Գեղեցկուհի Վասիլիսան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեղեցկուհի Վասիլիսան
ՏեսակՌուսական ժողովրդական հեքիաթներ
 Vasilisa the Beautiful (Bilibin)

Գեղեցկուհի Վասիլիսան, ռուսական ժողովրդական հեքիաթ և նրա գլխավոր հերոսի անունը։ Ալեքսանդր Նիկոլաևիչ Աֆանասևի «Ռուսական ժողովրդական հեքիաթներ» ժողովածուում այս հեքիաթի տարբերակները գտնվում են 104 («Գեղեցկուհի Վասիլիսան»), 219-226 (Ծովային թագավորն ու Իմաստուն Վասիլիսան»), 267-269 («Գորտ թագուհին») համարների ներքո։ Խորհրդային համանուն ֆիլմը (1939) և մուլտֆիլմը (1977) ունեն իրենց սեփական սյուժեն՝ հիմնված «Գորտ թագուհին» հեքիաթի վրա (նրանցում Վասիլիսան «Իմաստունից» դարձել է «Գեղեցկուհի»)։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

12 տարվա ամուսնությունից հետո մահանում է վաճառականի կինը՝ թողնելով 8-ամյա աղջկան՝ Վասիլիսային։ Մահանալուց առաջ նա իր օրհնության հետ աղջկանն է տալիս մի տիկնիկ։ Դա հասարակ տիկնիկ չէր. եթե աղջիկը նրան կերակուր տար, ապա անհաջողությունների ժամանակ նրանից օգնություն կստանար։ Որոշ ժամանակ անց վաճառականը երկրորդ անգամ ամուսնանում է մի այրու հետ, որն ուներ Վասիլիսային հասակակից երկու աղջիկ։ Նոր կինը չէր սիրում խորթ աղջկան, նրան հանձնարարում է տարբեր ծանր աշխատանքներ, բայց տիկնիկը Վասիլիսայի փոխարեն կատարում էր կատարում էր բոլոր աշխատանքները։

Երբ գլխավոր հերոսուհին մեծանում է, քաղաքի երիտասարդ բոլոր տղամարդիկ սկսում են նրա ձեռքը խնդրել։ Խորթ մայրը բոլորին մերժում է՝ ասելով, որ չի կարող մեծերից առաջ փոքրին կնության տալ։ Մի անգամ վաճառականն առևտրական գործերով երկար ժամանակով գնում է տնից, և այդ ժամանակ խորթ մոր ցանկությամբ ընտանիքը տեղափոխվում է մեկ այլ տուն, որը գտնվում էր թավ անտառի մոտ, իսկ անտառում գտնվում էր Բաբա-յագայի խրճիթը։

Խորթ մայրը Վասիլիսային հաճախ ուղարկում է անտառ՝ հույս ունենալով, որ Բաբա-յագան կհանդիպի նրան ու կուտի։ Բայց աղջիկը տիկնիկի շնորհիվ միշտ խուսափում է վտանգավոր ուղիներից։ Ի վերջո խորթ մայրն աղջիկների հետ պայմանավորվում է Վասիլիսային ուղղակի ուղարկել Բաբայագայի խրճիթը՝ կրակ բերելու, քանի որ աշնանային երեկոները կանանց աշխատանքը (հյուսում, գործում և մանում) կատարելիս խորթ մայրը միտումնավոր հանգցրել էր վառվող մոմը։ Տիկնիկը, ինչպես միշտ, խոստանում է հոգ տանել աղջկա անվտանգության մասին, և վերջինս ճանապարհ է ընկնում։

Բ. Վ. Զվորիկին, Վասիլիսա, 1917 թվականի բացիկ:

Ճանապարհին նա հանդիպում է երեք ձիավորների՝ սպիտակ, կարմիր և սև (ըստ Բաբա-յագայի՝ նրանք իր ծառաներն են՝ օրը, արևը և գիշերը)։ Բաբա-յագայի ցանկապատից, որ պատրաստված էր մարդկային ոսկորներից, կախված էին գանգեր, որոնց աչքերն իրենց լույսով լուսավորում էին շրջապատը ցերեկվա պես։ Անտառից վերադառնում է տիրուհին. «...սանդի մեջ մտած, թակով թակելով. ջարդելով ու հալածելով, ավլով հետքը սրբելով»[1]։

