HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Գ. Սարգսյան. «Եթե ինձ ուժեղ մարդ չեմ էլ համարում, ապա պարտավոր եմ այդպիսին լինել»

21_12-g_sargsyan

«Մանկությունս 2 փուլով է անցել, Երեւանից բացի` նաեւ Արամուսում եւ աչիկում, շատ լավ հիշում եմ երկու գյուղերում իմ անցկացրած օրերը` սկսած Արամուսում թութուն չորացնելուց եւ գազար հավաքելուց մինչեւ աչիկում կաթի արտադրություն, խոտհունձ, անասնաբուծություն: Ամեն տարի մայիսի 1-ին գնում էինք աչիկ, մի տարի էլ ուշացանք միջոցառումից, ինձ անմիջապես մեքենայից հանեցին եւ տարան արտասանելու:

Մենք բավական ինքնուրույն ենք եղել, ծնողներս աշխատում էին, մենք գնում էինք դասի, գալիս դասերը սովորում, ճաշում մինչ ծնողները վերադառնան»,- հիշում է Տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը: Գ. Սարգսյանի հայրը` Վայոց Ձորի աչիկ գյուղից է, մայրը` Կոտայքի մարզի Արամուս գյուղից: Նախարարը ծնվել է Երեւանում` Շենգավիթ համայնքում: Ծնողները ավարտել են Պոլիտեխնիկ ինստիտուտը, հայրը էլեկտրոմեխանիկ է, մայրը` մեխանիկ: Ընտանիքում 2 եղբայր են: Եղբայրը իրենից փոքր է 3 տարով եւ աշխատում է քրեակատարողական համակարգում:

Գ. Սարգսյանը ավարտել է Երեւանի Բելինսկու անվան թիվ 38 դպրոցը: 1986 թ. ավարտել է Երեւանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը, հաշվողական տեխնիկա մասնագիտությամբ: 1995-1997 թթ. սովորել է ՀՀ կառավարման դպրոցում «Պետական կառավարում եւ տեղական ինքնակառավարում» դասընթացը: 1986-1992 թթ. «Կոմետա» ԿԳՀ-ի Երեւանի մասնաճյուղում աշխատել է ինժեներ, 1990 թ. Շենգավիթի շրջանային խորհրդի պատգամավոր էր, 1992-1994 թթ`. Շենգավիթի շրջխորհրդի գործկոմում, Շենգավիթի շրջխորհրդի գործկոմի «Գավիթ» պետական ձեռնարկությունում` որպես 1-ին կարգի մասնագետ, գլխավոր մասնագետ եւ բաժնի վարիչ: 1994-2000 թթ.աշխատել է ՀՀ վիճակագրության պետական վարչության պետական ռեգիստրի վարչությունում` որպես բաժնի պետ, վարչության պետի տեղակալ: 2000-2006 թթ. ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի վարչության պետի տեղակալ էր, վարչության պետ, պետական ռեգիստրի գործակալության պետ, ՀՀ պետական ռեգիստրի ղեկավար: 2007 թ. ՕԵԿ-ից համամասնականով ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր, իսկ 2008 թ. նշանակվել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար:

«Դպրոցում լավ էի սովորում, բայց ոչ այնքան լավ, որքան իմ տղաները: 8-րդ դասարան էինք, ասացին, որ բոլորը պարտադիր պետք է բանաստեղծություն սովորեն, ասացի յարաբ, բագ ինչ անեմ: Տան բոլոր գրքերը թերթեցի, որ գտնեմ մի փոքր բանաստեղծություն, գտա: Գնացի քննության, հարցատոմս շատ լավ պատասխանեցի, ուսուցչուհիս ասաց` դե ասա ոտանավորը, ես էլ ասացի` Եթե ասեմ բոց կլինի, Եթե չասեմ խոց կլինի, Ինքդ ասա ես ինչ անեմ, Բա իմ բանը ոնց կլինի: Դասերից, իհարկե, փախնում էի, բայց շատ չարաճճի չեմ եղել»:

21_12-g_sargsyan-2

Հայրական ապտակներ նախարարը չի հիշում, ասում է` բառեր կան, որոնք ապտակից շատ ավելի ազդեցիկ են եւ նման բառեր եղել են: Ինչ վերաբերում է հայրական խրատներին, ապա Գ. Սարգսյանը ասում է, որ իր բնավորությունը, սկզբունքները ձեւավորվել է հենց ծնողական խորհուրդների ազդեցությամբ: Ծնողական դաստիարակչական խոսքերը նախարարը հիշում է «գերդաստանային հավաքներից», որոնք հայրն էր ղեկավարում:

