Բաժանորդն անհասանելի է

Յոթ ապուշների դիմակների պայթեցումը։

editor
his dudeness | կինոմատեան

--

Բարև ձեզ, ես Դյուդն եմ, և ես ունեմ կախվածություն հեռախոսից։ Այո, խոստովանում եմ, իմ օրվա մեծ մասը ես անցկացնում եմ կամ մեքենայում, կամ հեռախոսում։ Երբեմն՝ երկուսը միաժամանակ։ Ես դեռ հիշում եմ էն ժամանակները, երբ հեռախոսներին ասում էին սոտըվի, ու իրանք դեռ ոչ բոլորի մոտ կային, իսկ ում մոտ կային՝ մենակ զանգելու համար էին։ Իսկ հիմա ես կախված եմ հեռախոսից․ զանգեր, նամակներ, անձնական, գործ, ֆոտո, նորություններ, թերթեր, հեռուստացույց, երեկվա խաղի գոլեր, իրադարձությունների մասին ինֆո, վարչապետ լայվ, վարչապետի լայվի մասին ինչ-որ փորձագետի լայվ, լայվի քոմենթներ, քոմենթների քննարկում չատերում ու լիքը տենց բաներ։ Հա, էդ ամեն ինչ ինձ թույլ ա տալիս շփման և սոցիալիզացման խաբկանք ստեղծել։

Իսկ երբ որ շփումը դուրս ա գալիս օֆլայն, ու հեռախոսները դրվում են մի կողմ (գոնե գրպան), էդ ժամանակ վաղ թե ուշ ինչ-որ մեկը բացում ա հեռախոսներից մեր ահավոր կախվածության մասին թեման։ Էդ մի քիչ ներվայանցնում ա, որովհետև բոլորս սենց գլխով ենք անում, ասում հա՜, ահավոր ա՜, ու տուտ ժե ցուց ենք տալիս իրար երեկ տեսած բոց մեմը։

Չէ, բայց ես համ էլ հասկանում եմ, որ դա լավ չի, ճիշտ եմ ասում։ Օրինակ մի երկու տարի առաջ սքռոլ էի անում ֆիդս, մեկ էլ տեսնեմ՝ սաղ քննարկում են ինչ-որ իտալական կինո։ Նայեցի, պարզվեց Իտալիայում էլ են բոլորը հեռախոսոները սքռոլում ու խոսում նրա մասին, թե ինչ վատ ա հեռախոսներից էդքան կախված լինել։ Ու տենց նկարել են կինո յոթ ընկերների մասին, որոնք մի օր որոշում են սեղանի շուրջ տենց խաղ խաղալ․ իրար բոլոր զանգերն ու սմսները կարդալ ու նայել բարձրաձայն։ Հա-հա-հա։ Մե խինդ մե ուրախուչուն․․․ Մի խոսքով, կինոյի վերջում պարզվեց, որ էս վաղուցվա ընկերները սաղ իրար դավաճանում են, իրար դոմփում են, իրար խաբում են, հարբում են, ու ընդհանրապես՝ լավ չի հասկացվում, թե ինչի են իրանք իրար ընկերներ ու ինչ կապ ունեն ըտեղ հեռախոսները։ Որովհետև մի տեսակ ստացվում էր, որ ով որ հեռախոս ունի, ինքը տականքոտ քաքլան դեմք ա (բացի գեյից ու ջահել աղջկանից)։

Հա, դե բան չասեցի, ահագին հավես պահեր կային, հետո օրվա թեմայով, ես ինձ էլ տեսա ընդեղ իհարկե, բայց մի քիչ, ես տականքոտ քաքլան չեմ։ Հա, ճիշտ եք ասում, շատ կարևոր ա գիտակցել խնդիրը ու էդ կինոն մի քիչ օգնեց դրան։ Էնքան օգնեց, որ դրեցին երեք տարում վեց հատ ռիմեյք արեցին՝ Իսպանիայում, Ռուսաստանում, Մեքսիակյում էլի եսիմուր։ Ու մեկ էլ հո՜պ՝ Հայաստանում։ Դե ես, որպես տիպիկ հեռախոսակախյալ, դրա մասին իմացա հեռախոսից։ Սքռոլ էի անում, մեկ էլ մեկը էս թրեյլերը հայկականի գցեց ու գրեց՝ էս ի՜նչ պլագիատ ա։ Բայց չէ, պլագիատ չէր, օրինական ռիմեյք էր։ Առաջին էդպիսի դեպքը նորագույն հայոց կինոյի պատմության մեջ (եթե չհաշվենք 2,5 Men-ից ծնված Կարգին սերիալը)։ Ու էն էլ ռուսաստանում մեծ հարգանք ու պատիվ վայելող (մինչև Սարիկ Անդրեասյանի հետ աշխատելը ու Հայաստանի Օսկարի տեղին վայիս լինելը) Ցենտրալ Պարտներշիպ ընկերության հայկական արտադարնքը։ Բարո՛վ ես եկել, ՑեՊեՇա ջան։

