Համո Սահյան: Տար ինձ ժամանակ

Page 1

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

1914-1993

Բանաստեղծ Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է Սիսիանի շրջանի (Սյունիքի մարզ) Լոր գյուղում: 1937 թ. ավարտել է Բաքվի երկամյա հայկական ուսուցչական ինստիտուտը: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում... Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս երեսունական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ:

1. ՏԱՐ ԻՆՁ, ԺԱՄԱՆԱԿ

Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ, Ես ետ մնալուց շատ եմ վախենում: Հուշերից որքան հեռու եմ կենում, Մեկ է, կապում են թևերս նրանք:


Ակնթարթի մեջ դու կուլ ես տալիս Այնպիսի մի նոր հավիտենություն, Որ խոսքս հազիվ հասած բերանիս, Դառնում է արդեն խորին հնություն:

Դուրս հանիր ինձ այս մթին կիրճերից, Որ քեզ հասկանամ և ինձ ճանաչեմ: Փրկիր ինձ այս խուլ ախ ու ճիչերից, Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ:

Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ, Որ ես դադարեմ հանդարտ հոսելուց, Ինձնից խոսելուց քեզնից չամաչեմ, Ինձնից չամաչեմ քեզնից խոսելուց:

Տուր ինձ քո ոգին, քո միտքը ներհուն, Առ ինձ հանճարեղ քո տարերքի մեջ, Որ չմոլորվեմ քո ոլորտներում Եվ իմ հոգու բարդ տիեզերքի մեջ:

Պարզեցրու, զտիր խոհերն իմ խառնակ, Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ: 2. ԱՅՍ ՔԱՐԱՆՁԱՎՆԵՐՆ

Այս քարանձավներն` անկոպ ու անբիբ Աչքերն են անգիր հավիտենության:


Այս պարզ ու պղտոր գետերն աշխարհի Ասքերն են անգիր հավիտենության: Կիրճեր կուլ տված կիրճերն այս մթին Պատկերն են անգիր հավիտենության: Արեգակն, անձրևն, օդն այս` մեզ տալիք Պարտքերն են անգիր հավիտենության: Կռիվ, կոտորած, դավ ու դառնություն— Մեղքերն են անգիր հավիտենության: 3. ...ԵՎ ԱՐԺԵ՞Ր ԱՐԴՅՈՔ

...Եվ արժե՞ր արդյոք, որ աշխարհ գայիր: Մի տուն, մի գլուխ պահելու համար, Ժամանակավոր Մի անմահություն շահելու համար Արժե՞ր, որ այդքան կորուստներ տայիր:

Արժե՞ր, որ այդքան ժայռեր փշրեիր Քարքարոտ մի հուն մտնելու համար, Պարզ ու նախնական Մի ճշմարտություն կրկնելու համար, Մի բուռ ինքնություն գտնելու համար Արժե՞ր, որ այդքան, այդքան փրփրեիր:

Արժե՞ր, որ այդքան դու քեզ քրքրեիր, Երբ որ ուժերդ չէին ներելու` Քո իսկ էության


Փախած բևեռներն իրար բերելու, Արժե՞ր, որ այդքան հոգսեր կրեիր:

Երբ ամպրոպի պես չէիր պայթելու, Չէիր վանելու այս մեղկ մարդկության Եվ մարդու մեղքերն` աշխարհից հեռու, Արժե՞ր, որ այդքան դու որոտայիր, Եվ արժե՞ր արդյոք, որ աշխարհ գայիր: 4. ՈԻՇ ԱՇՆԱՆ ԵՐԳԸ

Չվող թռչուններն անցան գնացին Պարան առ պարան, Շարան առ շարան անցան գնացին: Ականջների մեջ Վերջին որոտի կանչերը տարան Ու վերջին կանաչ-կարմիրը տարան Իրենց թեերին: Աչքերում իրենց թափուր մնացած Բույն-օջախների պատկերը տխուր Եվ կտուցներին` իրենց թափառիկ, Անգուշակելի ծիվ-ծիվը տարան: Չվող թոչուններն անցան գնացին Շարան առ շարան... Մնացողները կծիկ են դառնում Թրջվելու վախից Եվ կամաց-կամաց բներն են քաշվում:


Ծառերը մրսած մատ ների վրա Իրենց քրքրված ստվեր-կմախքի Կողերն են հաշվում: Մի ուշքը շաղված շնչահատ քամի, Շուրթերի վրա Խոնավ շրշյունը խազալ-խաշամի, Սատանան գիտի թե ո՞ւր է տանում: Ցուրտ է, կմեռնի մամուռն անտառում: 5. ՄԻ ՏԵՂ ԻՇԽԱՆ ՈՒ ՏԵՐ

Մի տեղ իշխան ու տեր, Մի տեղ համեստ հովիվ, Մի տեղ ճորտ եմ եղել, Մեկին մոտ-մտերիմ, Մեկին հազիվ ծանոթ, Մեկին խորթ եմ եղել: Մի օր զարթնած անտառ, Մի օր հնձած հովիտ, Մի օր կորդ եմ եղել: Ինչ եղել եմ, եղել,— Միայն չասեք, թե ես Ավելորդ եմ եղել: Ես կատարյալ մարդու, Մարգարեի, աստծո Հավակնորդ եմ եղել: Ես և բարձր եմ եղել,


Եվ շիտակ եմ եղել Իմ երազի նման, Եվ իմ անցած երկար Ճանապարհի նման Խորդուբորդ եմ եղել: 6. ՍԱՐԱՀՈՎԻՏ

Իմ հեռավորհեռու սարահովիտ, Երգս բույրն ունենար սևահողիդ:

Իմ հեռավորհեռու սարահովիտ, Երգս շունչն ունենար սարահովիդ:

Իմ հեռավորհեռու սարահովիտ, Երգս կանչն ունենար սարահավիդ:

Իմ հեռավորհեռու սարահովիտ, Երգս ոտքերն ընկներ արարողիդ: 7. ԻՐԱՐ ՓՆՏՐԵՆ

Լուսաբացի թավշյա փեշով սրբեմ Ծիր-կաթինոտ ճակատն իմ Սալվարդի, Հոգնած իմ տարիքից չնեղսրտեմ, Խմեմ պաղ ջուրն ու կաթն իմ Սալվարդի:

Ժամանակին, հողմին, հողին խնդրեմ,—


Որ բարձրանան սապատն իմ Սալվարդի Եվ նախաստեղծ սիրով իրար փնտրեն Խռով քարայծն ու մարդն իմ Սալվարդի: 8. ԲԱՑՎՈՂ ՕՐՎԱ ՀԵՏ

Բացվող օրվա հետ վեր թռան հանկարծ Լույսի խտուտից զարթնած սարերը,— Իրար շալակած սարը բարձրացան Իրար պաղ ու շոգ շնչառությունից Քրտնած սարերը: Միջօրեի հետ շտկեցին իրենց— Իրենց ինքնության խորք ու ձևերով— Հեռացան քիչ-քիչ իրար հրելով, Եվ բաժանվեցին դաշտ ու ձորերով Իրար կռնակի կռթնած սարերը: Թեքվող օրվա հետ թեքվեցին կարծես, Ամպ ու ժպիտներ փոխանակեցին Եվ մոտենալով սիրտ տվին իրար— Իրար շվաքից խրտնած սարերը... Իրիկնաժամի մշուշների հետ Իրար շալակած իջնում են սարից Խուլ, խորհրդավոր, մթնած սարերը: 9. ԱՇՆԱՆԱՄՈԻՏԻ ՋՐԵՐԸ ԲԱՐԱԿ

Աշնանամուտի ջրերը բարակ Նորից մասուր են բերում սարերից,


Սպիտակ ու պաղ փրփուրների մեջ Ալ-կարմիր հուր են բերում սարերից:

Առաջին սերս քրքրվեց, մնաց Մասրենիների փշերի վրա... Եվ մասուրի հետ ջրերն` առաջին Սիրո սարսուռ են բերում սարերից: 10. Ի՞ՆՉ է ԱՍՈԻՄ

Ի՞նչ է ասում ճամփորդներին Հալված-մաշված այս կածանը, Ժամանակին հազար ու մի Քայլեր հաշված այս կածանը, Անցող-դարձող քարավանի Ծանր ու դանդաղ ոտքերի տակ Մեջքը կոտրած« կուրծքը պատռած, Հոգնածտանջված այս կածանը, Մեծ աշխարհի մեծաժխոր Ճանապարհից հեռու քաշված, Հիսուսի պես, ապառաժի Կողին խաչված այս կածանը: 11. ՉՀԻՇԵԻ ՔԵԶ

Հեռանայի, հեռանայի, Մոռանալով մոռանայի, Չհիշեի քեզ:


Ծովն ընկնեի խելքիս ձեռից, Ակունքներից և ափերից Փախած գետի պես:

Եվ ջրերում դառն ու անհուն Կորցնեի տոհմ ու անուն, Ու կորչեի ես... Թեկուզ բախտից գոհանայի, Բայց ինձ ծովից գողանայի, Նորից տայի քեզ: 12. ՋՐԻ ՊԵՍ

Կռիվ տայի անդադար Ու փրփրեի ջրի պես: Թափառեի քարե-քար, Քար փշրեի ջրի պես: Լվանայի քեզ, աշխարհ, Ու մաքրեի ջրի պես: Քչքչայի սարն ի վար, Մարգ ջրեի ջրի պես: Միայն ջրելու համար Վիզ ծռեի ջրի պես: Շողեր, շողեր հագնեի, Ցող ցրեի ջրի պես: Թող գեթ մի օր ապրեի, Բայց ապրեի ջրի պես:


13. ԵՐԵԽԱՅԻ ՊԵՍ

Հացից խռոված երեխայի պես, Ինչ անեմ-չանեմ, հացին եմ նայում: Քունս թռցրել, բայց արի ու տես, Բարձից փախչելով, բարձին եմ նայում:

Ամենքի համար ամեն ինչ արել, Նստել արածիս վարձին եմ նայում. Գժված գլուխս ափիս մեջ առել, Անցած օրերիս դարձին եմ նայում: 14. ԵՎ Ի՞ՆՉ է ՏՎԵԼ

Եվ ի՞նչ է տվել ինձ բնությունը,— Հավիտյան նորոգ իր հնությունը, Իր ջրվեժների անքնությունը Եվ հոգնահոլով իր կրկնությունը... Իր քարափների համբերությունը, Իր խղճի առաջ իր գերությունը, Իր անդունդների տարողությունը, Սեփական վերքերն ապաքինելու Կարողությունը... Իր սևահողի խոնավությունը, Մասրենու փշոտ խոնարհությունը... Ինքնաբաշխումի ուրախությունը, Ինքնամերժումի խիզախությունը,


Ինքնության պատիվն ու թանկությունը, Ինքն իր մեծությամբ չպարծենալու Երջանկությունը... 15. ԹԵԹԵՎ ԼԻՆԻ

«Թող հողը թեթև լինի թեզ վրա»... Եվ հետո ծանր մի քար են ղնում Այդ հողի վըա: Եվ հետո ծանր մի դար է նստում Այդ քարի վըա: Եվ հետո հողի մի սար է նստում Այդ դարի վըա... «Թող հողը թեթև լինի քեզ վրա»: 16. ՈԻ ԵՍ ԵԿԱ

Արդեն չգալ չէի կարող, Ինչ էլ լիներ, պիտի գայի: Ու ես եկա... Ասում են թե Թոնրի շուրթին ուշաթափվեց Խրտնած շողքը լուսնյակի, Լուսաբացի մի պատառիկ Երդիկն ի վար թրթռալով, Ընկավ մորս հոգնած բարձի Եվ իմ անհոգ բախտի վրա: Երդիկն ի վեր թրթռալով Իմ առաջին ճիչը թռավ


Եվ առաջին ծիծեռնակի Ծիվ-ծիվի հետ Քիվից կախվեց բակի վրա: Իրարանցում եղավ հետո Խաչիպապենց հին հոդայում... Պապս ասաց.— Տեր երկնայի՛ն, Քո փառքը շատ, իմ աչքը լույս, Տանս մի սյուն, Մի գերան էլ ավելացավ: Խաչակնքեց իր երեսին Ու մրմնջաց տատս մի բուռ. — Անխիղճ աստված, այս ի՞նչ արիր, Խեղճ ու կրակ սուփրիս վրա Մի ավելորդ գդալ բռնող, Մի բերան էլ ավելացավ: Ինքն իրենից ամաչելով Հայրս անցավ սյունի ետև, Սրբեց քրտինքն իր ճակատի Եվ աչքերի արցունքը տաք Ու երևի մտքում ասաց. — Արտ ու կալում ցավիս ընկեր Գութան քշող ու կամ քշող Մի ճիպոտ էլ ավելացավ... Առան-տվին, տվին-առան, Ու ոչ մեկը գլխի չընկավ, Որ աշխարհի կանաչ-կարմիր


Երազների ետևն ընկած Երկու ոտ էլ ավելացավ: Երազներից քարե ծաղիկ Եվ քարեղեն հեքիաթ հյուսող Երկու ձեռք էլ ավելացավ: Ու թեկուզ այս մեղքերը շատ, Վերքերը շատ աշխարհի մեջ Մի նոր մեղք էլ, Մի նոր վերք էլ ավելացավ, Բայց նրա մեծ համերգներում Մեր աշխարհի համ ու հոտով Մի նոր երգ էլ ավելացավ: 17. ԱՅՆՊԵՍ ԵՍ ԳԱԼԻՍ

Այնպես ես գալիս, այնպես գնում, Ով դու արարող և ավերիչ, Որ դժվար է մարդ գլխի ընկնում՝ Բերածդ ի՞նչ էր, տարածդ ի՞նչ:

Գալիս ես որպես իրարանցում, Եվ անց ես կենում որպես երազ. Կյանք իմ, դու ձրի ներկայացում,— Բայց ինչքան թանկ ես նստում վրաս: 18. ԱՂՈԹԱՐԱՆ ՍԱՐԸ

Ձէ, աշխարհի սարերի մեջ


Չուներ հավասարը — Հարգանքը մեծ ու սիրտը մեծ Աղոթարան սարը: Չգիտեիր ո՞վ էր թռչում — Դո՞ւ, թե ճանապարհը, Երբ զարթնում էր ու չէր ննջում Աղոթարան սարը:

Հավք ուզեիր, նա քեզ կտար Մեկի տեղ հազարը, Հավքի բույն էր փեշից–կատար Աղոթարան սարը:

Ծաղիկ ասես, ծաղիկներով Կպահեր աշխարհը... Ուրախ էր իր տալիքներով Աղոթարան սարը: Հյուրը հանկարծ ծարավ մնար, Իզուր չէր հուսալը, Սրտից աղբյուր կհաներ նա՝ Աղոթարան սարը:

Մտածե՞լ ես դու երբևէ, Թե ի՞նչն է պատճառը, Որ դարձել է բախտիդ բևեռ Աղոթարան սարը:


Ինչի՞ց է, որ չի սպառվում Երգի քո պաշարը,— Լոկ նա գիտե այս աշխարհում — Աղոթարան սարը:

Նրանից է սնունդ առնում Քո երգերի ծառը... Բայց դու արդեն չես բարձրանում Աղոթարան սարը:

Սարսռում է ինչ-որ ձորում Գերեզմանիդ քարը, Նայում, գլուխն է օրորում Աղոթարան սարը:

Տարին օր է, օրը՝ տարի, Դու տես գլխիդ ճարը, Էլ կածանը քեզ չի տանի Աղոթարան սարը: 19. ԳՈԻՑԵ ՀԵՆՑ ԱՅՍՏԵՂ

Ինձ թվում է, թե մի քանի անգամ Հերքել եմ արդեն Ես անդարձության օրենքն անողոք: Մի քանի անգամ գնացել-եկել, Ապրել եմ այսպես և ապրում եմ դեռ:


Ինձ թվում է, թե մի քանի անգամ Ամենավերջին վերջինն եմ եղել Եվ սպասում եմ վերջնական վերջին: Ինձ թվում է, թե մի քանի անգամ Տեսել եմ արդեն հավիտենության Ամենավերջին ակնթարթը ես, Որից դենը դեռ Կա մի անսահման հավիտենություն: Ինձ թվում է, թե մի քանի անգամ Եղել եմ արդեն անսահմանության Ամենավերջին սահմանի վրա, Որից դենը դեո Կա մի անվախճան անսահմանություն: Եվ ի՞նչ իմանաս չենք հանդիպելու Ամենավերջին հավիտենության Ամենավերջին ժամի ժամանակ, Ամենավերջին անսահմանության Ամենավերջին սահմանի վրա, Գուցե հենց այստեղ և այս նույն պահին: — Խփիր, այս պահի կենացը խմենք, Մի վայրկյան հետո գուցե չլինենք: 20. ԵՐԴԻԿՆ Ի ՎԱՐ

Երդիկն ի վար երկնքի խաղ, Առավոտ, Լույսի հոտ է, մոր ծոցի հոտ,


Հացի հոտ:

Զարթնած հովիտ, թրջված հովեր, Բոբիկ ոտ: Ցողի հոտ է, ծիծաղի հոտ, Շողի հոտ:

Արևկող լանջ, մրկած կածան, Տապ ու տոթ: Քարի հոտ է, օշինդրի հոտ, Ուրցի հոտ: Թախկած ձյուներ և ծաղիկներ Ձյունի մոտ: Քամու հոտ է, բարձունքի հոտ, Ամպի հոտ:

Ծմակն ի վար խոնավ խութեր, Խոնարհ խոտ Մամուռի հոտ, սարսուռի հոտ, Սունկի հոտ:

Ահռելի ձոր, մաշված առու, Մրսած օդ, Ցավի հոտ է, անձավի հոտ, Մութի հոտ:


Մի բուռ հանգիստ պապիս մի բուռ Հողի մոտ, Մորմոքի հոտ, արցունքի հոտ, Խնկի հոտ: 21. ՀՈՂՈՏ, ՄՂԵՂՈՏ

Հողոտ, մղեղոտ մի մութ էր հագնում, Հետո լուսնյակ էր հագնում մեր տունը: Կտուրին բարղու ստվերն էր քնում, Եվ շեմքի վրա քնում էր շունը:

Կիսարթուն քամին կտուրից թոչում, Ցանկապատին էր հենում կռնակը: Անթեղի վրա կատուն էր ննջում, Իսկ անթեղի տակ հոգնած կրակը:

Բակում փուլ գալիս և առոք-փառոք Որոճում էին օրհնած եզները: Տան կտուրի տակ արթուն էին լոկ Հողոտ, մղեղոտ մեր երազները:

Ամոան գիշերը գլուխը հակում, Ծնկները գրկում ու մտածում էր... Իսկ երազները աչք էին փակում, Երբ որ լուսաստղը աչքը բացում էր:


Հողի տակ են մեր հոգսերը անհոգ, Բարդու շրշունր, շունը, գիշերը, Իսկ հողի վրա խշխշում են լոկ Հողոտ, մղեղոտ իմ վերհուշերը: 22. ՆՈՐԻՑ ԿԱՐՄԻՐ ՈՒ ԿԱՆԱՉ

Նորից կարմիր ու կանաչ Իմ երազները Բաց են արել մեր հին տան Հին դարբասները:

Մայրս խմոր է արել, Սպիտակ խեժ է, Խեժը գնդել է, շարել, Թոնիրը թեժ է:

Հացը բուրում է՝ հողից Մինչև եթերը... Խղճիս ստրուկն եմ նորից Ու գլխիս տերը:

Աշխարհն այնպես արևոտ, Այնպես թեթև է, Եվ մահս՝ յոթ անգամ յոթ Լեռան ետև է:


Նորից կարմիր ու կանաչ Իմ երազները Բաց են արել մեր հին տան Հին դարբասները: 23. ՈԻՐ ՈՐ ՆԱՅՈԻՄ ԵՄ

Ուր որ նայում եմ, քարե բարձունք է, Քարե արցունք է, քարե ժպիտ, Քարե սարսուռ, է ու քարե սունկ է, Քարե ծաղկունքի քնքշանք է բիրտ։

Քարերի վրա քարե վագրեր են, Ուր-որ է պիտի պատռեն իրար։ Քարե երգեր են, քարե վանքեր են, Քարե հավքեր են քիվերն ի վար։

Քարե մրրիկ է ու քարե բուք է, Քարե բողոք է ու քարե բերդ, Քարե շեփոր է, քարե թմբուկ է, Քարե թափոր է, քարերի երթ...

Քարե ընդվզում, քարե տանջանք է, Քարե ավար է, առևանգում... Քարե զարմանք է ու զարհուրանք է, Քարե թռիչք է, քարե անկում։


Քարե ամպրոպ է ու ծիածան է, Քարե լծկան է ու քարե մաճ. Քարե մագաղաթ, քարե մատյան է, Քարե խորհուրդ է ու քարե խաչ։

Մեր բաժին աստված, քո սիրտն էլ քար էր, Որ մեզ քարերը տվիր նվեր, Բայց քո կյանքը կարճ, մերը երկար էր, Ու երկարում է քարերն ի վեր։ 24. ԳՆԱՄ ԳՅԱԶԲԵԼԻՍ

Գնամ Գյազբելիս հողմերը շնչեմ, Գնամ հովեըը շնչեմ Գյազբելիս, Թրջված ամպի մեջ թևերս թրջեմ, Ու թևերի տակ ննջեմ Գյազբելիս։

Գնամ Գյազբելիս զմրուխտով հարբեմ, Ելնեմ երկինքոտ ժայռերը նրա Եվ ներշնչանքիս խորհուրդով չափեմ Արծվի ճախրանքը վիհերի վրա։

Գնամ շուրթերը համբուրեմ՝ նրա Ծաղիկների մեջ ծվարած ձյունի, Փռվեմ Գյազբելիս փեշերի վրա Ու խղճամ նրան, ով Գյազբել չունի։ 25. ՈՒՐԻՇ ԱՄՊԵՐ ԵՆ...


