Էլիֆ Շաֆաք․ «Եվայի երեք դուստրերը»

Վեպ հանդուրժողականության մասին․ սա առաջին ձևակերպումն է, որ գալիս է մտքիս, երբ ինձ հարցնում են՝ ինչի  մասին է Շաֆաքի այս վեպը։ Կարծում եմ շատերի կողմից չհասկացված վերնագիրն էլ հենց հուշում է, թե ինչի մասին է ի վերջո այս՝ ինձ համար շատ սիրված վեպը։

Եվայի դուստրերը երեքն են, տարբեր են, նրանք միմյանց հանդուրժում են, անգամ սիրում են, երբ իրարից բավականին հեռու են գտնվում և միասին չեն ապրում։ Հենց «քույրերը» հայտնվում են միևնույն պատերից ներս, իրար շատ մոտ, երբ ստիպված են հանդուրժել միմյանց ֆիզիկական գոյությունը և մտածելակերպը, սկսվում են վեճերը և բաժանումը։

Այս վեպը «Բարձր գրականություն» հաղորդման շրջանակներում դեռ հունիսի վերջին քննարկել էինք գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հետ։ Հետո բլոգի նյութ պատրաստելն անընդհատ հետաձգվեց, և միայն հիմա եմ կատարում հրապարակում այս անչափ հետաքրքիր վեպի մասին։ Շատ չեմ գրի այս գործի մասին, այլ կտեղադրեմ հարցազրույցի լինկը, որպեսզի կարողանաք գրքի մասին կարծիքս այս անգամ իմանալ այլ ֆորմատով։

Իմ ու Արքմենիկի զրույցի ժամանակ առաջին հարցը վերաբերում էր վեպի ֆեմինիստական բնույթին, ինչպես նաև հայ և թուրք հասարակությունների նմանություններին և այս վեպի արդիականությանը հայ ընթերցողների համար։

Վեպը զուտ ֆեմինիստական չէ և բավականին արդիական է հայ ընթերցողների համար։ Թե ինչու, պատմում եմ տեսանյութի մեջ։

Վեպում բարձրաձայնվող խնդիրները շատ ժամանակ համընդհանուր հարցադրումներ էին՝ Աստծո գոյության ու դրա ընկալման շուրջ, ու սա վեպի հիմնական գծերից էր։

Տեսանյությում քննարկում ենք նաև՝ արդյոք Թուրքիան Եվրոպա է, թե չէ, արևե՞լք է, թե՞ արևմուտք, խոսում ենք այն խնդիրներից, որոնց բախվում են կանայք և տղամարդիկ արևմտյան և արևելյան հասարակություններում և այս հասարակություններում ազատության զգացումից։

Վեպի մասին մանրամասն քննարկումը կարող եք լսել այստեղ՝ այստեղ։

Մեջբերումներ գրքից․

Ինչ լավ կլինի՝ բամբասանքը մեղք չհամարեն։ Մեկ է, բոլորն էլ անում են։ Եթե փոքր բամբասանքները լուրջ մեղք համարվեին, դժոխքում վաղուց ասեղ գցելու տեղ չէր լինի։

Գրքեր շատ էր սիրում, այն էլ ինչքան։ Աշխարհի հետ նրա կապը բառերի միջով էր անցնում։

Այս քաղաքում անխուսափելի բաներից մեկն էլ դա էր՝ ուրիշների հետ քիթ քթի ապրելու պարտավորությունը։

Այդ մշակույթում կանանցից ակնկալում են, որ պետք է միշտ հատակին նայեն։ Նամուսի մեսիջներ տալու համար հնարավորինս պետք է գլուխը կախեր «թույլ սեռը»։

Միմյանց այդքան մոտ ապրելը երկու կողմնակի ազդեցություն էր ունենում․ մեկը դրական, մյուսը՝ բացասական։ Հարևաններն իրար օգնում էին, կիսում կյանքի բեռը։ Բայց միաժամանակ բոլորի աչքը բոլորի վրա էր՝ այդպիսի փակ միջավայրում տարբերվելը, քննադատաբար մտածելն անհնար էր։

Մեծանալ՝ նշանակում էր տեսնել ծնողների թերությունները։

Ինչ դժվար էր իրար երբեք չսիրած զույգի երեխա լինել։

Ժողովրդավարական երկրներում հենց մարդ հարբում է, ասում են՝ վա՛յ, ի՞նչ դառավ սիրուն սիրածս։ Իսկ ոչ ժողովրդավարական երկրներում ասում են՝ ա՛հ, ինչ դառավ սիրուն երկիրս։

Քաղաքակիրթ աշխարհը շատ է առաջ անցել։ Պարտավոր ենք նրան հասնել, այդ քաղաքակրթության շրջանում ներառվել։