Եվ ահա, 50+ ինձ լրիվ անհայտ իտալացիների տեղը մեզ բոլորիս քաջ հայտնի Նազենի Հովհաննիսյան, Խորեն Լևոյան, Սոս Ջանիբեկյան ու էլի տենց դեմքեր՝ երեք զույգ ու մի միայնակ Գագո, որտեղ տղաները կարծես դպրոցից ընկերություն են անում։ Մնացած ամեն ինչ նույնությամբ կրկնում ա իտալական կինոն։ Մենակ թե ինստագրամ-մոդելի պես շպարված ու աչքի ընկնող շրթունքներով Նազենի Հովհաննիսյանը հեչ նման փորձառու հոգեբանի, իսկ իրա ու Լևոնյանի, այսպես ասած, քիմիան (էն որ կա Քոչարյանի ու Պուծինի միջև), է՛լ ավելի քիչ ա, քան տաս տարի առաջվա Սպանված աղավնիում էր։

Մնացածը էնքան նույնն ա, որ հայալեզու սցենարի մեջ տեղ ա գտնել նաև նուրբ հումորը “շատ սառը Անգելա Մերկելի” մասին։ Կրկնվում ա տղաներից մեկի մոր ու ծերանոցի թեման, չնայած, որ Հայաստանում էդ էնքան անհավանական ա, որ կարելի էր մի ուրիշ բան մտածել։ Էլի կա տան տերերի (սպանված աղավնիների կատարմամբ) համարյա 19 տարեկան աղջկա առաջին սեքսի թեման ա ու էդ կոնտեքստում լրիվ անհավանական զրույցը հոր հետ։ Եվ դա անհավանական ա, ոչ միայն որովհետև Հայաստանում տենց չի լինում, այլև որովհետև էդ ընտանիքը ֆիլմում ցուցադրված ամեն ինչով հեչ նման չի առաջադեմ, ազատատենչ, արևմտակերպ ընտանիքի, որտեղ հայրը, չնայած, որ սա Հայաստանն է, պատրաստ ա իրա աղջկան խորհուրդներ տալ առաջին գիշերվա մասին (լավ ա, որ հանել էին էն պահը, որ հայրը նաև աղջկան պահպանակներ ա տվել, just in case)։ Ու նույնիսկ լրիվ նույնությամբ Հայաստան ա տեղափոխվել ԼԳԲՏի մասին գիծը։ Ի դեպ, էդ շատ լավ ա, որ չեն վախեցել թեմայից, ապրեն։

Չէ չէ, ինչ եք ասում, չեմ բողոքում։ Նորմալ ֆիլմի նորմալ ռիմեյք էր։ Դերասանները նորմալ են խաղում, չնայած Սոսի կերպարն ա չափազանց կարիկատուրա դարձել, ու ոչ մի ձև չի ստացվում հավատալ, որ ինքը էն մյուսների դասարանցին ա։ Փրոդաքթ փլեյսմենթն էլ կուրորեն չէին արել, ամեն ինչ կապված էր հեռախոսների հետ (ընդգծելու համար գլխավոր թեման)։

Ի՞նչն էր պակասում։ Ճիշտն ասած, կինոքննադատության մեջ ամենամեծ սխալն ա քննարկել էն, ինչ չկար, բայց լուրջ էլի, ռիմեյքը ու՞մ ա պետք, եթե ուղղակի թարգմանված տեքստ ա։ Իմ հեռախոսակախյալ պատկերացմամբ ռիմեյքը պիտի ադապտացիա լինի էլի, պատմությունը պիտի ինտեգրվի ընդեղ, որտեղ նկարվում ա։ Պետք ա մի քիչ Հայաստան երևա էլի։ Իսկ ստեղ Հայաստանի մասին հիշացնող միակ բանը Սոսի քյառթ կերպարն էր, որը մի տեղ էլ ասում ա, որ հայ տղեն պիտի ունենա երեխա, ցանկալի ա տղա (չեմ հիշում՝ իտալացիների մոտ դա կար, թե չէ)։ Բայց լավ, քանի որ չի կարելի խոսել չեղածի մասին, փակում եմ էս պարբերությունը։

Ինչ էի ասում։ Հա, ուղղակի ես, որպես հեռախոսից կախված մարդ (այո՛, ընդունում եմ, զղչում եմ, բայց էլի կախված եմ) էս ֆիլմից տենց էլ չհասկացա, թե ինչով են հեռախոսները էդքան վատը։ Ասեմ ավելին, ինչպես իտալական տարբերակից հետո, հայկականից էլ նույն բանը մնաց․ սա ոչ թե ֆիլմ էր նրա մասին, թե ինչ են անում մեր հետ հեռախոսները, այլ ինչ տականք յոթ հոգի էին (օք, 5 տականք ու երկու հարիֆ) հավաքվել իրար հետ գինի խմելու։ Իսկ տհաճ մարդկանց մասին ֆիլմ նայելը, ու չկարողանալ կարեկցելը, հեշտ բան չի։

Էս էի ուզում ասել, կներեք, որ շատ ձգեցի, (չնայած, ոնց տեսնում եմ, ավելի շատ հեռախոսների մեջ էինք, քան ինձ էիք լսում), հիմա թող շրջանի մեջ մյուսները խոսեն, իսկ ես նոր մեսիջ ստացա, մի հատ լավ էմոջի ընտրեմ, կներեք։

--

--