Ուրիշ ամպեր են նստել սարերին, Ուրիշ մամուռ է ծաղկել քարերին, Ուրիշ աչքեր են նայում արևին։ Միայն սարերն են նույնը մնացել, Միայն քարերն են նույնը մնացել, Միայն արևն է նույնը մնացել։ Դու ամպի նման փարվիր սարերին, Մամուռի նման ծաղկիր քարերին, Հրճվիր արևով, նայիր արևին։ Արևին նայող աչքերն համբուրիր, Սարերին փարված ամպերն համբուրիր, Քարերին ծաղկած մամուռն համբուրիր, Մեծ ելումուտի այս դուոն համբուրիր... Համբուրիր ճամփան անցավորներիղ, Հիշատակները մերձավորներիդ, Խոնարհվիր նրանց շիրմաքարերին... Ով գնաց, գնաց,— էլ ետ չի գալու, Ու եկողներն էլ խորհուրդ չեն տալու՝ Փնտրել անհնարն ու անկարելին։ 26. ՄՈՌԱՆԱԼ ԿՏԱ

Ես կգամ, դուռդ կբանաս, Կընդունես մոլորված որդուդ, Աշխարհի բոլոր հողմերով, Հովերով օրորված որդուդ,


Վաստակած և՛ փուշ, և՛ դափնի, Ցամաքներ ու ծովեր անցած, Եվ նորից երեխա դարձած Ու հացից խռոված որդուդ։

Ես կգամ կնստեմ հողիդ, Եվ հողդ զորանալ կտա, Ամեն մի քարդ՝ ինձ կառնի — Մտքիս մեջ խորանալ կտա։ Արտույտներն ինձ արտ կտանեն, Կկանչեն կկուներն՝ անտառ, Կաքավը «շաղ-կղա» կասի, Տարիքս մոռանալ կտա։ 27. ԲԱՌԱՉԸ

Անտաոն ասես Ծիր-կաթինից էր կախված, Ոտից-գլուխ, ոտից-գլուխ թաթախված Առավոտի շողաթաթախ ցողերով, Առավոտի ցողաթաթախ շողերով։ Հավքը հավքի բերանից խոսք էր խլում. Ողջ անտառն էր մի հավք դառած ծլվլում: Ղողանջում էր ծլվլոցի մեջ կանաչ Եղջերուի ցողաթաթախ մի բառաչ։ Ցողաթաթախ երանություն։ Եվ հանկարծ Հեռու–հեռվում, մի խուլ որոտ, ծուխ ու կայծ... Ու ձորն ընկավ անտառի աչքի առաջ


Եղջերուի արնաթաթախ մի բառաչ...

Անտառն ասես Ծիր-կաթինից էր կախված, Ոտից-գլուխ արցունքի մեջ թաթախված։ 28. ԱՄՊՐՈՊՆԵՐԻՑ ՀԵՏՈ...

Ամպրոպներից հետո հեղեղները երկար Թավալվում են, թռչում, ափերին են տալիս։ Անձրևներից հետո դեռ ամպերը երկար Գլուխները սարին ու բարին են տալիս: Փոթորկից հետո՝ թևերը կախ ծովի Ալիքները երկար փրփրին են տալիս։ Իմ այս երկար կյանքում Շատ եմ տեսել, մարդիկ, Մայրամուտի կարմիր հոգեվարքից հետո Քարափները երկար կարմրին են տալիս։ 29. ՆԵՂՎՈՒՄ ԵՄ...

Նեղվում եմ, խփում են կրծքիս, Ես գոհ եմ, իրենք են դժգոհ, Ներում եմ, նստում են գլխիս, Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։

Առնում են ու ետ չեն տալիս, Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։ Մեռնում եմ, երբ ուշ են գալիս,


Ես զոհ եմ, իրենք են դժգոհ։ 30. ՊՏՈԻՂԴ ՔԱՂՈՂ ՉԿԱ

Պտուղդ քաղող չկա, Մասրենի, սարի մասրենի, Պատիվդ պահող չկա, Մասրենի, բարի մասրենի։ Ասում են՝ էլ մարդ չկա, Որ փնտրի քնքշանքդ փշոտ, Քեզ գրկի ու տաքանա, Մասրենի, ժայռի մասրենի։

Երեսիդ նայող չկա, Մասրենի, վայրի մասրենի, Կրքերիդ կրակը քեզ Թող այդպես այրի, մասրենի... Կանգնել ես քո բարձունքին, Մեկուսի, մենակ, մենավոր... Իմ երես առած դարում Դու լքված այրի, մասրենի։ 31. ԿԱԾԱՆՆ ԻՆՁ ՏԱՆԵՐ

Կածանն ինձ տաներ անտառը՝ ցախի, Անտառն իմ գլխին ուլունքներ թափեր։ Սուլոցի փոխվեր սարսուռն իմ վախի, Եվ ոչ մի շշուկ ոտքս չկապեր։


Կացինս թողած կաղնու փչակում, Պարանս ժայռի փեշերին թողած, Շապիկիս թևքը՝ մասրենու ճանկում, Փեշքը՝ մոշենու փշերին թողած,

Թռչեի թրջված հավքի ետևից Եվ չբռնեի մինչև իրիկուն... Հարցնեի հողից, ջրից, աստղերից.— Գտնեի կածանն ու դառնայի տուն:

Հայրս ինձանից բան չհարցներ, Չնայեր ոչ մի խնդիրք ու լացի, Ինձ «պարան, կացին ու ցախ դարձներ»... Եվ մայրս կանչեր իրիկնահացի։

Քթիցս կարծես ծուխ է բարձրանում... Ինչո՞ւ է կորածն այսքան քաղցրանում։ 32. ԿԱԾԱՆՆԵՐԸ ՃՉՈՒՄ ԵՆ ԱՅՍՏԵՂ

Կածանները ճչում են այնտեղ, Ջրվեժները լռում են։ Ծաղիկները թռչում են այնտեղ, Թիթեռները բուրում են։

Ստվերները խեղդվում են շոգից,


Բարդիները մրսում են... Մեր տանը—մեռածներն են, հոգիս, Ապրողները դրսում են։ 33. ԱՅՍ ԻՄ ՀՐԱՇՔ ԱՇԽԱՐՀՆ Է

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր Գլխիվայր են ծառերն աճում, Եվ ջրվեժներն ալեփրփուր Դեպի երկինք են շառաչում։

Սարը սարից ամպ է խլում, Ջուր է խմում ձորը ձորից, Երկնքի մեջ արտ է ծլում, Ու երկինք է բուսնում հողից...

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր Շողքը տեր է, շվաքը՝ հյուր։ 34. ԼԵՌՆԵՐԴ ԳՆՈՒՄ...

Լեռներդ գնում, մտնում են երկինք, Ձորերդ գալիս, կիրճերն են մտնում: Խավարն է խրտնում բարձրության ահից, Խորության ահից աստղերն են քրտնում։

Լեռներդ կանգնել սարահարթերին, Իրարից ամպ ու ստվեր են խլում,


Եվ որձաքարե սաղավարտներին Հավիտենության աստղեր են կրում։

Ցուրտ ամպրոպների շնչին են խառնում Աշխարհաստեղծման թեժությունը դեռ — Եվ կայծակների թառեր են դառնում Ապառաժներիդ եղջյուրները կեո։

Կիրճերիդ խորքում անանցանելի՝ Զրվեժ են դառնում, փրփուր ու ավազ— Նախապատմական քարանձավների Խորհուրդը պղտոր ու քրտինքը պարզ։

Քո կիրճերից ջուր խմելու համար Ամպերը յոթ սև քրտինք են թափում, Եվ ընկուզենու արմատը համառ Յոթ յոթգլխանի ժայռ է շաղափում։

Լցվել եմ քեզնով ու երգ եմ ասում... Բայց ոչ լեռներիդ բարձունքն անառիկ, Ոչ էլ կիրճերիդ հատակն է հասնում Իմ ծղրիդային երգը միօրիկ։ 35. ՕԳՆԱԿԱՆԸ ԵՍ ԵՄ

Քույրս մասուր է քաղում, Օգնականը ես եմ։


Հայրս աղուն է աղում, Օգնականը ես եմ։ Մայրս ալյուր է մաղում, Օգնականը ես եմ։ Տատս խմոր է շաղում, Օգնականը ես եմ։ Պապս կախան է կախում, Օգնականը ես եմ։ Հոգնել է բոցն օջախում, Օգնականը ես եմ։ Ով ինչ անի մեր թաղում, Օգնականը ես եմ... Վերջ - հոգեվարք ու թաղում. Օգնականը ես եմ... Տեսնենք ինձ ո՞վ է թաղում. Ո՞վ կա... Տանը ես եմ,– Օգնականը ես եմ։ 36. ՋՈՒՐՆ ԱԿՈՒՆՔԻՑ ՉՀԵՌԱՆԱ

Ջուրն ակունքից չհեռանա, Երկրի վրա ծով չի լինի, Բայց ակունքը թե մոռանա, Աշխարհի սրտով չի լինի։

Ջրի նման դու աշխարհ եկ, Որ ջուրը քեզ չտանի, երգ։


37. ԱՎԱՂ, ԻՆՉՈ՞Ի ՆՈԻՅՆՆ է ՆԱԵՎ

Նույն երկինքն է գլխիս վերև, Ու ոտքիս տակ նույն կածանը, Բայց ուրիշ են ամպ ու անձրև, Եվ ուրիշ է ծիածանը։

Նույն արևն է գլխիս վերև, Ու ոտքիս տակ նույն մարգերը. Բայց ուրիշ են ծաո ու տերև, Եվ ուրիշ է այգու տերը։

Նույն աստղերն են գլխիս վերև, Ու ոտքիս տակ նույն ափերը. Բայց ուրիշ է ջուրն, արդարև, Եվ ուրիշ է նրա բեոը։

Նույն տանիքն է գլխիս վերև, Ու ոտքիս տակ նույն հատակը. Ավա՜ղ, ինչո՞ւ նույնն է նաև Մեզ րաժանող ամբարտակը։ 38. ԻՆՁ՝ ՎԱԽԵՆԱԼՈՒ ԽԻԶԱԽՈՒԹՅՈՒՆԸ

Ինձ՝ վախենալու խիզախությունը, Ինձ՝ տառապանքի ուրախությունը, Ինձ՝ այս կածանի մտերմությունը,


Ինձ՝ հողի հանդեպ այս ջերմությունը։ Ինձ՝ այս քարափի ընկերությունը, Ինձ՝ երգի տաժանքն ու գերությունը... Մնացածը՝ ձեզ, Ձեզ՝ այս աշխարհն ու այս տերությունը։ 39. ԱՐԵՎ Է, ԱՆՁՐԵՎ Է ԳԱԼԻՍ

Արև է, անձրև է գալիս. — Էհ, գայլը ցկնում է։ Խնձորը կարմրին է տալիս Եվ ծաոից ընկնում է։

Նայում ես այսօրվա օրին, Շիկնում, ամաչում ես, Նայում ես ընկնող խնձորին, Տխրում, հաոաչում ես։

Ուզում ես լաց լինել մի կուշտ,— Որ օրն աչքից ընկնում է, Իսկ գայլը ուրախ է անշուշտ, Գայլին ի՛նչ, ցկնում է։ 40. ՔԻՉ Է ՄՆՈՒՄ...

Քիչ է մնում թե մանկանամ, Ելնեմ նորից, Գյազբել գնամ, Նորից մանուկ գիշերի հետ


Խաղամ աստծու փեշերի հետ... Քունս տանի, մի քիչ ննջեմ, Երազիս մեջ երկինքն հնձեմ... Ամպը բռնեմ լծեմ կամին, Ճիպոտ անեմ լեռան քամին, Քշեմ, էլ բան չհարցնեմ, Հարդագողը հարդ դարձնեմ, Հարդից ջոկեմ աստղ ու լուսին Ու տուն բերեմ լուսը-լուսին։ 41. ԱՄՊՐՈՊԻՑ ՀԵՏՈ

Ամպրոպից հետո Երկինքն ավելի կապույտ է լինում, Խոտերն ավելի կանաչ են լինում Ամպրոպից հետո։ Ամպրոպից հետո Ճերմակ շուշանը ավելի ճերմակ, Կակաչն ավելի կարմիր է լինում Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։ Ամպրոպից հետո Սարերն ավելի բարձր են երևում, Խոր են երևում ձորերն ավելի, Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։ Ծառերն ավելի խոնարհ են լինում Ամպրոպից հետո, Եվ հավքերը մեր գլխավերևում


Իրար կանչում են ավելի սրտով. Ամպրոպից հետո Բարի է լինում արևն ավելի, Եվ մենք ավելի սիրով ենք իրար Բարի լույս ասում։ Ամպրոպից հետո աշխարհը և դու Հասկանալի եք լինում ավելի... 42. ՄԵՆՔ ԻՐԱՐ ՃԱՆԱՉՈՒՄ ԷԻՆՔ

Մենք իրար ճանաչում էինք, Իրար հետ կանաչում էինք, Մեր բակի ծառիկը ու ես։

Մենք իրար ճանաչում էինք, Իրար հետ կարկաչում էինք, Մեր գետի ալիքը ու ես;

Մենք իրար ճանաչում էինք, Իրար հետ հառաչում էինք, Մեր դաշտի ծաղիկը ու ես։

Մենք իրար ճանաչում էինք, Իրարից ամաչում էինք, Մեր սարի եղնիկը ու ես։

Մենք իրար ճանաչում էինք


Իրար հետ շառաչում էինք, Մեր ձորի մրրիկը ու ես...

Մի ուրիշ աշխարհ է աճում, Գեթ մենք ենք իրար ճանաչում, Մեր լքված տանիքը ու ես։

Մթնում է, ճրագը վառում Եվ տխուր իրար ենք նայում՝ Իմ հոգնած տարիքը ու ես; 43. ՈՒՐԻՇ ՁԿՆԵՐ ԵՆ ՋՐՈՒՄ

Ուրիշ ձկներ են ջրում, Ուրիշ ջրով են ջրում Սիրած մարգերս։ Ուրիշ հավքեր են թռչում, Ուրիշ ցողեր են թրջում Հոգնած ոտքերս։ Ուրիշ աչքեր են լալիս, Ուրիշ ձեռքեր են գալիս Սեղմում ձեռքերս։ Ուրիշ լավեր են քայլում, Ուրիշ ցավեր են այրում Ուրիշ վերքերս։ Ուրիշ մամուռ է քարին, Ուրիշ ամպեր են սարին,


Ո՞ւր են ամպերս։ Ուրիշ մեղքեր եմ քաշում, Ուրիշ հոգսեր եմ մաշում, Ուրիշ է բեռս։ Ուրիշ ակներ են բացվել, Ուրիշ աշխարհ են անցել Ծանոթ ակներս։ Իմ տարեկից աշխարհից Լոկ սարերս են մնացել Ու քարափներս։ Քանի մահի եմ վկա, Ո՞ւր է կորել ու չկա Ծույլ Գաբրիելս։ Ետ դառնալու ճար կա՞ որ, Տեսնես ո՞ւմ էր հարկավոր Այսքան ապրելս։ 44. ՍԱՐԵՐ

Հազար շապիկ մաշած սարեր, Իրար ծոցում Իրար կարոտ քաշած սարեր, Քարոտ սարեր, խավոտ սարեր, Սարեր, ձեզ ի՞նչ ասեմ։

Իրար բաշից կախված սարեր, Աստծո փեշից կախված սարեր,


Բարձրիկ սարեր, քաղցրիկ սարեր, Սարեր, ձեզ ի՞նչ ասեմ։

Հազար որոտ լսած սարեր, Ամպերի մեջ մրսած սարեր, Թրջված սարեր, թրծված սարեր, Սարեր, ձեզ ի՞նչ ասեմ։

Գլուխ գլխի քնած սարեր, Արևի մեջ շիկնած սարեր, Օրհնած սարեր, հոգնած սարեր, Սարեր, ձեզ ի՞նչ ասեմ։

Հազար ամպրոպ տեսած սարեր, Հազար ճամփորդ տեսած սարեր, Փորձված սարեր, փոխված սարեր, Սարեր, ձեզ ի՞նչ ասեմ։

Խոսք-աղոթքի կարոտ սարեր, Մարդու ոտքի կարոտ սարեր, Սարոտ սարեր, ցավոտ սարեր, Սարեր, ձեզ ի՞նչ ասեմ։ 45. ԱՄՊՐՈՊ

1


Երկնքում բամբյուն ու բոց, Երկնքում կայծ ու կռիվ... Բախվում են խորթ ու խռով Ամպերը խռիվ-խռիվ։

Խրվում են իրար երախ, Խրտնում են իրար գրկից, Թռնում են իրար թիկունք, Բռնում են իրար բկից։

Չոքում են իրար կրծքի, Ճեղքում են իրար ճակատ, Կտրում են իրար լեզու, Ջարդում են դաստակ ու մատ։

Հոգնում են որոտալուց, Քրտնում են, ջուր են դառնում, Փլվում են երկրի վրա, Ամեն ինչ իրար խառնում։

Կարկուտը ուշաթափված Ընկնում է լեռան բաշին, Կայծակը բլրին խփում, Պոկում է գլխի կաշին։

Ամպրոպ է խմում քամին,


Հարբում է լիրբը լրիվ, Հեգնում է, ում պատահի, Բորբոքում վեճ ու կոիվ։

Ծառերը բռնում նրան, Ասում են,— ինչքա՞ն մրսենք, Մի ոռնա, ամբարտավան, Բան ասա, թող բան լսենք։

Եվ քամին խոսք է խոսում. — Ամպրոպ է, ինչքան ջանա, Արևը քիթը հանի՝

Ամեն ինչ կվերջանա։

2

Աստված գիտե, թե ինչ արավ, Իրար տվեց, իր մեջ առավ Խութն ու խոռոչը, Երկար ժամ էր, թե կարճ տարի, Չհասկացանք այս աշխարհի Այոն ու ոչը...

Ջուրը տվեց հողին ծարավ, Տիղմ ու փրփուր ծովին տարավ,


Այս էր ամբողջը... Գետի վրա ու կածանի Թրթռում է ծիածանի Կտրված պոչը... 46.ԱՄՊԸ

Ամպը հառաչում էր լեռան լանջին, Դողում, սարսռում էր հասակով մեկ։ Գալիս, փաթաթվում էր վեցկու մաճին, Հետո թավալվում էր ակոսի մեջ։

Հետո վեր էր կենում, շտկում իրեն, Կրկին ձևեր փոխում նա զանազան, Բարձրանում էր հետո կողերն ի վեր Եվ շիկացած ուսն էր շփում եզան...

Իսկ ճաշթողի ժամին դառնում էր շուն, Թաթերին էր դնում դունչը մռայլ, Նայում էր ապուրի տաք գոլորշուն, Թվում էր ուր-որ է պիտի մռռար։

Բայց չէր մռռում, ավաղ, վեր էր կենում, Մացառներին թողած պոչը փռչոտ, Նայում սարերն ի վեր, սարերն էր գնում, Գնում էր չորեքթաթ կամ չոքեչոք։


Գնում էր, չէր լսում,— Այդ ո՞ւր, Բողա՛ր... Ի՞նչ Բողար, ճախրում էր, չէր նայում ետ։ Գնում էր, որ վաղը երկինքն ի վար Դառնար կայծակ, կարկուտ, դառնար աղետ: 47. ՎԱՌՎԵՑԻՆ ԱՄՊԻ...

