Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Սե՛րժ, տակից խաղեր տալու քո պրոֆեսիոնալ հմտությունն արդեն չափերն անցնում է»․ Ռուբիկ Հակոբյանը հիշեցնում է Սարգսյանի «հանցավոր» անցյալը. ընդդիմության ջրերը մի առվով չեն հոսում

«Սե՛րժ, տակից խաղեր տալու քո պրոֆեսիոնալ հմտությունն արդեն չափերն անցնում է»․ Ռուբիկ Հակոբյանը հիշեցնում է Սարգսյանի «հանցավոր» անցյալը. ընդդիմության ջրերը մի առվով չեն հոսում
Քաղաքականություն
19:30, 29 январь 2024
Նախկին դաշնակցական, նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը երկրորդ բաց նամակն է գրել՝ ուղղված Սերժ Սարգսյանին։ Առաջին նամակում նա, դիմելով Սերժ Սարգսյանին, նշել է, որ Սարգսյանի կողմից ֆինանսավորվող ու նրա  անձնական ու կուսակցական PR-ով զբաղվող «Իմնեմնիմի»-ի ներկայացուցիչները զրպարտում են իրեն, վիրավորանքներով անդրադառնում ինչպես ընդդիմադիր դաշտին, քաղաքական գործիչներին, այնպես էլ իր անձին։ Ու նշել է, որ անշուշտ պատասխան է լինելու. նա չէր ցանկանա, որ «Իմնեմնիմի»-ի՝ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի գործունեությունը ուղղորդված լիներ Սերժ Սարգսյանի կողմից։ 

«Իմնեմնիմի»-ի նախավերջին փոդքաստում Սաղաթելյանն ու Սամսոնյանը պատասխանում են Հակոբյանին կրկին վիրավորական արտահայտություններով և ասում, որ Հակոբյանը մի շիշ օղի է խմում, հարբում ու ստատուսներ գրում, ելույթներ ունենում, գնում ԱԺ։
«Ռուբիկ Հակոբյան, չափդ ճանաչի, չփորձես վիրավորել, որ սկսենք վիրավորել, խմիչքը չի հերիքի»,- փոդքաստի ընթացքում ասել է Նարեկ Սամսոնյանը ու Ռուբիկ Հակոբյանին, Անդրանիկ Թևանյանին, Բորիս Մուրազիին մեղադրել ընդդիմադիր դաշտը պառակտելու մեջ։ Իբր՝ նրանք հանդես գալով որպես Ռոբերտ Քոչարյանի աջակից, «հարվածում են» Սերժ Սարգսյանին, Սարգսյանի աջակիցներն էլ, համարելով, որ «հարվածների» հեղինակը Քոչարյանն է, պատասխան «հարվածներ» են հասցնում Քոչարյանին։
Եվ ահա՝ Ռուբիկ Հակոբյանը երկրորդ նամակն է գրում՝ ուղղված Սերժ Սարգսյանին, և ասում է. «Սե՛րժ, տակից խաղեր տալու քո պրոֆեսիոնալ հմտությունն արդեն չափերն անցնում է»։ Ու հիշեցնում է 1996 թվականի, ըստ նրա գնահատականի, կեղծված ընտրությունների դեմ իր պայքարելու պատճառով կալանավորումը, երբ Հակոբյանին զրկեցին ԱԺ պատգամավորի անձեռնմխելիությունից ու կալանավորեցին ՝ «փակելով ԿԳԲ-ի նկուղում»։ Այդ ժամանակ ԱԱԾ ղեկավարը Սերժ Սարգսյանն էր։
«Ի դեպ, հետո պարզվեց, որ այդ օրերին Տեր-Պետրոսյանին հորդորել էիր թույլ տալ կրակել ցուցարարների վրա, ինչը մերժվել էր։ Եվ երբ միջազգային ճնշումների արդյունքում ձերբակալված մի քանի պատգամավորներիս բաց թողեցիք, և քո պահանջով ինձ ուղեկցեցին քեզ մոտ, դու փորձում էիր համոզել, որ Վազգեն Սարգսյանն է այդ ամեն ինչի հեղինակը, պատասխանատուն ու մեղավորը։ Հիշում ես իմ պատասխանը… Մի առիթով կհիշեցնեմ։ Այդպես էլ տակից նենգ խաղեր տալու սովորությունիցդ չհրաժարվեցիր…»,- գրել է Հակոբյանը։ 

Պատասխանելով Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի՝ իր հասցեին հնչած վիրավորանքներին՝ Հակոբյանը նրանց բնութագրել է որպես Սերժ Սարգսյանի «լափակերներ» ու ասել, թե սխալվել է՝ կարծելով, որ նրանց Սերժ Սարգսյանը չի ուղղորդում։
«Չես կարողանում մարսել, որ իմ հաղորդումներում և գրառումներում, տալով ստեղծված իրավիճակի գնահատականը, նաև քո վարած իշխանատենչ և պետության հիմքերը գողական «սխոդկայի» ժանրով խարխլած քաղաքականությանն եմ անդրադարձել»։
Վերջում Ռուբիկ Հակոբյանը խոստացել է Սարգսյանին «հանդիպել անլրատվադաշտ տիրույթում»։

«Սե՛րժ, գիտեմ, որ ժամանակին սամասվալներով աշխատած փողերով այսօր առնում ես նաև ընդդիմադիր լրատվամիջոցներին, որոնք կաշկանդված են իմ գրառումներն իրենց էջերում տեղադրել… Նույնիսկ խուսափում են լայքել։ Թքա՛ծ։
Սովոր չեմ տակից խաղեր տալուն և նախապես հայտարարում եմ, որ առաջիկայում կհանդիպենք անլրատվադաշտ տիրույթում»։
 
Ի դեպ՝ Ռուբիկ Հակոբյանի որդին 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին առաջադրված էր Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքով՝ որպես պատգամավորի թեկնածու։ Նա ցուցակում 61-րդ համարն էր։ Հիմա էլ Անդրանիկ Թևանյանի ստեղծած «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ է, իսկ ինքը՝ Ռուբիկ Հակոբյանը, շտաբի պետն էր։ Հիշեցնենք, որ Թևանյան Անդրանիկն էլ «Հայաստան» դաշինքի ցուցակով ընտրվել էր պատգամավոր։

Եվ հիմա, ակնհայտորեն, ՀՀԿ-ին  համակրող Նարեկ Սամսոնյանը և, ըստ Ռուբիկ Հակոբյանի, Սերժ Սարգսյանի կողմից ֆինանսավորվող և ուղղորդվող «Իմնեմնիմի»-ի ներկայացուցիչները քննադատում, հայհոյում, վիրավորում են  Քոչարյանի հետ աֆիլացվող Ռուբիկ Հակոբյանին և Անդրանիկ Թևանյանին։

Եվ հարց է առաջանում՝ ո՞ր կողմն է ճիշտ՝ Թևանյանն ու Հակոբյանը կապ չունե՞ն Քոչարյանի հետ, ինչպես պնդում են Սաղաթելյանն ու Սամսոնյանը, և Սարգսյանին ու ՀՀԿ-ին քննադատում են, անվանարկում առա՞նց Քոչարյանի դաբրոյի կամ հրահանգի, թե՞ Հակոբյանն է ճիշտ, որ «Իմնեմնիմի»-ին ֆինանսավորում և դեպի իրենց է ուղղորդում Սերժ Սարգսյանը։

Բոլոր դեպքերում ակնհայտ է մեկ բան՝ ընդդիմության ջրերը մի առվով չեն հոսում։ Քոչարյանի և Սարգսյանի միջև հնուց եղած հակասությունները նորից ու ավելի սուր կերպով գլուխ են բարձրացրել։
 
Վովա Հակոբյան