Լսելով աղջկա խնդրանքը՝ Բաբա-յագան մահվան սպառնալիքով պահանջում է նախ իր մոտ աշխատել որպես ծառա։ Նրա հրամանով դարպասները բացվում են, այնուհետև ինքնուրույն փակվում։ Բաբա-յագան Վասիլիսային տարբեր հանձնարարություններ է տալիս, բայց վերջինս տիկնիկի շնորհիվ բոլորն էլ ժամանակին է կատարում։

Բաբա-յագան ուներ նաև օգնականներ՝ երեք զույգ ձեռքեր, որոնք արձագանքում և հայտնվում էին նրա կանչի ժամանակ։ Բաբա-յագան չի բացատրում, թե դրանք ինչ ձեռքեր են. «Ես չեմ սիրում, որ իմ տան աղբն ու կեղտը դուրս են հանում, ու շատ հետաքրքիրներին ուտում եմ»[1]։ Որոշ ժամանակ անց Բաբա-յագան աղջկան հարցնում է, թե ինչպես է կարողանում այդքան լավ անել ամբողջ աշխատանքը, և իմանալով, որ դրա պատճառը «մոր օրհնանքն» է՝ աղջկան դուրս է վռնդում՝ ասելով. «Օրհնվածներն ինձ պետք չեն էստեղ»։

Որպես լամպ նրան է տալիս վառվող աչքերով մի գանգ։ Վասիլիսան ցանկանում է նրանից ազատվել, բայց գանգն ասում է, որ նա դա չանի, այլ տանի խորթ մոր տուն։ Այնտեղ գանգի աչքերից դուրս եկող լույսն այրում է խորթ մորն ու նրա երկու աղջիկներին։

Պատահածից հետո Վասիլիսան գանգը թաղում է հողում և մեկնում քաղաք, որտեղ բնակվում է մի պառավի մոտ՝ որոշելով հոր վերադարձին այնտեղ սպասել։ Նա զբաղվում է մանելով ու ջուլհակությամբ։ Գործվածքը նրա ձեռքում այնքան նուրբ է ստացվում, որ պառավն այն միանգամից տանում է թագավորական պալատ։ Թագավորը խնդրում է դրանից իր համար շապիկ կարել, ինչն էլ Վասիլիսան կատարում է։

Գնահատելով աշխատանքի հմտությունը՝ թագավորը ցանկանում է անձամբ տեսնել և վարձահատույց լինել վարպետին։ Հիանալով նրա գեղեցկությամբ՝ թագավորը Վասիլիսային կնության է առնում։ Վերադառնալով առևտրական ճանապարհորդությունից՝ Վասիլիսայի հայրը մնում է պալատում։ Նոր թագուհին պառավին նույնպես տանում է պալատ, իսկ օգնական տիկնիկին մինչև իր կյանքի վերջը պահում է գրպանում։

Մեկնաբանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակ, կարմիր և սև ձիավորները հայտնվում են Բաբա-յագայի մասին այլ պատմություններում և հաճախ մեկնաբանվում որպես դիցաբանական կերպարներ։

Ինչպես 19-րդ դարի բազմաթիվ բանագետներ, այնպես էլ Աֆանասևը ժողովրդական բազմաթիվ հեքիաթներ դիտարկում է որպես բնության երևույթների ու տարրերի պատկերման եղանակ։ Այդպիսի բացատրությունով նա այս հեքիաթը մեկնաբանել է որպես արևի լույսի (Վասիլիսա), ուժգին քամու (խորթ մայր) ու մութ ամպերի (խորթ քույրեր) հակամարտության արտահայտություն[2]։

Կլարիսա Էսթեսը հեքիաթը մեկնաբանում է որպես կանանց ազատագրման պատմություն, որպես գլխավոր հերոսուհու՝ հպատակությունից իշխանության ու անկախության անցման ուղի։ Բաբա-յագան մեկնաբանվում է «անսանձ կանացի» սկզբունքով, որից Վասիլիսան հեռու էր, բայց, ընկնելով նրա իշխանության տակ, հնազանդվում է ու սովորում ինքնակրթությամբ, նա հզորանում է սովորելու այդ գործընթացում[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթի նկարազարդումները Իվան Բիլիբինի կողմից.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ԳԵՂԵՑԿՈՒՀԻ ՎԱՍԻԼԻՍԱՆ
  2. The annotated classic fairy tales. — 1st ed. — New York: Norton, 2002. — 445 с. — ISBN 0393051633
  3. Clarissa Pinkola Estes Women Who Run with the Wolves: Myths and Stories of the Wild Woman Archetype. — Ballantine Books, 1996. — 608 с. — ISBN 0345409876

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղեցկուհի Վասիլիսան» հոդվածին։