Վառվեցին ամպի փետուրներն օդում, Եվ հանկարծակի եկած արտույտի Գանգրահեր երգը մնաց կոկորդում։

Կապտեցին կարմիր կողերը լեռան, Եվ մայրամուտը մեռավ ձորերում, Եվ աչքերիս մեջ շողերը մեռան; 48. ՊԱՌԿԵԼ Է ԾԱՌԻ ՍՏՎԵՐՆ ԱՆՇՇՈՒԿ

Պառկել է ծառի ստվերն անշշուկ, Մեջքին է ընկել թաց գետնի վրա։ Խեղճը կմրսի... Արդեն սարսռում, սևին է տալիս, Դողում են արդեն ծնկները նրա, Շրթունքներն արդեն իրար չեն գալիս։ Ես ի՞նչ անեմ, ծա´ռ։ Նստեմ համբերե՞մ, Թե ելնեմ գնամ կացինը բերեմ։ Թե՞ ես էլ պառկեմ թաց գետնի վրա, Ստվերի կողքին, Շոշափեմ նրա զարկերակը թույլ,


Ճակատը շփեմ, Գուցե թե փրկեմ ես նրա հոգին։ Ես ի՞նչ անեմ, ծա´ռ... Ավելի լավ է, քանի չի դիպել Միջօրեի թեժ ձեռքը մազերիդ, Եվ արևը դեռ չի հասել զենիթ, Ստվերդ ծալեմ դնեմ ծոցիս մեջ, Վեր կենամ գնամ, Ինքը տաքանա, ու ես զովանամ։ 49. ԾԱՂԿՈՒՆՔԻ ՀԵՂԵՂ Է

Ծաղկունքի հեղեղ է փրփրում Անտաոի աչքերի առաջ։ Կարոտած ականջ է փնտրում Զարթոնքի հողոտ մի հառաչ։

Երկնքի մի շերտ է թրթռում՝ Քարափի ափի մեջ կանաչ։ Կարոտած ականջ է փնտրում Ջրվեժի ճերմակ մի շառաչ։

Այծյամը կածանը կտրում, Թռչռւմ է բախտին ընդառաջ։ Կարոտած ականջ է փնտրում Պախրայի բարակ մի բառաչ։


Հավքերը զույգեր են ընտրում, Գժվել են «աղջիկն» ու «տղան»։ Կարոտած ականջ է փնտրում Կաքավի շաղոտ «շաղ–կղա»–ն։ 50. ԿԱՐՈՏԵԼ ԵՆ

Հորոտ-մորոտ ծաղիկները Կարոտել են իմ ձեռքերին, Կարոտել են իմ ոտքերին Հորոտ, մորոտ կածանները։ Վայրի, բարի այս հավքերը Կարոտել են իմ երգերին, Կարոտել են իմ ականջին Այս շշուկներն ու ձայները... Սի՛րտ, նրանցից կարոտս առնեմ, Հետո դառնամ առնեմ նրանց Ժպիտներն ու արցունքները,– Առնեմ, դնեմ քո վերքերին, Որ դու նորից թեթևանաս, Ապաքինվես ու լավանաս, Եվ համբուրես, և համբուրես Հորոտ, մորոտ այս լեռները, Թռվռալով թողնես գնաս Քեզ կարոտած, Քո կարոտած հեռուները։ 51. ԱՌԱՆՑ ՈՐՈՏԱԼՈԻ


Քեզ բախտն ուր էլ տարավ, Մտքով քո տանն էիր... Դու կիրճերում փրփրած Քո Որոտանն էիր, Եվ որոտում էիր Առանց կայծակ տալու։

Քո նախաստեղծ, վայրի Գեղեցկության դիմաց Մի նոր գեղեցկություն Գտար... Եվ դու հիմա Կայծակներ ես տալիս Առանց որոտալու... 52. ՀՐԱՄԱՅԵՔ

Ապառաժներ համր ու հանդարտ, Հողակիցներ իմ թանկագին, Զորավարներ անսաղավարտ, Թագավորներ անթագակիր,

Եկել եմ, որ լսեմ դարձյալ Խորհուրդը ձեր փակ բերանի, Լռությունը ձեր քառաձայն, Համրությունը ձեր լեզվանի։


Կանգնեք այդպես իմ շուրջբոլոր, Հրամայեք, որ քարանամ Եվ ձեզ նման բոլոր, բոլոր Սերունդներին ընկերանամ; 53. ԵՍ ՇԱՏ ԵՄ ՔՆԵԼ

Ես շատ եմ քնել Բարձունքի վրա Գյազբելա սարի, Գյազբելա սարի գիշերը հագած, Անխռով պառկած Մամուռի վրա և սունկի վրա Գյազբելա սարի։

Եվ հիմա, երբ որ քունս չի տանում Մետաքսների մեջ արքայավայել, Մտքով Գյազբելա սարն եմ բարձրանում, Ննջում եմ այնտեղ՝ Բարձունքի վրա Գյազբելա սարի, Գյազբելա սարի գիշերը հագած, Անխռով պառկած Մամուռի վրա և սունկի վրա Գյազբելա սարի։ 54. ՔՈ ՊԱՐԱՆԸ, ԿԱԾԱՆ

Քո պարանը, կածան, Օղ ես արել գցել


Իմ մանկության վզին Ու կախել ես մթին Անդունդների վրա... Անդունդների ծոցից, Ջրվեժների բոցից Ես լսում եմ կարծես Արձագանքի փոխված Վերջին ճիչը նրա։ 55. ԲՈԲԻԿ ՈՏՆԵՐՈՎ...

Բոբիկ ոտներով այնքան եմ քայլել Անապատի բորբ ավազի վրա, Որ մինչև անգամ երբ քայլում եմ ես Մարգերի ծաղկած երազի վրա, Իրենցից անկախ մի բան հիշելիս, Իմ ներբանները նվում են հիմա, Ու ես տխրում եմ չափից ավելի... Չէ՛, դեո. չի անցել վախը երևի։ 56. ԴՈԻ ՈՒԶԵՑԻՐ

Դու ուզեցիր, որ ես Քեզ տիրություն անեմ, Ու ես անտեր մնամ։ Ամեն, ամեն ինչ տամ, Տեղը ոչինչ չառնեմ, Ու քեզ ընկեր մնամ։


Դու իմ արևն առար Եվ ուզեցիր, որ ես Շնորհակալ լինեմ, Ես անարև մնամ, Բայց բո բախտի համար Արևագալ լինեմ։

Դու ուզեցիր, որ ես Քեզ թողնեմ ու գնամ, Բայց և քոնը լինեմ, Արցունքի մեջ մնամ Ու սգի մեջ մնամ, Եվ քո տոնը լինեմ։

Դու ուզեցիր, որ ես Փոխվեմ հազար անգամ, Բայց և հինը լինեմ։ Քեզ ուրիշին տվիր Եվ չուզեցիր անգամ, Որ ես իմը լինեմ։

Դու ուզեցիր, որ ինձ Քո մեղքերով չափեմ Ու մեղքի տակ մնամ, Քո մեղքերի վրա


Իմ աչքերը փակեմ Եվ անգիտակ մնամ...

Գուշակեցեք, խնդրեմ, Մարգարեներ, հիմա, Ես ձեր ճորտը լինեմ, Թե մինչև ե՞րբ պիտի Ես իմ տան մեջ՝ միակ Ավելորդը լինեմ։ 57. ԵՍ ՀԱՐՈՒՍՏ ԷԻ

Ես հարուստ էի։ Ես կարող էի Իմ անհատնելի երազանքներով Գնել յոթ երկինք ու տալ քեզ նվեր։ Բայց դու երկնքի կարիք չունեիր, Քեզ լոկ մի կապույտ թաշկինակ էր պետք Իմ կապույտ–կապույտ Արտասուքները սրբելու համար։

Ես հարուստ էի։ Ես կարող էի Իմ վերհուշերի անհուն պաշարով Գնել աշխարհի ծովերը բոլոր Ու տալ քեզ նվեր, Բայց դա ծովերի կարիք չունեիր, Քեզ հարկավոր էր լոկ մի հայելի՝ Մազերիդ վրա


Մատներիս մեղքը տեսնելու համար։

Ես հարուստ էի։ Ես կարող էի Անվերջանալի իմ կորուստներով Գնել Հարդագողն ու տալ քեզ նվեր։ Դու Հարդագողի կարիք չունեիր, Քեզ լոկ մի խավոտ ուղեգորգ էր պետք՝ Վրան քանդակված Իմ ոտնահետքը տեսնելու համար։

Ես հարուստ էի։ Ես կարող էի Իմ անհատնելի տառապանքներով Գնել յոթ աշխարհ, Հայտնի և անհայտ մայրցամաքներով, Ու տալ քեզ նվեր։ Դու մայրցամաքի կարիք չունեիր, Քեզ մի ածու էր հարկավոր միայն Իմ ցանած հերկը տեսնելու համար։

Ես հարուստ էի։ Ես կարող էի Իմ անհատնելի հղացումներով Գնել յոթ հազար հավիտենություն Ու տալ քեզ նվեր։ Բայց դու, հիրավի, Հավիտենության կարիք չունեիր, Քեզ մի մեղրամիս, մի մեղրատարի Եվ մի արծաթե հարսանիք էր պետք,


Քո բախտի վրա և ուսիդ վրա Իմ հասնող ձեռքը տեսնելու համար։

Ես հարուստ էի։ Եվ թվում էր, թե Ինձանից հարուստն աշխարհում չկա Ու չի լինելու։ Բայց դու ինձանից հարուստ դուրս եկար, Դու, անհատնելի իմ հարստություն: 58. ՔՈ ԽՈՆԱՐՀ ՋՐԿԻՐՆ ԵՄ ԵՂԵԼ

Քո խոնարհ ջրկիրն եմ եղել, Եղել եմ՝ և տերդ։ Ինչքան որ ուժերս ներել, Ներել եմ մեղքերդ։

Թե ինձ էլ լքել եմ մեն-մեկ, Չեմ լքել պատկերդ, Երեսով չեմ տվել երբեք Ուշացած պարտքերդ։

Երգել ես, լցվել եմ երգով, Իզուր է հերքելդ, Եվ թաքուն այրվել եմ, երբ որ Այրվել են վերքերդ։

Տվել եմ քեզ բախտս անխառ,


Արևս, երկինքս Եվ ինչքս, որ մինչև անգամ Չունեի ես ինքս։

Տվել եմ,– չեմ առել ոչինչ, Շնորհ էր շիկնելդ, Եվ ոչինչ հարկավոր չէր ինձ, Հերիք էր լինելդ։

Ինձ համար հերիք էր արդեն Ժպտալդ ու լալդ, Երբ գալդ պարգև էր մի մեծ, Ուր մնաց մնալդ։

Եվ դարձյալ առնելիք չունեմ, Բայց շատ է տալիքս, Ներիր ինձ, ներիր ինձ, եթե Չների տարիքս։

Քո խոնարհ ջրկիրն եմ եդել, Եղել եմ և տերդ, Ինչքան որ ուժերս ներել, Ներել եմ մեղքերդ։ 59. ԵՐԱԶԻՍ ՄԵՋ

Երազիս մեջ ես ինձ տեսա քո աչքերով,


Քո աչքերով, քո աչքերով ճանաչեցի։ Երազիս մեջ ես մեռա ինձ անիծելով, Երազիս մեջ ես ինձանից ամաչեցի։

Երազիս մեջ քեզ խղճացի հազար անգամ, Հազար անգամ քեզ ներեցի երազիս մեջ, Եվ զարմացա, ավելորդ է ասելն անգամ, Թե ես ինչպե՞ս համբերեցի երազիս մեջ։

Երազիս մեջ համբերեցի։ Բայց արթնացա Եվ հասկացա, որ վաղուց ես ինձ սպանել... Ես մեկն էի, ինչպե՞ս է, որ երկու դարձա. Միտք եմ անում... ու չեմ կարող լուսաբանել։ 60. ԵՎ ՉԻՄԱՑԱՆՔ ԹԵ ԻՆՉՈ՞Ի

Ես չիմացա թե ի՞նչու, Դու չիմացար թե ի՞նչպես Պատահեցին մեկ-մեկու Մեր երազներն—առանց մեզ։

Պատահեցին մեկ-մեկու Ու կանչեցին ինձ ու քեզ, Ես չիմացա թե ի՞նչպես, Դու չիմացար թե ի՞նչու։

Դու չիմացար թե ի՞նչպես,


Ես չիմացա թե ի՞նչու Բուրմունք փռեց ծաղկի պես Դաշնությունը մեր հոգու։

Ես էությամբ դարձա դու, Դու էությամբ դարձար ես, Ես չիմացա թե ինչպե՞ս, Դու չիմացար թե ի՞նչու։

Խառնվեցին երկու «ես» Ու դարձան մեկ՝ «ես ու դու», Դու չիմացար թե ի՞նչպես, Ես չիմացա թե ի՞նչու։

Բայց չներեց բախտը մեզ, Ես դարձա — ես, դու էլ՝ դու, Դու չիմացար թե ի՞նչու, Ես չիմացա թե ի՞նչպես։

Ու բախվեցինք մեկ–մեկու, Ու հեռացանք մշտապես, Եվ չիմացանք թե ի՞նչու, Եվ չիմացանք թե ի՞նչպես։ 61. ԵԹե ԵՍ ՄԻ ՕՐ

Եթե ես մի օր աշխարհից գնամ,


Ո՞ւմ հառաչից ես դու վեր թռնելու, Ո՞ւմ թևերով ես վեր-վեր թռնելու, Հոգին առնելու առանց պատճառի։

Եթե ես մի օր աշխարհից գնամ, Ո՞ւմ աչքերով ես քեզ ճանաչելու, Բռիդ մեջ առած ո՞ւմ ես տանջելու, Ո՞ւմ ես խաչելու հիսուսավարի։

Եթե ես մի օր աշխարհից գնամ, Էլ ո՞ւմ հովերն են քեզ օրորելու, Ո՞ւմ խոսքի մեջ ես սուտ որոնելու, Ճշտելով տեղն ու տարազը տառի։

Եթե ես մի օր աշխարհից գնամ, Էլ ո՞ւմ գլխին ես կրակ թափելու, Ո՞ր անտերին ես քեզ տեր կարգելու Եվ շնորհելու կոչումն անճարի։

Եթե ես մի օր աշխարհից գնամ, Ո՞ւմ ես անդադար ահաբեկելու, Ո՞ւմ սուտ մեղքով ես մեղքդ հերքելու, Ո՞ւմ ես գցելու բերանն աշխարհի։ 62. ԿԳԱՄ

Եթե մինչև անգամ


Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ, Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ, Ուր էլ լինեմ, կգամ։ Եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ, Եթե մինչև անգամ լույսդ մարած լինի, Վերջին հույսդ քամին առած-տարած լինի, Առանց լույսի կգամ, ես այս անգամ կգամ Մենության մեջ լացող երգիդ վրա;

Եթե մինչև անգամ Քո հավատի հանդեպ դու մեղք արած լինես Եվ համարած լինես, որ աշխարհում չկամ, Եթե մինչև անգամ հողս մաղած լինես, Եթե մինչև անգամ մտքով թաղած լինես, Եթե մինչև անգամ ինձ վտարած լինես Վերհուշերիդ վերջին խոնավ քարանձավից, Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ, Եվ կճչաս հանկարծ տարօրինակ ցավից... Կգամ, գլուխ-գլխի ու ձեռք-ձեռքի կտանք, Լաց կլինենք մեռած մեղքիդ վրա։ Եթե մինչև անգամ հազար սարի ետև Հազար կապով կապված, խաչով խաչված լինեմ Տքնած-տանջված լինեմ, միևնույն է, կգամ։ Ինչ էլ լինի, կգամ, չկանչես էլ, կգամ, Եվ կբերեմ ես քեզ ուրախություն մի մեծ Անակնկալ դարձիս իրողությամբ —


Քո տան ու քո հոգու տարողությամբ, Երազներիդ, կյանքիդ տևողությամբ։ Կգամ և կդառնամ զտած բախտի ժպիտ Եվ հավատի ժպիտ՝ տառապանքից մաշված, Արտասուքից խաշված դեմքիդ վրա։

Եթե մինչև անգամ մեջքս ծալված լինի, Եթե մինչև անգամ ոտքս վառված լինի, Եվ ճակատիս հազար հողմի հարված լինի, Միևնույն է, կգամ, ուր էլ լինեմ, կգամ։ Գետնի տակից կգամ, Մի հեռավոր անհայտ մոլորակից կգամ։ Կգամ ու թափ կտամ Հարդագողի փոշին շեմքիդ վրա։ 63. ԽԵԼՔՍ ՔՈ ԽՐԱՏԻՑ...

Խելքս քո խրատից չկշտացավ, Տված ու խլածից չկշտացավ. Ախ, կրակված սիրտս, անսիրտ աշխարհ, Անսիրտ քո կրակից չկշտացավ: 64. ԱՉՔՍ ԱՆՏԱՌԻՑ...

Աչքս անտառից չկշտացավ, Ականջս բառից չկշտացավ։ Ախ, հոգնած ոտքս՝ դար ու քարոտ Այս ճանապարհից չկշտացավ։


65. ՁՈՐԵՐՍ...

Ձորերս... նրանք Օրորոցներն են մանուկ օրերիս, Մանկան աչքով եմ նայում ձորերիս։ Ձորերս... նրանք Գերեզմաններն են մեռած օրերիս, Լալկան աչքով եմ նայում ձորերիս։ Ձորերս... նրանք հարուստ, հյուրընկալ Օթևաններն են՝ դեռ աշխարհ չեկած, Չապրած օրերիս, Եվ ես ձորերիս՝ աչքածակ աչքով Ու փակ աչքով եմ նայում ձորերիս։ 66. ԱՄԵՆ ԻՆՁԻՑ

Այս ձորերում ամեն ինչից Օրորոցի հոտ է գալիս, Պապենական սուրբ օջախի Ծուխ ու բոցի հոտ է գալիս, Արմատի հոտ, բողբոջի հոտ Ու խեժի հոտ տոհմածառի, Վարող-ցանող հոր ձեռքերի Ու մոր ծոցի հոտ է գալիս։ 67. ՕՐԸ ՄԱՇՎՈՒՄ Է

Օրը մաշվում է, քաշվում է օրը,


Ինչ արած, օր է, ողորմի հորը...

Ամոթ չլինի հարցնել ասելը.— Բայց ո՞ւր են տանում այսքան լույսերը,

Որտե՞ղ է թաղում այսքան ձայները... Եվ մինչև գտնեմ պատասխանները,

Քարափներն ի վար իջնում է ձորը Ստվերների սև հեծելազորը։ 68. ՄԻ ԲՈՒՌ ԵՍ

Մի բուռ ես, ասում են, մի բուռ ես, Երգիս մեջ քարափ ու մամուռ ես, Խաղողի ողկույզ ես ու նուռ ես, Եվ նորոգ մի բախտ ես երգիս մեջ, Եվ մի հին, հնօրյա մրմուռ ես։ Բայց կյանքում, ուրիշ ես դու կյանքում. Սասնա-ծուռ քաջերիդ համար Եվ Սասնա լաճերիդ համար Դու կյանքում օջախ ես սեփական, Սեփական տանիք ես ու դուռ ես։ 69. ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿՐԻ...

Հայաստան երկրի Ջրվեժի ճերմակ համբույրից հետո


Սկանդինավյան ձերբազատ ձմռան Կեսգիշերների առագաստավոր Մրրիկներն անգամ, ինչ արին-չարին, Շուրթերիս վրա ձյունաթույր մի դող, Մի սարսուռ փռել չկարողացան։ Հայաստան երկրի Տաքդեղի կարմիր հրդեհից հետո Միջինաֆրիկյան միջօրեների Թանձր ու թեժաթուխ համբույրներն անգամ, Ինչ արին-չարին, Շուրթերս վառել չկարողացան։ 70. ՔՈ ՇՐԹՈՒՆՔՆԵՐԸ...

Քո շրթունքները Հայաստանոտ են, Հայաստանոտ են քո շշուկները, Քո ժպիտներն ու արտասուքները Հայաստանոտ են։ Հայաստան հյուսող քո այդ ձեռքերը, Քո արդեն գրված ու դեռ չգրված Բոլոր երգերը Հայաստանոտ են։ Հայաստանոտ են քո ապրած կյանքի Բոլոր էջերն ու ելևէջները։ Քո տանջանքներն ու երազանքները Հայաստանոտ են... Եվ դու այնքան ես հայ ու Հայաստան, Որ մինչև անգամ Հայաստանից դուրս


Քո անցած բոլոր ճանապարհները Հայաստանոտ են։ 71. ՄՈՐՍ ԾԱՂԻԿ ԾՈՑԻ ՄԵՋ

Մորս ծաղիկ ծոցի մեջ Կար մի ծիվ-ծիվ Հայաստան, Ամեն ծալքում մեր ծխի Կար մի ծիլ-ծիլ Հայաստան։

Հույսեր, հույսեր իմ բուռ-բուռ, Ձեր ամեն մի հատիկում Ծլարձակում կար մի լուռ Եվ կար մի ծիլ Հայաստան։

Երազներ իմ ձյունեղեն, Մաքուր, մաքուր երազներ, Ձեր ամեն մի փաթիլում Կար մի փաթիլ Հայաստան։

Արտասուքներ իմ վճիտ, Որ ծորացիք ամենուր, Ձեր ամեն մի կաթիլում Կար մի կաթիլ Հայաստան։

Երամներ իմ կարոտի, Ձեր ամեն մի կանչի մեջ


Կար մի տատրակ, մի կռունկ, Մի արագիլ Հայաստան։

Զարկերակներ իմ զարմի, Ձեր ամեն մի զարկի մեջ Զնգում էր մի զրեհիկ, Զվարթ ու զիլ Հայաստան։

Հավերժություն, աչքդ լույս, Ուղևորդ է մի նորոգ, Կանաչ-կարմիր, ծիրանի, Ճերմակ ու բիլ Հայաստան։ 72. ԾՆՆԴԱՎԱՅՐ

Մի դատարկված ամպի նման Եկել եմ ես, Որ ջուր տանեմ քո ձորերից Դաշտի ծարավ ծաղիկներին։ Եկել եմ, որ մի անգամ էլ Նստեմ քեզ հետ, Խոսք-խոսքի տամ, խորհուրդ անեմ, Ելնեմ գնամ, Մի խոսք ասեմ քո անունից, Մի լուր տանեմ գալիքներին։ 73. ՎԵՐՀՈՒՇԵՐՆ ԻՄ ՀԱՎԱՔՎՈՒՄ


Վերհուշերն իմ հավաքվում, Ախ, ամեն օր, ամեն օր Նորոգում են իմ հոգում՝ Այն հեռավոր, հեռավոր Ձորում թողած մի վտակ՝ Ոտքը քարին օրնիբուն, Մի քարքանդված քարատակ, Մի քրքրված մանկություն: 74. ԱՅՍՏԵՂ ՔԱՐԱՓԸ...

Այստեղ քարափը ծունկի էր գալիս, Եվ ծունկ էր տալիս քարե կածանը։ Ուշքը գնում էր, ուշքի էր գալիս, Երբ որ առնում էր աչքս ձեր տանը։

Քարափը քարե կղզի է դարձել, Եվ ջրի տակ է քարե կածանը։ Վայրի բաղերը խնջույք են բացել, Ճայերը ձու են դրել ձեր տանը։

Լճափին քնել, քնով եմ անցել... Մնացածն ասի թող Որոտանը։ 75. ՊԱՏՐԱՆՔ

Սո՜ւս... սլանում է կրկին Քամին–ձորում ձիավոր


Ու տանում է իր գլխին Մեր տան ծուխը ծիլավոր։ 76. ԼՈՒՅՍԸ ԲԱՑՎԵՑ

Լույսը բացվեց,.. Ի՞նչ տանեմ դաշտ: Տանն ի՞նչ ունենք, որ ի՞նչ տանեմ,Հոր նախատինք, պապի խրատ, Մոր ձեռքի հոտ, հոգս ու համեմ։

Մթնեց... ի՞նչ եմ բերում դաշտից,— Կանաչ-կանչեր, արև ու ամպ— Մազ—մախաղիս, ծոցիս, սրտիս Եվ աչքերիս տարողությամբ։ 77. ՕՐԵՐ, ԾԻԼ-ԾԻԼ...