Տրանսպորտի եւ կապի նախարարի իդեալը Գագարինն էր

«Իդեալները դոգմաիկ բնույթ չեն կրում, դրանք ժամանակի ընթացքում փոխվում են, հիմա շատ ավելի դժվար է իդեալ ունենալը, երեխա ժամանակ բոլորը ձգտում էին դառնալ տիեզերագնաց եւ իմ իդեալը այդ ժամանակ Գագարինն էր: Իմ հայրը ինձ համար եղել է չափանիշ, որին ես ձգտել եմ նմանվել է թե որպես ամուսին, թե որպես մարդ եւ հայր»,- ասաց նախարարը: Գ. Սարգսյանը ասում է, որ ամբողջ կյանքում երազում էր դառնալ հնչյունային ռեժիսոր կինոյի բնագավառում: Նախարարը սկսել է աշխատել ուսանողական տարիներից: Ասում է, որ ամենից հաճելին Գիտահետազոտական ինստիտուտում աշխատելն էր, չնայած միշտ գոհ է եղել իր աշխատանքից եւ սիրով է արել իր գործը. «Այս պաշտոնին հասել եմ մեր կուսակցության հաղթանակի շնորհիվ: Նախարարի աշխատանքը, ցավոք սրտի, կլանում է իմ ամբողջ ժամանակը, դա է միայն, որ դուր չի գալիս, նախարարի ազատությունը շատ ավելի քիչ է, քան Շենգավիթի գործկոմի պետի եւ պատասխանատվությունը շատ ավելին է, հիմա շատ դժվար է, պետք է հոգեպես էլ պատրաստ լինես»,-ասում է նախարարը:

«Իմ կյանքի ճանապարհը ամենալավ ագիտացիան է»

«Թերություններ շատ ունեմ: Առավալությունները դժվարանում եմ նշել, իմ առավելությունը եւ թերությունը համբերատարությունն ու բարությունն է, դա ինձ եւ օգնում եւ խանգարում է»: Գ. Սարգսյանը ասում է, որ երիտասարդ ժամանակվանից ռոմանտիկան պահպանվել է, չնայած ոչ նույն չափով. «Եթե ինձ ուժեղ մարդ չեմ էլ համարում, ապա պարտավոր եմ այդպիսին լինել: Ես ինձ համարում եմ երջանիկ մարդ բոլոր առումներով»,- ասում է Գ.Սարգսյանը: Նա աշխատանքի է գալիս 9.00-9.15, հանդիպումներ, խորհրդակցություններ, քննարկումներ, չի հիշում, թե վերջին անգամ երբ է 22:00-ին տանը եղել: Նախարարը պատմում է, որ երբեմն-երբեմն ընդմիջումներ ունենում է: Իր անձի շուրջ հյուսվող առասպելներ նախարարը չի հիշում, միայն մի անգամ գրել էին, որ Կիպրոսում տուն է գնել, ինչը իր խոսքերով` չի համապատասխանում իրականությանը: Ինչ վերաբերում է քննադատությանը, ապա նախարարի կարծիքով` ամեն քննադատությունը միշտ իր մեջ կրում է ռացիոնալ հատիկ. «Եվ չար, եւ առողջ քննադատության մեջ կա ռացիոնալ մի հատիկ, չարի դեպքում կարող է նեղվես, առողջի դեպքում` շնորհակալ լինես: Քննադատությունը օգնում է վատ սովորույթներից, ցանկություններից հրաժարվելու եւ ուղղվելու: Իմ հասցեին հնչող քննադատությունը ընդունում եմ»: Տրանսպորտի եւ կապի նախարարը «Օրինաց երկիր» կուսակցությունից է, իսկ մինչ այդ եղել է կոմունիստ: «Քաղաքական կարիերան ենթադրում է քաղաքական կազմակերպության անդամակցում: Ես ինձ ՕԵԿ-ական եմ համարում երբ 1992թ, ծանոթացա Արթուր Բաղդասարյանի հետ»,- ասում է ՕԵԿ նախարարը(ՕԵԿ-ը ստեղծվել է 1998-ին, հեղ.): Ընկերներ ընտրելիս կուսակցական պատկանելիությունը հաշվի չի առնում, օրինակ` Գ. Սարգսյանին, հանրապետական Շիրակ Թորոսյանին եւ «Ժառանգություն»-ից Ստեփան Սաֆարյանին կապում են Կառավարման դպրոցի ուսանողական 2 տարները, ունի նաեւ դպրոցական, աշխատանքային բազմաթիվ ընկերներ: Նախարարի խոսքերով` շատ ընկերների հետ նաեւ ընտանիքներով են մտերիմ, օրինակ` Արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյան: Ընտանիքում եւ բարեկամների շրջանում բոլորը ՕԵԿ-ակական են, նախարարը ասում է, որ ինքը ագիտացիա չի արել. «Իմ կյանքի ճանապարհը ամենալավ ագիտացիան է»:

Կինս իմ զինակից ընկերն է

21_12-g_sargsyan-1

Գ. Սարգսյանը ունի 2 որդի: Կինը` Սոնան իրենց հարեւանն էր, եղբոր համադասարանցին, ավարտել է նույն ֆակուլտետը, ինչ նախարարը, ոչ միայն ընտանիքներով էին մոտ, այլեւ հեռու բարեկամական կապ կար. «Իմ ընտանիքը իմ ամրոցն է: Կինս իմ զինակից ընկերն է, նա եւս ՕԵԿ-ի առաջին անդամներից է, ԿԸՀ-ի անդամն է ՕԵԿ-ից ներկայացված: Ես իրեն ճանաչում եմ ծնված ժամանակից եւ դեռ մանուկ հասակից հավանում էի: Դժվարությամբ չհամաձայնեց ամուսնանալ»: Գ. Սարգսյանը ասում է, որ նախարարի ուշադրությունը ընտանիքին չի բավարարում: Ուրիշ սերեր էլ են եղել` մանկապարտեզում, դպրոցում, բայց իր կնոջ հետ ամուսնանալուց համոզված էր, որ դա միակ լավագույն որոշումն է. «Չեմ ուզում ասել, թե իմ կնոջ մեջ սիրում եմ ամեն ինչ, բայց չեմ կարող ասել նաեւ, թե ինչը չեմ սիրում: Եթե ինքը լիներ այլ, ես այդպես չէի վերաբերի»: Կնոջ աշխատելուն` նախարարը լավ է վերաբերում. «Ես չեմ կարծում, որ իմ կինը կարող է մենակ տունը նստել, ճաշ եփել, լվացք անել. Ես բացառում եմ դա. Սոնան այդ մարդը չի»: Կինը գիտի մեքենա վարել, բայց չի վարում, իսկ որպես խոհարարուհի նախարարը շատ գոհ է, ասում է, կինը ինչ էլ պատրաստում է, ինքը հաճույքով է ուտում:

Իմ երեխաները ինքնադաստիարակվող համակարգեր են

Տրանսպորտի եւ կապի նախարարի 2 որդիներն էլ իրավաբան են, սովորում են Ֆրանսիական համալսարանում փոքրը 20 տարեկան է, մեծը` 24: Նախարարի տղաների կնքահայրը Արթուր Բաղադասարյանն է: «Ես էլ իմ երեխաներին ապտակային սկզբունքով չեմ դաստիարակել, իհարկե ապտակներ եղել են, բայց դրանք դաստիարակչական բնույթի են եղել, հայրական հաճույքի համար: Իմ երեխաները ինքնադաստիարակվող համակարգեր են: Ես չէի կարող իմ տղաներին չտանել իմ եւ իմ ընկերոջ ձեռքերով ստեղծված բուհը: Դա Հայաստանի լավագույն բուհերից մեկն է, ամենաապակոռումպացված բուհերից է: Ընդունելության հարցում ես դեր չեմ խաղացել, իմ որդիները լավ սովորել են եւ դպրոցում, եւ բուհում»,- նշում է նախարարը: Գ. Սարգսյանը ասում է, որ որդիների համար երբեւէ ճանապարհ չի հարթել, ապագայում` գուցե, 2 որդիներն էլ մեքենա են վարում, բայց նախարարը չի հիշում մի դեպք, երբ ոստիկանները կանգնեցրած լինեն իր տղաներին խախտման համար: Գ. Սարգսյանի խոսքերով` ինքը որդիներին չի պարտադրում ընկերություն անել նախարարների տղաների հետ, կամ նախարարի ընտանիքից աղջիկ ընտրել:

Նախարարը նաեւ ջութակ է նվագում

Տրանսպորտի եւ կապի նախարարը այժմ ժամանակ չունի գեղարվեստական գիրք կարդալու: «Ես հիշում եմ իմ առաջին մեծ գեղարվեստական գիրքը, որը կարդացել եմ 2-րդ դասարանում, Մալոյի «Առանց ընտանիքի» վեպը, մինչեւ հիմա այդ գիրքը մեր տանն է»,-ասում է Գ. Սարգսյանը: Վերջին սերիալը, որ նայել է նախարարը, «Սանտա Բարբարան» էր, շատ է սիրում «Կարգին հաղորդումը», «Երեւանը», կարծում է` ընդօրինակումը որակով է ստացվել: Գուրգեն Սարգսյանը կարդում է գրեթե բոլոր թերթերը, նաեւ լրատվական ծրագրերին է հետեւում: Նախարարը նաեւ ջութակի է գնացել, վերջերս էլ ջութակ է նվեր ստացել, իր խոսքեով` փորձում է հիշել սովորածը: Երաժշտության բնագավառում նախընտրում է բոլոր ուղղությունների լավագույն երաժշտությունները: «Բիթլզը իմ ամբողջ կյանքի կուռքն է: Մի տարի ծննդիս տղաներս նվիրեցին նրա ամբողջ հավաքածուն, Մայքլ Ջեկսոնին էլ եմ շատ սիրում, երգեր կան, որ անմահ են»: Լսում է Ֆորշի երգերը, ով նաեւ իր ընկերն է. «Երիտասարդ ժամանակ Ձախ Հարութը իմ կուռքն էր, հիմա էլ եմ շատ սիրում նրա երգերը, չնայած առիթ քիչ է լինում լսելու»,- ասում է նախարարը: Գ. Սարգսյանը պատմում է, որ ընտանիքով շատ են սիրում երգել: Կարաոկեներ, դիսկոտեկներ, գիշերային ակումբներ գնացել է, բայց խաղատներ` ոչ: Շատ է սիրում խաղալ նարդի, բլոտ: Սպորտը եւս շատ է սիրում, 8 տարի լողի է գնացել, հիմա էլ փորձում է առողջ ապրելակերպ վարել, շաբաթը մեկ լողի է գնում: Եկեղեցի գնում է կնոջ հետ` առավոտյան աշխատանքի գնալուց առաջ: Վերջին անգամ նախարարը հանգստացել է անցած Ամանորին` Ստեփանավանոմ. «Դրախտավայր էր, այս տարի էլ նման մի տեղ կգնանք երեւի: Ես չեմ սիրում հեռու գնալ երկրից: Սիրում եմ հանգստանալ ընտանիքով, ընկերներով, բարեկամներով, բոլորով միասին»: Նախարարի հագուստը եւ աքսեսուրները ընտրում է կինը, խոհանոցում, իր խոսքերով, որոշակի հմտություններ ունի. «Վերջին անգամ, երբ կինս գործուղման մեջ էր, ճաշ եմ տաքացրել»,- ասում է նա: աղող է շատ սիրում, խմիչքներից` հայկական կոնյակ, բայց չի հարբում, 6 տարի է, ինչ թողել է ծխելը, նաեւ սեւ սուրճից է հրաժարվել, տղաներին էլ է նույնը հորդորում, ասում է` արդյունք ունենում է:

Երկիրը տեսնեմ օրինաց

«Իմ բոլոր երազանքները հեռահար են, համարյա չլնող, դրանք հնարավորություն են տալիս դրանց ձգտել, շարժում են ապահովում: Երկիրը տեսնեմ օրինաց, սա անընդհատ պրոցես է»,- ասում է Տրանսպորտի եւ կապի նախարար Գ. Սարգսյանը: Նախարարը ունի երկու տուն, երկու ավտոմեքենա, ինչ վերաբերում է բիզնեսներին, ապա տղաները ինչ-որ գիտական բնույթի բիզնեսներ ունեն, բարեկամներն էլ: Նախարարը օգտվում է բոլոր տեսակի կապերից, որպեզի հասկանա, թե որն է ամենալավը: Տրանսպորտի եւ կապի նախարարը չի հիշում, թե երբ է վերջին անգամ օգտվել երթուղայինից, բայց սիրելի տրանսպորտամիջոցը մետրոն էր մինչեւ ծառայողական մեքենաները: Գ Սարգսյանը եւս մտահոգված է մեր տրանսպորտային խնդիրներով: Նախարարին աշխատավարձը բավականացնում է եւ ֆինանսատնտեսական ճգնաժամը չի ազդել ընտանեկան բյուջեի վրա: Տրանսպորտի եւ կապի նախարարը դեռ չի որոշել, թե ընտանիքի անդամներին ինչ է նվիրելու, չի էլ մտածել, թե Ձմեռ պապիկից ինչ է ուզելու: 2010թ նախարարը չբացառեց իրենից անակնկալներ սպասելը, բացի կուսակցությունը փոխելուց եւ հայրենիքից հեռանալուց, մնացած ամեն ինչ հնարավոր է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter