Փրկչի անփրկություն, տիրոջ անտերություն

Մեր էպոսում Դավիթը մենակ է գնում կռիվ: Հրաժեշտ է տալիս Սասունի մայրերին, քույրերին, իգիթ տղերքին, որոնք հավաքվել էին` ճամփելու փրկչին, որ մեն մենակ էր գնում թշնամի բանակի դեմ: Նրանցից ոչ ոք չգնաց Դավթի հետևից` գոնե հեռվում կանգնելու, մարտական գործողություններից դուրս, երկրպագելու, ոգեշնչելու մարտադաշտում անաջակից կռվող հերոսին: Այդ քույրերից գոնե մեկը մի փարչ ջուր ձեռքին բռնած չկանգնեց մարտադաշտին մոտ բլրալանջին` կռվից հոգնած մեր տղին մի կում ջուր տար: Էլ չեմ ասում՝ մայրերից մեկը մի սպեղանի կրծքին սեղմած սպասեր, գուցե քերծվածք ունենար Դավիթը` վերքին դարման աներ: Մի խուրձ վարսակ էլ իգիթներից մեկը տաներ, ձի էր, վազքից քաղցած կլիներ Քուռկիկ Ջալալին, կռվադադարի պահին կերակրեր: Չէ, նման բան չեղավ: Մի երկիր մեկին փրկիչ ընտրեց, անթև ու անթիկունք ուղարկեց կռիվ, ինքն էլ իր գործն արած` հանգիստ գլուխը դրեց ու քնեց` սպասելով ավետիսի, որ ինքը փրկված է դուշման Մելիքի բազմահազար զորքի ասպատակությունից:

Մենք փրկիչ ենք փնտրում մեզ համար, ոչ թե տեր գտնում երկրին: Ընտրում ենք զգացմունքներով ու փրկության սպասում, չենք ընտրում` կարողությունները հաշվի առնելով, որպեսզի պահանջենք:

Այդպես ընտրեցինք Լևոն Տեր-Պետրոսյանին, բան դուրս չեկավ: Ընտրեցինք Կարեն Դեմիրճյանին, հաջորդ օրը բացելով սառնարանը` չտեսանք խորհրդային երշիկը և թևաթափ եղանք: Հիմա էլ Նիկոլը, որ պահի մեջ դարձրեցինք փրկիչ: Էլ չհարցրեցինք` էս մարդը կարո՞ղ է քայլել ամպերի վրայով: Առանց հարցնելու` տե՞ր ես, հնազա՞նդ ես, պսակեցինք փրկության հետ, դրեցինք ամպաշեն պատվանդանին, ինքն էլ դեմ չեղավ: Օրինականացնելու մարմաջով` հաջորդ օրն էլ Փրկչի նկարին կից Նիկոլի նկարը դրեցինք Ֆեյսբուք, դարձյալ դեմ չեղավ: Ընդ որում՝ սկզբում Նիկոլն էր, հետո՝ Փրկիչը, այսինքն` Փրկիչը կցվեց Նիկոլին: Դրանից առավել էլ ի՞նչ անեիք: Արե՛լ ենք ու պիտի համաչափ էլ ստանանք:

Նիկոլն էլ փրկչի դերը ստանձնեց նիկոլավարի: Ոչ թե գինին ջուր դարձնելուց սկսեց, ինչին սպասում էինք, այլ փարիսեցիներ փնտրելով ու ձերբակալելով: Մեր ախորժակը գինուց շեղվեց փարիսեցուն: Սկսեցինք խմել փարիսեցի, մեկ, երկու, երեք… հետո հասկացանք, որ դրանից չենք հարբում, հաճույք ու վայելք չենք ունենում: Նիկոլն էլ հասկացավ, որ սրանք իսկական գինի են ուզում, որ իրեն իսկապես դրել ենք փրկչի տեղ: Եվ ասաց` վե՛ր կաց և քայլիր, հայ ժողովուրդ, դու անդամալույծ չես: Հետո էլ ասաց` աղքատությունը ձեր գլխում է: Մարդը օրինակ էլ ցույց տվեց, այո՛, մարդկային կերպարանք առած` Մասիվից քայլեց Երրորդ մաս կամ դրա մոտերքը, անուն էլ տվեց քայլերթին` տնտեսական հեղափոխություն:

Աղքատ գլուխը հարուստ գլխով փոխելու օրինակ էլ ցույց տվեց` պարգևավճար պարգևավճարի հետևից է բաժանում, էնքան քիփ, որ անգամ փամփուշտը արանքով չի անցնի: Բա, էդպես է, ժողովուրդը պետք է իր ծառային լավ կերակրի: Արդարացում չէր սա, փրկիչն արդարանալու պետք չունի: Պատճաբանում էր` վերին ճշմարտությամբ: Մենք, որ տեր ենք` պիտի չուտենք, փոխարենը՝ կերակրենք մեր ծառային: Էլ ի՞նչ տեր, որ ծառային սոված պահի, էդ դեպքում ծառան տեր չունի, անտեր է:

Բայց այս բոլոր ինքնարբումների մեջ` ջրի, գինու, փարիսեցիների արանքում, Նիկոլը սթափության պահ էլ ունեցավ, թե՝ ժողովուրդ, դու ես իշխանությունը, այսինքն՝ դու ես տերը: Այսինքն` տեր լինենք ամեն մեկս, ոչ թե փնտրենք ու մեկին գտնենք փրկիչ: Երկրային փրկիչները ձախողված են, տերերն են հաջողում ու կերտում երկիր ու ժամանակ: Հիշենք հայտնի առակը: Անտառում խուճապ է տարածվում, թե երկինքը փլվում է: Բոլոր գազանները խելահեղ վազքով փախչում են, թե ո՞ւր, իրենք էլ չգիտեն: Անտառից փախար, բայց փլվող երկնքից չես փախչելու: Այդ խառնաշփոթի մեջ հևասպառ վազող առյուծը հանկարծ տեսնում է, որ ծիտիկը պառկել ճամփեզրին ու բացված ճանկերը պարզել է երկինք: Առյուծը ծիտիկին հարցնում է` չե՞ս տեսնում, որ երկինքը ուր որ է փուլ է գալու, դու մեջքի վրա հանգիստ պառկել` ի՞նչ ես անում: Ծիտիկն առյուծին պատասխանում է` իմ բաժին երկինքն եմ պահում, որ չփլվի: Առակս զի՞նչ կցուցանե. եթե ամեն մեկս պահենք մեր բաժին երկինքը, այն որպես ամբողջություն՝ երբեք չի փլվի: Եթե տեր լինենք մեր երկնքին, թույլ չտանք, որ ճեղքեր տա, այդ դեպքում երկնքի ճեղքերից որևէ բան թափվելու պետք չենք ունենա, այդ թվում` փրկչի:

Եթե տիրոջ հոգեբանությամբ ընտրություն կատարեինք, հուսավառ աչքերով սպասողի փոխարեն կլինեինք պահանջատեր: Իսկ Փաշինյանը վարչապետ դառնալու հաջորդ օրը` Սահմանադրություն կամ համապատասխան օրենք փոխելով, կհրաժարվեր սուպերվարչապետական աթոռից, ինչի դեմ մինչ այդ պայքարում էր, ինչը մեր սրտով չէր: Մեզ կազատեր Մուկուչյանից, ում մեղադրում էր ընտրակեղծիքների մեջ, նույնը կրկնում էինք նաև մենք, այսինքն` երկրի թիվ մեկ ընտրակեղծարարն էր, պարագլուխը, մեր խաբեության իրացնողը: Բայց չհրաժարվեց Մուկուչյանի մատուցած ծառայություններից: Ետ չբերեց թալանը, որի ահռելի չափերի մասին թմբկահարում էր առավոտից իրիկուն, իսկ ետ բերելու դյուրինությունը լոկ ցանկություն էր համարում: Ի՞նչ եղավ Քոչարյանի չորս միլիարդը: Բռնել էիր, մեկուսարանում էր, հաշիվների վրա կալանք էիր դրել, քո ձեռքում էր, ետ բերեիր: Մարտի մեկը բացահայտված է` հայտարարությունից անցել է երկու տարի, բայց չտեսանք բաց բան, գոնե տասը սպանությունից մեկը բացված լիներ: Միշիկի երեխու ադամանդե քարերով ոսկե սոսկան էլ ազգովի ման ենք գալիս:

Հիմա էլ փրկիչ ենք ուզում, որ Փաշինյանին փրկի: Մարդը եկավ առանց ծրագրի, դափ-դատարկ: Դատարկության դմփդմփոցն էլ արձագանք տվեց ու անցավ: Հիմա էլ ասում ենք` մեզ քեզնից փրկի: Նախկինում փչած փուչիկներով բարձրացավ օդ, հիմա հերթով ու մեկ-մեկ այդ սուտ գազով փչած փուչիկները պայթում են ու սրընթաց վայր ընկնում, դմփոցն ականջ է ծակելու: Եթե սուտ, կեղծ չէր գազը, ու փչածն էլ փուչիկ չէր, թող վերը թվարկածներիցս գոնե մեկն իրականություն դարձնի, էլ չեմ ասում չթվարկածներիս մասին:

Այո, Դավիթը մենակ գնաց կռիվ, Մսրա զորքը կոտորեց, Մելիքին էլ ճիշտ մեջտեղից կիսեց ու ետ եկավ: Բայց այդպես պատահել է միայն էպոսում: Մենք մեր էպոսի մեջ ենք դեռ: Դուրս գանք էպոսից, իրականությունը շոշափենք: Աշխարհում վաղուց հեքիաթի հերոսներն իրական չեն: Փրկչի փոխարեն տեր ընտրենք` սառը դատողությամբ ու չափ ու կշիռով. արդյո՞ք սույն անհատը համապատասխանում է տիրոջ չափորոշիչներին: Նախ տիրոջ զգացողություն ունենանք` փրկչի սպասելու փոխարեն:

Տեսանյութեր

Լրահոս