խոսեք համշեներեն: Հայրս խիստ մարդ էր, վախեցնում էր, որ համշեներեն չխոսեմ, բայց ինքը շարունակում էր տանը համշեներեն խոսել, որովհետև նա լավ գիտի, որ ամենալավը դա եմ հասկանում, բայց ինձանից պահանջում էր, որ ես թուրքերեն խոսեմ»:

«Իսկ մա՞յրդ»:

«Ոչ, մորս կողմից ոչ մի ճնշում չի եղել, ոչ մի բառ չի ասել»:

Օզջան Ալփերի առաջին ֆիլմում` «Մոմի»-ում (տատիկ) տատն է թոռանը համշեներեն հաշվել սովորեցնում: Ալփերը Երևանում Ոսկե ծիրանի ժամանակ ինձ տված հարցազրույցում ասում է, որ ինքն էլ մինչև դպրոց գնալը թուրքերեն չի իմացել, իսկ  համշեներենը հիմնականում սովորել է տատիկից. ով թուրքերեն ընդհանրապես չգիտեր: Նրա երկրորդ՝ «Աշուն» ֆիլմում էլ հերոսը` Յուսուֆը, մոր հետ է խոսում համշեսնակով:

Հովան Սիմոնյանը գրում է, որ առհասարակ մայրերն են փոխանցել համշեներենը[19]:

Հետզհետե համշեներենը սկսել է զիջել իր տեղը թուրքերենին, և հիմա արդեն երեխաների մեջ դժվար գտնես մեկին, ով մինչ դպրոց գնալը թուրքերեն չիմանա: Ասում են՝ մի հոգի է մնացել թուրքերեն չիմացող, Ադաբազարում մի տղա կա, ով տասը տարեկանում խլացել է և այդպես էլ թուրքերեն չի սովորել:

«Հեյամո» հյուրանոցի երիտասարդ աշխատողը ասում է, որ համշեներեն խոսում է հիմնականում մոր ու տատի հետ, որ չնեղվեն:

«Նաև դեր խաղաց հեռուստատեսությունը,- ասում է Հարունը,-80-ականներից համատարած բոլորը հեռուստացույց ունեին, և էդ ժամանակից թուրքերենը մտավ մեր տները»:

Նոր ժամանակներում մի կողմից կրթությունն ու արդիականացումը պոկում են համշենցիներին իրենց սարերից ու տանում ձուլման, մյուս կողմից էլ աշխարհը բացվում է նրանց առաջ, և սկսում են փնտրել իրենց արմատներն ու պարզել, թե որտեղից են իրենք:

Բաշոբայի դպրոցը բացվել է 1952թ., ու կրթությունը դարձել պարտադիր: Իսկ ի՞նչ էին անում մինչև դա:

Կադիր Աքսու. Երկար խոսքի կարճը ասեմ` մենք այն մարդիկ չենք որ ժխտենք մեր արմատները

Կադիր Աքսու. Երկար խոսքի կարճը ասեմ` մենք այն մարդիկ չենք որ ժխտենք մեր արմատները

«Չէին սովորում,-ասում է Բաշոբայի դպրոցի տնօրեն, 40 տարվա մանկավարժ 60-ամյա Կադիր Աքսուն,- Հիմա կան հալիվորներ, որ չգիտեն էսօրվա գրերը (թուրքական այբուբենը) ու մի քիչ գիտեն հին օսմաներենը (արաբատառ թուրքերեն): Երբ Աթաթուրքը տառերը փոխել տվեց, սկսեցին քաղաքում դպրոց բացել, բայց գյուղերում դպրոցներ չեն եղել»:

Գյուղացիք էլ էրեխեքին քաղաք դպրոց չէին տանում, փող չունեին, բոլորը աղքատ էին:

Կադիրի ժամանակ դպրոցը հնգամյա է եղել, ուսումը միջին դպրոցում շարունակելու համար չարշի (շուկա/քաղաք) էին գնում: Ինքը հնգամյա կրթության կեսից տեղափոխվել է Արհավի և այնտեղ ստացել միջնակարգ կրթություն:

Այժմ գյուղում գործում է և՛ մանկապարտեզ, և՛ բարձր առաջադիմություն ունեցող իննամյա դպրոց  հարյուր աշակերտով: Լիցեյ սովորելու համար պետք է մեկնել Հոփա:

«Բոլո՞ր աշակերտներն են համշենցի,-հարցս դեռ չթարգմանված՝ թեյ մատուցող աշակերտուհին գլխով է անում`այո: Ուրեմն, հասկացավ իմ հայերենը:

Թուրքիայում դպրոցներում արգելված է թուրքերենից  բացի այլ լեզվով խոսել:

«Չենք թողնում, որ խոսեն, նաև մյուս ուսուցիչները չեն հասկանում»,-ասում է Կադիր Աքսուն:

26 ուսուցիչներից միայն երկուսն են համշենցի:

«Իսկ եթե տեսնեք՝ խոսում են, պիտի արգելե՞ք»:

«Օրենքը այդպես է, բայց հո դիկտատոր չենք ամեն պահի բերանը փակենք»:

«Իսկ դասի ժամանակ ասվո՞ւմ է, որ իրենք համշենցի են»:

«Մենք նման բաներ իրենց չենք սովորեցնում, բայց եթե երեխան հարցնի` էս որտեղից ենք գալիս, ես պարտավոր եմ լուսաբանել»:

«Ի՞նչ եք ասում»:

«Երեխային համոզիչ ձևով մի բան կասենք էլի»:

«Իսկ ձեր կարծիքով ովքե՞ր են համշենցիները»:

«Ում ձիուն նստած ես, անոր երգը կգոնչես (կերգես): Ասիմիլյացիայի ենթարկված մարդիկ ենք, մենք էստեղ ենք, մեր պապերը էստեղ են ծնվել ու ապրել: Գյուղացիների հետ կզրուցենք ու բոլորս գիտենք, որ ինչ-որ ժամանակ մենք էստեղ եկած ենք, իմ հայրը ինչ-որ բաներ ինձ պատմել է, հետո ուրիշից եմ լսել, ու ինչ-որ գաղափար կազմել եմ:

«Ի՞նչ գաղափար եք կազմել»:

«Երկար խոսքի կարճը ասեմ` մենք այն մարդիկ չենք, որ ժխտենք մեր արմատները»:

Հավան ու Նարգիզան

Հավան ու Նարգիզան

Սովետական Հոփա-համշենցիներ

 Չաղ կուքար ու քենացեր անդեր  /Անձրեւ էր գալիս, ու դու գնացիր անտեր

Ցուն կուքա բոր մենացեր անդեր / Ձյուն է գալիս, ո՞ւր մնացիր անտեր

Էրսուն օչխարին ամա անդեր / Երեսուն ոչխարի համար անտեր

Գյուրջիստանին մենացեր անդեր / Վրաստանում մնացիր անտեր

Երգը պատմում է այն ամուսինների մասին, ովքեր բաժանվել են Սովետի ու Թուրքիայի սահմանը փակվելու պատճառով` կինը ողբում է հոյիվ ամուսնու կորուստը, ով հոտը արածացնելիս, սահմանը փակվել է ու մնացել է Վրաստանում: Փակվում է թուրք-սովետական սահմանը և իրարից բաժանվում են տարբեր պետությունների մեջ մնացած նույն ժողովրդի ազգականները:

1921թ. Բաթումի պայմանագրով կրկին Թուրքիային անցավ Արդվինի նահանգը, նրա հետ նաև՝  հոփա-համշենցիների բնակավայրերի մեծ մասը: Սովետական Միության կազմի մեջ մնացին համշենցիների վեց  գյուղեր: Երբ երեսնական թվերին էլ սահմանն անցնելը ավելի խստացավ, բաժանվեցին քույրը՝ եղբորից, ծնողները՝ զավակներից:

1944թ. Ստալինի որոշմամբ 1385 «խեմշինները», այլ մուսուլմանների`թուրքերի, և քրդերի հետ աքսորվում են Ղըրղզստան և Ղազախստան որպես «անվստահելի բնակչություն»(неблагонадежное население): Միայն Ստալինի մահից հետո են նրանք իրավունք ստանում անձնագիր ունենալ, որտեղ ազգությունը նշվում է «Խեմշիլ» երբեմն` թուրք[20]:

80-ականներին Կիրգիզիայում Սերգեյ Վարդանյանին հեմշիլ Հաբիբ Քոշանիձեն ասել է. «Ազգությամբ ու արյունով հայ եմ, բայց մահմեդական եմ, լեզուս հայերեն է`Համշենի բարբառը, թեև դպրոցում իմ պահանջով մատյանում ազգությունս նշում էին հայ, բայց անձնագրում գրվեց  խեմշիլ, անունս արաբական է, ազգանունս վրացական (մերոնց խաբել են, թե ազգանունը փոխեք, չենք աքսորի), ծնվել եմ Կիրգիզիայում, սովորել եմ ռուսական դպրոցում, ազատ խոսում եմ ղազախերեն, կիրգիզերեն, ուզբեկերեն, բայց գրական հայերեն չգիտեմ: Այս ի՜նչ աշխարհ է, ի՜նչ ազգ ենք, ի՜նչ ճակատագիր»[21]:

Վարդանյանի ուսումնասիրությամբ 1987թ. Սովետական Միությունում կային մոտ 3 հազար մուսուլման համշենցիներ, 1970-ական թվերից նրանք Միջին Ասիայից սկսում են արտագաղթել Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկի և Ափշերոնսկի շրջաններ: 1989թ. Միջին Ասիայում ազգայնական բախումների հետևանքով մուսուլման համշենցիների արտագաղթը դեպի Կրասնոդար մասսայական դարձավ[22]:   

80-ականնրի վերջից, երբ սկսվում է թուլանալ սովետական սահմանը, երկու ժողովրդի հատվածները միմյանց վերագտնում են. 70 տարին բավական չէր, որ նրանք իրարից այնպես հեռանային, որ միմյանց աղջիկ չտային, բայց  այն բավական էր, որ ձեռք բերեին այնպիսի նոր սովորություններ, որոնք մեկը մյուսի համար խորթ են:

Մումի Յըմլազենց տանը

Մումի Յըմլազենց տանը

Նարգիզա Մամուշևան իր ապագա ամուսնուն` Մումի Յըլմազին ճանաչել է լուսանկարով, հետո հարցրել է, թե արդյո՞ք թուրք չի, եթե թուրք է, չեմ ուզի ամուսնանալ: «Թուրք չեն, համշենցի են,-բացատրել են նրան,-ինչպես մենք ենք, այնպես էլ նրանք են»: «Ես էլ հարցրի` դո՞ւն ինչ ես, դո՞ւն վով ես, ռո՞ւս ես, ասեց` ես էլ ռուս չեմ, ես համշենցի եմ»,-պատմում է Մումին:

Նարգիզայի բախտը բերել է, որ ծնվել է այնպիսի ժամանակներում, երբ գոնե հարսնացուն, թեկուզ լուսանկարով, հավանություն է տալիս իր փեսացուին: Ոչ վաղ անցյալում անփեսա նշանդրեքներ են եղել, ու աղջիկը միայն ամուսնության օրն է տեսել իր ամուսնուն:

Մումին լուսանկարն ուղարկելու փոխարեն ինքը կգնար Նարգիզայի մոտ` Կրասնոդարի Ափշերոնսկ շրջանը, չգնալու խոչընդոտը ոչ թե ադաթն է, այլ թուրքական օրենսդրությունը, նա մի քանի տարի բանտ է նստել և այժմ  4 տարի Թուրքիայից բացակայելու իրավունք չունի: Հիմա էլ նրա եղբայրը` Ջիհանն է բանտում՝ ոստիկան ծեծելու համար:

Եթե Ջիհանը Կրասնոդարում վթարի չենթարկվեր, երկու եղբայրները չէին գտնի իրենց կանանց:

Յըլմազները Իշմեքայա (Eşmekaya) գյուղից են(նախկին անունը Արդալա(Ardala), Մումին հպարտությամբ իր անվանը կպցնում է արդալեցի), վարորդներ են: Ջիհանը երկու տարի առաջ Սոչիի մոտ վթարի է ենթարկվում, մեքենան շարքից դուրս է գալիս, օտարության մեջ նրան ձեռք է մեկնում համշեներեն խոսող անծանոթը, ով, պարզվում է, իրենց գերդաստանից է. «Իմ տատիկի քրոջ թոռն է լինում»,-պատմում է Մումին:

Ափշերոնսկում երկու շաբաթ մնալու ընթացքում ամուսնության նպատակով Ջիհանին ծանոթացնում են իր ապագա կնոջ` Հավա Կարաչօղլիի հետ. «Իրար տեսանք հավանեցինք»,-ասում է Հավան:

Ջիհանը վերադառնում է և եղբորից ամուսնության թույլտվություն խնդրում. «Ինձ ասեց` աղջիկ եմ հավանել, ինձ թույլ կուտա՞ս ամուսնանամ, (համշենցիները ավանդույթ ունեն, որ եթե մեծ եղբայրը ամուսնացած չի, փոքր եղբայրը նրանից պետք է թույլտվություն վերցնի ամուսնանալու համար), ես ասեցի՝ գնա, թույլ եմ տալիս, բայց ինձ համար էլ հարսնացու գտիր»:

2010-ին կայանում է երկու զույգերի` հոփացի եղբայրներների ու ափշերոնսկցի աղջիկների հարանքիը` 40-ամյա Մումի Եըլմազը ամուսնանում է 20- ամյա Նարգիզա Մամուշևայի հետ, Ջիհան Եըլմազը 16-ամյա Հավա Կարաչօղլուի հետ: Երկու հարսանիք են անում, մեկը՝ առանց Մումիի Ափշերոնսկում, սովետական համշենցիների սովորություններով, մյուսը՝ արդեն Հոփայում:

Հավան արդեն դուստր ունի` Էլիսսուլթան, Նարգիզան էրգուդագ է(հղի):

«Չէ մենք հայ չենք, ուղղակի լեզուն մոտ է, ինչպես օրինակ, ղազախ, ուզբեկ, ղըրղըզ մի լեզվախումբ է, քուրդ, պարսիկ, տաջիկ մեկ այլ լեզու, այդպես էլ համշեներեն ու հայերենը մի լեզու է»,-ասում է 53-ամյա Ֆայկ Կարաիբրահիմովը, ով Կիրգիզիայից տեղափոխվել է Ռոստով, այնտեղից էլ ընտանիքով 1995-ին Թուրքիա` Քեմալփաշա:

«Չէ մենք հայ չենք, ուղղակի լեզուն մոտ է, ինչպես օրինակ, ղազախ, ուզբեկ, ղըրղըզ մի լեզվախումբ է, քուրդ, պարսիկ, տաջիկ մեկ այլ լեզու, այդպես էլ համշեներեն ու հայերենը մի լեզու է»,-ասում է 53-ամյա Ֆայկ Կարաիբրահիմովը, ով Կիրգիզիայից տեղափոխվել է Ռոստով, այնտեղից էլ ընտանիքով 1995-ին Թուրքիա` Քեմալփաշա:

«Ես ասում էի` դեռ փոքր եմ, ուզում եմ դպրոցն ավարտեմ, գնամ համալսարան սովորեմ, ասեցին՝ չէ, զամուժ, իսկ ես ոչինչ չկարողացա ասել, մեծերը ինչ ասում են, պիտի լսես,-ասում է 17-ը նոր բոլորած Հավան Իշմեքայայի Յըլմազների տանը,- մեզ մոտ նույնիսկ եթե ուսումը շարունակեն, ամուսնությունից հետո ամուսինները չեն թողնում սովորել»:

Ասում է, որ Կրասնոդարում չկան այնպիսի կանայք, ովքեր սովորել են ու աշխատում են: Հոփայի համշենցի կանայք ուսման մեջ ավելի շատ ազատություն են ստացել:

Բաշոբայի դպրոցի տնօրեն Կադիր Աքսուն ասում է, որ իր երիտասարդության տարիներին  աղջիկները նույնիսկ միջնակարգ կրթություն չէին ստանում, և շուտ ամուսնացնում էին: Սակայն հիմա փոխվել է, աղջիկները սկսել են համալսարաններ ընդունվել մեծ քաղաքներում:

Հավան ծնվել է Ափշերոնսկում, գիտի, որ իր հայրն ու մայրը Միջին Ասիայից են: Իսկ Նարգիզան ծնվել է Ղրղզստանում, վեց ամսական է եղել, երբ տեղափոխվել են Կրասնոդարի երկրամաս: Նարգիզան ու Հավան միայն Հոփայում են իմացել, որ իրենց պապերը Բաթումից աքսորվել են, տանը այդ մասին ոչ մի խոսակցություն չի եղել. «Ծնողներից միայն լսել եմ, որ Կիրգիզիայում պատերազմ է եղել և մենք փախել-եկել ենք Կրասնոդար»,-ասում է Նարգիզան:

Հավայենց ընտանիքը Ափշերոնսկում մտերիմ հայ հարևան ունի, ու միմյանց հետ մայրենի լեզվով խոսելիս շատ բաներ հասկանում են.«Ինձ համար հայերն ու համշենցիները նույն ազգն են»,-ասում է Հավան: Նարգիզան այլ կարծիքի է. «Ոչ, մենք տարբեր ենք, հայերը քրիստոնյա են, մենք մուսուլման»:

Հոփայում նրանք միայն համշեներեն են խոսում, իրենց ռուսերենը ոչ ոք չի հասկանում: Իրենց և Հոփայի համշեներենը նույնն է մնացել, միայն որոշ բառեր են տարբեր. «Ընդամենը մի քանի բառ լրիվ ուրիշ են, օրինակ, «մաշինային» «արաբա» են ասում, իսկ մեզ մոտ «տիլեժկային» ենք «արաբա» ասում, մեր կարի մեքենան`«մակինա», էստեղ լվացքի մեքենան է այդպես կոչվում»,-ասում է Նարգիզան:

Բայց սովորությունները տարբեր են. «էստեղ կանայք շատ փակ են հագնվում, միշտ գլխաշորով են, չամուսնացած աղջիկները անպայման պիտի փակեն գլուխը, մեզ մոտ այդպես չի, ամուսնացածներին էլ, եթե ամուսինը թողնում է, գլխաբաց են լինում դրսում, և միայն մեծերն են անպայման կապում գլխաշոր»:

Թուրքիայի համշենցիներն էլ սովետականներին են պահպանողական համարում, ինչպես Ջեմալ Վայիչն էր ասում, նրանց մոտ կանայք ու տղամարդիկ պիտի առանձին հաց ուտեն, իրար հետ չշփվեն, մինչդեռ Հոփայում նման բան չկա: Իրոք, որ տունը մտնես, կանայք տղամարդուն հավասար անծանոթին ձեռքով բարևում են, իսկ ոմանք էլ որպես մտերիմ գրկախառնվում ու տղամարդկանց հետ սեղան նստում:

Նարգիզան պատմում է, որ իրենք ավելի պահպանողական են ընտանեկան հարաբերություններում. «Պապիկի հետ հարսը չի խոսում: Եթե ուզում է, որ հարսը խոսի, պապիկը նվեր է առնում հարսի համար, իսկ էստեղ էդպիսի սովորություն չկա, բոլորը իրար հետ խոսում են նորմալ: Հետո այնտեղ ավելի հավատացյալ են, քան էստեղ, ինձ թվում է էնտեղ ավելի շատ են գնում մզկիթ, էստեղի համշենցիք հավատով ռուսներին են նման»:

Երկու դեռահաս կանանց բախտը բերել է, որ նույն տուն են հարս եկել և իրենց երկրի կարոտը միմյանցից առնում են: Շփվում են նաև Կրասնոդարից եկած ուրիշ հարսների հետ, Նարգիզան ասում է, որ Ափշերոնսկից 43 հարս է եկել Հոփա:

«Ամուսնուս ասեցի` ձանձրանում եմ տանը, գուցե աշխատեմ, զբոսնելու չեմ գնում, տեղ չկա, ազգականներ չունեմ,-ասում է Նարգիզան,- բայց ամուսինս չթողեց աշխատել, դե ինքը ամեն ինչով ապահովում է: Էնտեղ մամաս էլ չի աշխատում, հայրս չի թողնում, ասում է` ես ապահովում եմ, հերիք է»:

Սև ծովի Հոփայի ափից նրանք կարոտով են հիշում ռուսական ափը, ուր կյանքը ավելի աշխույժ ու ազատ է, քաղաքները հարուստ սրճարաններով ու այգիներով, ուր կանայք ու աղջիկները տղամարդկանց հավասար դուրս են գալիս զբոսանքի:

Հարսանիքը ամենաաչքի ընկնող տարբերությունն է, սովետական կարգերի տակ ապրող համշենցիների համար հարբելու ու քեֆ անելու ցանկությունը շատ ավելի ուժեղ է գտնվել կրոնական համոզմունքից, ու օղին ու կերուխումը հարսանեկան արարողության գլխավոր մասն են, իսկ Թուրքիայի համշենցիները, թեև ապրելով աշխարհիկ համարվող երկրում` հավատարիմ են կրոնականությանը և հարսանիքին սեղան չեն գցում, ոգելից  չեն խմում: Միայն հարսանիքից հետո, փեսայի տանը խմիչքով սեղան են գցում:

«Մեզ մոտ հարսանիքին մինչև առավոտ քեֆ են անում, ուտում-խմում են, էստեղ չէ, հարսանիքին միայն պարում են, ուտուշ-խմուշ չկա, հարսանիքից հետո տանն են խմում,-ասում է Նարգիզան,-  մեր հարսանիքն էլ երկու ձևով էլ եղավ` մեզ մոտ ուտել-խմելով, էստեղ՝ առանց սեղան գցելու»:

Հարսանիք

Հարսին` Զուլյա Կարաբաջակովային,  Չամուրլու գյուղից պետք է տանեին, բայց նրա հայրական տունը Ղրղզստանի  Կըզըլ Կըյա  քաղաքն է: Հարսանիքի սովորությունը պահպանելու համար հարսի հայրական տան դերը խաղում է Կարաբաջօղլուների ազգական Հիզիր Յըլմազի տունը, hամշեն վերջին հոյիվներից մեկը` ով 2000 ոչխար ունի: Զուլյայի հայրը չի եկել հարսանիքին, եկել են մայրը` Հեդիեն ու դուստրը:

64-ամյա Հեդիեն ութ զավակ ունի, մեկն է տղա. «Հարս ուզեցինք, չտվեցին, տղաս էլ փախցրեց, մի ամիս հետո հարսանիք եղավ, երկար սեղաններ գցեցինք, խմիչքով, ամեն ինչով, հազար հաց ծախսվեց»,-պատմում է նա, ակնարկելով թուրքական հարսանիքի տարբերությունը: Այնտեղ Ղրղզստանում նրանք միայն համշենցիների հետ են ամուսնանում, եղել է մի երկու դեպք, երբ տղան ռուս հարս է բերել, սակայն շատ շուտ բաժանվել են, իսկ այստեղ նկատել է, որ համշենցիները այլ ազգերի հետ էլ են ամուսնանում:

Մինչ ես ու Խաչիկը լսում էինք առավոտյան հարսի ձեռները հինա դրած կանանց  համշենական երգերը,

Չանչանացին արդ ունիմ / Չանչանացում արտ ունեմ

Չաչե ուրման էրգենա / Չորացած տերևն իրենից երկար է

Ջանչեցի նշանլույիդ / Ճանաչեցի նշանածիդ

Քինթը ուրման էրգեն ա / Քիթն իրենից երկար է

Հեդիե Կարաբաջակովան ասում է որ այնտեղ Ղրղզստանում իրենք միայն համշենցիների հետ են ամուսնանում(կադր հեղինակի նկարահանումից):

Հեդիե Կարաբաջակովան ասում է որ այնտեղ Ղրղզստանում իրենք միայն համշենցիների հետ են ամուսնանում(կադր հեղինակի նկարահանումից):

հարցազրույց վերցնում Հեդիեից ու գետնին կպած սեղանի շուրջ նախաճաշում, Անահիտը Քեմալփաշայի վարսավիրանոցում նկարահանում էր հարսի հարդարվելը.«Հարսին զարդարելիս հիմնական որոշողը ավագ տեգրկինն էր, բայց եղունգների վրա վեճ գնաց, հարսի քույրը պնդում էր, որ արհեստական եղունգներ պետք է դնել, տեգրկինը ընդդիմանում էր, ի՞նչ են հասկանում էս հնդկացիները` ռուսերեն ասաց քույրը, և ի վերջո հաղթեց: Երբ հարսը արդեն պատրաստ էր, եկավ փեսան ու վճարեց բոլոր ծախսերը: Զուլյան ասում էր, որ Հոփայի համշենցիները  հարսին տանում են միանգամից հենց գեղեցկության սրահից, այնինչ իրենց մոտ անպայման պետք է տուն գան, ու հիմա իրենք ստիպել են, որ իրեն տնից տանեն»:

Արդեն մութն ընկել էր, երբ հարսին բերեցին տուն, ու անմիջապես հետևից փեսայի գերդաստանը եկավ, բակում  զուռնադհոլով շուրջպար բռնեցին: Տուն մտավ փեսան` Այդին Ենիգյուլը, բայց սենյակում նրա դիմացը փակեցին հարսի քույրն ու ևս մի կին և բացեցին ճամփեն միայն այն բանից հետո, երբ փեսան նրանց վճարեց: Այդինը կարմիր գոտի կապեց հարսի մեջքին, և պայթեց ամբողջ հարսանիքի միակ ոգելից խմիչքը` շամպայնը:

Հարսանիքը Քեմալփաշայում էր, սրահի կենտրոնում պարում էին երիտասարդները, իսկ շուրջը աթոռներին նստած նայում էին նրանց լաչակներով կանայք: Ոչ խմիչք, ոչ ուտելիք:

«Ինչո՞ւ խմիչք չկա, իսլա՞մը թույլ չի տալիս»,-հարցնում եմ  երիտասարդների պարին հետևող Այդինի հորը` Իզետ Ենիգյուլին, ով հինգ որդի ունի՝ բոլորը վարորդներ:

«Այո, կրոնը թույլ չի տալիս»,-ասում է նա:

Հարսանիք Քեմալփաշայում. տղաները կանգնած...

Հարսանիք Քեմալփաշայում. տղաները կանգնած…

Նշանդրեք

 Հոփայում նշանդրեքը ավելի փոքր սրահում է, աթոռներին նստած կանայք ու ոտքի վրա տղամարդիկ հետևում են նշանվելու արարողությանը, ինչպես կդիտեին ներկայացում: Մուքերեմ Աքսուի ու Սևիմ Վայիչի մատներին հագցրին կարմիր ժապավենով իրար կապված մատանիները, ապա Սևիմի եղբայրը ժապավենը կտրեց այն բանից հետո, երբ փեսայի կողմը նրան թղթադրամներ տվեց:

Եվ կատարվեց աչըկ նեշանը` բաց նշանդրեք, երբ փեսան ներկա է լինում նշանդրեքին (քափալը նեշանը` փակ նշանդրեքն է, երբ փեսան չի մասնակցում): Հյուրերը թղթադրամը դնում են նշանդրեքի սեղանին, մի հատ շոկոլադ ուտում ու հարս ու փեսի հետ նկարվում:

....Կանաայք նստած

….Կանաայք նստած

Հարսանիքը հավանաբար կլինի մեկ տարուց հետո, էլ առաջվա պես չի, երբ նշանդրեքից հետո երեք-չորս տարի անց էր լինում հարսանիքը, իսկ հարսի հայրը փեսին ասում էր` մինչև հարսանիք աղջկա էրեսը չտեսնես:

Հյուրերին բաժանեցին տուփով հյութեր ու պեչենի, և սկսվեց շուրջպարը պարկապզուկի նվագակցությամբ, նեղ սրահը ստիպեց, որ շուրջպարը դուրս գա արդեն մթնած բակ ու ավելի լայնանա:

***

Տուլումը` պարկապզուկը, թրքախոս համշենցիների գործիքն է, կավալը՝ հոփա-համշենցիներինը: Այսուհանդերձ, հոփացիների մեջ ավելի ու ավելի է տարածվում տուլումը, և «Հայդե բարում» երաժշտական խմբերում կավալին հավասար պարկապզուկ էլ են նվագում: Նախկինում տուլում ձեռք բերելու համար պետք էր հասնել Չամլըհեմշին, հիմա Հոփայի խանութներում էլ է վաճառվում:

Նշանդրեքին տուլում նվագող 22-ամյա Մուսլիմ Աքսուն նվագել սովորել է թրքախոս համշենցուց մերձակա Ֆինդիկլի քաղաքում. «Դուդուկի պես մի գործիք ունեի, բայց երազում էի տուլում ունենալ, մի սեզոն թեյ հավաքեցի, 400 լիրա աշխատեցի ու առա էս տուլումը»-պատմում է նա: Ռեստորաններում ու հարսանիքներին է նվագում, մի հարսանիքին 250 լիրա են տալիս՝ գումարած շաբաշները` 500 լիրա: Վերջերս սկսել է նաև կավալ նվագել, բայց տուլումը շատ ավելի է սիրում, մեկնելու է Ստամբուլ տուլումի վարպետությունը կատարելագործելու:

***


«Ծանոթացի, թուրքախոս համշենցիներից է, Թուրգայ Քյոսե»,- ներկայացնում է Ջեմիլը նշանդրեքի հյուրին:

Մուքերեմն ու Սևիմը

Մուքերեմն ու Սևիմը

«Մենք ասիմիլացված համշենցի ենք, իրենք են իսկականը»,-ասում է Թուրգայը:

Իսկ Ալի Ռըզան ասիմիլացված չէ, հայախոս է ու շատ ուրախացավ, երբ իմացավ հայ ենք: Ասում է, որ ինքն էլ է հայ, բայց լավ կլիներ այդ ցեղասպանության խնդրից հրաժարվեինք և Թուրքիայի հետ բարեկամություն անեինք: Սկսվեց թուրքերեն վեճ: Թուրգայը և նրա լազ ընկերը վիճում են, թե ոչ մի դեպքում չի կարելի հրաժարվել  ցեղասպանությունը ճանաչելուց, հակառակը՝ պետք է պայքարել, որ Թուրքիան նույնպես ճանաչի, ու նաև փոխհատուցի:

Այ քեզ բան, հետաքրքիր է, ինչպե՞ս ասիմիլացված, լեզուն կորցրած համշենցին և լազը պաշտպանում են ցեղասպանության ճանաչումը, իսկ իրեն հայ համարող, համշեսնակով խոսող համշենցին համոզում է հրաժարվել:

Նշանդրեքին միայն հյութ ու պեչենի

Նշանդրեքին միայն հյութ ու պեչենի

«Դա քաղաքական տարաձայնություն է,-բացատրում է Ջեմիլը,- Ալի Ռըզան քեմալական է և Թուրքիայի պաշտոնական տեսակետն է պնդում, իսկ նրանք կումունիստ են, ձախ են, իսկ Թուրքիայի ձախերը գտնում են, որ Թուրքիան պետք է ճանաչի ցեղասպանությունն ու փոխհատուցի»:

Թշնամի ժողովուրդների սիրով ընտանիքը

 Ամեն անգամ, երբ Օղյուզը խոսում է Նեջլայի նկատմամբ զգացմունքների մասին, հուզվում է: «Հիմա ավելի շատ եմ սիրում Նեժլային, քան այն ժամանակ, երբ առաջին անգամ սեր խոստովանեցի»,-ասում է նա:

Ամուսինների առաջին հանդիպումից 20 տարի անց իր NALYA խորտկարանում Օղյուզը իր ձեռքով պատրաստած ճաշն է մատուցում և կրկին ու կրկին սեր  խոստովանում Նեժլային:

Նեժլան ծիծաղում է` էսքան տարի է անցել, մեծացել ենք, իսկ դու սիրուց ես խոսում:

43-ամյա Օղյուզ Կոյունջուն լազ է, կինը` 37-ամյա Նեջլա Վայիչը համշենցի:

Նեջլա և Օղյուզ

Նեջլա և Օղյուզ

Երկուսն էլ  Հոփայում են ծնվել, բայց երկար տարիներ բնակվում են իրենց ծանոթության քաղաքում` Քեմալփաշայում. նրանց միմյանց  հանդիպեցրել է ընդհանուր գաղափարը, երկուսն էլ հայացքներով կոմունիստ են, ծանոթացել են 1992թ.ն Քեմալփաշայում մայիսմեկյան ցույցի ժամանակ, որն առաջինն էր 1980թ. հեղաշրջումից հետո:

Երկու զավակ ունեն` 18 ամսական Դենիզը, որին անվանակոչել են 1972-ին կախաղան հանված հայտնի թուրք կոմունիստ Դենիզ Գեզմիշի (Deniz Gezmiş) անունով, և 15-ամյա դուստրը` Ջանան-Սելեն:

Օղյուզը չի հիշում, որ մինչ իրենց ամուսնությունը լազն ու համշենցին ամուսնանան, և հպարտ է, որ ինքն ու կինը երկու ժողովուրդների մերձեցման հիմք են դրել.

«էդպիսի դեպք չէր եղել, որ լազը համշենցու հետ ամուսնանա, բայց մեր ամուսնությունը գալիս է մեր սոցիալիստ լինելուց, ես ընդունում եմ բոլոր էթնիկ խմբերը, խտրականություն չեմ անում, և սերը ամեն ինչից բարձր է»:

Նեժլան ասում է, որ լազերն ու համշենցիները թեև դարեր կողք-կողքի ապրել են, բայց իրար չեն սիրել, հիմա էլ, ճիշտ է, իրար չեն սպանում, բայց թշնամանքն ու խտրականությունը գոյություն ունի:

Քեմալ Թաթար. «ինձ կասին` թուն հային մուսուլման աղածն ես, ես կասիմ` ես չեմ մուսուլման, ես աթեիստ եմ, կասեն` թուն ուրիշ ես»:

Քեմալ Թաթար. «ինձ կասին` թուն հային մուսուլման աղածն ես, ես կասիմ` ես չեմ մուսուլման, ես աթեիստ եմ, կասեն` թուն ուրիշ ես»:

Վերջին տասնամյակում լազ-համշենցի խառն ամուսնության մեկ-երկու դեպք է եղել,  այն էլ՝ լուրջ դիմադրությամբ, լազ ծնողները չեն ուզել համշենցի հարս բերել:

Լազ ու համշենցի երիտասարդները նույնիսկ չեն շփվում իրար հետ, քանի որ գիտեն` եթե միմյանց  սիրեն, ամուսնությամբ չի վերջանալու:

Եթե պատահում է, որ համշենցին լազին աղջիկ տա, ապա հակառակը չի լինում: Նեժլան միայն մի դեպք է հիշում, երբ համշենցի տղան ամուսնացել է լազ աղջկա հետ, այն էլ լազ ծնողները դեմ են եղել և տղան ստիպված փախցրել է աղջկան:

Թեև երկու ժողովուրդներն էլ սուննի մուսուլման են, բայց թշնամանքը ավելի մեծ է, քան կարող էր լինել այլադավանի նկատմամբ.

«Կրոնի գործոնը երբեք դեր չի խաղում,-ասում է Օղյուզի ընկերը, համշենցի կոմունիստ Քեմալ Թաթարը,- երբեք չես լսի վեճերի մեջ ասեն` վերջիվերջո երկուսդ էլ մուսուլման եք: Լազը ավելի մեծ ուրախությամբ աղջիկ կտա մի գերմանացու, քան թե համշենցուն: Կարելի է երկու ժողովուրդների մեջ ընդհանրություններ տեսնել, բայց և՛ այդ ընդհանրությունները, և՛ կրոնը համերաշխ չեն դարձնում»:

Մերիամ Օսչեպ.«մի քսան տարի հետո էլ իրեն լազ համարողներ չեն լինի, կասեն` պապս լազ է եղել, լեզվի հետ ինքնությունն էլ է վերանում»:

Մերիամ Օսչեպ.«մի քսան տարի հետո էլ իրեն լազ համարողներ չեն լինի, կասեն` պապս լազ է եղել, լեզվի հետ ինքնությունն էլ է վերանում»:

Օղյուզի ընտանիքում էլ հեշտությամբ չեն ընդունել Նեժլային: Հայրը նույնպես սոցիալիստ է, մայրը՝ թուրք, և երկուսն էլ առարկություն չեն ունեցել, բայց հոր մայրը ուժեղ ընդդմիացել է, ասել է` «ի՞նչ է, մեր օջախի մեջ հա՞յ պիտի մտցնես», բայց հետագայում հարմարվել է և ուրախ  հարսանիք են արել:

«Ուրեմն, համշենցիներին հայ եք համարո՞ւմ( նկատի ունեմ Օղյուզի տատի ասածը), բայց չէ՞ որ  շատ համշենցիներ իրենց հայ չեն համարում»,- հարցնում եմ ես:

«Ճիշտ է,  շատ համշենցիներ չեն սիրում, երբ իրենց հայ են անվանում, որովհետև այստեղ հայ ասելը քֆուր է ու հայ անվանելը վիրավորական մի բան է: Թուրք ազգայնականությունն է այդպիսի մթնոլորտ ստեղծել,-պատասխանում է Քեմալը, հետո համշեսնակով  ավելացնում,- ինձ կասին` թուն հային մուսուլման աղածն ես, ես կասիմ` ես չեմ մուսուլման, ես աթեիստ եմ, կասեն` թուն ուրիշ ես»:

Այն ժամանակ Նեժլայի հայրը արդեն մահացել էր և եղբայրն էր ընդդիմացել ամուսնությանը.

«Նրա մտահոգությունը այն էր,  որ կբաժանվենք` քեզ կթողնի ու կմնաս փողոցում,-ասում էր եղբայրս,- եթե էդպես բան անի նրան կսպանեմ,-պատմում է Նեժլան,- Մենք համշենցիներս ավելի բաց ենք, ավելի հեշտությամբ աղջիկ կտանք օտարին, էդ լազերն են, որ ուրիշներին չեն ընդունում»:

«Օղյուզ, իսկ ի՞նչ տարբերություն կա լազի ու համշենցու մեջ»,-հարցնում եմ:

«Կինս, որ համշենցի է, չէի ուզի ասել: Համշենցիները ավելի կռվազան են, բայց դա վատ իմաստով չի, ինչքան լեռներում են մարդիկ, այնքնան կոշտ ու կոպիտ են, իսկ ինչքան դեպի ծով ես իջնում, ավելի բարեկիրթ են»:

Երեխաները իրենց ի՞նչ են համարում:

«Աղջիկս մեկ-մեկ ասում է` ես խառնածին եմ` մելեզ,-ասում է Նեժլան,- մյուս կողմից մամաս տանը միշտ համշեներեն է խոսում ու աղջիկս էլ լավ համշենրերեն է սովորել, իսկ իրենց կողմը լազերեն չեն խոսում»:

Օղյուզը հազվագյուտ լազերից է, ով լազերեն գիտի, բայց գրեթե չի օգտագործում:

«Դպրոցներում արգելված էր լազերեն խոսել, հայրս չնայած սոցիալիստ էր, մեզ արգելում էր լազերեն խոսել»,- ասում է նա:

Հոփայում բնակվող լազ ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Մերիամ Օսչեպը ասում է, որ ինքը և իր նման մի քանիսը լազերեն վերջին խոսողներն են: Լազերենը կենցաղից էլ է դուրս նետվում: Արդեն ավելի երիտասարդ լազերը իրենց թուրք են համարում. «Որ լեզվին չեն տիրապետում, էլ ինչո՞վ են լազ»,-ասում է նա,-մի քսան տարի հետո էլ իրեն լազ համարողներ չեն լինի, կասեն` պապս լազ է եղել, լեզվի հետ ինքնությունն էլ է վերանում»: Մերիամն էլ լազերեն ավելի լավ սովորել է 25 տարեկանում և իր համար մեծ տխրություն է, որ լազերենը վերանում է:

«Հիմա լազերենը ծաղրի առարկա է դարձել, քիչ խոսվող լեզու է: Առաջին լեզուն է լինելու, որ վերանալու է,-ցավով ասում է Օղյուզը և հպարտանում եղբորով` երգիչ Կազիմ Կոյունջուով(Kazim Koyuncu, մահացել է 2005-ին), ով լազերեն երգերը հանրահայտ դարձրեց, նաև առաջինն էր, ով  երգելով համշեսնակով համշենական երգերն էլ հանրահայտ դարձրեց)»:

Նեժլան ասում է, որ հակառակ լազերենի, համշեներենը իրենց մայրենի լեզուն է ու երբեք ծաղրի առարկա չի եղել.

«Երբ մեկի հետ թուրքերեն խոսելիս լինեմ, և հենց համշենցի հայտնվի, հետը համշեսնակ եմ խոսելու անկախ նրանից կողքինս հասկանում է թե ոչ»,-ասում է Նեժլան:

Օղյուզը ավելի շատ համշեսնակ է լսում, քան լազերեն ու սկսել է հասկանալ համշեսնակը:

«Չես նեղվո՞ւմ, երբ համշեներեն են խոսում ու կարող է չհասկանաս»,-հարցնում եմ:

«Հակառակը, հիանում եմ, որ իրենց լեզուն պահում են»:

Բաշ Համշեն. ծագումով հայերը ատում են հայերին

 Ո՞վ էր մատնել ոստիկանությանը, որ հայեր են եկել «Ֆորթունա» պանսիոնատ: Գուցե Չինչիվա գյուղում ծերունի՞ն: Նա ինձ տեսնելով ուրախ մոտեցավ՝ «չասես, թե մենք ծանոթ չենք, քո դեմքը ինձ շատ ծանոթ է»,-ծիծաղելով ձեռքս է սեղմում ծերունին:  «Դժվար»,-ասում եմ: «Մի խաբի, մենք ծանոթներ ենք, բայց չեմ հիշում որտեղից», «Չէ, ես առաջին անգամ եմ էստեղ, Հայաստանից եմ եկել»,-նրա դեմքը փոխվեց, լրջացավ, շուռ եկավ ու տուն մտավ:

Թե՞ էն մարդը, որ խճուղու վրա մեզ նկատեց, տաքսուց իջավ մեզ բարևեց ու ուրախ-ուրախ ասեց, թե հայի մոտ է Ստամբուլում աշխատում:

Ոստիկանները եկել էին «Ֆորթունա» պանսիոն և Սելչուկ Գյունեյին հարցուփորձ արել, թե ինչ գործ ունեն հայերը էստեղ:  Սելչուկին ոստիկանները ևս մեկ անգամ անհանգստացրել էին նաև ամռանը Հայաստանից եկած երաժիշտների մեկնելուց հետո: Սելչուկը անհանգիստ էր ու օրվա ընթացքում շատ քիչ էր խոսում:

Չինչիվա գյուղում. Բաշ համշենում կանայք հատուկ գլխաշոր ունեն, որ տարբերվում են ուրիշներից.

Չինչիվա գյուղում. Բաշ համշենում կանայք հատուկ գլխաշոր ունեն, որ տարբերվում են ուրիշներից.

«Հանգիստ եղեք, ինչ եկել եք Թուրքիա, իմացեք, որ ձեզ հետևում են»,-ծիծաղելով ասեց համշենցի Շենոն արդեն Հոփայում:

Հիմա, երբ քո հայ լինելու համար հետևիցդ հատուկ ծառայութուն է գալիս, ավելի ընդգծվում է կողքի Փազար քաղաքի խանութպանի խոսքը. երբ իմացավ Հայաստանից ենք ցավակցական ասեց. «Մարդս մարդ լինի»:

Հոփայից 70 կիլոմետր է Չամլըհեմշինը` թրքախոս համշենցիների կենտրոններից  մեկը. Չինչիվա  գյուղի (նոր անունը Շենյուվա) «Ֆորթունա» պանսիոնում, որը Չամլըհեմշինից  դեպի լեռներ 6 կմ է, երկու օր լռվեցինք:

Հոփայում Շենոն զարմացել էր, որ մեզ համշենական տներում դիմավորում են ու հարցազրույց տալիս: Ինչի՞ պիտի չընդունեին, հարցնում եմ.«հայ ես, ուրեմն պրոբլեմ ես»,-ասեց Շենոն: Այդ պրոբլեմը ընդգծվեց  Չամլըհեմշինում:

Սելչուկ Գյունեյը պանսիոնի տերն է, ծնվել է Չինչիվայում, ապրում է Սամսուն քաղաքում: Գյուղում ամռանը մոտ 60 հոգի է բնակվում, ձմռանը դատարկվում է: Գարնանը երբ սկսվում է տուրիստական շրջանը և Ռուսաստանից գալիս են առաջին զբոսաշրջիկները լեռնային վարարած գետի վրա նավակ քշելու, Սելչուկը սկսում է աշխատեցնել  պանսիոնը: Իսկ հիմա, նոյեմբերին եկել է բայրամի ազատ օրերը անցկացնելու, դատարկ պանսիոնի միակ բնակիչները մենք ենք:

Չինչիվա. տները զառիվերներին

Չինչիվա. տները զառիվերներին

Թրքախոս համշենցիները բնակվում են հիմնականում Ռիզե նահանգում: Չամլըհեմշին, Հեմշին քաղաքները և Քաչքար լեռնաշղթայի ստորոտներն համարվում են համշենցիների նախնական բնակավայրերը:

«Մենք լսել ենք մեր պապերից, որ կողք-կողքի ապրել ենք հայերի հետ, մենք եղել ենք մուսուլման իրենք քրիստոնյա, իսկ դրանից առաջ, մեր մուսուլմանությունից առաջ ի՞նչ է եղել, ոչինչ չենք լսել»,-ասում է Սելչուկը:

«Իսկ կարդալով փորձե՞լ ես պարզել»:

«Այո, տեղեկանում եմ տարբեր գրքերից, բավականին տեղեկություններ քաղել եմ»,-ասում է նա ու չի շարունակում: էլ ավելորդ հարցեր չեմ տալիս:

«Տարօրինակ չի՞, որ դուք և թուրքերեն եք խոսում, և կրոնով սուննի մուսուլման եք, բայց ձեզ առանձին ժողովուրդ եք համարում»:

«Տարօրինակ չի մեզ համար»:

«Դուք հավանաբար խոսել եք Համշենի լեզվով, ինչպես Հոփայի համշենցիները»:

«Մեր պապերից իմացածով՝ մենք հայերեն երբեք չենք խոսել, համշեներեն էլ չենք խոսել, թե պապերից առաջ ի՞նչ է եղել, չգիտենք»:

«Իսկ քո կարծիքով խոսե՞լ են համշեներեն»:

Ֆորթունա պանսիոնում. Մալխասյանի բառարանում` «հետիկ-երկայն ճիտքերով կոշիկ, ձյունի վրա քայլելու հարմար լայնանիստ կոշիկ»

Ֆորթունա պանսիոնում. Մալխասյանի բառարանում` «հետիկ-երկայն ճիտքերով կոշիկ, ձյունի վրա քայլելու հարմար լայնանիստ կոշիկ»

«Հայերի հետ առնչություններ ունեցել են համշենցիները, բայց  մյուս կողմից անբարյացակամ վերաբերմունք կա հայերի նկատմամբ: Մի ինչ-որ հակասություն կա, ես էլ չեմ իմանում ինչպես է եղել, չեմ հասկանում, ինչո՞ւ Հոփայի համշենցիները լավ էլ խոսում են Համշենի լեզվով, ինչպե՞ս է եղել, որ մենք մոռացել ենք, նրանք` ոչ: Ուղղակի մեր թուրքերենը որոշակի ակցենտ ունի և որոշ բառեր կան, որոնք թուրքերենում չկան»:

Սելչուկը ներկայացնում է այդ բառերի մի մասը, որոնց մեծ մասը հայերեն են` կաճ-կայծ, կաճոլիկ-կայծոռիկ (լուսատտիկ), դենչկապ-գլխաշոր, իլիկ, ակոս-մարգերը ջրելու համար փորված ջրի ճանապարհ: Յայլաների անունները` պաղջուր, ճերմակջուր: Համշենցիների թուրքերեն մի երգ կա, որի մեջ «աղջիկ» բառն է պահպանվել: Կան բառեր, որոնք բառարան բացելուց հետո պարզեցի, որ հայերեն են. հեդիկ-ձյան վրա քայլելու կոշիկ, Մալխասյանի բառարանում` «հետիկ-երկայն ճիտքերով կոշիկ, ձյունի վրա քայլելու հարմար լայնանիստ կոշիկ»,  ջուգալ- կարաս, ամենայն հավանականությամբ Մալխասյանցի բառարանի ջուվալ(մեծ պարկ)[23] բառն է, որի մեջ գ-ն վ է դարձել: Ու նաև բառեր, որոնք չեմ կարող ասել թե հայերեն են` կուկմա- ջրի սափոր, գիլմոր-մետաղյա շղթա է, որից կախում են ղազան(«Նոր բառգիրք հայկազեան լեզուի»[24] մեջ կա գիլ-քար, գլելի-ձգելի բառերը): Նաև Սելչուկը գիտի, որ իր գերդաստանը կոչվել է Չեբանց, կա նաև Մեհտեսանց գերդաստան:

Բուղլաման բաշ-համշենական կերակուր. նախաճաշ ֆորթունա պանսիոնում

Բուղլաման բաշ-համշենական կերակուր. նախաճաշ ֆորթունա պանսիոնում

Ուղուր Բիրյոլի «Քաչքարներում ամպ լինեմ » Համշենի  աշխարհագրության և բնակավայրերի մասին պատմող գրքի վերջում դրված է  թրքախոս համշենցիների լեզվում պահպանված հայերեն և ոչ թուրքերեն 588 բառերի բառարան, ինչպես օրինակ, Budbudigli (Բուդբուդիգլի)- Çiçekli kumaş(Ծաղկավոր կերպաս), Eğinç (Էղինչ)- Isırgan otu (Եղինջ), Gobit (Գոբիտ)- Ucu küt, yuvarlak (Ծայրը բութ, կլոր), Hurç (Հուրչ)- Bohça (Խուրջ), Kakaçur (Քաքաչուր)- Ahırdan çıkan pis su (Գոմից դուրս եկող կեղտոտ ջուր), Kargut (Քարգուտ)- Kuru kar (Չոր ձյուն), Kec (Քեծ)- Kıvılcım (Կայծ), Keduç (Քեդուչ)- Burnun dip kısmı (Քթի ներքեւի մասը), Keenk (Քեենք)- Çorabın topuk kısmı (Գուլպայի կրունկի մասը), Kokneç (Քոքնեչ) — Önlük (Գոգնոց), Macig (Մաջիկ)- Yoğurt (Մածուն), Meceğh (Մեջեղ)- Bir tür sivrisinek (Մի տեսակ մոծակ, մժեղ), Palul  (Փալուլ)- Kundak (Բարուր), Sart (Սարթ)- Örümcek  (Սարդ),  ու նաև Հոփա համշենցիների Համշենի բարբառում վերոնշյալ մաշկաթևը, որ այստեղ հնչյունափոխված է Maşkitep (Մաշկիթեփ)- Yarasa (Չղջիկ) և այլն; Նաև Ռուսաստանից  պանդխտությունից վերադառնալիս բերել են մի շարք ռուսերեն բառեր, որոնք մնացել են նրանց լեզվի մեջ Istikan (Իսթիքան, стакан)- Bardak (Բաժակ), Suğhari (Սուխարի-сухари)- Peksimet Պաքսիմաթ [25]: Այսպիսով ստեղծվել է բաշ-համշենցիների թուրքերեն բարբառ՝  հայերեն ու նաև մի քանի ռուսերեն բառերով և թուրքերեն բառերի  յուրատեսակ շեշտադրումներով ու հնչյունափոխությամբ:

1600թվի կամուրջ Չինչիվայում

1600թվի կամուրջ Չինչիվայում

Բաշ-համշենցիների մեջ մնացել է Վարդավառի տոնը, իրենց լեզվի մեջ հնչում է Վարդևոր: Սելչուկը ասում է, որ ժամանակին յայլաներում` Քաչքար լեռնաշղթայի լանջերին տոնը մեծ շուքով նշում էին, հովվությունը վերանալու հետ մեկտեղ, տոնն էլ վերացավ: «Հիշում եմ, տասը տարեկան էի, մի անգամ գնացինք յայլաներ Վարդավառը նշելու` ժողովուրդը նվագում էր տուլում ու պարում էր,-ասում է նա,-հիմա միշտ խոսվում է, հիշատակվում է, որ այս օրերին Վարդավառ էր, ինչ լավ էր որ ժամանակին ուրախանում էինք, բայց հիմա միայն հիշատակ է դարձել»: Թե որտեղի՞ց է գալիս Վարդավառը, Սելչուկը գաղափար չունի:

Ու նաև թաղումը. համշենցիները հանգուցյալին թաղում են դագաղով ի տարբերություն մուսուլմանների, ովքեր դագաղ չեն օգտագործում:

«Եթե համշենցուն հարցնես` դու ով ես, կասի` ես համշենցի եմ, բայց եթե հարցնես՝ ո՞վ է համշենցին, կկանգնի, չի կարող պատասխանել: Բայց էս երկրում, եթե չես ասում թուրք եմ, արդեն մեծ համարձակություն է»,-ասում է Սելչուկը:

Սակայն թրքախոս համշենցիների այդ համարձակությունը փոխհատուցվում է հայատյացությամբ:

Ուղուր Բիրյոլի «Քաչքարներում ամպ լինեմ» գրքից էջ

Ուղուր Բիրյոլի «Քաչքարներում ամպ լինեմ» գրքից էջ

Լրագրող Ուղուր Բիրյոլը 2004թ. «Ակոս» թերթում հոդված է տպագրել «Համշենցիները հա՞յ են արդյոք», որից հետո սկսվել են նրա նկատմամբ հալածանքները. «Քիչ էր մնում էստեղից (Չամլըհեմշինից) վտարեին,  ասում էին` դավաճան ես դու, զանգում սպառնում էին,- պատմում է Ուղուրը,- մեկը Անկարայից զանգեց, ասեց` մենք ձեզ հետ ուզում ենք հանդիպել, հանդիպեցինք, մարդը բերել հոդվածը դիմացն է դրել, պարզվել է, որ այդ մարդն էլ համշենցի է, ասեց,  որ հոդվածը իրեն են տվել գաղտնի գործակալությունից: Սկսեց հորդորել, որ նման բան չգրեմ, «Եվ եթե ուզում ես գրել, ապա ես հիանալի գրադարան ունեմ, էնտեղից օգտվի»,-ասեց:  Այնքան վախեցա, որ ընկերներիս ասի` եթե ինձ բան պատահի, ապա այդ հոդվածի պատճառով է: Տեսաք Հրանտ Դինքին ինչպես սպանեցին»:

32-ամյա Ուղուր Բիրյոլը ծնվել է Քոնաքլար (հին անունը Մաքրևիս) գյուղում, համշենցիների մասին պատմող երկու գիրք է հրատարակել, առաջինը`«Պանդխտության խմորեղենը. Համշենի միգրացիան և խմորեղենագործությունը»  պատմում է համշենցիների խմորեղեն պատրաստելու արհեստի առաջացման մասին:

«1900-ականներին տնտեսական վիճակը ինչպես ամենուր, համշենցիներինն էլ ծանր էր, դեռ թեյը չէր մտել տնտեսության մեջ, և միայն եգիպտացորեն, գարի, կարտոլ էին մշակում, նաև հովվություն անում,-պատմում է Ուղուրը իր «Պանդխտության խմորեղենի» հիմնական գաղափարը,-բայց այս ամենը չէր ապահովում մարդկանց կենցաղը: Եվ ապրուստի միջոց հայթայթելու համար համշենցիներից շատերը պանդխտության են մեկնում սահմանակից Ռուսաստան, ուր շատ զարգացած էր խմորեղենի արհեստը: Համշենցիները արհեստը ընտրեցին երեք պատճառով, որ պիտի փող վաստակեն, որ քաղցած չմնան, նաև կացարանի հարցն էր լուծվում` որտեղ աշխատում էին, այնտեղ էլ քնում էին: Հետո տարիներ անց,  որոշ գումար հավաքել են այստեղ լավ տներ են սարքել: Հետո որպես արհեստավորներ մեկնել են հարավ, այսօր էլ Ստամբուլում, Իզմիրում Ռուսաստան մեկնածների թոռներն են շարունակում խմորեղենագործի արհեստը: Համշենցիները  մյուս սևծովցիների հետ համեմատած շատ են աշխարհ տեսել»:

Ուղուր Բիրյոլը Բաշ-համշենի մշակույթի մասին երկու գրքերի հեղինակ

Ուղուր Բիրյոլը Բաշ-համշենի մշակույթի մասին երկու գրքերի հեղինակ

Գրքում ներկայացված են նաև բաշ-համշենցիների և հայերի առնչությունները. խմորեղենագործ  Մուզաֆֆեր Յուջելը ասում է, որ իրենք պանդխտության սկսեցին մեկնել հայերին հետևելով: Հիմնականում մեկնել են Ռուսաստան, մեծ մասը` Ղրիմ և Բաթում,մինչև Մոսկվա, ապա նաև Լեհաստան, իսկ մի մասն էլ, ինչպես  Յուջելը,  հայտնվում են Իրանում: Այստեղ միակ խմորեղենի խանութը եղել է հայերինը, մյուսը բացել են համշենցիները 1929թ.` «Ռուզնովան» (Նոր օր) թխվածքեղենի սրճարանը,  հետագայում կոչվել է« Կաֆե Ժալե» ռեստորան, ուր ինքը աշխատել է[26]:

Խմորեղենագործությունը միայն թրքախոս համշենցիների մեջ է տարածված, հոփա-համշենցիների մեջ այս ավանդույթը չկա:

Սերգեյ Վարդանյանը մեջբերում է 1893թ. տպված «Տաճկացած հայեր»  հոդվածը, ուր հեղինակը գրում է, թե Ռոստովում, Խարկովում, Օդեսայում, Վոլգայի քաղաքներում կան Ռիզեի Հեմշին գավառամասից իսլամ ընդունած հայեր «որոնք հաց են թխում, կերակուր եփում և հյուրանոցներ ունեն, ազգանունների մեջ հայկական բառեր կան` Ստեփան օղլի, Հակոբ օղլի, Կոստան օղլի, տոնում են Վարդավառը և խոսում են հայերեն` «Մայրենի լեզուն տակավին չեն մոռացել և եթե հաճախ խոսում են թուրքերեն, այն  էլ կառավարության երկյուղից, բայց այնուամենայնիվ շատերը և՛ գիտեն, և՛ խոսում են հայերեն»[27]: Ահա Սելչուկին մտահոգող հարցի պատասխանը` բաշ-համշենցիները 20-րդ դարի սկզբին դեռևս խոսել են հայերեն:

Յուվե Բլեզինգը (Uwe Bläsing) «Հայերենը թրքախոս համշենցիների բառապաշարում և մշակույթում» հոդվածում նշում է, որ արևմտյան համշենցիների մոտ պահպանված մեծ թվով հայերեն բառերի առկայությունը նշանակում է, որ հայերենը այստեղ խոսվել է դեռեւս 19-րդ դարի սկզբին և կեսերին, ինչպես կարելի է եզրակացնել ճամփորդական զեկույցներից և տեղաբնիկների անձամբ իրեն տրված տեղեկություններից[28]:

«Պանդխտության խմորեղենը. Համշենի միգրացիան և խմորեղենագործությունը» գրքից. Կաֆե Ժալե

«Պանդխտության խմորեղենը. Համշենի միգրացիան և խմորեղենագործությունը» գրքից. Կաֆե Ժալե

Հովան Սիմոնյանի կարծիքով հայերենի անհետացման գլխավոր պատճառը, ինչպես բուն Համշենում այնպես էլ Կարադերեում, տեղական կրոնական ու քաղաքական իշխանությունների ճնշումներն են եղել: Հատկապես Կարադերեի շրջանում (Տրապիզոնի մոտ) 19-րդ դարի կեսերին մեծ թվով հայեր փորձել են վերադառնալ իրենց նախկին հավատքին՝ ոգևորվելով Սուլթան Աբդյուլմեջիդի 1839թ. հրովարտակից (Թանզիմատ՝ վերանորոգումների մի շրջան Օսմանյան կայսրությունում, որը նախատեսում էր նաև կրոնական ազատություն): Դրան անմիջապես հետևել են «իսլամի ուրացումը» կանխելու միջոցները: Տարածաշրջանում բացվել են թուրքական դպրոցներ, որտեղ առաքվել են իսլամի քարոզիչներ: Թումայանցի և Հայկունու համաձայն, հայերենի գործածության դեմ սկսվել է մի մեծ արշավ: Հայերեն խոսելը մեղք համարվեց. մոլլանները հայտարարեցին, որ արտասանված ամեն յոթ հայերեն խոսքը անարգանք է իսլամի նկատմամբ: Արշավն իր արդյունքը տվեց. մի քանի սերունդ անց, 20-րդ դարի սկզբին միայն ամենատարեցներն էին հայերեն խոսում[29]:

«Իսկ Չամլըհեմշինում կա՞ արդյոք խմորեղենագործ»:

«Կա, անունը Քաչքար է»,-ասում է Ուղուրը:

«Կարո՞ղ ենք հանդիպել»:

«շնե՞րն էլ են նկատել հայերին»

«շնե՞րն էլ են նկատել հայերին»

«Նման բաները վտանգավոր են,-մերժեց Ուղուրը,- անսպասելի ռեակցիա կարող է ստանաս, կարող է չընդունեն, կարող է ընդունեն»:

«Ինչո՞ւ»:

«Բավական լարված է այստեղ: Դուք պիտի խոսեք, հարցեր տաք, պիտի փորձեք նկարել, ձեզ էլ պիտի հարցնեն որտեղի՞ց եք, կասեք` Հայաստանից ենք ու կարող է տհաճ բաներ լինեն, «հայ եմ» ասելը խանգարիչ բան է»,-և Ուղուրը հիշեց «Ակոսում» տպած հոդվածի պատմությունը, որից հետո ինքը շատ զգուշավոր է:

Այսպիսով Չամլըհեմշինում մեր երկօրյա շփումները սահմանփակվում են Ուղուրով և Սելչուկով:

Մեզ մնում էր երկու զբոսնել լեռների միջով անցնող գետակի հովտով, զարմանալ, թե ինչպես են այդ զառիվերերներում, գրեթե ուղղահայացի վրա տներ կառուցել, քննարկել` թե 17-րդ դարի կամուրջները ովքե՞ր կառուցած կլինեն և ամայության մեջ լսել շների մեզ ուղղված հաչոցները.«ասում են` էս հայերը ինչ գործ ունեն էստեղ»,- կատակում է Խաչիկը:

Պանդուխտ բաշ-համշենցիները: Լուսնակարը` Ֆորթունա պանսիոնում

Պանդուխտ բաշ-համշենցիները: Լուսնակարը` Ֆորթունա պանսիոնում

«Երկու թեզ է առաջադրվում համշենցիների առաջացման,-ասում է Ուղուրը,- մեկը Համամ Ամատունիի ստեղծած իշխանությունը, և դրա շարունակությունը, և մյուսը, դրա հակառակը, որ համշենցիները Միջին Ասիայից եկած թուրքական ցեղախումբ է: Իմ կարծիքը ուրիշ է` հայերն ու թուրքերը իրար հետ շփվել են իրար աղջիկ են տվել-առել և այդ շփումների արդյունքում առաջացել են համշենցիները, ես գտնում եմ, որ երկու տարբեր մշակույթների խառնուրդ է, համշենցիների թուրքերենում տեսնում ես հայերեն բառերը, բայց նաև թուրքական սովորություններ, ինչպես հարսանիքներում: Իմ ու իմ նմանների համար մեր ինքնությունը անպայման չի հենվում մի անցյալի, մի մշակույթի վրա: Մենք մեզ առաջին հերթին մարդ ենք համարում, ինքնությունը ավելի երևում է այստեղ ապրելով մեր մշակույթով, և երբ ինձ հարցնում են՝ դու ինչ ես, ես սիրով ասում եմ` համշենցի եմ, բայց դրանից հեռու չենք գնում, մի ուրիշ բան չենք ասում»:

«Իսկ տարբե՞ր եք ձեզ զգում հոփա-համշենցիներից»:

«Այո, հոփա-համշենցիների լեզուն մեծ տարբերություն է առաջացնում մեր մեջ: Հայախոս հայերը լեզուն փրկելու համար այստեղից գաղթել են դեպի Հոփա, իսկ այստեղի ժողովուրդը չի կարողացել պահպանել իր լեզուն: Լեզվի տարբերությունից բացի կան մշակութային տարբերություններ, իրենք կավալ են նվագում, իսկ մեզ մոտ տուլումն է, տարազը տարբեր է, նրանք պարզ են հագնվում, իսկ մեզ մոտ ավելի զարդարված, կանայք հատուկ գլխաշորեր ունեն, որ տարբերվում են ուրիշներից, նաև Վարդևորը մեզ մոտ նշվում է, նրանց մոտ` ոչ ու նաև աշխարհագրական ռելիեֆային տարբեր միջավայրեր ունենք, այստեղ` անդունդեր ու զառիվերներ են»:

Հակոբ Խաչիկյանը  համշենական ինքնությանը նվիրված հոդվածում գրում է. Իրականում, ոչ թե մեկ, այլ երկու տարբեր համշենական ինքնություններ կան՝ Ռիզեի և Հոփայի: Բացի աշխարհագրական բաժանումից, լեզուն երկու խմբերին տարբերակող հիմնական տարրն է: Հոփա-համշենցիները խոսում են արեւմտահայերեն մի բարբառ, որն անվանում են հոմշեցմա, իսկ Ռիզեի համշենցիները այն այլևս չեն խոսում, փոխարենը թուրքերենի մեջ մեծ թվով հայերեն բառեր են օգտագործում: Բաշ-համշենցիները բարձրագույն կրթության ավելի մեծ ձգտում ունեն (շատ են բժիշկները, ճարտարագետները, ուսուցիչները՝ նույնիսկ կանանց մեջ): Նրանք ավանդաբար աշխատում են հացի ու խմորեղենի արտադրամասերում, հյուրանոցներում, ռեստորաններում, իսկ Հոփայի համշենցիները զբաղվում են հիմնականում տրանսպորտի բիզնեսով (բեռնատարի վարորդ և այլն):

Նա գրում է, որ որոշ բաշ-համշենցիներ ջանք ու եռանդ են թափում, իրենց «թրքությունը» ապացուցելու համար. Երբ Ստամբուլի «Յենի Յուզյըլ» (Yeni Yüzyıl) օրաթերթում 1996թ. հրապարակվել է մի հոդված, ուր ասվում է, որ որոշ համշենցիներ հայերեն են խոսում, «Չամլըհեմշին վե Հեմշին» հիմնադրամի վարչության ներկայացուցիչ Ալի Իհսան Արոլը պատասխանել է. «Ամեն համշենցի հայ չէ» տեքստով, ասելով. «Ճիշտ չէ, որ բոլոր համշենցիները հայկական ծագում ունեն: Այո, Հոփայում հայերեն բարբառով խոսող համշենցիներ կան, սակայն հայտնի է, որ Ֆընդըքլըի, Արդեշենի, Փազարի, Չամլըհեմշինի, Հեմշինի և Չայելիի համշենցիները թուրքական ծագում ունեն»[30]:

Իր հերթին, Ռուդիգեր Բենինգհաուզն էլ (Rüdiger Benninghaus ) հիշում է բազմաթիվ դեպքեր, երբ լազերն ու համշենցիները իրար փոխադարձաբար մեղադրում են ոչ թուրքական արմատներ ունենալու մեջ: (1989թ)[31] 

Ըստ Հակոբ Խաչիկյանի, հայտնի չէ, թե երբ է առաջացել հայկական ծագումը մերժելու և համշենցիներին թուրքական արմատներ վերագրելու գաղափարը: Շատ հավանական է, որ դա կապված է 1930-ականներին հղացված «Թուրքական պատմական թեզերի» հետ, սակայն դա իր սկիզբն է ունեցել արդեն օսմանյան շրջանում: Արդարև, Ատրպետն ընդգծում է, որ իսլամացած և քրիստոնյա հայերի հարաբերությունների վատթարացումը տեղի ունեցավ 19-րդ դարի վերջին երկու տասնամյակի ընթացքում: Նա մեղադրում է օսմանյան իշխանություններին մուսուլման և քրիստոնյա հայերին իրար դեմ հանելու մեջ: Ատրպետի 1929թ. արտահայտած մտքերը հաստատվում են նաեւ Հայկունու 1895թ «Արարատ» հանդեսում գրված հոդվածում[32]:

Հոպայում

Հոպայում

Վախի ու խիզախության քաղաքը

 Հոփայում ավելի ցայտուն է ընդգծվում, որ վախն ու խիզախությունը իրար հետ են ծնվում ու կողք-կողքի ապրում:

2011-ի մայիսի վերջին Թուրքիայի խորհրդարանի նախընտրական շրջանում Հոփայում վարչապետ Էրդողանի ավտոշարասյանը քարկոծելով դիմավորեցին, ոստիկանության հետ բախումներում մի հոգի զոհվեց, մի քանիսը վիրավորվեցին: Քսանից ավել համշենցիներ ձերբակալվեցին: Էրդողանը վերադառնալով Անկարա ասել էր` ես չգիտեի, որ Հոփայում բանդիտներ կան: «Մյուս անգամ, որ գա Հոփա, բոլորս պաստառ կպարզենք` ես բանդիտ եմ, ինչպես Հրանտ Դինքի թաղմանը պարզել էին` ես հայ եմ,-ասում է մի համշենցի կոմունիստ ու ավելացնում,-մեզ էլ հնարավոր չի վախի մեջ պահել»:

Մեկ ուրիշ վարորդ էլ ասում է. «Մենք ֆուռի վարորդներ ենք, վախ չունենք  ու զառիվայրի վրա արգելակ չենք տալիս»:

Մեր գալուց մեկ շաբաթ առաջ Հոփայում բախումներ էին եղել ձախերի ու ոստիկանության միջև: Գնալով ավելի սրվելու է քաղաքական իրավիճակը Հոփայում ու մերձակա բնակավայրերում:

Բայց հաճախ էր լինում, երբ որևէ անծանոթ համշենցու  հետ զրուցում էի շատ անմեղ բաներից` հայերեն բառեր և այլն ու հենց հանում էի ծոցատետրս, խնդրում էր չգրել ոչինչ, վտանգավոր է,- ասում էր,- գլխիս մի բան կբերեն:

«Այո, պատմություն չկա, մեր պատմությունը վերացրել են, հիշողություն չկա, և համշենցիների միակ հիշողությունը ճնշումների առաջացրած վախն է, որ առայսօր ապրում է»,-ասում է Ջեմիլ Աքսուն:

Ինչպե՞ս դեպի Համշեն

 

Պանդուխտ բաշ-համշենցիները: Լուսնակարը` Ֆորթունա պանսիոնում

Պանդուխտ բաշ-համշենցիները: Լուսնակարը` Ֆորթունա պանսիոնում

Հորս հայրը` Ավետիս Կիրակոսյանը համշենցի է, ծնվել է Տրապիզոնում, 1914թ. մեկնել է Կրասնոդար ուսումը շարունակելու ու փրկվել ջարդերից, եղել է բոլշևիկ, 1937թ. նրան գնդակահարել են Թիֆլիսում: Ավետիսի հայրը՝ Մելքոնը քրիստոնյա համշենական գյուղերից է, ո՞ր գյուղից, չգիտեմ, Տրապիզոնում ջուր ծախող է եղել, մայրս հաճախ հորս ծաղրում էր` ջուր ծախո՞ղ չի եղել պապդ (մորս պապը իրավաբան է եղել Պոլսում):

1915թ. ջարդերին  թուրքերը սպանել են Մելքոնին, նրա կնոջը` Ազնիվին և նրանց վեց երեխաներից երեքին: Հայրս չգիտեմ որտեղից էր լսել, պատմում էր, որ Մելքոնը նոր գրամոֆոն էր առել ու ձեռքերի մեջ պահած երաժշտությունը միացրած  ընկերների հետ ուրախ-ուրախ գալիս էր տուն քեֆ անելու: Մեկ էլ թիկունքից կրակում են ու արյունը թափվում է ձայնապնակի վրա:

Հորս հորեղբայրը` Հարությունը իր եղբորն ու հորը հասած երկու արհավիրքներից կարողացել է փրկվել` 1915-ին գնդակահարված հայերի դիակների տակ է մնացել, մի թուրք նրան թլպատել ու որդեգրել է, մի քանի տարի անց նրան գտել է եղբայրը`Ավետիսը ու տարել Թիֆլիս:

1937թվին էլ հայրս է փրկել. Թիֆլիսում գիշերով Չեկան եկել է նրան տանելու, դուռը ծեծել են, Հարությունը ուզել է բացել, 15 տարեկան հայրս  չի թողել` եթե բացես ի՞նչ կանեն, կտանեն, եթե չբացես, դուռը կջարդեն էլի կտանեն, ուրեմն ավելի լավ է չբացես: Դուռը չեն ջարդում, իսկ առավոտյան Հարությունը մեկնում է Հյուսիսային Կովկաս ու փրկվում: Ցեղասպանությունից փրկվում է նաև հորս հորաքույրը` Ալմաստը, ով մինչ 1915թ. ամուսնացել-մարդու էր գնացել Սուխումիում:

Ձախ կողմում Հարությունը, աջում` Ավետիսը: Կենտրոնի անձը անհայտ է, թե ով է

Ձախ կողմում Հարությունը, աջում` Ավետիսը: Կենտրոնի անձը անհայտ է, թե ով է

Հայրս`Ռաֆայելը համշենցի ազգականներ ուներ` իր հոր քեռու զավակները`Թերզյաններ Աբխազիայի Էշերի գյուղում, սովետական տարիներին մի քանի անգամ ծանրոցով խնձոր էինք ստացել ու երբ 2004-ին գնում էի Աբխազիա ակնարկ գրելու, փնտրեցի բայց այդպես էլ  չգտա նրանց հասցեները:

Համշենագետ Հովան Սիմոնյանը իր հայկական գենետիկ ծրագրի համար ինձնից գենային նմուշ վերցրեց, պարզվեց իմ գենետիկ խումբը G1-ն է և ևս մի համշենցի, ինձ անծանոթ Ավիկ Թոփչյանի հետ ոչ միայն նույն խմբից ենք այլև տասը սերունդ առաջ մեր պապերը եղբայրներ են եղել:

Փոքր երեխա էի, տանը խոսում էին, թե` Սև ծովի ափերին մահմեդական համշենցիներ են մնացել, խոսում են համշենի բարբառով, տարբեր թվեր էին ասում` հարյուր հազար, մեկ միլիոն: Ովքե՞ր են նրանք, հա՞յ են արդյոք: Ինչպիսի՞ն են նրանք, մեզ նմա՞ն, տարբե՞ր, շա՞տ տարբեր` չնաշխարհիզ՞կ բան`մարդիկ, ովքեր մուսուլման են և հայերեն են խոսում:

Շնորհակալությունս Եվրասիա համագործակցության հիմնադրամին, որի դրամաշնորհմամբ  «Հայախոս մուսուլման համշենցիներ» նախագիծը հնարավոր եղավ:

ՀԳ.

 Ովքե՞ր են նրանք:

-Իրենք թող ասեն:

-Իսկ դո՞ւ ինչ կասես: 

-Համշենի Խաչիքարի եկեղեցին էնպես են քանդել, որ հետքը չմնա, փնտրես տեղը չես գտնի: Եկեղեցու անհայտ տեղը Սև ծովի հայերի ոչնչացման խորհրդանիշն է: Թուրքական իշխանությունները այնպես են կտրել հայերի քոքը`խորքից, որ հանկարծ ծիլ չտա: Մի ճյուղի կտոր, աննկատ  մնացած պատվաստվելով  միջավայրին վախվորած ծիլ է տվել, և Սև ծովի թուրքական ափին հայերի երբեմնի գոյության միակ վկայությունը մնացել է 30 հազարանոց մուսուլման համայնքի լեզվին թրթռացող հայերեն խոսքը:

Ուսումնասիրական աշխատանքին մասնակցեց Խաչատուր Տերտերյանը 

Լուսանկարները՝ Անահիտ Հայրապետյանի

Տեսագրությունները Անահաիտ Հայրապետյանի և Վահան Իշխանյանի, մոնտաժը՝ Վահե Բուդումյան

Շնորհակալություն Հովան Սիմոնյանին և Բյուրակն Չերազ-Անդրեասյանին խմբագրային և սրբագրային շտկումների համար


[1] Ղևոնդ, «Պատմություն» գլ. ԽԲ, «Սովետական գրող», Երևան, 1982:

[2] Լևոն Խաչիկեան, «Աշխատութիւններ», հատոր բ, հոդված` «Էջեր համշենահայ պատմությունից», Գանձասար աստուածաբանական կենտրոն, Երեւան, 1999:

[3] Հովհան Մամիկոնյան, «Տարոնի պատմություն», հրտ. «Խորհրդային գրող», Երևան, 1989:

[4] Նույն տեղում, Վարդան Վարդանյանի Առաջաբանում:

[5] Լևոն Խաչիկյանի աշխատությունը տպագրվել է մի քանի անգամ, նաև` «Հայ ազգագրություն և բանահյուսություն», 13-րդ հատոր, ԳԱ հրատ., Երևան, 1981թ.: Որպես վերջին հրատարակություն օգտագործել եմ 1999թ. հրատարակված «Աշխատութիւններ»-ի բ հատորը:

[6] Նույն տեղում:

[7] Նույն տեղում:

[8] “The Hemshin. History, society, and identity in the Highlands of Northeast Turkey”, Edited by Hovann H. Simonian, Routledge, London and New York, 2007.

[9] «Արարատ» ամսագիր, 1895:

[10] Լևոն Խաչիկեան, «Աշխատութիւններ», հատոր բ, հոդված` «Էջեր համշենահայ պատմությունից», Գանձասար աստուածաբանական կենտրոն, Երեւան 1999:

[11] Նույն տեղում:

[12] Թեզը ամբողջությամբ ինձ տրամադրեց Ջեմիլ Աքսուն:

[13] “The Hemshin. History, society, and identity in the Highlands of Northeast Turkey”, Edited by Hovann H. Simonian, Routledge, London and New York, 2007.

[14] Լուսինէ Սահակեան. «Համշէնցիների թուաքանակի մասին յաճախ կեղծ եւ ուռճացուած տուեալներ են շրջանառւում», Ասպարեզ, 8 հունիսի, 2011:

[15] Lusine Sahakyan, “Frequently fraudulent and exaggerated statistics regarding the numbers of Hamshentsi are circulated” (Asbarez; June 8, 2011)

[16] “The Hemshin: History, society, and identity in the Highlands of Northeast Turkey”, Edited by Hovann H. Simonian (Routledge, London and New York, 2007)

[17] Levon Khachikyan, Ejer hamshenahye patmutyunic (“Works” Vol. 2, Gandzasar Theological Center, Yerevan,   1999)

[18] Hrachya Ajaryan, Knnutyun hamsheni barbari (ASSR Academy of Sciences, 1947)

[19] Sergey Vardanyan, Kronapokh hamshenahayeri barbaru, banahuysutyunu yev yergarvestu (YSU, 2009)

[20] “The Hemshin: History, society, and identity in the Highlands of Northeast Turkey”, Edited by Hovann H. Simonian (Routledge, London and New York, 2007)

[21] Ibid

[22] All information regarding the Soviet Hamshen is taken from: Sergey Vardanyan,Kronapokh hamshenahayeri barbaru, banahuysutyunu yev yergarvestu (YSU, 2009)

[23] Ibid

[24] Ibid

[25] Stepan Malkhasyants, Hayeren Batsatrakan Bararan (Yerevan, 1944)

[26] Nor bargirk haykazyan lezvi (Venice, 1836)

[27] Uğur Biryol “Kaçkarlar’da Bulut Olsam”, Phoenix, Ankara 2011

[28] Uğur Biryol, Gurbet Pastası: Hemşinliler, Göç ve Pastacılık, İletişim Yayınları, (İstanbul 2007)

[29] Sergey Vardanyan, Kronapokh hamshenahayeri barbaru, banahuysutyunu yev yergarvestu (YSU, 2009)

[30]The Hemshin. History, society, and identity in the Highlands of Northeast Turkey, Edited by Hovann H. Simonian (Routledge, London and New York, 2007)

[31] Ibid

[32] Ibid

[33] Ibid

Entry filed under: ակնարկ. Tags: .

Սպանված զինվորների արյունը նախընտրական արշավում Հայտնաբերված տետրը պատմում է պապիս գերդաստանի կոտորածը

Оставьте комментарий

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

37 թիվ Armen Shekoyan Art bottle Georgia homosexual Jehovah’s Witnesses Literature «Մեդիսոնի շրջանի կամուրջները» «Միրհավը» ԱՄՆ Ակսել Բակունց Արմեն Շեկոյան Արցախ Բունիաթյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Գագիկ Ջհանգիրյան Գասպար Չերազ Դուբլին Երևան հյուրանոց Զանգիլան Իռլանդիա Լալա Ասլիկյան Լաչին Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայկական ժամանակ Ձյունը Ղրիմ Մերիլ Սթրիփ Մուշեղ Սաղաթելյան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռոբերտ Ուոլլեր Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Սահակաշվիլի Սիրիա Վահան Չերազ Վահե Բերբերյան Վահրամ Մարտիրոսյան Վրաստան Ցեղասպանություն Քաշաթաղ անտիպոեզիա արձակ արվեստ արտագաղթ արտագնա աշխատանք բանակ բանաստեղծություն գրականություն երեխաներ ժամանակակից արվեստ իրավունք կին կրթություն հյուսիսային պողոտա հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ միասեռական շիշ հավաքող պատմվածք ռաբիս սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական քաղաքականություն ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к еще 4 865 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com