Գեղեցկության տոն Երևանում․ հայտնի են «Հայաստանի գեղեցկուհի» տիտղոսակիրների անունները

Dec 30, 2023 - 21:13
Dec 30, 2023 - 21:36
Գեղեցկության տոն Երևանում․ հայտնի են «Հայաստանի գեղեցկուհի» տիտղոսակիրների անունները

Դեկտեմբերի 29-ին «Վիվալդի հոլլ» համալիրում տեղի ունեցավ «Հայաստանի գեղեցկուհի» ազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչ շոուն։ Մրցույթի կազմակերպիչը «Միսս Երևան» մշակութային-հասարակական կազմակերպությունն է, որին են պատկանում  Հայաստանի Հանրապետությունում մի շարք գեղեցկության մրցույթներ անցկացնելու արտոնագրերը («Միսս Երևան», «Միսս ուսանողուհի» և այլն)։ Կազմակերպության բոլոր մրցույթները պարունակում են մշակութային, կրթական բաղադրիչ։

Մրցույթից առաջ՝ շուրջ 3 ամիս, «գեղեցկուհի» տիտղոսի թեկնածուները մասնակցել են կազմակերպության կողմից անցկացվող հատուկ դասընթացին (դասավանդվել է դեֆիլե, բեմական խոսք, էթիկա, դերասանի վարպետություն, ազգային պարեր և այլն)։ Դասընթացի շրջանակում մրցույթի մասնակիցներին իրենց փորձն են փոխանցել ոլորտի լավագույն մասնագետները։

«Հայաստանի գեղեցկուհի» մրցույթը նախատեսված է 6-ից 28 տարեկան հայուհիների համար, ովքեր ունեն Հայաստանի քաղաքացիություն։ Դեկտեմբերի 29-ի եզրափակիչ շոուն նախագծի միայն մի մասի ավարտն էր ազդարարում (այստեղ ներգրավված էին 6-ից 16 տարեկան մասնակիցները), իսկ մրցույթի մյուս՝ 16-ից 28 տարեկան գեղեցկուհիների համար նախատեսված հատվածը տեղի կունենա գալիք տարվա մարտ ամսին։

Մրցույթում, ինչպես բոլոր գեղեցկության մրցույթներում, ներկայացված էր չորս տարիքային խումբ (Mini Little, Little, Junior և Teen. համապատասխանաբար՝ 6-ից 8, 8-ից 10, 11-ից 13, 14-ից 17 տարեկանների տարիքային խմբեր): Յուրաքանչյուր տարիքային խմբից ընտրվեց չորս հաղթող գեղեցկուհի, որոնցից մեկին էլ շնորհվեց «Հայաստանի գեղեցկուհի» տիտղոսը։

«Հայաստանի գեղեցկուհի» ազգային գեղեցկության մրցույթի շրջանակում՝ առաջին անգամ, նախագծի կազմակերպիչ «Miss Yerevan Production»-ի որոշմամբ՝ Արցախը ներկայացնող բոլոր փոքրիկ գեղեցկուհիներին շնորհվեց «Արցախի գեղեցկուհի» տիտղոսը։

Ամենաավագ՝ «Teen» խմբում «Հայաստանի գեղեցկուհի 2023» տիտղոսին արժանացավ Լանա Հակոբյանը՝ Երևանից։ Լանան սովորում է 12-րդ դասարանում․ երազում է խաղաղ Հայաստանի, աշխարհում սեփական հետքը թողնելու և այն ավելի լավը դարձնելու մասին։

Գլխավոր մրցանակից զատ՝ մրցույթի կազմակերպիչներն իրենց նախագծերում ավանդաբար մրցանակներ են շնորհում նաև այլ անվանակարգերում հաղթող գեղեցկուհիներին։ Այս տարի «Առաջին վիցե Հայաստանի գեղեցկուհի 2023» տիտղոսը շնորհվեց Մարի Զաքարյանին, «Երկրորդ վիցե Հայաստանի գեղեցկուհի» տիտղոսը՝ Ալլա Բաբայանին։ «Best Model» տիտղոսին արժանացավ Անահիտ Նազարյանը։

«Հայաստանի գեղեցկուհի 2023» մրցույթի «Junior» տարիքային խմբում հաղթող ճանաչվեց Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքը ներկայացնող Էլենա Սադոյանը։

Նույն խմբում «Առաջին վիցե Հայաստանի գեղեցկուհի 2023» տիտղոսին արժանացավ Նունե Սարգսյանը (վերջինս հաղթող ճանաչվեց նաև «Best Model» անվանակարգում), «Երկրորդ վիցե Հայաստանի գեղեցկուհի» տիտղոսին՝ Ալվինա Մելքոնյանը՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից։

«Հայաստանի գեղեցկուհի» նախագծի «Little» խմբում «Հայաստանի գեղեցկուհի» տիտղոսը շնորհվեց Երևանը ներկայացնող Ժաննա Սողոմոնյանին։ Այս տարիքային խմբում «Առաջին վիցե Հայաստանի գեղեցկուհի 2023» տիտղոսին արժանացավ Մարիա Վարդանյանը, «Երկրորդ վիցե Հայաստանի գեղեցկուհի տիտղոսին՝ Նայիրի Մանիսաճյանը։ «Best Model» անվանակարգում հաղթող ճանաչվեց Լառա Այվազյանը։

Ամենակրտսեր՝ «Mini Little» տարիքային խմբում հաղթող ճանաչվեց Վիկտորիա Հովհաննիսյանը՝ Արցախից։ Վիկտորիան Երազում է ազատ Արցախի և մի օր Արցախ վերադառնալու հնարավորության մասին։

Նշված անվանակարգում «Առաջին վիցե Հայաստանի գեղեցկուհի» տիտղոսին արժանացավ Սառա Զաքարյանը, «Երկրորդ վիցե Հայաստանի գեղեցկուհի» տիտղոսին՝ Էրիկա Մկրտչյանը, իսկ «Best Model» տիտղոսը շնորհվեց Սառա Պողոսյանին։

«Հայաստանի գեղեցկուհի» ազգային գեղեցկության մրցույթի ժյուրիի կազմում էին ոճաբան, «Ատեքս» նորաձևության տան փոխտնօրեն Սարգիս Մկրտչյանը, «Li Voice» վոկալ ստուդիայի հիմնադիր Լիլիթ Գրիգորյանը, Միսս Երևան 2023, պարուսույց Անի Պետրոսյանը, «N.Ayva» էսթետիկ բժշկության կենտրոնի հիմնադիր Նարինե Այվազյանը և այլն։

Մրցույթի մասնակից գեղեցկուհիների բեմելն ուղեկցվում էր տպավորիչ երաժշտական համարներով՝ սիրված կատարողների մասնակցությամբ։