Երեկվա խեղճերն այսօրվա բռնարարն են դառնում։

Գուցե պատահական չէր, որ մի երկրում, ուր անորոշությունը պարտադիր պայման էր, ոչ թե հաստատունության, գուշակության ու ենթադրությունների հանդեպ կար հետաքրքրություն։

Միմյանց քունքերը դիպչելով էին բարևում իրար, «պատիվ», «նամուս», «հայրենասեր» ու նմանատիպ բառեր էին օգտագործում։

Դժբախտ ընտանիքներում մեծացող երիտասարդների համար գրականությունն ամենասիրուն ապաստանն էր։

Գոնե տեսականորեն հասկանում էր՝ ինչ է սիրահարվելը, ընտանիք կազմելը, աշխատանքային կյանք մտնելը։ Բայց զվարճանալ, ուրախանալ, հանգստանալ․․․ դրանց մասին ոչինչ չգիտեր։ Գրքերն էին նրա հայրենիքն ու միևնույն ժամանակ աքսորի աշխարհը։

Չգիտես ինչու՝ մարդ չէր ուզում մտածել մոր երիտասարդության, այն էլ խենթ երիտասարդության մասին։ Անհարմար միտք էր։ Մայրը բոլոր հանգիստ հովիտների, խաղաղ լճերի ու բարձր սարերի մասին ամեն ինչ իմացող, հայտնաբերված հողակտորի մաս էր։

Մարդկանց մեծամասնությունը դեր է խաղում, երբ խոսքը հասնում է «հավատքին»։

Նրա աղոթքներն անհանգստության վրա էին հիմնված։

Աստված չանի տգետների ձեռքը իշխանություն ընկնի, այդպիսի բաներից պետք է վախենաս։ Աշխարհը իշխանավոր տգետներից ու տգետ իշխանավորների ձեռքին ինչեր է քաշել։ Դրա համար Նեղուցի այս կողմի ձկները սև են։ Թանաք են կուլ տվել։ Բանաստեղծություններից բառեր, բանաստեղծներից՝ միս են պոկել։

Քաղաքականության մասին խոսելը ազգային սպորտաձև է՝ երկրի ամեն անկյունում մեծ ու փոքր մասնակցում էին դրան։

Ուրիշների ոգևորությունից խուճապի էր մատնվում, սիրտը ոզնու պես կծկվում էր՝ վախենալով, որ չի կարող նրանց համահունչ լինել։

Ինտելեկտուալ քննարկումը սիրահարվելու նման բան է։ Երբ ավարտվում է, փոխվում եք, ուրիշ մարդ դառնում։ Իհարկե, ձեր առաջ կանգնած մարդն էլ է փոխվում։ Եթե պատրաստ չեք Ձեր մտքերն աչքի անցկացնելու, ոչ մեկի հետ քննարկում մի՛ սկսեք։ Միայն փոփոխությանը պատրաստ մարդիկ կարող են իրապես դեբատ անել։ Թե չէ մեր ինքնասիրությունը կուրացնում է միտքը, իրավացի լինելու ցանկությամբ այրվողները երբեք չեն կարող երկխոսություն ունենալ։

Փերիի համար անցյալը մոծակի խայթոցի նման էր՝ քորելով վերք էր բացում։

Ինչքան էին բոլորը սիրում տեսություններ ստեղծել՝ դեռ ոչ ոքի ցավը չկիսած։

Մարդ ինչքան քիչ գիտի մի թեմայից, այնքան ավելի զգացմունքային է լինում։

Չգիտեր՝ ինչպես ուրախ լինել, դրա համար իրեն էր միշտ մեղադրում։ Եթե կարողանում էր իրեն այդպես հանկարծակի դժբախտ զգալ, ուրեմն ինչ-որ բան սխալ էր անում։

Ողբերգությունն էլ ամեն ինչի նման կարելի էր սպառել՝ և՛ անհատական, և՛ խմբովի։

Ամենավատ զգացողությունը մարդու ատելությունն էր ինքն իր հանդեպ։

Անիսայի հետ ծանոթացողները չէին տեսնում նրա հոգին կրծող մթության խորությունը։ Երբ երջանիկ էր՝ օդում պարում էր։ Երբ տխուր էր՝ փշրվում էր։ Ուրախ թե տխուր՝ միշտ սահմանային վիճակում էր։

Երբեմն պասիվ լինելը, ոչինչ չանելը ավելի սարսափելի է, քան սխալ գործելը։

Աշխարհում դերերն անընդհատ փոխվում էին, ատոմներն իրենց տեղերում չէին մնում, անընդհատ շարժման մեջ էին։ Կյանքի ձևը շրջանն էր, ու շրջանում ամեն կետ կենտրոնին հավասար հեռավորության վրա էր՝ այդ կենտրոնը կարող ես Աստվա՛ծ անվանել, կարող ես սեր անվանել կամ լրիվ ուրիշ բան։

Leave a comment

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