Օրեր, ծիլ-ծիլ մի ծուխ բերեք Պատանության կրակներից, Մի լույս բերեք հոգնած ու հեզ Ճամփաս պահող ճրագներից։ Աչքեր չունե՞ք, բա չե՞ք տեսնում, Որ բախտս ձեր խղճին թողած, Վերհուշերի ջրերն ընկած, Ջուրն եմ իջնում Ջրակներից... 78. ԲԱՅՑ Ո՞ԻՐ ՏԱՆԻ

Իրար գլխի նստած սարեր,


Ձորեր քնած իրար ծոցում։ Սարերի մեջ ու ձորերի Մի քարեղեն իրարանցում,

Սարերի մեջ ու ձորերի Մի քարեղեն իրարանցում... Եվ մի քարափ—քարերի մեջ Գլուխը կախ, ձեռը ծոցում։

Մամուռ-շապիկ ունի հագին, Մամուռ-թիկնոց պատառ-պատառ, Գլխին թաղկած մի թզենի, Ու ոտքերին՝ մոշ ու մացառ։

Անշարժություն փոթորկալի Եվ քարեղեն ալեբախում... Թվում է, թե պիտի քայլի, Բայց ինչո՞ւ է ոտքը կախում։

Թվում է, թե պիտի քայլի, Բայց ի՞նչ արած, չի էլ փորձում... Կանգնել է լուռ, խորհրդավոր– Գլուխը կախ, ձեռը ծոցում։

Կանգնել է լուռ, խորհրդավոր. Թե քայլ արավ, պիտի առնի,


Թոռ ու ծոռով, իր քարեղեն Գերդաստանն էլ հետը տանի։

Կանգնել է նա լուռ ու հանդարտ... Քայլեց, պիտի հետը տանի... Բայց ո՞ւր տանի այս մի պատառ Ինքնությունը Հայաստանի։ 79. ԱՇՆԱՆ ՀՐԴԵՀՆ Է ԳԱԼԱՐՎՈՒՄ

Աշնան հրդեհն է գալարվում Ձորալանջերն ի վար։ Ո՛չ մեռնելու ուժ է ճարում, Ո՛չ փրկության հնար — Ու դողում է հասակով մեկ Մանկությունս վայրի, Վախենում է՝ հրդեհի մեջ Ցնցոտիներն այրի։ 80. ԳԱՐՈՒՆ ԷՐ...

Գարուն էր... սիրտս գնաց, Բարձունքից-բարձունք ընկավ, Ոտքիս տակ, ամեն քայլիս, Մանկության մասունք ընկավ... Վեր թռա ինչ-որ կանչից, Տառապած բարձիս վրա Աչքիցըս իրեն-իրեն


Մի կաթիլ արցունք ընկավ։ 81. ԱՄԱՊՐՈՊՆ ԱՆՑԱՎ

Ամապրոպն անցավ... Հող ու երկինք Թարմությունից խենթանում են, Բայց խենթացած հեղեղներս Կամաց-կամաց խեղճանում են... Նստեմ հիմա «ավաղ» կանչեմ Եվ ախ կանչեմ հազար բերան, Որ երազի, հոգսի, սիրո Պաշարներս վերջանում են, Վերջանում են... 82. ԹՈՂ ԱՇԽԱՐՀԸ ՑԱՎ ՉՈՒՆԵՆԱՐ

Թող աշխարհը ցավ չունենար, Կարեկցելս չտեսնի, Իր կարեկցանքն իրեն մնար, Ես՝ վերքերս չտեսնեի։ Սիրտն առնեի ծարավ մարդկանց Ու գնայի կարկաչելով, Աչքս փակվեր ժամանակին, Ցամաքելս չտեսնեի։ 83. ՀՈԳՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Հոգնության հետ, հոգսի հետ Ընկերացել ես արդեն,


Բազկաթոռին ու մահճին Ընտելացել ես արդեն։ Օրը դարձել է տարի, Եվ տարին օր է թվում, Բայց չես ուզում հասկանալ, Որ ծերացել ես արդեն։ 84. ԿԱԾԱՆԸ ՊՈՒՏ-ՊՈՒՏ

Կածանը պուտ-պուտ շապիկը հանել, Հանել թողել է Մարմանդի պուտ-պուտ քարերի վրա, Հևասպառ եկել, Ծալվել, ծալծլվել, կծիկ է դառել Եվ արևկող է արել գետափի Զոլավոր, կապույտ քարերի վրա։ Մի բուռ է, բայց դուք, օտարուհիներ, Այդպես մի նայեք, երկար է կարգին, Կծիկը բացես, քարափներն ի վեր, Ծայրը կհասնի մինչև Ծիր-կաթին։ 85. ԱՄՊԻ ԳԼԽԻՆ

Ամպի գլխին նստած բարձունք— Ամպից բուսած հսկա մի սունկ, Հսկա մի սունկ սիփ-սպիտակ։ Ամպի փեշից կախված կածան— Կանաչ-կարմիր մի ծիածան


Ծայրը ծալած քարերի տակ։ Լողում է այս հրաշքն անվերջ Իմ բախտավոր աչքերի մեջ... Իմ աչքերին աչքով չտաք: 86. ՔՆԱԾԻՆ Ո՞ՒՐ ԵՍ ԱՍՈՒՄ...

Քնածին ո՞ւր ես ասում, Մի արթունի ասա... Սահյանն է այս հողի տակ, Վնաս չունի, ասա։ Եկել ես, անց ես կենում Գերեզմանի մոտով, Մի հայրեն ասա՝ լսի, Մի անտունի ասա։ Որքան էլ սիրտը այրել Ու խորովել, ասա, Իր բախտից ոչ մի անգամ Չի խռովել, ասա։ Անցնելիս ոտքդ կախիր, Ուրիշ կտակ չուներ, Մի «Կռունկ» ասա՝ լսի, Մի հորովել ասա։ 87. ՍԵՎ ՔՐՏԻՆՔ Է ՔԱՄՈՒՄ

Սև քրտինք է քամում քարանձավը կրկին, Սև երախը բացել և սև ամպ է լափում,


Մոշի թուփը կանգնել քարանձավի հոնքին Եվ խեղճ առվի գլխին սև կարկուտ է թափում:

Սև մշուշի միջից կարմիր բոց է բխում— Մախրենին է մխում քարե բարձի վրա, Ո՞վ իմանա արդյոք, ի՞նչ մտքեր են գլխում Եվ ինչե՞ր է խորհում Քամիների անհոգ անցուդարձի վրա։

Թափուր ձորի վրա Ծիծեռնակի թափուր բույնն է կախվել նորից, Եվ մասրենին՝ թափուր կածանների վրա Իր երազի կարմիր ասուպներն է թափում։

Առվի փեշերն ի վեր Մի բուռ խոնավ կանաչ ծիծաղում է ձորից. Թե, հա, տեսեք-տեսեք, ես պատրանքն եմ գարնան,

Մեկը լինի ասի, վերջին, վերջին կանաչ, Դու այդ ո՞ւմ ես խաբում... Դու այդ ո՞ւմ ես խաբում, երբ անտառի դեղին Խելքը վերջին մրսած մացառին է անցել, Եվ քարափներն անգամ իմաստուն են դարձել։ 88. ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ՆՆՋՈՒՄ

Որտե՞ղ են ննջում


Իմ վաղնջական Առավոտները։ Վեր կենամ գնամ, Համբուրեմ նրանց Շաղոտ ոտները։

Ի՞նչ են անրջում Քերծերից կախված Արահետները։ Վեր կենամ գնամ, Առաջվա նման Խաղամ հետները։

Ի՞նչ են շշնջում Ակներից փախած Իմ առվակները։ Վեր կենամ գնամ, Քարե-քար ընկնեմ, Գտնեմ ակները։ 89. ՀԱՐՑՈՒՄ ԱՐԻ

Հարցում արի, ժպտաց, Առուն անուն չուներ։ Անհուն ձորերի մեջ Կարգին մի հուն չուներ։ Սպիտակել էր նա,


Բայց ծերություն չուներ։ Խաղաղ անկյուն չուներ, Աչքերին քուն չուներ, Եկավ, կանչեց, գնաց, Համբերություն չուներ...

Թռչունների, ամպի Ստվերները վրան, Գնաց՝ գետը անցնի, Գետը տարավ նրան։ 90. ԵԹԵ ԱՇԽԱՐՀԸ ՆՈՒՅՆՆ ԷՐ ՄՆԱԼՈՒ

Եթե աշխարհը նույնն էր մնալու, Եթե քո ջանքից Նրա բեռը չէր թեթևանալու, Էլ ո՞վ էր ասում, Որ այնքան ծանր հոգսերը նրա Առնեիր քո թույլ ուսերի վրա։ Եթե քո առաջ դուռ էր փակելու Եվ չէր դնելու ականջը լանջիդ, Եվ գլուխ չուներ՝ արձագանքելու Ամեն մի կանչիդ. Էլ ինչո՞ւ էիր այդքան թրթռում, Էլ ինչո՞ւ էիր դու քեզ քրքրում, Էլ ինչո՞ւ էիր ականջդ սրում, Որ նրա ամեն շշուկը բռնես,


Որ նրա ամեն խորհուրդն ըմբռնես, Նրա հետ ընկնես, նրա հետ թռնես, Մեռնես, համբառնես... Էլ ինչո՞ւ էիր, Բոբիկ ոտներդ մաշում քարերին, Փորձում անհնարն ու անկարելին, Եթե աշխարհը նույնն էր մնալու, Եվ ինչ-որ չափով Չէին մաշվելու հոգսերը նրա։ Բայց էլի, սիրտ իմ, Շնորհակալ եմ ես հազար անգամ, Որ գոնե ինքդ բեռ չմնացիր Աշխարհի հոգնած ուսերի վրա։ 91. ԵՐԲ ՀԵՐԿԱԾԻՍ ՀԱՄԱՐ

Երբ հերկածիս համար Ինձ հատուցող չկա, Էլ խոպանն ու խութը Ինչպե՞ս հերկեմ։ Երբ իմ ոչ մի կորուստն Ինձ հետ լացող չկա, Աստծու մեռած գութը Ինչպե՞ս փրկեմ։ Երբ ճշմարիտ խոսքիս Հավատացող չկա, Յոթգլխանի սուտը


Ինչպե՞ս հերքեմ։ Երբ քո դռներն, աշխարհ, Իմ դեմ բացող չկա, Այս մեծ ելումուտը Ինչպե՞ս երգեմ։ 92. ԳԼՈՒԽՍ ԱՌԵԼ ԱՓԵՐԻՍ ՄԵՋ

Գլուխս առել ափերիս մեջ, Նստել եմ ժեռ քարի վրա, Միտք եմ անում բլուրների Ու սարերի պարի վրա... Խառնվել են սար ու բլուր, Էլ տարիք ու հասակ չկա, Ամպ են դարձել բլուրների Ստվերները սարի վրա։ 93. Ի՞ՆՉ ՀԱՍԿԱՆԱՄ

Ի՞նչ հասկանամ ես իմ խաղաղ, Խորհրդավոր ժամանակից, Հոգնասահման այս աշխարհում Երկնքի և հողի միջև Չի մնացել սահմանագիծ, Հոտը հովիվ չի ճանաչում, Չի ճանաչում հավքն իր ձագին. Եվ... դառել է մինչև անգամ Գայլը գառին ժառանգակից;


94. ԿՈՒԶԵՍ ՊԱՅԹԻՐ

Կուզես պայթիր, կուզես ճչա, Քեզ մարդու տեղ դնող չկա, Զգույշ, գլխիդ փորձանք չգա, Սի՛րտ, անցել է սրտի դարը։

Էլ չեն երդվում քո արևով, Չեն տաքանում քո բարևով, Էլ չես վառում դու վառվելով Սի՛րտ, անցել է քո հազարը։

Ինչքան տխրես, ինչքան ժպտաս Ինչքան խփես ու թպրտաս, Միևնույն է, տանուլ կտաս, Էլ չի բերում, սի՜րտ, ք՛ո զարը։

Միտքն է հիմա սերն աշխարհի, Աշխարհակալ տերն աշխարհի, Բեռնակիրն ու բեռն աշխարհի Եվ աշխարհի ճանապարհը։ 95. Ի՞ՆՉ ԱՐԱԾ

Ես արծվի ձվից դուրս եկա, Ճնճղուկներն ինձ հետ մրցեցին, Խլացրին շառաչը թևերիս


Եվ միայն ծվոցս լսեցին։ Ի՞նչ արած, այդպես պատահեց, Աշխարհ էր, ու բախտ էր աշխարհում, Ծնվեցի թռչելու համար, Ինձ առան հորիկ լծեցին։ 96. ՏՈԿՈՒՄ, ՔԱՇՈՒՄ ԷՐ

Տոկում, քաշում էր եզը համառ, Շողք ու սարսուռ էր շաղում հողին։ Լեզուն հանում էր, օձի նման, Ճիպոտի հետքը եզան կողին։

Քաշում էր, ինչքան ուժը պատեր, Ու երբ պառկում էր մութը հողին, Տքնության համար որպես պարգև Ճիպոտի հետքն էր տանում կողին։ 97. ԽԼՈՂ ՉԿԱ

Քո վաստակած ոտքերի տակ Գորգ ու ծաղիկ փռող չկա, Կռիվ չանես քո բախտի հետ, Ուրիշ մի բախտ կռող չկա, Շնորհակալ եղիր բախտից, Որ գանձերդ ամենաթանկ, Ունեցվածքդ անհատնելի — Կորուստներդ, կորուստներդ,


Կորուստներդ խլող չկա։ 98. ՀՈՎ ԵՄ ԱՐԵԼ

Հով եմ արել սրան-նրան, Հով լինելս չեմ զգացել, Ինձ ասել են, Չեմ ճանաչել հուն ու սահման, Ծով լինելս չեմ զգացել, Ինձ ասել են։

Բախտն ինձ շատ է խփել քարի, Բայց այնքան եմ եղել բարի, Որ նրա հետ այսքան տարի Խոով լինելս չեմ զգացել, Ինձ ասել են։

Մեկն իմ աչքի փուշն է հանել, Մեկն իմ խոսքից մեղր է քամել... Մեկն էլ անվերջ միսս ծամել, Համով լինելս չեմ զգացել, Ինձ ասել են։

Փոխս չեմ ընկել, ինչքան որ կամ, Ոչ ոքի հետ ոչ մի անգամ, Բայց, ի՞նչ արած, մինչև անգամ Ով լինելս չեմ զգացել,


Ինձ ասել են։ 99. ՄԱՅՐԱՄՈՒՏ, ՄԱՍՅԱՑ ԳԱԳԱԹԻՆ

Մայրամուտ, Մասյաց գագաթին Խարույկդ վառած մեռնեի, Արևից, հողից, հողմերից Կարոտս առած մեռնեի, Իմ վերջին հառաչքի միջից Գոհության ճիչը բողբոջեր, Արտերս, արտերս վարած, Պարտքերս մարած մեռնեի։

100. ԱՇԽԱՐՀՆ ԻՄ ՄԵՋ

Աշխարհն իմ մեջ, ես՝ աշխարհի, Գարունն իմ մեջ, ու ես՝ գարնան, Արևն ուրախ, օրը բարի, Երազն անհուն, անհանգրվան...

Մերժեմ օրենքն անհնարի, Գնամ, նորից վերադառնամ, Տեսնեմ աշխարհն այսքան բարի, Գարունն իմ մեջ, ու ես՝ գարնան։ 101. ՈՐ ԺԱՄԻՆ ՁԵՐ ՍԻՐՏԸ ԿՈՒԶԻ

Որ ժամին ձեր սիրտը կուզի,


Իմ դուոը բաց է։ Մի նայեք, որ պատուհանիս Լույսը հանգած է։

Քուն ու արթուն մի հարցրեք, Ներս եկեք, տուն է։ Մինչև անգամ հույսն էլ քնի, Հոգսը արթուն է։ 102. ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ

Նստել, նորից միտք եմ անում, Թե ի՞նչ տվի և ի՞նչ առա, Թե հողի տակ ի՞նչ եմ տանում. Ի՞նչ եմ թողնում հողի վրա։

Նստել այսպես միտք եմ անում Իմ մտքի հետ չարչարակից, Ու ոչ մի բան չեմ հասկանում Ոչ թողածից, ոչ տարածից։ 103. ԵՐԿԱՐԵՐ...

Երկարեր գիշերն այս աշնանային, Երկինքն արտասվեր ու հանգստանար։ Հղացումներս երգեր դառնային, Եվ սրտիս աչքը սիրուց կշտանար։


Լքված օրերս դառնային հանկարծ Ու զարկերակս լուռ շոշափեին... Եվ հոգ չէ, հետո գալիս էր, թող գար Նորին Մեծության անխուսափելին։ 104. ՈՂՈՐՄԻ ՏՎԵՔ

Հող ու ջուր չեմ ուզում ձեզնից, Երեսիս հողով մի տվեք, Ճյուղերս մի տարեք շուկա, Ծաղիկս փողով մի տվեք: Ստվերս քաշեք ձեզ վրա, Նստեցեք, հով անեմ շոգին, Մրգերս քաղեցեք մեն–մեն, Տնկողիս ողորմի տվեք։ 105. ԻՆՉ-ՈՐ ԽՈՐՀՈՒՐԴ ԿԱ

Ինչ-որ խորհուրդ կա մի անպատմելի Լուրթ ալիքների լաբիրինթոսում. Գետը ներքևից վերև է հոսում, Ձվադրումն է կարմրախայտերի։

Նայում եմ գետին ու խորհում եմ ես. Հղացումներս էլ, լինում է մի պահ, Գնում են դեպի ակունքները պաղ, Կարմրախայտերի վտառների պես։ 106. ԷԼ ՍԻՐՏՍ ԻՆՉՊԵՍ


Էլ սիրտս ինչպես բախտավոր մնար, Թե ինքը իրեն բացել չիմանար։ Էլ սիրտս ինչպես բախտավոր մնար, Թե լացիդ վրա լացել չիմանար։

Էլ սիրտս ինչպես բախտավոր մնար, Թե ձեռքդ մթնում բռնել չիմանար։ Էլ սիրտս ինչպես բախտավոր մնար, Թե բախտիդ համար մեռնել չիմանար։

Էլ սիրտս ինչպե՞ս բախտավոր մնար, Եթե չիմանար հալվել, հրկիզվել Գեթ մի աննշան մասունքիդ համար։

Եվ հավետ պիտի մնար մեղավոր, Թե սիրտս իրեն չզգար մեղավոր՝ Թեկուզ մի կաթիլ արցունքիդ համար: 107. ԻՆՉ է ՄՆՈԻՄ

Նստել ես ու միտք ես անում, Թե հիմա քեզ ի՞նչ է մնում Քո այնքան առած-տվածից, Քո այնքան արած-դրածից։ Քո այնքան արած-դրածից Ոչ մի բուռ բարիք է մնում,


Ոչ մի բուռ մոխիր ու կրակ, Ոչ տուն ու տանիք է մնում։ Մի հոգնած ալիք է մնում Քո կանաչ-կարմիր հեղեղից, Քո կանաչ-կարմիր օրերից Մի մամռած տարիք է մնում։ 108. ՉԱՐՉԱՐԱՆՔԻՍ ԳԻՆԸ

Ես շատ ու շատ չարչարվեցի, Որ չքանա չարը։ Կիր շաղեցի, պատ շարեցի, Քնար դարձրի քարը։

Քար քաղեցի, հող մաղեցի, Տեսա գլխիս ճարը, Հույս թաղեցի, ցավ քաղեցի. Այդպիսին էր դարը։

Մարդիկ եկան ու ճարեցին Բախտիս Ծիր-կաթինը, Եվ լիուլի վճարեցին Չարչարանքիս գինը։ 109. ԱՅՆՔԱՆ ՔԻՉ ԲԱՆ Է ՀԱՐԿԱՎՈՐ...

Այնքան քիչ բան է հարկավոր ինձ, (Թեկուզ շատ բան է սիրտս ուզում)։


Տիեզերական այս քաոսում Այնքան քիչ բան է հարկավոր ինձ։ Գոհ եմ օրենքից, թագավորից, Հավատացեք ինձ, ճիշտ եմ ասում... Այնքան քիչ բան է հարկավոր ինձ, (Թեկուզ շատ բան է սիրտս ուզում)։ 110. ԱՄՊԻ ԼԵՌՆԵՐ Է ՓՈՒԼ ՏՎԵԼ ՔԱՄԻՆ

Ամպի լեռներ է փուլ տվել քամին, Ծիածաններ է կուլ տվել քամին։

Քամին մի ամբողջ աշուն է տարել, Ամբողջ աշխարհ է շուռ տվել քամին։

Տարել է, տարել, էլ ո՞ւր եք ասում. «Սխալմունքներ է թույլ տվել քամին»։ 111. Ի՞ՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԻՆՁՆԻՑ

Ի՞նչ է ուզում ինձնից Այս կատաղած քամին, Այս ծաղրածու քամին, Լարախաղաց քամին, Մի մեծ, մի լավ աշուն Տարած-թաղած քամին։ Թող գա, այգուս խշշան Խաշամն առնի գնա,


Փռչակալած, փոշոտ, Փշաքաղված քամին։ Ի՞նչ է ուզում ինձնից Թոկից փախած քամին, Հազար անտառ, հազար Ձոր հաճախած քամին, Մի եղյամոտ աշուն Պոչից կախած քամին։ Իմ տան քիվի վրա Թողած-փախած հավքի Մի փետուր է մնում, Թող գա առնի գնա, Ախ, այս նախանձ քամին, Խիղճը ծախած քամին։ 112. ՄՐՍԱԾ ՄԻ ՏՈԹ ԿԱ ՕԴՈՒՄ

Մրսած մի տոթ կա օդում, Լուռ մի որոտ կա օդում, Ամպը շրթունք է արել, Ամպրոպի հոտ կա օդում։ 113. ԱՍԱ, Ո՞ԻՐ ԳՆԱՄ

Մեկով հիացա, մեկից խոցվեցի, Այնքան փորձեցի, այնքան փորձվեցի, Բայց էությունս, ավաղ, մինչև վերջ Բաշխել, բաժանել չկարողացա,


Չիրագործվեցի... Ժամանակ, ինչպե՞ս այս հոգսը տանեմ, Ասա, ո՞ւր գնամ, ո՞ւմ գանգատ անեմ։ 114. ՀԻՄԱ ԴԱՌՆԱՄ ԱՍԵՄ

Հազար անգամ ապրել ու մեռել եմ, Խռովել եմ, հաշտվել ու ներել եմ, Չափել եմ բարձունքներն ու վիհերը, Եվ ատելն եմ փորձել, և սիրելը։ Բաժանել եմ, բաշխել և առել եմ, Ուր որ պետք է եղել, համառել եմ... Եվ հանել են նեղից, և նեղել են, Անթեղել են, հետո ինձ պեղել են։ Հազար անգամ ընկել, բարձրացել եմ, Ու վերջապես մի բան հասկացել եմ։ Հիմա դառնամ ասեմ կյանք եղբորս, Ապա դառնամ ասեմ մահ եղբորս. — Թող որ վկա լինեն այս լեռները, Ոչ ապրելն էր մի բան, ոչ մեռնելը։ 115. ՄԱՐԴԻԿ

Գնում են-գալիս, Առնում են-տալիս, Անում են, դնում, Թողնում են, գնում։ 116. ՈՉ ՈՒՐԻՇԻ ԹԵՎԵՐՈՎ


Ոչ ուրիշի թևերով, Այլ սեփական թևերով Ես լողայի, լողայի Բաց կապույտի մեջ։

Ոչ ուրիշի շողերով, Այլ սեփական շողերով Ես շողայի, շողայի Մայրամուտի մեջ։

Ոչ ուրիշի դողերով, Այլ սեփական դողերով Կյա՛նք, դողայի, ղողայի Քո պտույտի մեջ։

Ոչ ուրիշի կրակով, Այլ սեփական կրակով Լույս անեի, գնայի, Եթե հանկարծ մնայի Մեգ ու մութի մեջ։ 117. ՕՄԱՐ ԽԱՅԱՄ

Վահագն Դավթյանին

Դու չուզեցիր ասել, որ տան առաստաղից


Սարդոստայն է կախված, Եվ ձագեր է հանել ամբարտավան կատուն Բմբուլի մեջ բարձի։ Դու չուզեցիր ասել, որ փախել է տանից Խիղճը՝ գլուխն առած— Եվ դուռ չունի դարձի։ Դու չուզեցիր ասել, որ տան կտուրի տակ Աղը լաց է լինում, Եվ սունկեր են բուսնում Լուսնյակաձև հացի դեմքի վրա. Դու չուզեցիր ասել, որ շողն արեգական Շնչահատ է լինում շեմքի վրա։ Դու չուզեցիր ասել, որ գերանը տնքում, Պատը ճաք է տալիս հիմքի վրա, Դա չուզեցիր ասել... Ու քաշվեցիր մառան, Տնօրենը դարձար դու մառանի... Եվ գովեցիր գինին ու գավաթը գինու, (Վայելեցեք գինին, չկա վատը գինու), Վայելեցեք գինին, գինուն վախճան չկա, Գինին արյունն է բորբ և իմաստը կյանքի...

Եվ դրանով, Խայա´մ. Հաստատեցիր, ըստ քո ծառայության պարտքի, Որ մնացած բոլոր սենյակներում այդ տան Ոչ մի լավ բան չկա։ Դու ճիշտ էիր, Խայա´մ։


118. ԿԱՅԾԱԿ ԷՐ, ԽՓԵՑ...

Կայծակ էր, խփեց, բեկվեց, թպրտաց, Ու մեկը մեռավ լեռան կատարին,— Երանի նրան։

Ամպրոպ էր, պայթեց, փլվեց ու գնաց,— Ու մեգը մեռավ լեռան կատարին,— Երանի նրան։

Թևերն ամփոփեց, հավաքվեց գնաց, Ցերեկը մեռավ լեռան կատարին,— Երանի նրան։

Իմ երազի մեջ մեկն իմ ականջին Շշուկով ասաց.— հողի, երկնքի Իրար համբուրող շուրթերի վրա Քո երգը մեռավ լեռան կատարին, Երանի՜ նրան: 119. Ո՞Վ Է ԱՍՈՒՄ ԲԱՌՆ Է

Ո՞վ է ասում բառն է, Ո՞վ է ասում տառն է, Իմ ամեն մի տողը Սրտիս մի պատառն է։ Իմ ամեն մի տողը


Զսպված մի տարերք է, Զարկերակի զարկ է, Եվ արյունի եռք է։ Ես գրում եմ տողը Եվ ասում եմ «ձերն է», Երբ որ համը տեղն է, Երբ որ աղը տեղն է։ Եթե մի քիչ սառն է, Եթե մի քիչ դառն է, Մեղավորը ես չեմ, Մեղավորը դարն է։ Ինչ էլ երգի տողը, Հոգուս մատը խառն է, Մինչև անգամ ծառն էլ Հոգուս մի պատառն է, Իմ ամեն մի տողը Կյանքիս մի պատառն է Իմ բացած ակոսն է, Իմ շուռ տված առն է, Բացվող լույսի շողն է Բացվող ծաղկի ցողն է, Իմ ամեն մի տողը Երկրիս մի բուռ հողն է։ Իմ ամեն մի տողը Որ իմ սրտի դողն է, Ախ, ինձ ասեին թե


Ձեր ականջի օղն է։ 120. ՄՏԵՐԻՄ ՇՈՒՆՉՆ ԻՄ ԵՐԳԻ

Մտերիմ շունչն իմ երգի՝ Մորս ծոցից եմ բերել, Անշուք շինվածքը՝ մեր հին Տուն-ամրոցից եմ բերել։

Օրորոցից եմ բերել Անարցունք լացը նրա, Եվ ժպիտներն արցունքոտ՝ Օրորոցից եմ բերել։

Սալվարդ սարից եմ բերել Նրա գույները բոլոր, Եվ բուրմունքները՝ Լորից Ու Մրոցից եմ բերել։

Կռվի բոցից եմ բերել Ես մորմոքները նրա, Եվ ջերմությունն՝ իմ սիրո Թեժ հնոցից եմ բերել։

Ճշմարտությունը՝ հողից, Իսկ խորհուրդները խռով՝ Տառապանքից իմ փորձված


Եվ իմ փորձից եմ բերել։ 121. ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐ ՆՈՐԵԿ

Բանաստեղծներ նորեկ, Զգաստացեք մի պահ Եվ խորհուրդս լսեք Կարողության չափով. Մեզ հավասարապես Հարկավոր են հիմա Մեծարենցյան սրինգ Եվ չարենցյան շեփոր։ 122. ԱՅՍ ԷԼ ՔԱՆԻ ԱՄԻՍ

Այս էլ քանի ամիս Ձորերը չեն թնդում, Ամպերը չեն լալիս, Խոտերը չեն խնդում։

Այս էլ քանի ամիս Ծառերը չեն թռչում, Անցած ճանապարհիս Քարերը չեն շնչում։

Այս էլ քանի ամիս Տողերը չեն խայտում, Հանգերը չեն գալիս,


Բառերը չեն պայթում։

Այս էլ քանի ամիս Հարսանիքն է մահիս։ 123. ԲԱԽՏԻԴ ՃԱԿԱՏԸ ՊԻՏԻ ՀԱՄԲՈՒՐԵՍ

Բախտիդ ճակատը պիտի համբուրես Եվ շնորհակալ պիտի լինես դու Երջանիկ ու մեծ քո տառապանքից, Որ հոգուդ վրա կնճիռներ չունես Եվ խդճիդ վրա չունես ոչ մի բիծ։

Այդ ամենամեծ բախտն է երևի, Որ ավանդական լեռների վրա Եվ ավանդական արևի ներքո Քո մայրամուտը պարզ է, հիրավի, Քան վաղնջական առավոտն էր քո։

Թող մայրամուտից հետո էլ հոգուդ Լուրթ հորիզոններն աստղերով լցվեն, Եվ չմթագնի երկինքը վրադ, Եվ քո երգի մեջ երբեք չլսվեն Գիշերահավի կանչերը վհատ։ 124. ԵՍ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԵՄ

Իմ արմատները...


Քարերի մեջ են Իմ արմատները։ Նախաստեղծ ու բիրտ Հավիտենության Դարերի մեջ են Իմ արմատները։

Իմ սաղարթները... Սարերի մեջ են Իմ սաղարթները... Անաղարտ ու կիրթ Հավիտենության Արևի մեջ են Իմ սաղարթները։

Այս ես եմ։ Այսքանն եմ։ Ես Հայաստանն եմ։ 125. ՊԱՐՈԻՅՐ ՍԵՎԱԿԻՆ

1

Ինչպե՞ս ապրեմ առանց քեզ, Սիրելի Պարույր, Դու հաց էիր ինձ համար, Օդ էիր ու ջուր։


Անհնար է հավատալ, Որ չկաս իրոք, Դու իմ եղբայր, դու իմ պապ, Իմ գիժ, իմ խելոք։

Իմ անզիջում, անողոք Եվ իմ քմահաճ, Կոմիտասյան իմ մորմոք, Իմ տնավեր լաճ։

Իմ հանճարեղ, իմ հիմար, Իմ պղտոր, իմ ջինջ, Բահի զնգոց, խոփի վար, Ամեն, ամեն ինչ...

Դու մատչելի, մարդամոտ, Դու և անաոիկ,Մարգի համեմ, լանջի խոտ, Բարձունքի ծաղիկ։

Դու մի բանակ, դու մի զորք, Դու մի տոհմի շյուղ, Դու հրթիռի հրացոլք Ու երդիկի ծուխ։

Ինքդ քեզնից հասարակ,


Ինքդ քեզնից վեր... Դու գալիքից առած վարկ, Անցյալի նվեր։

Դու դպիր ու շինական, Դու անխոնջ գրիչ, Դու իմ անտեր տիրակալ, Եվ տիրական խիղճ...

Ուտում էինք, մեր բախտին Երանի տալով, Ապուրը նույն ամանից Եվ նույն գդալով։

Հիմա ես ո՞ւմ հետ կիսեմ Հավատամք ու հաց, Եվ ո՞ւմ զրույցը լսեմ Մինչև լուսաբաց։

Ի՞նչ ես անում առանց ինձ, Ո՞ւմ ես խրատում, Ո՞ւմ համար ես ձեռագիր Երգերդ կարդում։

Չես ընդունում դու արդեն Կանչ ու հրավեր,


Ոչ էլ մեզ ես ընդունում, Տո՛ լաճ տնավեր։

Չես ընդունում... բայց կգամ, Սպասիր քիչ էլ, Զրույց կանենք վիճելով Մինչև ուշ գիշեր...

Այս ի՞նչ խավար է այսպես Իմ սրտին իջել։

2

Անհուն էր երկինքդ, Ախ, երևի ինքդ Քեզ խանդեցիր։

Տունդ Սասնա տուն էր, Հիմքը հաստատուն էր, Դու քանդեցիր։

Քեզ — խավարն ու ցուրտը... Մեզ — լույսի խորհուրդը Ավանդեցիր։ 126. ԴԵՌ ՇՆՉՈԻՄ ԵՍ

Աշխարհի ցավը քո մեջ,


Շրթիդ անունն աշխարհի, Աշխարհ եկար, երբ արդեն Փախել էր քունն աշխարհի, Փոխվել էին խորք ու ձև, Փոխվել էր հունն աշխարհի, Եվ քո ոչ մի հարցումին Նա չտվեց պատասխան, Տուն չտվեց քո տան մեջ, Չքանդվի տունն աշխարհի։ Դեռ շնչում ես, ու դարձյալ Ամեն, ամեն ակնթարթ Արձագանքում է քո մեջ Ամեն մի կանչն աշխարհի։ Բայց ինքը քեզ չի լսում, Սիրտ իմ, հույս էլ չունենաս, Ինչքան կուզես հառաչիր, Ինչքան կուզես որոտա, Խուլ է ականջն աշխարհի։ 127. ԴՌՆԱՊԱՆԻ ՁՈՐՈՒՄ

Դռնապանի ձորում՝ Նախաշխարհյան կյանքի Ննջած դարեր...

Դռնապանի ձորում՝ Իրար թև ու թամքի


Նստած սարեր...

Դռնապանի ձորում՝ Քանդուքարափ վանքի Անգիր քարեր...

Դռնապանի ձորում Ամպերի տակ ծաղկի՝ Ծառեր, ծառեր... 128. ՏԵՍՆԵՍ Ի՞ՆՉ ԷԻՆ...

Տեսնես ի՞նչ էին ասում իրար, Երբ լսում էին ղողանջը մեր, Մանուկ արևը՝ սարերն ի վար Եվ մեռնող մութը՝ ձորերն ի վեր։

Երբ լսում էին հառաչը մեր, Տեսնես ի՞նչ էին ասում իրար Մեռնող արևը՝ սարերն ի վեր Եվ մանուկ մութը՝ ձորերն ի վար։ 129. ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԵԿԵՔ

Իմաստություններ, եկեք Ինձ մի խրատ տվեք, Ձեզ մառաններն ամեն, Ինձ մի գավաթ տվեք,


Ինձ մի կրակ տվեք Արեգակի տեղակ, Մի բեռ հույսի տեղակ Մի բուռ հավատ տվեք։ 130. ԿԱ ՏԵՐՅԱՆԱԿԱՆ ՄԻ ԵԼԵՎԷՋ

Կա տերյանական մի ելեէջ, Որ քեզ չի լքում այսքան տարի. Ուրախ մի վիշտ կա քո երգի մեջ, Եվ ուրախություն մի վշտալի։

Ի՞նչ է ավանդել Տերյանը քեզ, Իր հիվանդ հոգու մորմոքը հին... Հյուծախտավոր ես Տերյանի պես, Բայց ծաղկավոր է երգիդ ուղին։ 131. ԴՈՒ ՍԱՐԵՐԻ ՄԵՋ

Դու սարերի մեջ ու ձորերի մեջ, Ամենանորը դու նորերի մեջ Ու հների մեջ ամենահինը, Դու ի՜մը, ի՜մը, ամենաիմը։

Ես մի բուռ մրկած մամուոը քարիդ Եվ հետին հյուլեն կենսական ծառիդ, Ես քո բողբոջը, ծիլը, կոկոնը, Ես քո՜նը, քո՜նը, ամենաքունը։


132. ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ

Բանաստեղծություն, Թե հին ես, եղիր որպես հին գինի։ Թե նոր ես, եղիր ադամալույսին Աչբերը բացող թոչունի նման, Որ քո կանչերից Անտառում քնած հովերն արթնանան... Եվ այն ժամանակ բոլորը կասեն. — Բանաստեղծությո´ւն, Դու եղել ես, կաս և տիտի լինես, Ինչ էլ որ լինի... 133. ՈԻ ՆԵՐԿՈԻՄ ԵՍ

Մի «բանաստեղծի»

Մորմոքում ես լռին, Բողոքում ես լռին Ու երգում ես։ Եվ հասկացող չկա՝ Հաստատո՞ւմ ես երգով, Թե հերքում ես։ Տանդ հիմքի վրա Խարխլվում է դանդաղ, Պատը ճեղք է տալիս, Դու ծեփում ես ճեղքը


Ու ներկում ես։ 134. ԳԱՌՆԵՐԻ ՄԱՅՈՒՆ...

Գառների մայուն բլուրներն ի վաի, Կալերից փախած մղեղոտ քամի, Մութի հոտ առած մի տագնաաահար Երամի ծիվ-ծիվ... Ու զանգեր ժամի։

Էլ բան չեմ հիշում։ Օրն անցավ գնաց։ Թող օրհնությանդ լինեմ արժանի, Դաշտից, արտերից, կալերից եկած Արդար հոգնություն իրիկնաժամի։ 135. ԴԵՊԻ ՀԱՐԱՎ ԵՆ ԹԵՔՎԵԼ

Դեպի հարավ են թեքվել հավքերը... Գետն իրեն նեղել ու հավաքել է, Մաշվել է, քաշվել ու բարակել է, Գլուխը կախել, աչքը փակել է, Եվ ո՞վ իմանա աշխարհի աչքին, Գուցե թե մի քիչ թովահակել Է։

Բայց գետն իր արածն արդեն արել է, Փշրել, փշրվել ու վարարել է, Ավազը թողել, տիղմը տարել է, Հետո ափերից դուրս է եկել նա, Քարե-քար ընկել ու թափաոել է,


Ջրել է այգին, արտը, մարգերը;

Դեպի հարավ են թեքվել հավքերը... Բարի ճանապա՛րհ, գետ, ես քեզանից Եռիլիոն անգամ շնորհակալ եմ։ 136. ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆՍ...

Աղքատությունս... Թող աստված փրկի, Գնացել ընկել Անապատ ու շամբ, Տեղ չկա, որ ինձ Չվարկաբեկի Դուրս արած կնկա Վրեժխնդրությամբ։ 137. ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆՍ...

Տգիտությունս... Ճանապարհ դրի, Խոստացել էր, որ Նամակ կգրի Ու թե նեղն ընկավ, Ետ կգա նորից... Քանի հասցե եմ Փոխել այն օրից։ 138. ՀՂԱՑՈՒՄՆԵՐՍ...


Հղացումներս... Մեղրաճանճեր են Փեթակում քնած... Գարունը եկավ, Իրենք են իրենց Դուռը բացելու, Ժամանակից շուտ Ձեռք տվի նրանց, Հենց առաջինը Ինձ են կծելու։ 139. ՊԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՍ...

Պակասությունս... Ի չիք դարձընել Չկարողացա Սրտիս ու մտքիս Հակասությունը, Դա իմ առաջին Պակասությունը... Եվ հետո բազում Պակասություններ, Որոնք... թաքցընել Չկարողացա. Դա էլ իմ վերջին Պակասությունը։


140. ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՍ...

Հիշողությունս... Նման չէ կնոջ, Հակառակն է ճիշտ, Քանի ջահել էր, Չէր դավաճանում, Հենց որ ծերացավ, Աչքը դուրս է միշտ։ 141. ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՍ...

Կարողությունս... Եթե թողնեին Լոկ այն անեի, Ինչ կարող էի, Հիմա երևի... Հանճարեղ էի։ 142. ՏԵՍՈՂՈՒԹՅՈՒՆՍ...

Տեսողությունս... Վտանգի գույնը Մեջքով եմ տեսնում, Արևի գույնը Տեսնում եմ մաշկով, Իրերը ես բաց Աչքով եմ տեսնում,


Իսկ նրանց խորքը՝ Միայն փակ աչքով։ 143. ԼՍՈՂՈՒԹՅՈՒՆՍ...

Լսողությունս... Կարող է որսալ Սիրահարների Խոստովանության Չասված բառերը, Կարող է որսալ, Թե երազի մեջ Իրար ականջի Ի՞նչ են շշնջում Ձմռան ձյունի տակ Քնած ծառերը: Լսողությունս Կարող է որսալ Ոչ միայն կանչը Ձենով Օհանի, Այլև քառասուն Ջրաղացքարի տակ Թիկունքին ընկած Մսրա Մելիքն էլ Ամենաթաքուն Իր խոկումները Նրանից պահել


Չի կարողանա, Ինչ էլ որ անի... Լսողությունս Ուր էլ գնացել՝ Պարտքը կատարած Վերադարձել է Ու գլխիս երբեք Փորձանք չի բերել, Որովհետե նա Կարողացել է ճշմարտությունը Ստից տարբերել։ 144. ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆՍ...

Ենթադրությունս... Եթե են գլխից Ինձ ճանաչեի, Երևի հիմա... Չհառաչեի, Չխռովեի Ինքս ինձանից Ու չամաչեի։ 145. ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՍ...

Հիվանդությունս... Եվ չզարմանաք,


Ճիշտ ժամանակին Մեռնելու համար Երևի պիտի Ծնված լինեի Ուրիշ ժամանակ։ 146. ՀՈԳՍԵՐՍ...

Հոգսերս... նրանք Պնդաճակատ են Ու երես առած, Խոսք ու խրատիս Գլուխ չեն դնում, Արթնանում են միշտ Ինձանից աոաջ, Ու միշտ ինձանից Հետո են քնում: Մնում է միայն Մի մխիթարանք. Այն, որ չեմ կարող Ինչ անեն-չանեն, Չհավատալ, թե Աճյունս նրանք Ինչպիսի շուքով Շիրիմ կտանեն: 147. ՄԻՋՈՑՆԵՐՍ...


Միջոցներս... չէ, Այս անտեր փողից Բան չեմ հասկանում։ Երբ չեմ ունենում, Քունս չի տանում. — Փող, բարի գալուստ։ Երբ ունենում եմ, Քունս չի տանում. — Փող, գնաս բարով։ Հոգիս դուրս եկավ Լավ քնողներին Երանի տալով: 148. ԲԱՐՈՒԹՅՈՒՆՍ...

Բարությունս... Նա մատաղի հավ է, Քանի հեռու է Մորթելու ժամը, Ինչ անի, չանի, Նրան չեն բռնում... Եվ ինքն իր քեֆին Միշտ քանդում է իմ Ցանած բոստանը, Եվ ձուն ածում է Ուրիշի բնում։ 149. ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆՍ...


Ուրախությունս... Վայրի թռչուն է Ուրախությունս, Եթե պատահմամբ Մտնում է տունս, Դռնից մտնում է, Երդիկից թռնում. Երազի մեջ եմ Ես նրան բռնում։ 150. ՀՈՒՇԵՐՍ...

Հուշերս... նրանք Ոչ միայն վաղուց Մեռած մարդուն են Կենդանացնում, Այլ ինձնից փախած Քմահաճ «ես»-իս Խելքի բերելով Բերում և ինձ են Վերադարձնում: Նրանց օգնությամբ Կրկնում եմ հաճախ Իմ ամենաթանկ Եվ անկրկնելի Ուղևորության


Պահերը՝ ձրի։ 151. ՄԵՆԱԿՈՒԹՅՈՒՆՍ...

Մենակությունս... Մենակ մնալու Ժամանակ չունի, Հագար կապերով Կապված է հազար Մենակության հետ։ Եվ այդ բազմամբոխ, Այդ զանգվածային Մենակության մեջ Մենակություններն Իրար բերանից Պատառ են քաշում, Մենակություններն Ուտում են իրար Եվ իրար մաշում։ Ում վրա հենվի, Երբ հենակներն էլ Մաշել են իրենց Հենակությունը, Ի՞նչ անի իմ խեղճ Մենակությունը։ 152. ՏԽՐՈՒԹՅՈՒՆՍ


Տխրությունս, նա... Էլ մի հարցնի. Նա միշտ էլ ինձ մոտ Տաք տեղ է ճարում Եվ օրը հազար Հիմք է հնարում, Որ իր գոյությունն Արդարացնի։ 153. ԵՐԳԵՐՍ

Երգերս... նրանք Իմ աղջիկներն են։ Հասնում են թե չէ, Մարդու են գնում։ Տարած—ետ բերած Աղջիկներ չունեմ, Եվ փեսաներս Գոհ են ինձանից։ Դրա համար էլ Հարևաններս Ինձ նախանձում են, Եվ քիչ է մնում Վեր կենան մի օր— Գան ինձ ծեծելով Դուրս անեն տանից։ 154. ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆՍ


Համբերությունս... Ամուլի եզ է, Քանի դեռ ունի Ոսկոր ու կաշի, Նա պիտի քաշի։ Սամին կմաշի, Լուծն էլ կմաշի, Հո՛ արա, Ծիրա՛ն, Քաշի, հա քաշի։— Քաշի, հա քաշի։ Մի օր էլ կգա, Դեմ կառնի հանկարծ Խոփը՝ խարակի, Կչոքի հոգնած Ծիրանն ակոսում, Սիրտը կճաքի։ 155. ԵՐԱԶԱՆՔՆԵՐՍ

Երազանքներս... Մաքրում են բոլոր Քարաքոսերը Եվ քարափները Ոսկեզօծում են: Եվ մինչև անգամ Աշխարհի բոլոր


Մեղքերի համար Մեղավորիս էլ Սրբագործում են։ 156. ՆՊԱՏԱԿՍ

Նպատակս... բեռ Չդառնամ երբեք, Աչքս չդնեմ Ուրիշի բեռան, Չդառնամ երբեք Ավելորդ բերան, Ոչ մի չասված խոսք Հետս չտանեմ, Վերջին ցանելիք Ածուն էլ ցանեմ, Հոգեպահուստի Եվ դեղապետի Վերջին խնձորն էլ Առնեմ-բաժանեմ... Ու երբ թողնելու Էլ բան չունենամ, Ու բան չունենամ Հետս տանելու, Խնդրեմ, որ մահըս Չեմ ու չում չանի, Երբ որ շշնջամ


«Համեցեք, ինձ տար»։ Թող գա ու տանի։ 157. ՀԱՎԱՏՍ

Հավատս... երբեք Իրար չենք լքել Ես ու հավատս, Ու չենք լքելու Ինչ էլ որ լինի, Մինչև վախճանս, Վերջս, ավարտս։ Հավատս լույսի Խորհուրդն է եղել, Ճշմարտի, բարու, Լավի խորհուրդը, Ինձ վրա բացված Կապույտն է եղել, Իմ հողը, հացը, Իմ ժողովուրդը: Ամեն տեղ նույնն է Եղել հավատս, Իմ արյան գույնն է Եղել հավատս, Քո գույնն է եղել, Փրկության դրոշ, Դու իմ զորեղս,


Մեծս, անպարտս, Դու իմ եզակիս, Մեկս, մի հատս, Ինձ համար քո թեժ Ծփանքների տակ Միայն մեռնելու Ահն էր արգելված... Դատարկելու եմ Վերջին գավաթս Իմ կարմիր, կարմիր Հավատի կենաց։ 158. ՈՒՂԵԿԻՑՆԵՐՍ

Ուղեկիցներս... Լավ են թե վատ են, Իմ կյանքն են նրանք, Իմ տեղ ու տունը։ Թե մի օր հանկարծ Նրանք ինձ լքեն, Ես հազար անգամ Կգերադասեմ Անէությունը։ 159. ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ...

Ես չեմ կարող չհավատալ Կռունկների վերադարձին,


Երբ արթնացող առվակն արդեն «Բարի գալուստ», «Բարի լայս» է ասում դաղձին, Երբ պատրաստ է հողը՝ լալու Մայրանալու Խուտուտ բերող մի սարսուոից, Եվ քունն առած ծծկեր մի ծիլ Նայում է իր թավշյա խոնավ Խանձարարուրից... Ես չեմ կարող չհավատալ Այն զինվորի սուրբ երդումին, Որ երդումը հազիվ կերած, Կուրծքը դրել խրամատի Խոնավ թմբին, Ծիծաղում է մահի վրա։ Ես չեմ կարող չհավատալ Արյան գույնին իմ երակի... Ես չեմ կարող չհավատալ Այն գրերին, Որ խոսում են երկինքն ի վեր Սուրբ քարերից ավերակի, Մեր պատմությունն արթնացնում, Մարդ են դարձնում մեզ եռակի։ Ես չեմ կարող չհավատալ Մեր հինավուրց հայրենների Թափառական համ ու հոտին,


Որ դարերի մշուշներից Ոլորվել են ու խառնվել մեր երազին, Մեղ դպրությանն ու կարոտին։ Ես չեմ կարող չհավատալ Այն ավանդին, Որ ամեն օր նորանալով, Ծաղկում է մեր շուրթի վրա, Մեր սրտի մեջ։ Եվ վերջապես ես չեմ կարող Չհավատալ իմ հավատին, Որ մարդկության հավատն է մեծ: 160. ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՉՆԵՐՇՆՉՎԵԼ

Ես չեմ կարող չներշնչվել, Ամեն բացվող առավոտով, Առավոտի բարի հույսով, «Բարի լույս»–ով բարեկամի: Ես չեմ կարող չներշնչվել Երկինքների բաց ոլորտով, Եվ աստղերի յոթը պորտով, Եվ ամպերով յոթգլխանի։ Ես չեմ կարող չներշնչվել Քաղաքների եռազեռով Եվ լեռների լանջերն ի վեր Ավանդապահ անտառների Կանաչ-կարմիր, լուրթ ու դեղին


Երազներով։ Ես չեմ կարող չներշնչվել Այն քարափով, Որ իմ ամեն մի հուշի մեջ Ծիածան է թողել մի բուռ Իր ամեն մի դիմախաղից։ Ես չեմ կարող չներշնչվել Մինչև անգամ մասրի թփով, Որ իր ամեն փշի վրա Մի թել ունի Պատանության իմ մախաղից։ Ես չեմ կարող չներշնչվել Եվ այն կապույտ սարահարթով, Որ ամեն բուո հողի վրա Ոտնահետքերն ունի պապիս, Ես չեմ կարող չներշնչվել Այն հավիտով, Որ ինձ ափով ջուր է տվել Եվ ջուր խմել ինքն իր ափից։ Ես չեմ կարող չներշնչվել Այն ամոթով, Որ շիկնելով աղջիկների Այտերն ի վեր, Մայր է մտնում կոպերի տակ: Ես չեմ կարող չներշնչվել Ձյունից պոկված ջրվեժների


Ծնկի ծալով Եվ իմ ազնիվ տոհմածառով, Եվ վերջապես Ես չեմ կարող չներշնչվել Իր այս արդար ճանապարհով Աշխարհների առաջն ընկած Իմ աշխարհով։ 161. ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՉՀԱՌԱՉԵԼ

Ես չեմ կարող չհառաչել... Պատահել Է, Ո՞վ իմանա, որ աշխարհից, Տղան եկել Ու հոր տունը չի ճանաչել, Չի ճանաչել երդին ու դուռ, Որովհետև տան կտուրին Փուշ է աճել, Շեմքի վրա՝ սունկ ու մամուռ։ Մի այդպիսի տուն հիշելիս Ես չեմ կարող չհառաչել։ Պատահել է, Էլ ո՞ւր մնաց հայրը որդուն, Որդին նայել հայելու մեջ Ինքը իրեն չի ճանաչել։ Այդպիսի հոր հանդիպելիս Ես չեմ կարող չհառաչել,


Պատահել է, Մարդը տարել արտ է ցանել, Ցանած արտը չի կանաչել, Այդ խեղճ մարդուն հանդիպելիս Ես չեմ կարող չհառաչել։ Քանի անմեղ մարդ են տարել Քրիստոսի նման խաչել, Դրա համար մինչև անգամ Խաչերկաթի հանդիպելիս Ես չեմ կարող չհառաչել։ Ես չեմ կարող չհառաչել Քանի դեռ այս անտեր աշխարհն Ինքն իրեն չի տիրապետում, Ինքը իրեն չի նվաճել։ Աշխարհն եկել կանգ է առել Մի այնպիսի բախտի աոաջ, Որ ուզում է իրեն խաչել... Միտք եմ անում Այս աշխարհի բախտի վրա Ու չեմ կարող չհառաչել; Եվ վերջապես, Ես չեմ կարող չհառաչել, Որովհետև Այսքան տարի չարչարելով՝ Աշխարհը մեզ, ու մենք՝ իրեն, Իրար, կարգին չենք ճանաչել։


162. ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՉԶԱՐՄԱՆԱԼ

Ես չեմ կարող չզարմանալ, Չզարմանաք, եթե ասեմ, Որ տեսել եմ մինչև անգամ Քարափները զարմանալիս... Այդ մի պահ էր, Երբ ամպերը վառվում էին, Եվ արևը փուլ էր գալիս։ Չզարմանաք, եթե ասեմ, Որ տեսել եմ՝ մինչև անգամ Ծաղիկները զարմանալիս. Այդ մի պահ էր, Երբ երկինքը իջել, եկել, Առվին ափով ջուր էր տալիս։ Չզարմանաք, եթե ասեմ, Որ տեսել եմ մինչև անգամ Մրջյունները զարմանալիս. Այդ մի պահ էր, Երբ մոծակը բռնել ուղտին, Մեջքի վրա շուռ էր տալիս: Ես չեմ կարող չզարմանալ, Ամենից շատ չզարմանալ Զարմանալի մարդկանց վրա, Որ կարող են Առհասարակ չզարմանալ։


163. ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՉԱՐՀԱՄԱՐՀԵԼ

Ես չեմ կարող չարհամարհել Այն զավակին, Որ իր հորն է մեղադրում Իր անճարակ, Խեղճ ու կրակ խելքի համար։ Ես չեմ կարող չարհամարհել Այն աչքը դուրս պահած կնկան, Որ մարղուն է մեղադրում Իր սեփական մեղքի համար։ Ես չեմ կարող չարհամարհել Այն կուշտ ու կուռ երեխային, Որ լալիս է ու չի քնում, Եվ այն հյուրին պնդաճակատ, Որ գալիս է ու չի գնում։ Ես չեմ կարող չարհամարհել Այն փոքրամիտ մեծավորին, Որ կարգում է գործի գլուխ Իր անգլուխ մերձավորին։ Եվ վերջապես ես չեմ կարող Չարհամարհել այն պատանուն, Որ հոր առաջ հորից խլած Գլխարկով է հպարտանում։ 164. ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ ԻՄ ԶԱՎԱԿԻՆ


Ես չեմ կարող իմ զավակին Մի հարսանիք չխոստանալ, Ինձնից կախված ամեն պարգև, Ամեն բարիք չխոստանալ, Մի լավ օջախ, մի լավ անկյուն, Մի լավ տանիք չխոստանալ, Ոտքը հին-հին դարերի մեջ, Ճերմակ ճակատն աստղերի մեջ, Կանաչ-կարմիր սարերի մեջ, Ոտից-գլուխ արևի մեջ Մի հայրենիք չխոստանալ։ Ես չեմ կարող Այս աշխարհից գնացողին Մի բուռ արցունք Եվ մի բուռ հող չխոստանալ։ Ես չեմ կարող ճամփիս վրա Ոտքի վրա խամրող ծաղկին Իմ խեղճ սրտից Եվ իմ խոնավ թարթիչներից Մի կաթիլ ցող չխոստանալ։ Եվ վերջաաես ես չեմ կարող Հեռու-հեռու սերունդներին Իմ օրերի Եվ իմ հոգու լույսը տանող Մի քանի տող չխոստանալ 165. ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՉԸՄԲՈՍՏԱՆԱԼ


Ես չեմ կարող Չըմբոստանալ այն ստի դեմ, Որ գալիս է օտար հողից, Որ թափվում է Մինչև անգամ հարդագողից։ Ականջներ է փնտրում անփորձ, Հոգիներ է փնտրում անգործ, Ճգնում է, որ մի ճեղք ճարի Մեր հավատի ամրոցի մեջ Ու խարխլի... Լույսի սովոր Մեր աչքերը մեզնից խլի... Ու վնգստա, ու վնգստա, Որ սև ասենք սպիտակին, Ագռավ ասենք մեր տատրակին, Իրենց բուին արծիվ ասենք, Առյուծ՝ իրենց կատվի ձագին։ Ես չեմ կարող չըմբոստանալ Այդ ստի դեմ և այն կարգի, Որ իր կաշվից դուրս է գալիս, Ճգնում է այդ ստի ուժով Հեռացնել, կանխել անգամ, Ահեղ ժամն իր հոգեվարքի։ 166. ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ ԱՉՔՍ ՓԱԿԵԼ

Ես չեմ կարող աչքս փակել


Եվ գլուխս դնել բարձին, Երբ ինչ-որ տեղ, ինչ-որ մի ամպ Ինչ-որ մի մութ Սպառնում է լուսաբացին։ Ես չեմ կարող չխառնվել Այս աշխարհի անց ու դարձին, Չապրել իմ այս ապրած կյանքի Օրով, ժամով, ակնթարթով։ Ու քանի դեռ չեմ դառել հող, Ես չեմ կարող չլինել Ես... Եվ ինչ լավ է, որ չեմ կարող։ 167. ԵՎ Ի՞ՆՉ ԻՄԱՆԱ

Մի ոտաբոբիկ, անվարտիք տղա Գետից դուրս եկել նստել է քարին։ Ջուրը տանում է հայացքը նրա, Գանգուրների հետ խաղում է քամին։

Նայում եմ նրան, նայում է նա ինձ, Ես ճանաչում եմ, նա չի ճանաչում։ Ինչ-որ խոսքեր ենք պոկում իրարից, Նա ծիծաղում է, իսկ ես հաոաչամ։

— Որտեղի՞ց գիտես անունս, պապիկ, Խաչիպապ պապիս որտեղի՞ց գիտես, Դու այս կողմերում չես եղել երբեք,


Ու ոչ ոք այստեղ չի ճանաչում քեզ։

— Այդ ոչինչ, տղա՛ս։ Ես գիտեմ նաև, Թե որտեղից են քեզ աղջիկ տալու. Ինչ խոովքներ է բերելու նա, և Ինչ փորձանքներ են քո գլխին գալու։

Գիր բացողի հետ գլուխ չունեմ ես,– Հեգնում է, խառնում գանգուրները թաց. Ջուրը տարել է վարտիքս, մի տես, Էլ վարտիք չունեմ, վարտիքդ կտա՞ս...

Պա... մնաս բարով, ցատկում է տեղից, Ճչում, թռչում է հորձանուտի մեջ, Փրփրած ջուրը նրա ետևից Առնում տանում է իմ հայացքը խեղճ...

Հետո սուլում է կալից, կտուրից, Վազում է անհոգ, թռվռում է նա, Վարտիք է ձևում գետի փրփուրից,— Բայց գիտե՞ արդյոք և ի՞նչ իմանա,

Որ պիտի մի օր վար ու ցանք անի, Մատյաններ թերթի, պատերազմ գնա, Աշխարհի հոգսերն ուսերին առնի, Գա և այս գետի երգիչը դառնա։


168. ՔԱՐԻՆ ՏԱՐԵԿԻՑ

Չորս մրրիկները չոր ու չարախինդ Չորս կողմից եկան, պայթեցին գլխիդ, Իրար խառնեցին եզերք ու հատակ, Պղտորեցին քո ջրերը հստակ Եվ շպրտեցին երկինքներն ի վեր, Սակայն ինքնության անճառանվեր Ալիքդ խլել չկարողացան։

Եկան, ոռնացին սաղարթներիդ մեջ Ու ոլորելով, ճկելով մեկ–մեկ Դալար ճյուղերդ փշրեցին, առան Իրար բերանից խլելով տարան... Կեղևդ էլ տարան։ Ինչ ասել կուզի, Ստվերդ էլ տարան, և սակայն հույսի Ծաղիկդ խլել չկարողացան։

Առևանգեցին շեներդ անխնա Եվ մթագնեցին երկինքդ շողուն, Սարը շուռ տվին գութանիղ վրա, Վանքդ գլխիվայր թաղեցին հողում, Բայց հորովելդ հողոտ, մղեղոտ Եվ այնպես շողոտ, այնպես խնկահոտ Տաղիկդ խլել չկարողացան։


Տունդ քանդեցին, բարիքդ տարան, Բարձիկդ տարան, բախտիկդ տարան, Ոչ գերան մնաց, ոչ սյուն ու տանիք, Ամեն, ամեն ինչ առան քո ձեռքից, Օրդ սև արին, սև արին տարիդ, Բայց քո տան հիմքի քարին տարեկից Տարիքդ խլել չկարողացան։

Եվ դու պահեցիր ինքնությունը քո, Շինեցիր նորոգ Սասնա-տունը քո, Ապրեցիր այնտեղ դու բաց ճակատով... Եվ պիտի ապրես... Եվ քո նոր բախտով Ու քո հին լեզվով պատմես աշխարհին, Որ չորս մրրիկներն օրհասիդ պահին Գալիքդ խլել չկարողացան։ 169. ԲԱՆԱՍՏԵՂԾԸ

Դու դեո իրավունք չունես լռելու, Այս մեծ ամպրոպը թող քեզ նորոգի, Դեռ այնքան լույսեր ունես փռելու, Խոսքով կռելու հավատք ու հոգի։

Դու դեռ իրավունք չունես մեռնելու, Քանի չեն մեռել ենիչեր ու հոն, Դեռ ամրություններ ունես առնելու Հեռաստաններում հոգնահորիզոն։


Դեռ կարողություն ունես փորձելու Քո տառապանքներն իմաստուն ու մեծ, Եվ դեռ ինքդ քեզ իրագործելու

Հղացումներ ու հնարներ ունես։

Իրավունք չունես չզգաստանալու, Թեկուզ դեռ հատուկ հրահանգ չկա, Ժամանակ չկա հանգստանալու, Եվ ծերանալու ժամանակ չկա։

Զինվոր ես եղել, զինվոր էլ մնա, Ժամանակը չէ զորացրվելու, Զենքերդ կապիր ու կռիվ գնա, Դու դեռ զորություն ունես կռվելու։

Դեռ պարտքեր անես աշխարհին տալու, Պատրաստվիր վաղվա ճակատամարտին։ Էլ ի՞նչ ամպ ես, որ չես որոտալու, Անձրև չես տալու լեռանն ու արտին։

Տողերդ նորից կրակով լցրու, Վհատ երգերդ հողմերին հանձնիր, Բարձրացիր նորից և հնչեցրու Քաղաքացիական քնարդ ազնիվ։


Դա դեռ իրավունք չունես լռելու, Այս մեծ ամպրոպը թող քեզ նորոգի, Դեռ այնքան լույսեր ունես փռելու, Խոսքով կռելու հավատք ու հոգի։ 170. ԱՐՇԱԼՈԻՅՍՆԵՐ ԵՆ ՓՌԵԼ ԱՇԽԱՐՀՈԻՄ

Ալեքսանդր Մյասնիկյանի հիշատակին

Եվ ծիծեռնակի բույն են կարկատել, Եվ ծաղիկներ են ջրել աշխարհում, Եվ գիշերների դեմ են ճակատել, Եվ արշալույս են փռել աշխարհում։ Երգեր են գրել, Ծառ են նկարել, Հրճվել են ճախրող հավքի թևերով, Եվ ապագայի բարուրն են կարել Արշալույսների կարմիր թելերով։ Շղթա են կրել... Շղթա են կռել, Եվ շղթայել են կայծակն ամպերում։ Մարգեր են ջրել, Երկինք են թռել, Եվ բախտի լույս են գտել հասքերում։ Իրենց խղճի հետ զրույց են արել, Խորհել են, նախքան հացի նստելը...


Կոմունիստները այսպես են ապրել, Այսպես են ապրում կոմունիստները։

Տանջել են նրանց, Խարույկ են հանել, խաչել են նրանց։ Եվ խաչվածների արյունով հարբած Անսիրտ, անհոգի բթամիտները, Երբ սեղանի շուրջ իրենց հաղթության Կենացի վրա բաժակ են առել, Երգել են իրենց խաչած զոհերի Գրած երգերը... Կոմունիստները այսպես են մեռել, Այսպես են մեռնում կոմունիստները։

Ակոս են քաշել, Երկաթ են տաշել, Զավակ են եղել, հայր ու ամուսին։ Աշխարհի բեռն ու հոգսերն են քաշել Ու բեռ չեն եղել աշխարհի ուսին։ Եվ փորձ են դիզել, Եվ խոտ են դիզել, Եվ հեքիաթներ են ասել դեզի տակ։ Մարդկանց հետ իրենց սև հացն են կիսել Սև օրն են կիսել ու բախտն սպիտակ։ Քրտինք են քամել, քայլել են երթում, Եթե քնել են, քնել են վերջում։


Եթե քնել են, այնպես են քնել, Որ վեր են թռել Ու ծածկել բացվող հարազատներին։ Արև են տեսել փակ աչքով անգամ, Եվ բաց աչքերով երազ են տեսել, Եվ առաջինն են «բարի լայս» ասել Դեռ քնաթաթախ առավոտներին։ Ինչ էլ պատահի, նրանք միշտ իրենց Խղճի ճորտերն են ու խոսքի տերը... Կոմունիստները այսպես են ապրել, Այսպես են ապրում կոմունիստները։

Ու երբ փոթորիկն աղետ է բերել, Ալիքների մեջ ընկել են նրանք, Բայց չեն խոնարհել դրոշներն իրենց Եվ չեն խոնարհել առագաստները... Կոմունիստները այսպես են մեռել, Այսպես են մեռնում կոմունիստները։

Եվ ծլարձակման շշուկն են լսել Ցանած արտի մեջ, Եվ սրտի զարկը կաթնաբույր մանկան, Եվ շնչառությունն՝ ակնթարթի մեջ Թևերն ամփոփած հավիտենության։ Եվ իմացել են պատիվը մարդկանց, Եվ «Բարի լույս»–ի գինն են իմացել,


Եվ հյուլեի մեջ թանձրացած՝ անհուն Անսահմանության խորհուրդն են բացել... Երբ ցուրտ է եղել, ու ձյուն է դրել, Անճարների տան կտուրն են մաքրել։— Հիմա աշխարհի կտուրն են մաքրում, Աշխարհի դռներն ու սանդուղքները... Կոմունիստները այսպես են ապրել, Այսպես են ապրում կոմունիստները։ 171. ԵՎ Ի՞ՆՉ ԵՆ ՈԻԶՈԻՄ

Երբ սովորական մի «բարի լույս»–ից Աշխարհն ավելի բարի է դառնում, Ինչո՞ւ են մարդիկ աշխարհը խառնում, Եվ Ի՞նչ է ուզում մեկը մյուսից... Երբ կա աշխարհում երաժշտություն, Եվ կա երկնքի ու հողի միջև Մի կապույտ, կապույտ, մի կանաչ-կարմիր Անիմանալի — հրաշք հաշտության, Էլ ի՞նչ ես ուզում դու այս աշխարհից, Գրողի տարած ինքնապաշտություն, Դու ոգու ծարավ ու երաշտություն։ Փոխանակ ինքդ քո «ես»–ին բախվես, Կրունկի վրա ճռինչով բացվես, Լցվես աշխարհով այս հրաշալի, Եվ այս աշխարհի երաժշտությամբ, Ճգնում ես լցնել աչքերն աշխարհի


Քեզնով, քո «ես»–ով, քո երաշտությամբ... Դու, որ չես ուզում ճանաչել ոչինչ, Դու, որ կարող ես այս երկինքը ջինջ, Այս գետինքը տալ մի կաթիլ փառքի,– Ըստ իմ գոյության սրբազան պարտքի, Ես քեզ լավ գիտեմ, ճանաչում եմ քեզ Այս լավ աշխարհը խառնող մատներից, Աչքից, ականջից և մինչև անգամ Քո յոթը պորտի մազարմատներից։ Ճանաչում եմ քեզ... Բայց ամեն անգամ Ամեն ինչ տեսած իմ ճանապարհին, Առնելով լույսը ու տալով բարին, Նույն հարցն եմ տալիս ինձ ու աշխարհին. — Ինչո՞ւ են մարդիկ աշխարհը խառնում, Եվ ի՞նչ է ուզում մեկը մյուսից, Երբ իրար մաղթած մի «բարի լույս»-ից Աշխարհն ավելի բարի է դառնում։ 172. ԵՍ ԾՆՎԵԼ ԵՄ ԱՅՆՏԵՂ

Ես ծնվել եմ այնտեղ— Զանգեզուրի զարմիկ Բարձունքների վրա, Վերևից եմ տեսել Արեգակի անեղ Ծնունդն ամենօրյա, Վերևից եմ տեսել


Ամենօրյա կարմիր Հոգեվարքը նրա։

Վերևից եմ տեսել Մթին հեղեղների Ալիքները ծաղկած, Վերևից եմ տեսել Ջրվեժները պղտոր Եվ ամպերը թաղկած, Իմ տանիքի վրա Օրը պարզ է եղել, Ու երկինքը միշտ բաց։

Ասուպների տաք-տաք Աճյունից եմ հունցել Շաղախն իմ տան պատի, Եվ երկնքի փափուկ Փեշերով եմ սրբել Քրտինքն իմ ճակատի, Եվ սեղանիս վրա Անպակաս է եղել Սերը լուսնկաթի։

Աստղերի հետ նստել— Նիստուկաց եմ արել, Կիսել ժպիտ ու լաց,


Աղուհաց եմ կերել Ալեմորուս բուքի Ու հողմի հետ մրսած, Մութն իմ հյուրն է եոել Ու չի տեսել երբեք Իմ հոնքերը՝ մթնած...

Երազներիս հեռվում Ծիրանավոր մի բախտ Ու ծիրանի մի ծով, Եվ գագաթներ շիկնած, Եվ գագաթներ պատած Նախաստեղծման միգով, Ես քայլել եմ այնտեղ Ուղիղ հարդագողի Մղեղների միջով... Ես ծնվել եմ այնտեղ– Զանգեզուրի զարմիկ Բարձունքների վրա, Վերևից եմ տեսել Արեգակի անեղ Ծնունդն ամենօրյա, Վերևից եմ տեսել Ամենօրյա կարմիր Հոգեվարքը նրա։ 173. ԻՄ ՆԱԽՆԻՆԵՐՆ ԱՅՆՏԵՂ


Կծիկ –կծիկ սարեր, Կիրճեր պարան-պարան, Շարան-շարան ժայռեր, Քարափ ու քերծ... Վերհուշերս կրկին, Ա՜խ, ինձ այնտեղ տարան, Լեռնաշխարհը տարան Այն երկնամերձ։

Իմ նախնիներն այնտեղ Ապրում էին, մեռնում։ Ապրում էին աղքատ, Մեռնում հարուստ... Գրաստ էին բառնում, Գրաստ էին դառնում, Ու վաստակում մի կերպ Հաց ու հագուստ։

Աղոթք էին անում, Ու բախտ էին բանում Թազբեհների վրա Եվ ափի մեջ, Քարանձավի քիմքին Կորեկ էին ցանում, Եվ շիվ էին տնկում


Քարափի մեջ։

Հույսեր էին թաղում, Հոգսեր էին քաղում, Եվ հող էին մաղում Ձեռքերով բիրտ, Եվ քար էին աղում, Եվ կավ էին շաղում, Եվ շաղախին խառնում Կորով ու սիրտ։

Օգնում էին իրար, Օրհնում էին իրար, Զրույց էին անում Աստծո հետ սուտ։ Ցելեր էին կախում Ապառաժներն ի վար,— Գութան էին անում Եվ կալ ու կուտ։

Եզան վզից ուլունք Ու զանգ էին կախում, Պահում էին եզան Պատիվը թանկ, Պոչին կանաչ-կարմիր Թելեր էին կապում,


(Տան ճակատին միշտ կար Եզան մի գանգ):

Կռիվ էին տալիս, Կռիվ էին շահում Եվ գլխատում էին Հողմերը ցուրտ։ Մանուկ էին պահում Եվ տուն էին պահում, Աշխարհ էին պահում Ու ժողովուրդ...

Սև օրերի համար Պաշար էին բռնում. Ու հեգնելով ամեն Ոխ ու ոճիր, Կտուրների վրա Երկինք էին փռում, Աղուն էին փռում, Չաման ու չիր։

Մասուր էին փռում Ու սիրտ էին փռում, Հավատ էին փռում, Ոսպ ու հաճար։ Թախիծ էին փռում,


Ժպիտ էին փռում, Հրավերքի խոստում, Բախտի պաշար...

Իմ նախնիներն այնտեղ Սամի էին խազում Եվ լուծ էին քաշում Եզան հետ խեղճ... Եվ ապրում են հիմա Ու հեքիաթ են ասում Իմ հուշերի հարուստ Տերության մեջ։

Վերհուշերս կրկին, Ախ, ինձ այնտեղ տարան, Լեռնաշխարհը տարան Այն երկնամերձ... Կծիկ–կծիկ սարեր, Կիրճեր պարան-պարան, Շարան-շարան ժայռեր, Քարափ ու քերծ։ 174. ԹԵ ՀՆԱՐ ԼԻՆԵՐ

Թե հնար լիներ աշխարհ գալ նորից, Կուզեի ծնվել նույն հոր ու մորից... Կուզեի, որ նույն գարնանամուտի


Լույսի թրթիռը աչքերս բանար, Ականջներիս մեջ նույն թռչունների Կապույտ ծիվ-ծիվը կաթեր երդիկից, Եվ նույն երկինքը երդիկից կաթեր Բարուրիս վրա։

Կուզեի քնել նույն օրորոցում, Եվ գլխիս վերև Նույն օրորոցի լծակից կախված Նույն խայտաճամուկ աչքաուլունքի Ողկույզը շողար... Եվ մինչև անգամ կուզեի, որ նույն Խուց-խրճիթի մեջ նույն ունջը կաթեր Գերաններն ի վար։

Թե հնար լիներ աշխարհ գալ նորից, Կուզեի խաղալ նույն տատիկների Ծնկների վրա, Նույն պապիկների բեղերը քաշել, Եվ նույն կտավե վարտիքը մաշել, Չորեքթաթ տալով Հատակի ճաք ու ճեղքերի վրա։

Կուզեի նստել նույն թանձրաթիկունք Ցանկապատի մոտ, Նույն թանձրասաղարթ ընկուզենու տակ


Եվ նույն աչքածակ աչքերով տեսնել Արցունքոտ ծիծաղն առավոտների, Մայրամուտների թախիծն արևոտ։ Հետո կուզեի Նույն արահետով սարը բարձրանալ Եվ նույն ամպերը շալակած բերել։ Թե հնար լիներ աշխարհ գալ նորից, Կուզեի նստել նույն նստարանին, Նույն ուսուցիչը ականջս քաշեր Եվ փորագրեր այբուբենը նույն Իմ հիշողության մաքուր մարմարին Ու սրտիս վրա։ Կուզեի, որ նույն առաջին սիրո Ամպրոպը պայթեր իմ գլխի վրա, Եվ նույն կայծակը խփեր ճակատիս, Եվ նույն տանջանքի բոցը գալարվեր Իմ հասակն ի վար։ Հետո կուզեի՝ նույն անքնության Կարմիր պղպեղը զգալ կոպերիս։ Հետո կուզեի, Որ ներբաններս նույն փողոցն այրեր, Եվ ծունկս ծալվեր նույն շեմքի վրա, Եվ նույն ժպիտը ինձ դիմավորեր, Եվ նույն շիկնանքը նույն դեմքի վրա։ Թե հնար լիներ աշխարհ գալ նորից, Եվ քսան տարին նորից բոլորել,


Կուզեի, նորից զինվորը լինել, Նույն գումարտակի, Պատերազմ գնալ նույն ընկերներով, Նույն ցուրտ գիշերվա ցուրտ մահը տեսնել Տաք խարույկի մոտ Եվ նույն ընդհատված տաք երազները՝ Ցուրտ խրամատում։ Կուզեի տեսնել, ընկնել, բարձրանալ, Եվ վերադառնալ Նույն պիրկ ձեռներով, հոգսի բեռներով, Միայն թե առանց նույն կորուստների... Նույն ընկերներով։ Թե հնար լիներ աշխարհ գալ նորից, Կուզեի անցնել նույն կանաչ-կարմիր, Սպիտակ ու սև ճանապարհներով։ Կուզեի ապրել և օրհնաբանել Իմ արյան գույնը երգիս տողերով, Որոնք, հիրավի, շարվում են, իբրև Շարունակությունն իմ երակների, Եվ թրթռում են թղթերիս վրա։ Կուզեի ապրել, Ինքնանվիրման բոլոր ձևերով Բաշխվել աշխարհի երդաշեն մարդկանց, Նորից հավաքվել, լցվել, ինքնանալ Եվ արվեստ քամել նույն քար ու հողից, Թե հնար լիներ աշխարհ գալ նորից։


175. ԱՌԱՋԻՆ ՀՈՆՈՐԱՐԸ

Քեռակինը չկար։ Շատ մնացինք, չկար։ Ում հարցրինք, չկար, ուր գնացինք, չկար։ Առավոտ էր, չկար, երեկո էր, չկար, Արդեն երեք գիշեր, երեք օր էր, չկար։ Կորել էր ու չկար,— կորե՞լ, ասեղ, հո չի, Ո՞վ է տեսել մարդուս քեռակինը կորչի։ Վեր կենա ու կորչի, ի՞նչ ասելու բան է, Ախր տղան հազիվ երկու տարեկան է, Ախր տանը ուրիշ եփող-թափող չկա, Ախր երեխայի գոտին կապող չկա, Ախր ե՞րբ չի նրա ցավին հասել քեռին, Ախր ե՞րբ է նրան ցուրտ խոսք ասել քեռին, Ախր ամբողջ կյանքում չի էլ ասել իսկի՝ «Տեղդ ծուխ է, վեր կաց մի ուրիշ տեղ նստի»։ Բայց կորել էր, չկար... Սկսվել էր թաղում. — Աղջի, սատանա էր, խեղճություն էր խաղում։ — Դե երևի... — Այո, սիրեկան է ճարել։ Վերջը հետքը գտանք... Մի անծանոթ քեռի առել էր ու տարել։ Ուրիշ տեղ էր տարել, ո՞վ իմանա թե ուր, Աշխաիհն անհուն կարաս՝ մեջը լիքը մրուր... Քեռին գլխին տալիս ու ցնդում էր քեռին, Քրքրվում էր խանդից, մռլտում էր քեռին, Քեռու միտքը նրան հազար տեղ էր տանում,


Քեռին ամբողջ գիշեր ախ ու վախ էր անում, Ինքը իրեն խփում, խրատում էր քեռին, Քունս ողբ ու ճիչով կտրատում էր քեռին։ Ու ես ամբողջ գիշեր տապակվեցի տեղում։ Առավոտվա դիմաց քունն այնպես էր նեղում, Որ ես ինձնից անկախ վայ կանչեցի հանկարծ... Եվ սթափվեց քեռին իմ մի բերան վայ-ից, Ժպիտի պես մի բան ընկավ բեղի ծայրից։ Թաշկինակի շուքը պատին ծալ-ծալ եղավ։ Արտասուքը սրբեց, Կարեկցանքիս համար շնորհակալ եղավ... Երբ գործի էր գնում, ճակատս համբուրեց, Մանեթանոցն առավ ու բարձիս տակ դրեց։ Եվ շուռ եկավ կարծես գլխիս աշխարհն արար։ Մի չարչարված մանեթ, մի ծույլ «վայ»–ի համա՞ր

Ես իմացա հետո, որ ամոքող խոսքին Մարդիկ վարձ են տալիս, մինչև անգամ Նրան դեղ ու ճար են ասում, Եվ իմացա հետո, որ այդ վարձին մարդիկ Ուրիշ խոսքով նաև հոնորար են ասում: Ախ, իմ լքված քեռի և ինձ լքած մայիս, Ձեզ ի՞նչ ասեմ, հիմա Ամեն խոսքիս համար հոնորար են տալիս։ Եվ տխրում եմ մի պահ, մինչև անգամ լալիս, Երբ հիշում եմ հանկարծ հոնորարը «վայ»–իս։ 176. ՅՈԹ ՁԻԱՎՈՐԻ ԲԱԼԼԱԴԸ


Յոթ անգամ կանչեց աքլորը թառին, Բողարը բակում յոթ բերան հաչեց, Յոթ անգամ խփեց կայծակը սարին, Յոթ անգամ սարում պախրան բառաչեց։ Յոթ անգամ ժամի զանգը ծլնգաց, Յոթ սարսուռ դարձավ սիրտը յոթ հարսի, Յոթ թամբած նժույգ բակում վրնջաց, Յոթ ճռինչ հանեց դուռը դարբասի։ Լույսը յոթ անգամ չեմուչում արեց, Յոթ թռչուն պոկվեց յոթ բարդու ճյուղից, Յոթ բանակ եկավ, սարը պաշարեց, Ու յոթ ձիավոր սլացավ գյուղից։ Յոթ հորդաների յոթ կողմից թռած Յոթ ձիավորը յոթ մրրիկ թվաց, Յոթ ամպրոպ թվաց կայծակը գրկին, Յոթ սարսափ կախեց թշնամու գլխին... Յոթ օր, յոթ գիշեր կռիվ էր սարում, Յոթ օր, յոթ գիշեր արյուն ու հրդեհ, Յոթ օր, յոթ գիշեր կռիվ էր վարում Յոթ ձիավորը յոթ բանակի դեմ... Յոթերորդ օրը չքվեց թշնամին, Վերջին զինվորն էր փեշերը ծալում, Յոթերորդ օրվա իրիկնաժամին Միայն յոթ նժույգ վրնջաց սարում... Հայրը յոթ երազ տեսավ այն գիշեր,


Յոթ երազի մեջ յոթ ատամ քաշեց, Յոթ երազի մեջ յոթ պատան մաշեց, Յոթ մազե կամուրջ անցավ այն գիշեր, Յոթ անգամ խաչվեց, մինչև սևակնած Գիշերը մաշվեց, քաշվեց ու գնաց։ Գիշերը մաշվեց... Եվ լուսաբացին Յոթ նժույգները կանգնեցին բակում, Մթնած բողարը նայեց դարպասին Ու երկինքն ի վեր մորմոքեց թաքուն... Մայրը յոթ անգամ տեղում թփրտաց, Հետո ձեռները մնացին ծոցում, Յոթ հարսի կրծքից վիշտը ծկլթաց, Յոթ մանուկ զարթնեց յոթ օրորոցում... Եվ յոթ անգամ յոթ տարի է անցել, Եվ յոթ աշխարհ է մաշվել աշխարհում, Եվ յոթ աշխարհ է թևերը բացել, Եվ յոթ բանակ է մոռացվել սարում... Եվ յոթ ձիավոր ննջում են սարում, Եվ յոթ անգամ յոթ թոռները նրանց Տարին յոթ անգամ յոթ խարույկ վառում, Տարին յոթ անգամ լալիս են լռին, Տարին յոթ անգամ թեքվում անմոռաց Յոթ ձիավորի յոթ մամուռ մաշած Յոթ նվիրական գերեզմաններին։ 177. ՊԱՀԻՐ


Պահիր պատիվը մարդկանց, Պահիր քո տունը՝ պատվով, Եվ ընդունիր վաստակած Քո այս աշունը՝ պատվով։

Պահիր կոչումը փնտրած Եվ նախընտրած քո ուղին, Եվ քո անխառն ինքնության Իշխանությունը՝ պատվով։ 178. ՈՐ ՉՔՆԻ ՀԱՆԿԱՐԾ

Աչքդ պահիր, աշխա՛րհ, խղճիդ վրա, Որ չփակվի հանկարծ աչքը նրա, Որ չքնի հանկարծ, քնով չանցնի... Թե չէ, կգա ու քո դռնով կանցնի Քո իսկ արարչական խելքի լույսով Ոգեշնչված ուժը կործանումիդ, Ինքը հյուլեական ուժը վայրի, Ու քեզ կայրի, աշխա՛րհ, ու քեզ կայրի Դու իմ երես առած կանաչ-կտրիճ, Դու իմ խեղճ ու կրակ որբևայրի... Տիեզերակործան սունկը նրա Կգա, աշխա՛րհ, կգա, կառնի ու, մեկ Միլիոներորդական ակնթարթում, Քանի՛, քանի՛, քանի՛ միլիոն տարվա Արած-դրածը քո տանջված հոգու


Մի բուռ մոխիր ու մուր կդարձնի... Աչքդ պահիր, աշխա՛րհ, խղճիդ վրա, Որ չքնի հանկարծ, քնով չանցնի։ 179. ԽԻՂՃԴ ՄԵՌՆԻ, ԱՇԽԱ՛ՐՀ

Խիղճդ մեռնի, աշխա՛րհ, մուխդ մարի, Միջակություններդ մեծաբերան Պատառ-պատառ արին հոգիս, կերան Ու չհանգստացան այսքան տարի... Ասա, նվաստդ ի՞նչ հնար ճարի, Որ ինքն իրեն այսքան չչարչարի։ Ասա, ինչպե՞ս վարվի, ի՞նչ անի նա, Նրանց ձեռից գլուխն առնի, գնա՞։ Գնա որտե՞ղ փնտրի փրկության ափ... Երբ որ դու չես տվել նրանց՝ աղոտ Մի շնորհքի նշխար, մի բուռ ամոթ, Ախորժակ ես տվել աշխարհի չափ Ու բաց թողել վրաս այսքան տարի... Խիղճդ մեռնի, աշխա՜րհ, մուխդ մարի: 180. ՈԻ ՉԻՄԱՆԱՐ

Մանկությանս դաշտից, էշի վրա, Գար-օշրնդրի փոշին փեշի վրա, Գրպաններում փշրանք քարաքոսի, Գուլպաներում—մաղած հողն ակոսի... Եվ արևայրուկի թուխն առաջին, Եվ առաջին հոգսի թուխպը թախծոտ,


Եվ հրճվանքի շողքը դեմքի վրա — Գար ու շվացներ շեմքի վրա։ Գար – պռունկը դաղձոտ, ունկը դաղձոտ Կուժը գլխին քաշեր ու զովանար, Մեղր ու կարագն ուտեր, ուժովանար։ Ու գյուղամեջ գնար... պատահողին, Անգամ գայլի բերան պատառողին, Չափեր ոտքից գլուխ, խեթ-խեթ նայեր, Լեզու հաներ, ժպտար, չխնայեր. Թե, հա՛, տեսեք-տեսեք, մարդ եմ դարձել Եվ կարող եմ մենակ, մեն ու մենակ Ավելացուն արդեն էշին բարձել, Արդեն ճիպոտ բռնել ճանի տեղակ, Արդեն գութան քշել մարդավարի, Արդեն օգնել պապին՝ արտը վարի... Մեծերի մոտ անգամ քիթը տնկեր, Ինքն իր աչքում դառնար աշխարհի տեր։ Աղջիկ տեսներ, կծիկն առներ ձեռքից, Հետո կրակն ընկներ իր ծուռ խելքից։ Էհ, միայն թե վիզը ծուռ չմնար... Քեֆի տվածն աներ ու չիմանար, Որ երբ իր կարոտը քաշեմ մի օր, Ու կորուստի ցավից մաշվեմ մի օր, Ինչքան էլ «ա՜խ» կանչեմ, «ավա՜ղ» կանչեմ, Տնկած քթի համար ու ծուռ խելքը Իր փոխարեն պիտի ես ամաչեմ։


181. ՄԵԿԻ ՀԱՄԱՐ

Մեկի համար հույսի Սուսիկ-փուսիկ առու, Մեկի համար բախտի Ջրաղաց եմ եղել։ Մեկի խիղճն եմ եղել Ու հավատը բարու, Մեկի համար մտքի Ավուր հաց եմ եղել։ Ուր եղել եմ, մարդիկ, Հոգի ունեմ տալու, Ձեր մորմոքներն իմ մեջ Անթեղած եմ եղել... Հիմա ասեք, տեսնեմ, Ո՞վ է վրաս լալու, Լացողներիս վրա Վաղուց լաց եմ եղել։ 182. ԱՃՅՈՒՆՍ ՏԱՐԵՔ

Աճյունս տարեք Մի հեռու, անշուք գերեզմանատուն Եվ մի անտաշ քար դրեք իմ հողին... Որ սիրահարված մողեսներն արթուն՝ Արևկող անեն այդ քարի կողին, Տաքանան, գգվեն, համբուրեն իրար,


Մի բան հասկանան աշխարհի բանից Ու երբ հեռանան գոհացած, ուրախ,— Իրենց մտքի մեջ ողորմի տան ինձ։ 183. ԵՐԲ ԳՅՈՒՂԻՑ ՔԱՂԱՔ ԵԿԱ

Երբ գյուղից քաղաք եկա, Փեշերս մղեղոտ էին, Ճակատս՝ Ծիր-Կաթինոտ, Ոտքերս դեռ հողոտ էին,— Ամբոխն ինձ առավ իր մեջ Ու տարավ չգիտեմ թե ուր, Փնտրեցի ու չգտա, Աչքերս ինձ կարոտ էին։

Վերջապես մի օր տեսա, Երգերիս մեջ էի լալիս, Կարծես թե էլ տեղ չկար, Ձեռքերիս մեջ էի լալիս. Որպեսզի ուրախ անցնեն, Արցունքս չտեսնեն մարդիկ, Սրտիս մեջ, ցավերիս մեջ, Վերքերիս մեջ էի լալիս։

Եվ հիմա ո՞ւր եմ և ի՞նչ... Ինձ հիշող ու լացող չկա, Իմ առաջ էլ դուռ չի բացվում,


Եվ դուռս էլ բացող չկա։ Թող այդպես լինի, ոչինչ, Միայն թե չգան ու չասեն. — Երգիդ մեջ ինքն իր սրտի Տրոփյունն զգացող չկա։ 184. ԵԹԵ ՄԻՆՉԵՎ ԱՆԳԱՄ

Եթե մինչև անգամ Ինձ մի կյանք էլ տրվի, Ես այն, իբրև ընծա, Ձեզ կթողնեմ, լեռներ: Առնելիքս առա, Եվ տալիքս տվի, Եվ կարող եմ հիմա Հանգիստ մեռնել: 185. Ի՞ՆՉ ՇՇՆՋԱՄ

Ի՞նչ շշնջամ աստծո խուլ ականջին: Գնամ մորմոքներս սարին պատմեմ, Ճանապարհին, քարին, ծառին պատմեմ, Ի՞նչ շշնջամ աստծո խուլ ականջին։ Ե՞րբ է գլուխ դրել նա իմ կանչին: Չէ, խրատվող մարդ եմ, կխրատվեմ... Ի՞նչ շշնջամ աստծո խուլ ականջին, Գնամ մորմոքներս սարին պատմեմ։ 186. ԹԵԼԻԿ-ՄԵԼԻԿ ԱՌՈՒ


Թելիկ-մելիկ առու, Ոլունք-ուլունք մասուր... Ատելության գալու Անրջանքներ լազուր։

Թելիկ-մելիկ առու, Ուլունք-ուլունք մասուր... Տանջող տենչանք լալու, Եվ սիրելու սարսուռ։

Թելիկ-մելիկ առու, Ուլունք-ուլունք մասուր... Մամուռի տակ՝ մի բուռ Պատանության մասունք։

Թելիկ-մելիկ առու, Ուլունք-ուլունք մասուր, Լսեք հեռվից–հեռու Տեսեք ի՞նչ եմ ասում։—

Չգա՞մ ձեզ պահ տալու Ինչ որ ունեմ մաքուր, Թելիկ-մելիկ առու, Ուլունք-ուլունք մասուր... 187. ԳԱԼԻՍ ԷՐ


Գալիս էր... ծոցում պահած Սարերի բույր էր բերում։ Երկնքի ծոցից քաղած Աստղերի բույլ էր բերում։

Գալիս էր ալիք-ալիք, Չորեքթաթ, ծնկածալիկ։ Գարնանը նռան ծաղիկ, Աշնանը՝ նուռ էր բերում։

Ցամաքեց առվակն իմ ջինջ, Էլ չունեմ հանգիստ ու նինջ... Հիշում եմ, և հուշն այս ի՜նչ Ցավ ու մռմուո է բերում։ 188. ԴԵՌ ՆՈՐ Է ՊԱՅԹՈՒՄ

Դեռ նոր է պայթում բողբոջը քո, Տերևաթափ է իմ անտառում։ Խուլ մի խուճապ է իմ անտառում, Դեռ նոր է պայթում բողբոջը քո: Ուշ է, մշուշ է ու երեկո, Մի սև սարսափ է իմ անտառում։ Դեռ նոր է պայթում բողբոջը քո, Տերևաթափ է իմ անտառում։ 189. ԴՈՒ ՉԼԻՆԵԻՐ


Դու չլինեիր այդքան անթերի, Ես չլինեի այսպես ավերակ... Դու չուշանայիր, ես չշտապեի, Եվ աշխարհ գայինք միաժամանակ։ Եվ այն ժամանակ թող հանդիպեինք, Եվ ի՜նչ կլիներ, տես, այն ժամանակ... 190. ԿԵՍՕՐ։ ԿԱՆԱՉ-ԿԱՐՄԻՐ ՀՈՎԵՐ

Կեսօր։ Կանաչ-կարմիր հովեր, Կանաչ-կարմիր ծաղիկ ու խոտ։ Բարձունքն ի վեր, բարձունքն ի վեր Ցրիվ եկած գառների հոտ։

Ետմիջօրե։ Բռնել իրար Ծոց են մտել ստվեր ու տոթ։ Լանջերն ի վար, լանջերն ի վար Կծիկ-կծիկ գառների հոտ։

Իրիկնամուտ։ Աշխարհն արար Մշուշի մեջ մի արևոտ։ Կածանն ի վար, կածանն ի վար Պարան-պարան գառների հոտ։

Իրիկնաժամ։ Խավոտ խավար Փարախների դռների մոտ։


Թաղերն ի վար, թաղերն ի վար Ուլունք-ուլունք գառների հոտ։

Գիշե՜ր, գիշե՜ր... Մենակություն։ Մթնում կորած գառների հոտ... Ու մինչև լույս ինձ հետ արթուն Մանկության հուշ, մանկության հոտ։ 191. ՈՒՐ ԷԼ ՈՏՔ ԵՄ ԴՐԵԼ

Ուր էլ ոտք եմ դրել, Ուր էլ թափառել եմ, Ձեր հոգսերը, մարդիկ, Ես ինձ հետ տարել եմ... Եթե մինչև անգամ Խռովել եմ ձեզնից, Ձեր ձայների վրա Ես մթնում պարել եմ։ 192. ՄԻԱՅՆ ՉԱՐՆ Է ՈՒՐԻՇ

Միայն չարն է ուրիշ, Քաղքենին է ուրիշ, Աչքածակն է ուրիշ։ Պորտաբույծը, հոռին, Անառակն է ուրիշ, Ինքն իրենից փախած Խեղկատակն է ուրիշ։


Ուրիշ ուրիշ չկա... Մնացածը մենք ենք, Մի հոգի ենք - մի մարդ, Մի ընտանիք — մի տուն — Բազմալեզու, ազնիվ Մի ազգություն... Քեզ օրհնություն, քեզ փառք, Արարչագործ, արդար Միասնություն։ 193. ԴՈՒ ՈՉ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ

Դու ոչ Սայաթ-Նովա, Ոչ էլ Քուչակ էիր, Ոչ էլ հռչակ փնտրող Հետին գրչակ էիր։ Փրփրած գետակ էիր Ճահիճների կողքին, Խոր ծովերի կողքին Մի պարզ լճակ էիր: 194. ՄԵՐ ՏՈԻՆՆ ԱՅՆՏԵՂ ԷՐ

Մեր տունն այնտեղ էր, ժայռի գլխին, Աշխարհից վեր էր, ամպերից վեր, Վրան չէր ընկնում ոչ մի ստվեր, Մեր տունն այնտեղ էր, ժայռի գլխին: Զարթնած աքլորը թառից թռչում,


Քջուջ էր անում ամպերի մեջ... Նայում էին վար ու կչկչում Մեր որբևայրի հավերը խեղճ։ Ձորից նայողին աքլորը շեկ Կայծակ էր թվում ամպից թռած, Եվ նա դողում էր հասակով մեկ Ու տեղից պոկվում սիրտը բռնած։ Իսկ ինքը կայծակն ամպից նայում, Ուշաթափվում էր ձորի ահից... Եվ ուշքի գալով, շունչը պահում, Կախվում էր մեր տան ճանապարհից Ու մեզ աչքով էր անում վարից։ Տան ճանապարհը կայծակնաձև, Գիշերն ամպի մեջ և ամպի տակ, Մտնում կայծակի ծոցը տաք-տաք Ու երազներ էր տեսնում՝ մինչև Լուսաստղը քիվից ընկնում էր բակ։ Հետո։— Բարի լո՜ւյս, տեր-Տառապանք... Այնքա՜ն մոտ էինք մենք երկնքին։ Բայց ինչ էլ լիներ, կյանքը կրկին Աստծո պատիժ էր, աստծո նվեր... Մեր տունն այնտեղ էր, ժայռի գլխին, Աշխարհից վեր էր, ամպերից վեր։ 195. ՉՏԵՍՆԵԻ

Չտեսնեի, մեր երդի ծո՛ւխ,


Քեզ կտրված չտեսնեի։ Ա՜խ, մեր սյունի ծունկը ծալված, Վիզը ծռված չտեսնեի։

Չտեսնեի բակն՝ ամայի Ու դռները՝ կրնկահան Եվ գերանը՝ հասակով մեկ Գետնին փռված չտեսնեի։

Ա՜խ, յոթ գույնի մամուռ հագած Մեր երկանքի քարի վրա Քարմաղի խեմքն ունջը կերած Ու խարխլված չտեսնեի։

Խաչիպապի որդու, թոռան, Թոռն-թոռան օրորոցի Փշրանքները նշխար-նշխար՝ Փոշում ցրված չտեսնեի։

Տան երդկալը՝ ցանկապատի Ջարդ ու փշուր կողերի մեջ Եվ բահն անտեր՝ խոպան մարգի Հողում խրված չտեսնեի։

Գայի, ճաքած շրթունքներով Համբուրեի արցունքդ պաղ,


Ա՜խ, պապերիս ձեռքի սափոր, Քեզ փշրված չտեսնեի։

Իմ տնավեր լավից լավեր, Աչքս փակվեր մի բուռ հողով, Ձեր այդքան թանկ անունները Քարին գրված չտեսնեի։ 196. ՔՈ ՍԻՐՈ ՊԵՍ ԱՆՀՆԱՐԻՆ

Վազգենին

Սուրար ավտոն սուլոցներով Քո մանկության փողոցներով — Մի հին թաղում հին Գանձակի... Աչքդ առներ երբեմնի լույս, Անհույս, անհաս, անհնարին Քո սիրո նեղ պատուհանին, Ու շիկնեիր հանկարծակի։ Չտեսնելու տայինք մի պահ Մենք շիկնանքը քո հայացքի... Եվ հիշեիր մի պատմություն, Որ աշխարհում լոկ դու գիտես, Հառաչեիր մեզնից թաքուն Ու ժպտայիր դու, հենց այնպես... Կիսատ մնար ժպիտը քո, Ընդհատվեին հուշ ու հառաչ,


Շունչը հանկարծ պահեր ավտոն Ու կանգ առներ ձեր տան առաջ։ Ելներ, ինչպես արքան գահից, Ելներ ձեր հին դռան քարից, Գար ընդառաջ, չհամբերեր, Ինձ քեզանից չտարբերեր, Գրկեր, որպես իր տղային, Ու համբուրեր ու համբուրեր Մեր մարդամոտ, մարդանվեր Ու մարդապաշտ Մուխի դային... Հետո բացեր դուռը ձեր տան, Բացեր մառանն ավանդական։ Բացեր բերանն, ի՞նչ, պատահա՞ծ, Չէ, ո՞վ գիտե քանի տարի Հենց այդ օրվա համար պահած, Հատուկ պահած մի տակառի... Հետո իր մեծ սիրտը բացեր, Բացեր մառանն այնքան հարուստ Հյուրամեծար իր խոսքերի Եվ ժպիտով ու արցունքով Մեր գալստյան կենացն ասեր... Ու բոցկլտար կարմիր գինին, Վարդեր դառնար մեր այտերին, Մեր շուրթերին՝ «աղջի, Մառան», Մեր շուրթերին՝ «Քելեր-ցոլեր», Ոչ ոք ոչինչ մեզ չարգելեր...


Ետ բերեր մեզ օրերն անցած Մեր արյունը ջահելացած։ Եվ մեզ նման եռար, երգեր Եվ տարիքն իր՝ գինով հերքեր Անգամ ինքը՝ Մուխի դային։ Բոլորն այսպես... թող կրկնվեր, Եվ չլիներ վերհուշ մի հին, Եվ չլիներ, և չլիներ Քո սիրո պես անհնարին։ 197. ԽՆԱՅԵՔ ՆՐԱՆՑ

ընկերոջս՝ Ալեքսանին

Հողմեր, ինչո՞ւ եք այդպես չարանում Աղոթարանի լճերի վրա։ Հողմե՛ր, թե լինեք Աղոթարանում, Դուք մի խռովեք լճերը նրա։

Բարձունքի հողմե՛ր, բարձունքի սովոր Դուստրերն են նրանք Աղոթարանի։ Խնայեք նրանց ու մի թողեք, որ Զոհը դառնան ձեր օղապարանի։

Խնայեք նրանց... տեսեք, որ ահա Ձյունն ու արևն էլ Աղոթարանում Իրար հետ ապրում բարձունքի վրա


Եվ իրար երբեք չեն օտարանում։

Աղոթարանի լճերը՝ ոչինչ Չեն ուզում ձեզնից, հողմեր հաղթական։ Հարգեցեք նրանց մաքրությունը ջինջ Եվ պարզությունը նրանց նախնական։

Երբ որ կամենաք, գնացեք-եկեք, Հյուր եղեք նրանց Աղոթարանում. Չեն արհամարհում նրանք ձեզ երբեք Եվ ձեր պատիվը չեն ոտնահարում։

Հողմե՛ր, ինչո՞ւ եք այդպես չարանում Աղոթարանի լճերի վրա։ Հողմե՛ր, թե լինեք Աղոթարանում, Դուք մի պղտորեք լճերը նրա։ 198. ՏԱՌԱՊԱՆՔ

Արի, անբաժանըս, Իմ անդավաճանըս, Ո՞ւր ես, ի՞նչ ես անում, Իմ դաժանըս, արի։

Գտիր ճանապարհս, Արի, տառապյալըս, Ո՞ւր ես, ի՞նչ ես անում,


Անդադարըս, արի;

Երբ որ դու չես լինում, Կյանքս գերություն է։ Տունս էլ տուն չի հո, Անտեր տերություն է... Ցուրտ է, ձյուն է, արի։

Երբ որ դու չես լինում, Աչքիս քուն չի գալիս. Երբ որ դու չես լինում, Խելքս տուն չի գալիս։ Երգս ելք չի ճարում, Դուրս չի գալիս, արի։

Ուրիշին մի ճարի, Մի մոռանա տունըս, Եվ մի չարաշահի Հավատարմությունըս... Թարմությունըս, արի։

Էհ, աշխարհ է ու կյանք, Դեռ ապրում ենք ու կանք, Կանք ու պիտի տոկանք, Տեր-Տառապանք, արի։ 199. ՉԳԻՏԵՄ


Չգիտեմ ում է արտույտն աղոթում, Ինքն իր հետ վիճում ու մրցում է նա։ Փնտրում է իրեն, իրեն կարոտում, Ինքն իր հետ երգով զրուցում է նա։ Իր երգից կախված ճոճվում է օդում Եվ իր երգն ի վեր մագլցում է նա...

Արտո՜ւյտ, քո խոս՛քը կտրեմ շաքարով. — Արտո՛ւյտ, քո երգը մեկն է աշխարհում։ Արտույտի երգին մի խփեք քարով... Դա ամենամեծ մեղքն է աշխարհում։ 200. ՄԱՆՈՒՇԱԿԱԳՈՒՅՆ ՄՇՈՒՇՆԵՐԻ ՄԵՋ

Մանուշակագույն մշուշների մեջ Երգեր են շաղում արտույտներն էլի, Հասարակ աչքին անտեսանելի Մանուշակագույն մշուշների մեջ։ Անվերջ կլսեմ այղ երգերն, անվերջ, Թող ոչ մի աղմուկ հոգիս չավերի... Մանուշակագույն մշուշների մեջ Երգեր են շաղում արտույտներն էլի։ 201. ԵՍ ԿՈՒԶԵԻ, ՈՐ ԴՈՒ

Ես կուզեի, որ դու Մի քիչ դաժան լինես,


Բայց և բարի լինես Լույսի նման։ Երգ իմ, ինձ հետ ցմահ Եվ ցվախճան լինես, Լինես բեռս կիսող Ուսի նման։ Տառապանքի նման Անդավաճան լինես, Եվ անբաժան լինես Հոգսի նման։ 202. ԲՆՈԻԹՅՈԻՆ

Ես ծունկի եմ գալիս, Խոնարհվում եմ ահա, Ասա՛, ինչ որ կուզես... Օգնիր տառապյալիս, Ողորմություն արա, Եթե աստված ունես։

Օգնիր ինձ՝ իմանամ, Ինձ քեզանից զատեմ Ու խառնվեմ քեզ հետ։ Օգնի՛ր, որ դիմանամ, Չբարձրանամ քո դեմ Եվ չդաոնամ աղետ։


Օգնի՛ր, որ արգելեմ Արհավիրքները նոր։ Օգնի՛ր, որ ես ջանամ... Օգնիր՝ իրար բերեմ Բևեռներս բոլոր, Օգնիր՝ ամբողջանամ։ 203. ԽՐԹԻՆ ԷՐ, ԲԱՐԴ ԷՐ

Խրթին էր, բարդ էր, խռիվ էր կյանքըս։ Ճակատամարտ էր, Կռիվ էր կյանքըս... Եվ այդ մեծ կռիվ — Ճակատամարտում Զորավարներըս Աչալուրջ, արթուն՝ Նորին Տաոապանքն Ու սերը եղան։ Եվ արշավակից — Զինակիցներըս՝ Աշխարհի, մարդկանց, Հոգու և հացի Հանապազօրյա Հոգսերը եղան։ News.kovkas.com


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.